Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Thursday, October 8, 2009 16:47 - 3 քննարկում

Ես ասում եմ ձեզ – Դուք ոչինչ չեք հանձնելու

Ես բնակվում եմ Քարվաճառի շրջանի Վերինշեն համայնքում արդեն ութ տարի: Երբ 2001 թ. նոյեմբերին մենք փոխադրվել էինք այստեղ մշտական բնակության, մենք բախվեցինք բազում դժվարությունների: Այդ դժվարություններից շատերը կարող էին նաև չլինել, սակայն մեր ընտանիքն արժանապատվորեն հաղթահարել էր դրանք և այսօր ես իմ կյանքն առանց Քարվաճառի պարզապես չեմ պատկերացնում: Այս տարածքը մեզ դիմավորեց խիստ աշունով և ցրտաշունչ ձմեռով, որը մեզ անտանելի էր թվացել: Մենք պատրաստ չէինք այն ձմռանը ոչ հոգեբանորեն և ոչ էլ նյութապես: Չկար էլեկտրականություն, հեռախոսակապ, գրեթե բացակայում էր ուղևորատար հաղորդակցությունը: Շրջանում բոլոր խանութները պատկանում էին մի մարդու և դրանցից ամենամոտիկը գտնվում էր մեր տնից 10 կմ հեռու: Թե ինչպիսի գներով էին այնտեղ ապրանք վաճառում` ես խոնարհաբար կլռեմ: Բարեբախտաբար, այսօր դրանք այլևս հեռավոր և հաճախ անիրական թվացող հիշողություններն են: Մեր կողքին ապրող մարդիկ մեր նման աշխատում և մաքառում էին` արարելով սեփական ապագան: Շատերը, չդիմանալով փորձությունների, հեռանում էին, սակայն նրանց տեղը գալիս էին նոր ընտանիքներ:
Անցան տարիներ: Մենք ունեցանք դպրոց, էլեկտրականություն, բջջային հեռախոսակապ: Տրանսպորտի հարցը դեռևս շատ լուրջ է, սակայն ամեն պարագային ավելի լավ է, քան նախկինում: Այստեղ ծնվում էին երեխաներ` երկհարյուրամյա ընդմիջումից հետո այս հողի առաջին հայ երեխաները, որոնց ծննդյան վկայականներում որպես ծննդավայր նշվում էր Քարվաճառը: Ամեն տարի տների ու գոմերի պատերից, փողոցների սալահատակից վերաբնակները դուրս էին հանում խաչքարեր ու տապանաքարեր` Հայոց միջնադարյան վիմագրերով: Դրանցից շատերը տառացիորեն ստիպված էինք հավաքել մասունք առ մասունք` սրբելով հարյուրամյա թրիքի պղծությունից կամ սվաղի մնացորդներից: Ունեցել ենք նաև կորուստներ. կենաց դառն օրենքի բերմամբ մարդիկ մահանում էին: Մահացածներից մեկը նաև իմ հայրիկն էր` բանասեր և բանաստեղծ, զինվորական և պարզապես ողջ կյանքով հայրենի հողին անսահմանորեն նվիրված մարդ: Նա ծնվել էր Ալավերդուն հարակից Ակոռի գյուղում, որտեղ թաղված էին նրա ծնողները: Ակոռու գերեզմանատանը հանգչում էր նրա ողջ գերդաստանը: Նրա նախնիները Լոռի էին եկել երկրաշարժով կործանված հնամենի մասիսադիր Ակոռի ավանից, որը գտնվում էր արևելահայաց լանջի դյուցազնավիպական Վիհի ստորոտում: Երբ նրան հայտնի եղավ հիվանդության անունը, նա կանչեց մայրիկիս և ինձ` որպես ավագ դստերը, և ասաց, որ մենք չհամարձակվենք անգամ մտածել իրեն թաղել Ակոռիում: Մեր ազգականներն այսօր էլ նախատում են մեզ, որ մենք նրան հանձնեցինք «անհայտ քաղաքական ապագայով» մի հողին, սակայն այս բառերն ինձ համար խորապես վիրավորական են: Իհարկե, այս հողի վրա մենք շատ դժվարություն ենք տեսել, սակայն նրա գեղամեծար վեհությունը դարձել են իմ գիտակցության անկապտելի մի մասնիկ: Այս հողի վերածնունդը դարձել է իմ կյանքի իմաստը, որի զոհասեղանին ես կարողացել եմ ընծայել ընդամենը դպրոցում իմ ուսուցչությունը, իմ կրտինքն, իսկ երբեմն էլ արցունքս: Իմ քույրերն ընտանիք կազմեցին այս հողում և նվիրեցին նրան իրենց անդրանիկ զավակներին, իսկ իմ հայրն առաջինն էր, ով տարածքի ազատագրումից ի վեր Հայաստանյայց եկեղեցու սրբազան ծիսակարգով նրա մեջ գտավ հավիտենական հանգիստը:
Ոմանց իմ խոսքերը կարող են չափազանց զգացմունքային թվալ, բայց ես դրանցից չեմ ամաչում, քանի որ անկախ մեր անձնական վաստակից և արժանիքներից, դրանք ունեն ոչ միայն ազգային-պետական, այլև պատմական կտրվածքով սրբազան և իմաստակիր խորհուրդ: Մեր զինվորների արյունը և նորածին հայ մանուկների ճիչն ազատագրված եզերքում վերադարձրին մեզ ցեղասպանությամբ և հազարամյա սփռմամբ ոտնահարված պատիվն ու իրավունքը` քայլելու ազատարարի հպարտությամբ: Ինձ` որպես կնոջը, ավելի հեշտ է հասկանալ և զգալ, թե որչափ մեծ է այդ պարգևը` լինել քույր կամ կին անհավասար մարտում թշնամուն հաղթած հայ տղամարդու և կյանք պարգևել նրա երեխաներին: Արդյո՞ք այսօրվա հայ կանանցից շատերը երբևէ մտածել են, թե ով է փրկել նրանց անպատվությունից բառիս փոխաբերական և ուղիղ իմաստով: Սրանք դատարկ խոսքեր չեն, սրանք զուրկ են ճարտասանական հնարքներից և խստագույն անմիջականությամբ արտացոլում են իրականությունը: Աշխարհը նույն է մնացել, թուրքերը` նույնպես: Խաղաղությունը և Հայաստանի վերածնունդը հնարավոր են միայն եթե մեր երկրի դարպասներն աննկունորեն կնքված լինեն հայ տղամարդկանց զենքով` նրանց կամքով առ կյանք և առ պատիվ:
Ցավոք, վերջին շրջանում Երևանում տեղի ունեցողն ինձ, մեղմ ասած, շատ է վրդովեցնում: Այդ անհույս պարտվողականությունը` թշնամուն մահացու զիջումներ կատարելու միջոցով խաղաղություն և բարօրություն գնելու անհեթեթ երազանքը պարզապես նողկալի է: Զարմանալ կարելի է, թե ինչպես հասարակության և ղեկավարության մեծ մասը կարող է այդչափ կուրացած և իրականությունից կտրված լինի: Արդյո՞ք դուք այնքան միամիտ եք, որպեսզի հավատաք միջազգային հորջորջվող երաշխիքներին: Արդյո՞ք դուք մինչև հիմա չեք գիտակցել, որ մեր տների անդորրը և ձեր պալատների ճոխությունն ուղղակիորեն կապված է Մռավի լեռնաշղթայի հավերժ սառնամանիքների և կուր-արաքսյան դաշտավայրի խեղդող ավազի մեջ մեր զինվորների պաշտպանած դիրքերից: Դուք չգիտե՞ք, որ այն օրը, երբ մեր զինվորը կլքի այդ դիրքերը մենք կկորցնենք տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների զրկանքների և նահատակության գնով վաստակած խաղաղությունը և Հայստանը կրկին կգահավիժի արյան հեղեղի մեջ: Ձեզ այնքան շա՞տ է կուրացրել աշխարհի հզորների նստավայրերի արտաքին ճոխությունը, դուք այդչափ մոլեգնաբա՞ր եք բաղձացել նոբելյան և այլ մրցանակների, ոսկու և ձեզ խոստացված հետհակամարտային ներդրումների, որ վճռել եք դավաճանել և վաճառքի հանել մեր վերջին և սրբազբնագույն ժառանգությունը` Հայրենիքը: Դուք առանց այդ էլ քամել եք մեր երկրից ամեն հնարավոր բան, ապաշնորհաբար վատնել, մսխել և ծախել եք նրա ողջ հարստությունը, իսկ այժմ որոշել եք հանուն ձեր մանր առևտրական շահի պարզունակ հաշվարկով սակարկման առարկա դարձնել նաև ցեղասպանության զոհերի հիշատա՞կը:
Ես հասկանում եմ, որ գրեթե բոլորդ շատ հեռավոր պատկերացում ունեք պատվի, բարոյականության և երկրի հանդեպ պատասխանատվության մասին: Դա հավասարապես վերաբերվում է թե՛ իշխանական ճամբարին և թե՛ այսպես կոչված ընդդիմության պարագլուխներին, որոնք միևնույն տեսակի չարիք են: Անիմաստ է դիմել ձեր խղճին և անցողիկ հարստությունների տակ թաղված արժանապատվությանը: Սակայն եթե դուք կարծում եք, որ մենք կենթարկվենք, ապա չարաչար սխալվում եք: Մենք չենք ճանաչի ո՛չ ձեր ստորագրած արձանագրությունները, ո՛չ էլ մեր տների հանձնումը, մեր սրբավայրերի, գերեզմանների և ազատարար արյունը սրբապղծող «Մադրիդյան սկզբունքները»: Հիշե՛ք դա, երբ գնում եք խոսելու կամ անարժեք թղթիկներ ստորագրելու մեր երկրի անունից: Հիշե՛ք, որ աշխարհիս հզորների րոպեական գովասանքին և ձեր խեղկատակ «քաղաքագետների», «վերլուծաբան-թուրքագետների» և «հակամարտաբանների» ծափահարություններին հաջորդելու է սերունդների անեծքը և երկնքի բարկությունը: Դրանք անվերջ կհետապնդեն և կհարվածեն ձեզ և մահաբեր խայտառակությամբ կդրոշմեն ձեր ժառանգների ճակատը յոթը սերունդ շարունակ: Ձեզ խոստացված «երաշխիքները» կմոռացվեն և ձեզ պարզապես կհանձնեն, պարզունակաբար «կգցեն» և կշպրտեն պատմության աղբանոց և կյանքի լուսանցք, որտեղ ձեզ կխժռեն նրանք, ովքեր այժմ ձեզ ստորաքարշաբար ծառայում են: Այս է ձեր դատավճիռը:
Ուստի ես Արցախի բոլոր կանանց և ազատագրված տարածքների բոլոր բնակիչների անունից, որպես կին տկար, բայց և ոգով զորեղ լինելով, ասում եմ ձեզ – դուք ոչինչ չեք հանձնելու, իսկ ձեր առևտրաբարո «արձանագրությունները» և «Մադրիդյան սկզբունքները» կմնան ձեր անզորության և ոգեղեն կուրության թղթե վկայությունը: Հայոց Հայրենիքի միասնությունը պետք է վերականգնվի: Ոչ մի թիզ հող թշնամուն չի հանձնվելու:
Խանդութ Ավետյան



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Liana
Oct 8, 2009 18:04