Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Sunday, October 4, 2009 13:14 - չքննարկված
ԱԿԱԴԵՄԻԱՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԴԵՄ Է
ԱԿԱԴԵՄԻԱՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԴԵՄ Է
Հայաստանի Գիտությունների Ազգային ակադեմիայի գիտաշխատողները տեղեկանալով ՀՀ ԳԱԱ-ի արձագանքին, Հայ-Թուրքական նախաստորագրված համաձայնագրին իրենց բողոքի ձայնը բարձրացնելով բաց նամակ են հղել ՀՀ Նախագահին և ՀՀ ԳԱԱ նախագահին: Ըստ մեր տվյալների, չնայած հարուցվող արհեստական խոչընդոտներին, ներկայում նամակի տակ ստորագրած գիտաշխատողների թիվը մոտ երեք անգամ գերազանցում է ՀՀ ԳԱԱ-ի որոշմանը կողմ քվեարկած անձանց թվին: Ստորագրահավաքը շարունակվում է, իսկ բաց նամակի տեքստը հետևյալն է.
Բաց նամակ ՀՀ Նախագահին և ՀՀ ԳԱԱ Նախագահին
Լրատվամիջոցներից տեղեկացանք, որ ՀՀ ԳԱԱ-ն նեղ շրջանակով հրավիրել է ընդհանուր ժողով, որտեղ քննարկվել են հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները, և հանրապետության գիտաշխատողների անունից փաստաթղթին հավանություն է տրվել:
Ցավով պետք է նշել, որ նորից ՀՀ ԳԱԱ-ի նախագահությունը, հավատարիմ մնալով իր գործելաոճին՝ շատ նեղ շրջանակում ընդունված որոշումը հանրությանը ներկայացնում է համակարգի բոլոր գիտաշխատողների անունից: Եթե այլ հարցերում մեր հանրապետության գիտաշխատողները, հաշվի առնելով տարբեր ներքաղաքական իրավիճակներ, չեն բարձրացրել իրենց բողոքի ձայնը, սա դեռ չի նշանակում, որ պետության և պետականության համար այս խիստ կարևոր հարցի կապակցությամբ էլ մենք լռակյաց թույլ կտանք մի խումբ անսկզբունքային «առաջնորդների» ուզուրպացնել մեր կարծիքն ու հանդես գալ մեր անունից:
Ամենևին դեմ չլինելով հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը՝ մենք՝ ներքոստորագրյալներս, նախաստորագրված փաստաթղթերում ակնհայտորեն տեսնում ենք Թուրքիայի կողմից թելադրված նախապայմանները և ոչ ենք ասում այդ փաստաթղթին:
Մենք գերադասում ենք մեր ազգի և պետության արժանապատվությունը ցանկացած տնտեսական, այն էլ կասկածելի, շահից և կոչ ենք անում հանրապետության բոլոր գիտաշխատողներին միանալ մեզ: