Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Monday, October 5, 2009 0:09 - 2 քննարկում
Աչքը տեսածից է վախենում
Նամակ թուրք իմ հարևանին
Աչքը տեսածից է վախենում
Հարգելի հարևան, մեր կառավարությունը նպատակադրվել է բարիդրացիական փոխհարաբերություններ հաստատել ձեզ հետ:
Որպես հայ մարդ, ես ողջունում եմ էդ ցանկությունը, բայց դրա հետ մեկտեղ ուզում եմ մի քանի հարց տալ քեզ և մի քիչ էլ խոսել մեր անցյալի մասին:
Առաջին հարցս գլխավորն է՝ դու ուզում ե՞ս էդ «բարիդրացիականը»: Անկե՞ղծ ես ուզում, թե ձևացնում ես՝ աշխարհի աչքին լավ երևալու համար:
Գիտես` մենք էս դիվանագիտական խաղերի մեջ ձեզ նման ուժեղ չենք, դժվար ենք գլխի ընկնում` ինչն ինչոց է:
Ուրեմն սպասում եմ քո պատասխանին և հավաստիացումներին:
Հիմա դու հարց տուր, թե ինչո՞ւ ենք մենք էսքան շատ ուզում, որ դուք ընդունեք 1915 թ. ձեր կողմից գործած Մեծ եղեռնի փաստը և ապաշխարեք (ինչպես գերմանացիները` հրեաների առաջ):
Պատճառն էն է, որ մենք ձեզանից վախենում ենք…
Հիմքեր շատ ունենք վախենալու: Ես տարիքս առած մարդ եմ, շատ բան եմ լսել ու տեսել: Երեխա ժամանակներից սկսած մինչև օրս, երբ հայ մարդու մոտ արտասանում են «թուրք» բառը, հայ մարդը ցնցվում է (վախից, իհարկե): Եթե մեկն ու մեկը լեղապատառ վազում է, մենք ասում ենք. «Ի՞նչ է եղել, ո՞ւր ես փախչում, թուրքը վրա՞ է տվել…»:
Կարծում եմ (համոզված եմ), որ էս պահին էլ «թուրք» բառը լսելիս ցնցվում ու սարսափում են Սումգայիթի և Բաքվի հայերը, մանավանդ Հրանտ Դինքի ու Գուրգեն Մարգարյանի հարազատներն ու շրջապատը: Էդպես ամուր դուք ապրում եք մեր գիտակցության, մեր կենցաղի մեջ:
Էս տեսակ հարևանությո՞ւն, էս տեսակ հարևան կլինի՞: Չե՞ս կարծում, որ եթե մեկն ու մեկից վախենում են՝ էդ մեկը, մեղմ ասած, անբարոյական էություն է:
Դուք ասում եք` եկեք հանձնաժողով ստեղծենք` ճշտելու Եղեռնի իրողությունը:
Ի՞նչն է, որ հայտնի չէ և ձեզ, և մեզ:
Հարգելիս, էդ հանձնաժողով կոչեցյալը պարզապես զավեշտ է, դա նշանակում է` պղծել միլիոնավոր զոհերի հիշատակը, դա նշանակում է` ձեռ առնել աշխարհով մեկ հարյուրհազարներով ցրված հայերին:
Ես մի քանի անգամ անցել եմ հայերի համար դժոխային էն ուղով, որ կոչվում է Տեր-Զորի ճամփա: Տեսել եմ իմ աչքերով, թե մինչև հիմա արաբների անհաս ու խակ երեխաներն ինչպես են հայերի` անապատի ավազներից հանած ոսկորներով խաղում: Ավելին ի՞նչ եք ուզում իմանալ: Անցեք էդ ճամփեքը, դուք էլ համոզվեք, եթե իհարկե` ձեր ներսում համոզված չեք:
Դուք հզոր պետություն եք: Մեզանից շատ անգամ հզոր: Մենք վախենում ենք, որ մի օր նորից կբարկանաք և ինչպես անպատիժ, օրը ցերեկով Կիպրոսի կեսը գրավեցիք` կգաք Զանգեզուրն էլ կգրավեք…
Վախենում ենք, որովհետև էս օրերին ֆիլմեր եք նկարահանում հայերի «վայրագությունների» մասին ու 600 հազար օրինակով տարածում ձեր դպրոցներում՝ հայերի նկատմամբ ատելություն սերմանելով: Ասում են` արդեն 12 միլիոն երեխա տեսել է: Ուրեմն մտահոգված եք, որ երիտթուրքերի ատելությունը չմարի հայերի հանդեպ, սերնդեսերունդ փոխանցվի:
Ի՞նչ հեռահար նպատակներ ունեք: Վաղը մեր երեխաները մեծանան` ինչպե՞ս շփվեն, ինչպե՞ս ապրեն ձեր հասունացող քաղաքացիների հետ: Էդ «բարիդրացիականը» ինչպե՞ս պահպանեն նրանց հետ:
Խնդրում եմ` պատասխանեք էս հարցին էլ: Լավ կլիներ` մարդ հիշողություն չունենար (էդ տեսակներն էլ կան, նույնիսկ` մեր մեջ), բայց մենք՝ հայերս, հիմնականում տես որ ունենք էդ դառը հիշողությունները:
Օրինակ հիշում ենք, որ երիտթուրքերը հայերի ազգային գործիչների հետ գրկախառնվելով՝ Ադանայում կոտորում էին 30 հազար հայ, 1915 թվականի եղեռնից առաջ, էս տեսակ վայրագություններ շատ-շատ են եղել: Բավարարվենք էս մի փաստը հիշելով:
Հա, հարևան, ո՞ր մեկը հիշենք, ո՞ր մեկը նշենք:
Մեր հետքը մեր երկրից վերացնելու համար մեր եկեղեցիները կամ ավերում եք, կամ սարքում մզկիթներ: Ինչո՞ւ: Մի՞թե ձեզ չի հերիքում Բյուզանդիայի ծով հարստությունը, որ սեփականաշնորհել եք…
Ուրեմն էսպես, հարգելի հարևան, մենք ձեզնից վախենում ենք, դրա համար եթե մենք ուզում ենք չվերանալ, ընդհանրապես չզրկվել էս մի պատառ հողակտորից, որ թողել եք մեզ, մենք անպատճառ պետք է հասնենք էն բանին, որ դուք ի լուր աշխարհի ընդունեք ձեր գործած չարագործությունը, որպեսզի մենք՝ հայերս, ինչ-որ չափով մեզ ապահով զգանք:
29 Սեպտեմբեր 2009 16:04
2 քննարկումներ
MELIQ Karen