ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Saturday, October 3, 2009 22:20 - չքննարկված
Սփյուռքի G-7-երը կողմ են
ԿՈՂՄ
-
«Մենք ողջունում ենք նախագահ Սերժ Սարգսյանի առաջիկա այցելությունը Միացյալ Նահանգների եւ սփյուռքահայ այլ գաղութներ, որը միտված է լուսաբանել բոլորիս հուզող խնդիրների եւ ապագայի ձգտումների կապակցությամբ տիրող մտահոգությունները: Աղոթում ենք այս ճակատագրական նախաձեռնության մասնակիցների հաջողության, իմաստնության եւ խիզախության համար»,- ասված է սփյուռքահայ մի շարք կազմակերպությունների՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության, Ամերիկայի հայկական համագումարի, «Վարդանանց ասպետների» եւ Հայաստանյայց Եկեղեցու Արեւելյան թեմի առաջնորդության այսօր տարածած համատեղ հայտարարության մեջ:«Հայաստանի եւ Թուրքիայի մերձեցման բանակցությունների վերաբերյալ հրապարակված նախագծերը նոր առիթներ եւ հրամայականներ են ներկայացնում խնդիրների կապակցությամբ, որոնք հուզել են սերունդներ: Մենք ողջունում ենք ՀՀ նախագահի դրական մոտեցումը Հայաստանի դրացի Թուրքիայի Հանրապետության հետ հարաբերությունների բնականոնացման ճիգերի կապակցությամբ: Առանց նախապայմանների սահմանների բացման եւ հարաբերությունների բնականոնացման համար Հայաստանի իրավահաջորդ կառավարությունների կողմից նախապես ներկայացված առաջադրությունները մերժվել էին Թուրքիայի կողմից, որը պայման էր դնում, թե Հայաստանը պետք է հրաժարվի Արցախից եւ Ցեղասպանության հարցի արծարծումից:
Արդ, օգոստոսի 31-ին հայտարարված բանակցության նախագծերը նշանակալի փոփոխություն են պարզում: Այժմ Թուրքիան հրապարակավ հայտարարել է առանց նախապայմանների բնականոն հարաբերություններ հաստատելու իր տրամադրությունը, որով հատկանշական առաջադիմություն է արձանագրվում այդ գործընթացում»,- ասված է հայտարարության մեջ:
«Մենք կողմնակից ենք Հայաստանի եւ Թուրքիայի խորհրդարանների եւ սփյուռքահայության համար պատմական այս հոլովույթի կապակցությամբ տեսակետների հրապարակային փոխանակմանը եւ սպառիչ ու անաչառ վիճաբանության: Սակայն նկատում ենք, թե բանակցության նախագծերի տրամադրությունների կապակցությամբ կատարվում են մի շարք սխալ բնութագրումներ` որպես հավանական զիջում: Այդ սխալ բնութագրությունների հիման վրա բանակցությունների գործընթացի դեմ շղթայազերծված մերժման արշավը, որ կասկածի տակ է առնում ՀՀ նախագահի նախաձեռնության բարի տրամադրությունները, շեղում են հանրային կարծիքը եւ չեն նպաստում հայ ժողովրդի շահերին:
Դիմակալվող ուղին դյուրին պիտի չլինի անկասկած եւ պիտի ունենա բազմաթիվ խոչընդոտներ ու անկյունադարձեր: Այդ իսկ պատճառով կարեւոր է ըմբռնել, որ այժմ ժամանակը չէ շահադիտական տրամադրությունների առաջ մղմանը՝ ի վնաս Հայաստանի ապագայի»,- նշված է հայտարարության մեջ: