ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Monday, October 12, 2009 19:22 - չքննարկված
Պատահում է, թեև հազվադեպ. «մարդը կտրում է իր նստած ճյուղը, իսկ ագռավն ու ծիտը ավելի խելոք են»:
Ոստիկանապատված իշխանություն կամ ո՞րն է Սերժ Սարգսյանի հենարանը
Ոստիկաններով շրջապատված լինելը դառնում է Սերժ Սարգսյանի այցեքարտը, և նա, ամենայն հավանականությամբ, պատմության մեջ կմտնի հենց այդ իմիջով։ Նույնիսկ հեռավոր Ֆրանսիայում կամ ԱՄՆ-ում նրան ու ժողովրդին բաժանում են ուժայինները՝ դառնալով ՀՀ գործող նախագահի միակ «հենարանը»։
Եթե հիշում եք, ոստիկանական հզոր պատնեշ կար նաև Ս. Սարգսյանի երդման արարողության ժամանակ, երբ նա պատրաստվում էր աշխատանքի անցնել Բաղրամյան 26 հասցեում, և մայրաքաղաքի կենտրոնն այդ օրը հիշեցնում էր անմարդաբնակ մի տարածք, որը զորքը գրավել է, շարքային քաղաքացի չկար Ազատության հրապարակի տարածքում, ուր տեղի էր ունենում հպարտ մենության մեջ մնացած Սարգսյանի «թագադրումը»։
Օրերս շատ դիպուկ էր նկատել իտալական «Լա Ստամպա» պարբերականը. «Մեկն ընդդեմ 9 միլիոնի»,- գրված էր հոդվածում։ Միտքն այն էր, որ հայ-թուրքական հարաբերությունների ներկա գործընթացի հետ կապված՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փաստացի մենակ է մնացել։ Այսինքն, նրա այժմյան քաղաքականությունն ընդունելի չէ և՛ Հայաստանի, և՛ Սփյուռքի լայն շրջանակների համար։ Այդ դեպքում՝ հարց. հասարակական և քաղաքական ո՞ր շերտի վրա է այժմ հենված Սերժ Սարգսյանի իշխանությունը և նրա կողմից վարվող քաղաքականությունը։ Փորձենք պատասխանել այս հարցին։
Ինչ տիպի իշխանություն էլ որ լինի որևէ երկրում, հենվում է որոշակի հանրային տրամադրությունների և քաղաքական ուժերի վրա։ Նույնիսկ բռնապետություններն ունեն հանրային լեգիտիմության կարճաժամկետ, բայց տվյալ պահին՝ բավարար պաշար։ Այդ լեգիտիմության աղբյուրները կարող են լինել հանրային իռացիոնալ բնույթի պահանջները, սակայն, միևնույն է, իշխանության քայլերի համար անհրաժեշտ նվազագույն զորակցություն ապահովում են։ Ստալինյան ռեպրեսիաներն ու կուլակաթափությունը, Մարատի գլխակերության կոչերը, Ֆրանկոյի դիկտատուրան, Հիտլերի ֆաշիզմն ու Պոլ Պոտի մարդատյացությունն ունեցել են տվյալ պահին հանրության մի մասի մոտ առկա հիվանդագին ցանկությունները (թեկուզ՝ ենթագիտակցական մակարդակում) բավարարելու պատվեր։ Ասել է թե՝ նույնիսկ հակամարդկային քաղաքական արարքները մի կարճ ժամանակահատվածում ունենում են ինչ-որ աջակցություն։
Դառնալով հայկական իրականությանը՝ նկատենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա զարգացումների հետևանքով Սերժ Սարգսյանը զրկվել է հանրային ու քաղաքական գրեթե բոլոր հենարաններից, որոնք առանց այն էլ շատ ու ամուր չէին՝ հաշվի առնելով նախագահական ընտրությունները։
Քաղաքական միջավայրի գնահատական
Այսպես, իշխող քաղաքական ուժ ՀՀԿ-ն նախագահի հենարանը չէ։ Գոնե ֆորմալ մակարդակով նժդեհական գաղափարախոսությամբ առաջնորդվողները չեն կարող սարգսյանական քիրվայության հենարան հանդիսանալ։ Այսինքն, իրական հանրապետականներն այժմ խորը դիսկոմֆորտի մեջ են իրենց ղեկավարի քայլերից։ Ինչ մնում է ՀՀԿ նոմենկլատուրային վերնախավի մեծամասնությանը, ապա նրանք բազմիցս մասնակցել են «քաղաքական առնետավազք» օպերացիաներին և «հաղթող» ճանաչվել։ Ասել կուզի՝ ՀՀԿ-ի այդ զանգվածին հնարավոր չէ դիտարկել որպես գործող նախագահի հուսալի հենարան։ Այդ տիպաժն այս պահին լայնորեն ներկայացված է ԱԺ-ում։ Հետևաբար, այսօրվա ՀՀԿ-ին պետք է դիտարկել որպես հետսովետական տարածքի չափանիշներին համապատասխանող «Իշխանության» կուսակցության կտրվածքով, որի վերնախավի մեծ մասին միավորում է բացառապես անձնական ֆինանսական շահը, և որն ամենաանկայուն հենարանն է ցանկացած իշխանության համար (վկան՝ ՀՀ նորագույն քաղաքական պատմությունը)։ Իսկ դա նշանակում է, որ Սարգսյանի դիրքերի թուլացման նախանշանների դեպքում հենց ԱԺ-ում ներկայացված «վազորդներն» են առաջինը լքելու նրան։ Այդ ժամանակ ՀՀԿ-ական կոնյունկտուրշիկներն արդեն կհիշեն և՛ Նժդեհին, և՛ Ցեղակրոնությունը, ինչպես որ 1998-ին պատգամավոր Ռազմիկ Դանիելյանը, ով իր կյանքի մեծ մասն առևտրով էր զբաղվել, հանկարծ «զգաց», որ միշտ երազել է երկրապահ դառնալ։
Եվ ամենակարևորը՝ Սերժ Սարգսյանն ինքը ՀՀԿ-ին չի համարում իր հենարանը։ Սկսած 2007-ից՝ նա ամեն ինչ անում է հանրապետականներից տարանջատվելու, նրանց «փչացնելու» և սեփական թիմը ձևավորելու համար։ Մի առիթով Ս. Սարգսյանը, խոսելով իր կողմից ղեկավարվող կուսակցության մասին, նույնիսկ ասաց, թե կուսակցությունը ոհմակ չէ՝ ակնարկելով, որ միայն իր որոշումներով է առաջնորդվելու, այլ ոչ թե ինչ-որ խմբերի ցանկությամբ (Գալուստ Սահակյանի ականջը կանչի)։
Հատկանշական է, որ խորհրդարանական և նախագահական վերջին ընտրություններում ՀՀԿ-ի նախագահը միայնակ էր քարոզարշավն անցկացնում՝ փորձելով տարանջատվել հանրապետականներից։ Նախկին երդվյալ կոմունիստին, հավանաբար, խորթ ու անծանոթ են նաև Նժդեհի գաղափարները։ Պատահական չէ, որ քարոզարշավի ժամանակ ելույթ ունենալով մայրաքաղաքի՝ Նժդեհի անվան հրապարակում, Սերժ Սարգսյանն, իր դիմացի արձանին նայելով, շփոթել էր Սուրեն Սպանդարյանին Գարեգին Նժդեհի հետ։
Սարգսյանն անգամ սեփական խունվեյբինական կամ կոմսոմոլական համակարգն է ստեղծում՝ բազեականներին փոխարինելով միասինականներով։
ՀՀ նախագահի հայ-թուրքական «վոյաժները» հետզհետե բացահայտ են դարձնելու հանրապետականների շարքերի առայժմ խուլ դժգոհությունը։ Եվ ուրեմն ՀՀԿ-ին, ո՛չ գաղափարապես, ո՛չ էլ իր նոմենկլատուրային վերնախավի հուսալիությամբ, չի կարելի նախագահի հենարանը համարել։
Չնայած իշխող կոալիցիայի անունից համատեղ հայտարարություն տարածվեց խորհրդարանական լսումներից հետո, որտեղ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը սատարում էին նախագահի «թուրքական» գիծը՝ դա նույնպես հնարավոր չէ դիտարկել որպես նախագահի գործողությունների քաղաքական հենարան, քանի որ ՕԵԿ-ին խիստ պայմանականորեն կարելի է քաղաքական ուժ համարել, որը հենվում է հանրային այս կամ այն շերտի վրա, իսկ ԲՀԿ-ն ամեն կերպ ցույց է տալիս, որ եթե լավ զարգացումներ չլինեն, ապա ինքը դեմ է կանգնելու։ Բացի այդ, ԲՀԿ-ն մշտապես տորպեդահարում է կառավարության տնտեսական օրինագծերը, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Գագիկ Ծառուկյանի գլխավորած ուժը միանշանակ ու անվերապահ չի ենթարկվում նախագահին։
Ինչ վերաբերում է իմ այն պնդմանը, որ «Օրինաց Երկիրը» պայմանական քաղաքական միավոր է, ապա դա ունի շատ հստակ հիմնավորում։ ՕԵԿ-ը չունի հանրային աջակցություն այն պարզ պատճառով, որ 2007 և 2008թթ. ընտրություններին մասնակցել է մի ծրագրով, իսկ հայտնվելով Սերժ Սարգսյանի թիմում՝ անում է ճիշտ հակառակը։ Դեռ չեմ խոսում ընդդիմադիր ճամբարից իշխանական ճամբար տեղափոխվելու հետևանքով հասարակության մոտ առաջացած բացասական ռեակցիայի մասին։ Այդ ռեակցիան այնքան մեծ չէր լինի, եթե ՕԵԿ-ն իրեն սատարող շերտին այդպես դաժանաբար չխաբեր։
Արթուր Բաղդասարյանը խոսում էր պարզեցված հարկի փաստացի վերացումը արձանագրող օրենքի դեմ, հետո հայտնվեց փոքր ու միջին բիզնեսին հարկային տեռորի ենթարկող Տիգրան Սարգսյանի կառավարության մեջ։ Բաղդասարյանը խոսում էր ՀԴՄ-ների կիրառման դեմ, հետո դարձավ դրա ինքնամոռաց պաշտպանը։ ՕԵԿ-ն իր ծրագրում մշտապես կարևորել է փոքր բիզնեսի համար հաստատագրված վճարի, այլ ոչ թե ՀԴՄ-ների կիրառումը, իսկ հիմա ճիշտ հակառակ գծի վրա է։ Մի խոսքով, ՕԵԿ-ի՝ ԱԺ-ում խմբակցություն ունենալը ոչինչ չի նշանակում։ Այդ կուսակցությունը դավաճանել է իր հենարանը հանդիսացող փոքր ու միջին բուրժուազիային և վերածվել գրասենյակի։ Ասվածի վառ ապացույցն են Երևանի վերջին ընտրությունները, որոնց ժամանակ ոմանց կրծկալներն անգամ չօգնեցին ՕԵԿ-ին՝ հաղթահարելու տոկոսային նվազագույն շեմը։ Այսինքն, ՕԵԿ-ը կարող է առավոտից երեկո քիրվայություն քարոզել, դրանով ոչինչ չի փոխվելու, քանի որ Բաղդասարյանն ու ընկերները ներկայացնում են միայն իրենց։ ՕԵԿ-ի աջակցման արդյունքում Սարգսյանին պաշտպանողների թիվը չի ավելանում, եթե չասենք հակառակը։
Իշխանական բուրգն ամբողջությամբ միակամ չէ, և այստեղ էլ Սարգսյանի հենարանը միանշանակ չէ։ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը սեփական խաղն է խաղում, և անգամ լուրեր են պտտվում, թե նա իրեն է տեսնում ապագա նախագահի դերում (մեղա՜, մեղա՜) և այդ նպատակին հասնելու համար փորձում է ԱԺ-ում ներկայացված Սերժ Սարգսյանից դժգոհ խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին իր կողմը թեքել։ Այսինքն, չնայած ԱԺ մեծամասնությունը ֆորմալ առումով Սերժ Սարգսյանի հետ է, բայց «մուկ ու կատու» խաղը միշտ էլ կա ու կա։
Սերժ Սարգսյանի արտաքին նախաձեռնողական քաղաքականությանը կտրուկ դեմ են արտահայտվում ազգային և ազգայնական քաղաքական շերտը ներկայացնող ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերը։
Հայաստանում և Սփյուռքում ներկայացված ավանդական կուսակցությունները՝ ՀՅԴ-ն, ՌԱԿ-ը և ՍԴՀԿ-ն, միասնականորեն մերժում են Սարգսյանի «ֆուտբոլը»։ Սփյուռքյան լայն շրջանակները նույնպես դեմ են հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններին, վկան՝ նախագահի շրջագայությունը։ Ենթադրում եմ, որ Սարգսյանին առավել «ջերմ» ընդունել են Բեյրութում։
ՀՀ նախագահի հենարան չեն կարող լինել նաև այն տասնյակ կուսակցությունները, որոնց հետ նա պարբերաբար թամաշա-քննարկում է կազմակերպում։ Այդ կուսակցությունների վարկանիշը, միասին վերցրած, շատ չնչին տոկոս է կազմում, իսկ նրանցից շատերին ոչ միայն հանրությունը, այլ նույնիսկ Սերժ Սարգսյանը չի ճանաչում։
Հանրային միջավայրի գնահատական
Այժմ դիտարկենք հանրության լայն շրջանակների վարքագիծը։
Փոքր ու միջին բիզնեսի շերտը, անկախ հայ-թուրքական այժմյան թնջուկից, 2007-ից սկսած՝ դեմ է դուրս եկել Սարգսյանին։ Այդ մարդկանց ձայները 2008-ի նախագահականի ժամանակ հիմնականում բաշխվեցին Լևոն Տեր-Պետրոսյանի և Արթուր Բաղդասարյանի միջև։ Առավել արմատական տրամադրվածները որպես գործիք տեսան առաջին նախագահին, իսկ չափավորները՝ ՕԵԿ ղեկավարին։ Հետագա զարգացումները ցույց տվեցին, որ Տեր-Պետրոսյանը չկատարեց գործիքի իր դերը, իսկ Բաղդասարյանը դարձավ ԱԽՔ, բայց դա չի նշանակում, որ 300-400 հազարանոց փոքր ու միջին բիզնեսի շերտը դադարել է իր դժգոհությունը հայտնել իշխանությունից։ Ոչինչ չի փոխվել։ Ավելին, փոքր ու միջին բիզնեսի շերտը ներկայացնող շատ շատերի գործարար դժգոհությանն այժմ ավելացել է նաև ազգային անվտանգությանն ու արժանապատվությանը սպառնացող «ֆուտբոլային» դիվանագիտությամբ պայմանավորված ռեակցիան, և եթե ձևավորվի համապատասխան քաղաքական միավոր, ապա այն կարող է հիմնվել բարձր ակտիվությամբ օժտված հանրային այս շերտի վրա, որն ապրում է ազգային-դեմոկրատական փոփոխությունների սուր պահանջով։
Սերժ Սարգսյանի հենարանը չէ նաև խոշոր բիզնեսը, քանի որ այդ շերտը 2008-ից հետո նույնպես իրեն դավաճանված է զգում իշխանությունից, ինչպես որ փոքր ու միջին բիզնեսի մարդիկ՝ Արթուր Բաղդասարյանից։ Նախագահական պալատը վերցնելով նաև խոշոր գործարարության ֆինանսական և մարդկային ռեսուրսների շնորհիվ՝ Սերժ Սարգսյան-Տիգրան Սարգսյան զույգն այժմ խնդիր է դրել թիրախ դարձնել նրանց, բայց ոչ թե տնտեսությունն ազատականացնելու և շուկայական նորմալ հարաբերություններ ձևավորելու, այլ «Մեկ մարդու տնտեսություն» կառուցելու գերօլիգարխիկ բնույթ կրող ծրագիրը կյանքի կոչելու նպատակով։
Փոքր ու միջին բիզնեսը ճնշելուց հետո հերթն այժմ հասել է խոշորներին, և իրենց իսկ շահերից ելնելով՝ վերջիններս ամեն կերպ դիմադրելու են «Միայն մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու սարգսյանական նկրտումներին։
Խոշորի կողմից այս պահին կա ոչ մասնագիտական աչքի համար չերևացող դիմադրություն, բայց նախագահական շրջապատի դիրքերի թեթև տատանումների առաջին իսկ դեպքում նրանք նույնպես դառնալու են ազգային-դեմոկրատական փոփոխության կողմնակիցը՝ դառնալով մանր ու միջին բուրժուազիայի գործընկերը։
Սարգսյանի հենարանը, հակառակ համառ ջանքերին, այդպես էլ չդարձավ 500-550 հազարանոց թոշակառուների շերտը։ Ճիշտ է, թոշակներն անվանական բարձրացան, բայց դրանով չէ, որ ապրում էին տարեցները։ Նրանց եկամուտների հիմնական աղբյուրը դրսից ուղարկվող մասնավոր տրանսֆերտներն էին, որոնք այժմ պակասել են։ Բացի այդ, թոշակառուների կյանքի բարեկեցության պատասխանատուն ոչ թե 20-30 հազար դրամ թոշակ տվող պետությունն է (իշխանությունը), այլ Հայաստանի փոքր ու միջին բիզնեսի շերտում ներգրավված (գործատուի կամ աշխատուժի կարգավիճակում) այդ նույն թոշակառուի զավակը կամ թոռը, որոնց պետությունը ճնշում է իր հարկային քաղաքականությամբ և բյուջե լցնելու տիգրանսարգսյանական մոլուցքով։ Այսինքն, թոշակառուի կյանքը՝ «Ինչ անում ենք, թոշակառուների համար ենք անում» պետական ծրագրի շրջանակներում չի լավացել, այլ ընդհակառակը։ Թոշակառուն ավելի շատ զգում է փոքր ու միջին բիզնեսի շերտը ներկայացնող իրեն պահող սուբյեկտի վիճակի վատացումը, քան պետության կողմից տրվող գումարների «մի քանի կոպեկի չափ» ավելացումը։
Թոշակառուների սոցիալական դժգոհությանն այժմ ավելացել է նաև սարգսյանական «ֆուտբոլից» առաջացած խորը մտահոգությունը։ Գաղտնիք չէ, որ մեր տատերն ու պապերն ավելի արմատական տրամադրվածություն ունեն թուրքերի հանդեպ, քան հասարակության մյուս տարիքային խմբերը ներկայացնող շերտերը, և դա օբյեկտիվ պատճառներ ունի։ Ընդդիմանալով ներկայում ձևավորված սոցիալական վատ պայմաններին ու իշխանությունների նախաձեռնողականությանը՝ թոշակառուների լայն շերտերը, անկախ վերջիններիս ակտիվ կամ պասիվ կեցվածքից, նույնպես ազգային-դեմոկրատական փոփոխությունների պահանջ ունեն։
Ի վերջո, ո՞վ է Սարգսյանի հենարանը
Որքան էլ պարադոքսալ է, Սերժ Սարգսյանի քաղաքականության միակ հենարանը կամ նրա բնական դաշնակիցը Գեորգի Վանյանի կամ Կտրիճ Սարդարյանի տիպի գործիչներն են՝ իրենց մտածողությամբ և «Հայ ազգային կոնգրեսի» մի մասը (նկատենք, որ ՀԱԿ-ում առկա ոչ բոլոր կուսակցություններն ու անհատներն են կիսում Լ. Տեր-Պետրոսյանի կեցվածքը, ով իր հստակ «Ոչ»-ը չի ասել հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններին, ավելին՝ ողջունել է հայ-թուրքական ներկա գործընթացը և զգալի տեղաշարժ արձանագրել այդ ուղղությամբ)։ Բայց դա էլ հնարավոր չէ Սարգսյանի հենարանը համարել, քանի որ նշյալ ուժն ու դեմքերը վիճարկում են ՀՀ նախագահի իշխանության լեգիտիմության հարցը՝ հանդիսանալով տիտղոսային ընդդիմություն։ Այսինքն, Սարգսյանի արտաքին նախաձեռնողական քաղաքականության բնական դաշնակիցը միևնույն ժամանակ ներքին կյանքի բնական թշնամին է։
Ստացվում է, որ ՀՀ գործող նախագահը մեծ հաշվով զրկվել կամ կամաց-կամաց զրկվում է հանրային բոլոր շերտերի աջակցությունից։ Անգամ այն մարդիկ, ովքեր 2008-ին նախընտրեցին Սարգսյանին, որպեսզի Տեր-Պետրոսյանի դեմն առնեն վերջինիս հայ-թուրքական և արցախյան խնդիրների լուծման տարբերակները չընդունելու հիմնավորմամբ, հիմա արդեն խորը հիասթափության մեջ են և ընդդիմանում են ներկայում վարվող «ֆուտբոլային» դիվանագիտությանը։
Եթե նախկինում իշխանական կոռուպցիոներները զբաղվում էին թալանով և դա «հիմնավորում» ազգային թեմաներով, ապա այժմ այդ հիմնավորումն էլ չկա, քանի որ քիրվայական մթնոլորտը քթներից է բերում նաև «հայրենասիրական կոռուպցիայով» զբաղվողների շերտին։
Փաստորեն, Սերժ Սարգսյանին հաջողվեց այս մեկուկես տարում իր դեմ համախմբել ծայրահեղ ազգայնականին և չափավոր քիրվայականին, ազնիվ աշխատավորին ու կոռուպցիոներին, թոշակառուին ու խոշոր բիզնեսմենին, կաշառակերին ու կաշառատուին, գրեթե ամբողջ Սփյուռքին, ընտրակեղծարարությամբ զբաղվող մի շարք ուսուցիչների ու ընտրակեղծիքների արդյունքում պարտված գործիչներին, ծերերին ու տիգրանսարգսյանական տնտեսական հալածանքներից տուժած միջին գործարարին, ծեծող ոստիկանին ու ծեծվող միտինգավորին, քաղաքական շիզոֆրենիկներին ու ծայրահեղ պրագմատիկներին։ Բոլորին։ Դրա համար, ճիշտն ասած, առանձնահատուկ տաղանդ էր պետք, որով, ինչպես պարզվեց, օժտված է Սերժ Սարգսյանը։
Հայ-թուրքական ներկա հարաբերությունների վտանգներն այժմ ազգային համաձայնության մթնոլորտ են ձևավորել, որը լուրջ հող է ազգային-դեմոկրատական փոփոխություններ իրականացնելու համար։
Սերժ Սարգսյանի այժմյան իշխանությունն իներցիոն է և հիմնվում է շատ նեղ խմբի մարդկանց վրա։ Դրանք են՝ աշխատակազմի փոքր շրջանակը, Տիգրան Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը, խնամիության «նախաստորագրման» շեմին գտնվող ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, հանրային խորհրդում հայտնված արշակսադոյանատիպ դեմքերը, խնամի-բարեկամները, մեկ-երկու գործարար և մի կին «ատամնատեխնիկ»՝ նստած Սփյուռքի նախարարությունում։ Վե՛րջ։
Ի՞նչ է սպասվում
Հարց կարող է առաջանալ, որ եթե այդքան թույլ է այժմ Ս. Սարգսյանը, ապա ինչպե՞ս է, որ նրա իշխանությունը շարունակում է անսասան մնալ։ Շատ պարզ պատճառով. Հայաստանում դեռ չի ձևավորվել հանրային մեծ պահանջարկ վայելող ազգային-դեմոկրատական փոփոխությունների իրականացման հայտ ներկայացնող քաղաքական ուժը, և կա գաղափարական այլընտրանքի վակուում։ Հիմա տարբեր ուժերի և անհատների մասնակցությամբ խմորման գործընթաց է տեղի ունենում, և հասարակության ցանկությունները վաղ թե ուշ բավարարվելու են։ Դա քաղաքագիտական աքսիոմա է։
Այս պահի հիմնական ընդդիմադիր համարվող ՀԱԿ-ը, իր առաջնորդի գաղափարախոսությամբ, չի կարող բավարարել հանրության մոտ առկա նշածս փոփոխությունների պահանջը, բայց քանի որ 2008-ից մնացած իներցիայով դեռ այդ ուժն է ընկալվում որպես հակաիշխանական թիվ 1 թիմը, ուստի Սարգսյանի իշխանությանն առայժմ ոչինչ չի սպառնում։ Այս պահին ընդդիմադիր դաշտը փաստացի դատարկ է, բայց դեռ շատերը դա չեն ֆիքսել ու որոշակի սպասելիքներ ունեն Տեր-Պետրոսյանից։
Իսկ իրականությունն այն է, որ իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը, որն առնչվում է մեր ազգային անվտանգության խնդիրներին, չի հանդիպում ՀԱԿ-ի դիմադրությանը։ Ու կապ չունի, որ ՀԱԿ-ը միակ քաղաքական ուժն է, որը պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Նրանք միևնույն ժամանակ նշում են, որ չեն կարող միայնակ հասնել այդ պահանջի իրականացմանը, և առաջարկում են համազգային կոնսոլիդացիա։ Բայց նկատենք, որ այդ կոնսոլիդացիան չի կարող լինել մի ուժի շուրջ կամ հետ, որի ղեկավարը բազմիցս իր լոյալությունն է հայտնել իշխանության քիրվայական քաղաքականությանը։ ՀԱԿ-ն այդ կերպ այլընտրանք չի դառնում, այլ հանդես է գալիս միայն իշխանափոխություն ուզողի դերում։
Անշո՛ւշտ, նորմալ է, երբ որևէ քաղաքական ուժ ձգտում է իշխանության, բայց դրան հասնելու համար պետք է հստակ այլընտրանք լինես և ասես, թե գալու դեպքում ինչ ես անելու, ինչպես ես փոխելու իրավիճակը, այլ ոչ թե «էն գլխից» ինքդ քեզ ապահովագրես՝ ասելով, որ Ղարաբաղը ծախած-պրծած է, ու ոչ մի էական բան հնարավոր չէ շտկել, քանի որ Օբաման, Սարկոզին ու Մեդվեդևն արդեն որոշել են։ Եթե Ղարաբաղն արդեն ծախած-պրծած է աշխարհի ջոջերի քավորությամբ, ապա էլ ի՞նչն ենք գալիս փոխելու։ Օրինակ ես չեմ կարծում, որ Ղարաբաղը ծախած-պրծած է ոչ թե այն պատճառով, որ վստահում եմ Սարգսյանին, այլ որ դա մենք թույլ չենք տա։
Կամ եթե քո հիմնական ասելիքն այն է, որ այն, ինչ արվում է գործող իշխանության կողմից, ընդհանուր առմամբ վատը չէ, պարզապես մենք նույն բանն ավելի լավ կանեինք, ապա այդ մոտեցմամբ երբեք չես հասնի իշխանափոխության։ Քո հայացքները չկիսող մարդիկ, ովքեր կտրուկ դեմ են Սարգսյանի «գիշերային» դիվանագիությանը, հանուն ինչի՞ պետք է դուրս գան պայքարի ու քեզ բերեն իշխանության։ Որ հետո քո՞ դեմ պայքարեն։ Այդպես չի լինում։
Իսկ նախագահի հրաժարական պահանջելն ու միևնույն ժամանակ խոստովանելը, թե չենք կարող առանց մյուսների դրան հասնել, նմանվում է «խալաստոյ» կրակոցի։ Մանավանդ, երբ մյուսների հետ միանալու որևէ իրական ցանկություն չունես ու սպասում ես միայն իշխանության սխալներին։ Հավերժ սպասում…
Հրաժարականի մշտական պահանջն ու դրան չհասնելն արժեզրկում է նմանատիպ պայքարի գաղափարը, մարդկանց մղում քաղաքական ֆրուստրացիայի՝ հիասթափության տիրույթ և երկարաձգում գործող ռեժիմի կյանքը, ինչին ակամայից նպաստում է ՀԱԿ-ն իր գործունեությամբ և լիդերի կեցվածքով։
Ենթադրում եմ, որ մոտակա ժամանակահատվածում ՀԱԿ-ի՝ որպես հիմնական և միակ ընդդիմադիր ուժի դերը վիճարկելու փաստարկը լինելու է այն, որ միայն իրենք են պահանջում Սարգսյանի հրաժարականը։ Եթե դա է ընդդիմադիր լինելու չափանիշը, ապա հիշեցնեմ, որ Արտաշես Գեղամյանը 2003-ին ոչ միայն պահանջում էր Քոչարյան-Սարգսյան զույգի հրաժարականը, այլև հայհոյանքների տարափ էր տեղում նրանց ուղղությամբ։ Էդ հետո, երբ ընտրությունները ցանկալի արդյունք չտվեցին, Գեղամյանը դարձավ հաճախորդ և հիմա համալրել է քաղաքական դաշտի ժողգործիքների շարքը։ Հավատացած եղեք, որ Գեղամյանը, երբ մտել էր քաղաքական դաշտ, ի սկզբանե չէր պլանավորել, որ պետք է հետագայում Սարգսյանին դամքյաշություն անի, քանի որ նման բան իր կյանքում չի պլանավորում ոչ ոք։ Այդպես ստացվում է։
2008-ին Արթուր Բաղդասարյանն էլ էր պահանջում Սարգսյանի հեռացումը։ Ավելին, ՕԵԿ ղեկավարը մեր երկրի այսօրվա ղեկավարին մեղադրում էր իր դեմ մահափորձ կազմակերպելու մեջ։ Իսկ հիմա որտե՞ղ է Ա. Բաղդասարյանը և ի՞նչ է դարձել։ Համոզված եմ, որ Բաղդասարյանը մանկուց չէր երազել ԱԽՔ դառնալ, բայց այդպես ստացվեց։ Սա է մեր քաղաքական պրակտիկան։ Հայաստանում քաղաքական պայքարի պարտված կողմը կամ թոշակառու է դառնում (օրինակ՝ Ստեփան Դեմիրճյանը կամ Արամ Զ. Սարգսյանը)՝ պահպանելով մարդկային որոշակի որակները կամ համագործակցում է օրվա իշխանության հետ։
Նույն Արամ Զ. Սարգսյանը 2003-ի նախագահական ընտրություններից հետո ամեն օր խոստանում էր հեղափոխություն։ Կոնկրետ ժամկետներ էին նշվում։ Նույնիսկ փողկապների համապատասխան գույն էին ընտրել, լոգոտիպ մշակել և այլն։ Եվ ի՞նչ։ Այն օրերին էլ ով չէր պահանջում Քոչարյանի հրաժարականը կամ չէր հավատում հայկական գունավոր հեղափոխության հնարավորությանը, համարվում էր ոչ իսկական ընդդիմադիր։ Բայց չէ՞ որ քաղաքական պայքարի իմաստն այն չէ, որ քեզ ընդմիշտ համարեն միակ ու անկրկնելի իսկական ընդդիմադիրը։ Կարևորն արդյունքն է և համակարգային փոփոխության հասնելը։ Այսինքն, քաղաքականությունը կոնկրետ գործ է և արդյունք, այլ ոչ թե պահանջներ առաջ քաշելու միջոցառում, որի իրականացման հնարավորությանն ինքդ էլ չէս հավատում։
Այնպես որ, հրաժարական պահանջելն ու հայհոյելը չեն իսկական կամ ոչ իսկական ընդդիմադիր լինելու չափորոշիչները։ Գաղափարական այլընտրանքի պարագայում հրաժարականի կամ իշխանափոխության խնդիրը կլուծվի ինքնաբերաբար։
1988-ին «Ղարաբաղ» կոմիտեն ու շարքային քաղաքացիները չէին պահանջում Դեմիրճյանի կամ Գորբաչովի հրաժարականը։ Ոչ միայն չէին պահանջում, այլ նույնիսկ փողոց էին դուրս գալիս «Լենին, Պարտիա, Գորբաչով» պաստառներով։ Հետագայում Դեմիրճյանն էլ հեռացավ իշխանությունից, Գորբաչովն էլ։ Բայց ես չեմ հիշում, որ այն տարիներին ասեին, թե կոմիտեն չի պահանջում Կարեն Սերոբիչի կամ Միխայիլ Սերգեիչի հրաժարականը, հետևաբար, ծախու շարժում է։
Ամեն ինչ իր ժամանակն ունի։ Հիմա մենք գտնվում ենք ազգային-դեմոկրատական փոփոխությունների հերթական ցիկլի նախաշեմին։ Դա անխուսափելի փոփոխություն է, որը մաքրելու է քաղաքական, տնտեսական ու իրավական գործող համակարգը կուտակված կեղտից։ Մենք դատապարտված ենք այդպիսի փոփոխություններ անելու և դրանում հաջողելու, քանի որ հակառակ դեպքում կմնանք որպես հետամնաց պետություն, կունենանք հիվանդ հասարակություն, կպարտվենք Ադրբեջանի հետ «սառը պատերազմում» և կարող ենք նույնիսկ երկիր կորցնել։
Ես ինքս լավատես եմ և իմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ այդ փոփոխություններին հասնելու համար։
Անդրանիկ Թևանյան
Հ.Գ.։ Հայ-թուրքական ներկա գործընթացների վտանգավորությունն այն է, որ շաղկապվածություն կա Արցախի խնդրի հետ։ Թուրքերին, մերոնց կոպիտ սխալի հետևանքով, հաջողվեց Արցախի հարցը վերածել շուտափույթ լուծման անհրաժեշտություն ունեցող հակամարտության։ Այդ շաղկապվածությունը դեռ առարկայորեն չի զգացվում, բայց զարգացումները ցույց են տալիս, որ Հայաստանից, փաստացի, միակողմանի զիջումների է ուզում հասնել Թուրքիան՝ սահմանի բացումը պայմանավորելով հայկական զորքերի հետքաշմամբ։ Սերժ Սարգսյանն այժմ հերքում է այդ կապը, բայց երբ վերջնականապես այն ակնհայտ դառնա, և նախագահը հանկարծ փորձի գնալ Արցախի խնդրի՝ ներկայում շրջանառվող տարբերակներով լուծմանը, ապա նրան կտրուկ դեմ դուրս կգան ինչպես բուն Արցախի ժողովուրդը, այնպես էլ այսօր հավատարիմ թվացող Արցախի իշխանություններն ու զինվորականությունը, քանի որ անվտանգությունը վեր է ցանկացած տիպի ընկերական կամ այլ բնույթի հարաբերություններից։ Բնականաբար, Հայաստանում էլ հակազդման մեծ ալիք կբարձրանա։ Արցախի, այսինքն՝ Հայաստանի անվտանգության նման սպառնալիքի դեպքում Սերժ Սարգսյանի իշխանությունը վերջնականապես կտապալվի։ Դա արդեն կլինի ֆորս-մաժոր, և, ժողովրդական խոսքով ասած, շաբաթն ուրբաթից շուտ կգա։