ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Saturday, October 3, 2009 12:10 - 3 քննարկում

ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻ բաց նամակը ՀՀ “արտաքնոցի նախարար” Նալբանդօղլուն(Վերնագիրը պարզապես հասարակական զայրույթ է և կապ չունի նամակի բովանդակության հետ)

Մեծարգո պարոն նախարար,

Ս.թ. հոկտեմբերի 1-ին Հայաստան-Թուրքիա զույգ չարաբաստիկ արձանագրություն-ներին նվիրված խորհրդարանական լսումների ավարտին, նախապես տրված հարցերին Ձեր պատասխանների ժամանակ, Դուք հայտարարել եք հետևյալը. ՙՎիլսոնի որոշումն իրավական ուժ չունի, քանի որ այն չի վավերացվել ԱՄՆ Սենատի կողմից՚: (Նախապես ներողություն եմ խնդրում, եթե Ձեր բառերն ինձ փոխանցելիս որոշ նրբերանգային փոփոխություններ կրած լինեն: Սակայն, կարծում եմ, որ միտքը ճիշտ է փոխանցվել): Ցավում եմ, որ այդ պահին արդեն դահլիճում չէի: Ես չէի կարող կանխատեսել, որ Ձեր պատասխանները կարող են տեղափոխվել օրվա վերջը և նախնական պայմանավորվածության պատճառով ստիպված էի եղել հեռանալ:

Սակայն չկա չարիք առանց բարիքի: Հիմա ես ստիպված եմ բաց նամակով պատասխանել Ձեր պնդմանը: Վայել չէ նախարարի խոսքը թողնել անպատասխան: Դուք բառացիորեն կրկնել եք Ձեր համերկրացի Անդրանիկ Միհրանյանի երկու շաբաթ առաջ Երևանում արտասանած միտքը: Այդ առիթով ես պատիվ ունեցել եմ արդեն պարզաբանումներ տալու, ուստի կկրկնեմ իմ իսկ փաստարկները:

Դուք, ինչպես պարոն Միհրանյանը, ակնհայտորեն շփոթել եք ժամանակագրական առումով իրար շատ մոտ, սակայն երկու տարբեր` Հայաստանի մանդատի և Հայաստանի սահմանների հարցերը, հետևաբար, հանգել եք սխալ եզրակացության: Հաշվի առնելով հարցի այժմեականությունը` նպատակահարմար եմ գտնում համառոտակի անդրադառնալ վերոհիշյալ հարցերին:

Հայաստանի մանդատի և Հայաստանի սահմանների հարցը.

Փարիզի խաղաղության վեհաժողովն ի վերջո անդրադարձավ Օսմանյան կայսրության հիմնահարցերին Սան Ռեմոյի նիստի ժամանակ` 24-27 ապրիլի 1920թ.: Այս հարցի շրջանակում վեհաժողովը ձեռնամուխ եղավ Հայաստանի հետագա ճակատագրի հստակեցմանը: Ըստ այդմ, Դաշնակից ուժերի Գերագույն խորհուրդը (Supreme Council of the Allied Powers) 1920թ. ապրիլի 26-ին պաշտոնապես դիմում հղեց ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին երկու իրարից անկախ խնդրանքով, որ.

ա) Միացյալ Նահանգները ստանձնեն Հայաստանի մանդատը (the United States to assume a mandate for Armenia),

բ) Միացյալ Նահանգների նախագահը իրավարարությամբ վճռի Հայաստանի սահմանները (to arbitrate the frontiers of Armenia):1

Նշյալ հարցերն էապես տարբեր հարցեր էին, հետևաբար ունեին տարբեր հասցեատերեր և գտնվում էին տարբեր իրավասությունների շրջանակներում:

Առաջին` մանդատի հարցով, Փարիզի վեհաժողովը դիմում էր Միացյալ Նահանգներին` որպես պետության: Նման խնդրանքի իրավական հիմքը Ազգերի լիգայի Կանոնադրության (Covenant) 22-րդ հոդվածն էր, համաձայն որի Ազգերի լիգայի անդամ-պետությունները կարող էին Ազգերի լիգայի անունից իրականացնել խնամակալություն (tutelage): Քանի որ այս հարցը վերաբերում էր միջազգային պայմանագրով ստանձնելիք պարտավորությանը, ուստի Միացյալ Նահանգների նախագահը, ըստ ԱՄՆ սահմանադրության, պիտի ստանար ԱՄՆ սենատի ՙխորհուրդն ու համաձայնությունը՚: Այսու, ԱՄՆ Սենատը 1920թ. մայիսի 24-ից հունիսի 1-ը քննության առնելով Հայաստանի մանդատը ստանձնելու հարցը, քվեարկությամբ մերժեց այն: Բուն պատճառն այն էր, որ ԱՄՆ չէր հանդիսանում Ազգերի լիգայի անդամ, հետևաբար բացակայում էր այդ կազմակերպության անունից որևէ գործողություն կատարելու համար իրավական հիմքը:

Երկրորդ` Թուրքիայի հետ Հայաստանի սահմանն իրավարարությամբ որոշելու հարցը, չէր գտնվում Սենատի լիազորությունների շրջանակում, ուստի ԱՄՆ օրենսդիր մարմինը չէր կարող և երբևէ չի անդրադարձել այդ հարցին: Միջպետական իրավարարությունը (international arbitration) միջազգային իրավունքի հարց է և կառավարվում է բացառապես միջազգային հանրային իրավունքով: Հետևաբար, հայցադիմումի երկորդ կետին, դեռևս Սենատի կողմից Հայաստանի մանդատի հարցի քննարկումներն սկսելուց մեկ շաբաթ առաջ` 1920թ. մայիսի 17-ին, նախագահ Վիլսոնը տվել է դրական պատասխան և ստանձնել Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը որոշող իրավարարի պարտականություններն ու լիազորությունը: Այսինքն կլիներ Սևրի պայմանագիրը, թե ոչ, իրավարարության օրինական հայցադիմումը կար, հետևաբար օրինական վճիռը կայացվելու էր:

Հարցի հետագա ընթացքը համեմատաբար ավելի հայտնի է: Սան Ռեմոյի (26 ապրիլի 1920թ.), ինչպես նաև Սևրի (10 օգոստոսի 1920թ.) հայցադիմումների (compromis) հիման վրա, ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը 1920թ. նոյեմբերի 22-ին կայացնում է Հայաստանի և Թուրքիայի սահմանների վերաբերյալ իր իրավարար վճիռը (Arbitral Award), որն ըստ պայմանավորվածության ուժի մեջ է մտնում անմիջապես և առանց նախապայմանների: Երկու օր հետո` նոյեմբերի 24-ին, վճիռը պաշտոնական հեռագրով փոխանցվում է Փարիզ` Խաղաղության վեհաժողովի և Ազգերի լիգայի տնօրինմանը: Վճիռն ընդունվում է ի գիտություն, սակայն մնում է առկախ, քանի որ վճռի շահառուն` Հայաստանի Հանրապետությունը, 1920թ. դեկտեմբերի 2-ին դադարում է գոյություն ունենալուց:

Վիլսոնի իրավարար վճռի կարգավիճակի հարցը.

Նախ անհրաժեշտ է նշել, որ ցանկացած իրավարար վճիռ, եթե իրականացվել է առանց ընթացակարգային խախտումների, ոչ միայն վերացականորեն ՙիրավական ուժ՚ ունի, այլև անվեհապահորեն պարտադիր է կատարման համար (binding document): Ավելին, իրավարար վճիռներն «վերջնական են և անբեկանելի» (final and without appeal):2 «Իրավարար վճիռն իրավարարի վերջնական և կատարման համար պարտադիր որոշում է» (The arbitral award is the final and binding decision by an arbitrator):3

Իրավարար վճիռների վերջնական և անբեկանելի լինելը ամրագրված է (codified) միջազգային իրավունքի մեջ: Ի մասնավորի` Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման Հաագայի կոնվենցիայի (The Hague Convention for the Pacific Settlement of International Disputes), 1899թ. խմբագրման #54 և 1907թ. խմբագրման #81 հոդվածներում:

Վերոշարադրյալից ակնհայտ է, որ Իրավարար վճիռը.

ա) ինքնին պարտադիր և անբեկանելի վճիռ է,

բ) կարիք չունի ներպետական որևէ վավերացման կամ հավանության:

Ըստ այդմ, Միացյալ Նահագների նախագահ Վուդրո Վիլսոնը իր Իրավարար վճռով մեկընդմիշտ որոշել է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը, այն ուժի մեջ է առ այսօր և ենթակա չէ բեկանման:

Անդրադառնանք մի կարևոր հարցի ևս. Իսկ ԱՄՆ իշխանական և հանրային կառույցները երբևէ որևէ դիրքորոշում արտահայտե՞լ են նախագահ Վիլսոնի` Հայաստանի և Թուրքիայի սահմանը որոշող իրավարար վճռի նկատմամբ:

ԱՄՆ գործադիր իշխանության դիրքորոշումը.

ԱՄՆ-ի բարձրագույն գործադիր իշխանությունը ոչ միայն ճանաչել է Վիլսոնի իրավարար վճիռը, այլև վավերացրել է այն և, ըստ այդմ, այն դարձրել ԱՄՆ ներքին օրենսդրության մաս (the law of the land): ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը և պետքարտուղար Բեյնբրիջ Քոլբին (Bainbridge Colby) իրենց ստորագրություններով և Ամերիկայի Միացյալ Նահանգներ պետության Մեծ կնիքով (The Great Seal of the United States) վավերացրել են իրավարար (Arbitrator) Վուդրո Վիլսոնի վճիռը: Ըստ միջազգային իրավունքի, իրավարարի անձնական ստորագրությունը և կնիքը, եթե կա այդպիսին, միանգամայն բավարար է Իրավարար վճիռի վավերականության համար: Վուդրո Վիլսոնը կարող էր բավարարվել միայն իր ստորագրությամբ կամ նաև իր` նախագահական, կնիքով: Այդ դեպքում վճիռը կլիներ անհատական, թեկուզ և նախագահական, պարտավորություն: Սակայն Իրավարար վճիռը վավերացված է պետության մեծ կնիքով և ամրագրված է այդ կնիքի պահապան (keeper) պետքարտուղարի կողմից: Ըստ այդմ, Վիլսոնի իրավարար վճիռը Միացյալ Նահանգներ պետության անվերապահ պարտավորությունն է:

ԱՄՆ օրենսդիր իշխանության դիրքորոշումը.

Ինչպես նշել էի վերը, Իրավարար վճիռները ենթակա չեն որևէ օրենսդրական հավանության կամ վավերացման: Հետևաբար, ԱՄՆ Սենատը, որին ըստ ԱՄՆ սահմանադրության վերապահված է արտաքին քաղաքականության հարցերին անդրադառնալու իրավունքը, երբևէ ուղղակիորեն քննության չի առել հայ-թուրքական սահմանը որոշող իրավարար վճիռը: Այսուհանդերձ, այլ հարցերի քննարկման ժամանակ ԱՄՆ Սենատը միանշանակորեն, առնվազն մեկ անգամ, արտահայտել է իր վերաբերմունքը նշյալ վճռի նկատմամբ:

Երբ 1927թ. հունվարի 18-ին ԱՄՆ Սենատը մերժեց 1923թ. օգոստոսի 6-ի թուրք-ամերիկյան պայմանագրին հավանություն տալը, դա արեց երեք պատճառով: Պատճառներից մեկն այն էր, որ ՙԹուրքիան ձախողել է Վիլսոնի վճռի իրականացումը Հայաստանի հանդեպ՚ (failed to provide for the fulfillment of the Wilson award to Armenia):4 Այդ առիթով սենատոր Ուիլյամ Քինգը պաշտոնական հայտարարության մեջ շատ ավելի հստակ է արտահայտվել. ՙԱկնհայտորեն Միացյալ Նահանգների կողմից ոչ ճիշտ և անհիմն կլիներ հավատ և հարգանք ընծայել Քեմալի պնդումներին ու հավաստիացումներին, քանի դեռ նա շարունակում է իր վերահսկողության ու ինքնիշխանության տակ պահել Վիլսոնյան Հայաստանը՚ (Obviously it would be unfair and unreasonable for the United States to recognize and respect the claims and professions of Kemal so long as he persist in holding control and sovereignty over Wilson Armenia):5 1927թ. Սենատի քվեարկությունը միանշանակորեն վկայում է, որ Վիլսոնի իրավարար վճիռը 1927թ.-ին վավերական և իրավական ուժ ունեցող վճիռ էր: Դրանից հետո իրավական տեսանկյունից ոչինչ չի փոխվել, հետևաբար, այն շարունակում է ուժի մեջ մնալ առ այսօր: Առանձնակի շեշտեմ, որ վերոհիշյալ քննարկումն ու քվեարկությունը տխրահռչակ զույգ արձանագրությունների մեջ վկայակոչված ՙսահմանը որոշող համապատասխան պայմանագրերից՚ տարիներ հետո էին:

Ի դեպ, առ այսօր թուրք-ամերիկյան հարաբերությունների վերահաստատումը չունի պայմանագրային հիմք և այդտեղ առկա են բազմաթիվ բաց մնացած և խնդրահարույց իրավական հարցեր:

ԱՄՆ հանրային կառույցների դիրքորոշումը.

Միացյալ Նահանգներում ամենակարևոր հանրային կառույցները կուսակցություններն են: Կուսակցությունների ծրագրային հիմնադրույթները ամփոփվում են Կուսակցությունների հիմնածրագրի (Party Platform) մեջ, որոնք հաստատվում են կուսակցությունների համագումարների կողմից:

Միացյալ Նահանգների Դեմոկրատական կուսակցությունը (ներկա նախագահ Օբամայի կուսակցությունը) երկու անգամ` 1924թ. և 1928թ., պաշտոնական դիրքորոշում է արտահայտել Վիլսոնի իրավարար վճռի նկատմամբ:

Դեմոկրատական կուսակցությունը 1924թ. իր ծրագրի մեջ առանձին տողով , որպես հիմնադրույթ-նպատակ, ամրագրել է ՙՀայաստանի նկատմամբ նախագահ Վիլսոնի իրավարար վճռի իրականացումը՚ (ՙFulfillment of President Wilson’s arbitral award respecting Armenia՚):6 Դեմոկրատական կուսակցության 1928թ. ծրագիրը գնում է մի քայլ առաջ և խոսում է ԱՄՆ որպես պետության և Դաշնակից պետությունների ՙխոստումների և պարտավորությունների՚ մասին. ՙՄենք զորակցություն ենք հայտնում Միացյալ Նահանգների անկեղծ ջանքերին, որոնք նպատակամղված են Առաջին համաշխարհային պատերազմի և նրան հաջորդող տարիներին Միացյալ Նահանգների և դաշնակից ուժերի կողմից Հայաստանին և հայ ժողովրդին տված խոստումների և պարտավորությունների իրականացումն ապահովելուն՚: (ՙWe favor the most earnest efforts on the part of the United States to secure the fulfillment of the promises and engagements made during and following the World War by the United States and the allied powers to Armenia and her people՚):7 Հայաստանի Հանրապետությանը տված Միացյալ Նահանգների միակ անկատար ՙխոստումն ու պարտավորությունը՚ եղել և մնում է նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը Հայաստանի և Թուրքիայի սահմանի վերաբերյալ:

Մեծարգո պարոն նախարար,

Դուք նաև ասել եք, որ ՙՀայաստանը ՍՍՀՄ պայմանագրերի իրավահաջորդն է՚: (Դարձյալ ներողություն, եթե նրբերանգային անճշտություններ կան):

Դուք ճիշտ չեք, ՍՍՀՄ իրավահաջորդը Ռուսաստանի Դաշնությունն է: Նայեք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմը: Միջազգային ինքնությունը (international personality) չի կարող տրոհվել: Երբ, օրինակ, Հնդկաստանը տրոհվեց Հնդկաստանի և Պակիստանի, ինքնությունը չբաժանվեց: Այն ժառանգեց Հնդկաստանը, իսկ Պակիստանը ստիպված էր քայլ առ քայլ կերտել իր միջազգային ինքնությունը, այսինքն ստորագրել պայմանագրեր, հաստատել հարաբերություններ: Երբ Պակիստանից բաժանվեց Բանգլադեշը, Պակիստանի ինքնությունը չտրոհվեց և Բանգշադեշը սկսեց սեփական միջազգային ինքնության կերտումը:

ՍՍՀՄ տրոհման պարագային էլ ինքնության անվերապահ ժառանգորդը Ռուսաստանի Դաշնությունն էր, բայց ոչ երբեք` Հայաստանը: Նորաստեղծ Հայաստանը, ինչպես նաև մյուս նորանկախ երկրները, Անկախ երկրների համագործակցություն ստեղծելու մասին համաձայնագրի 12-րդ հոդվածով hռչակել են սոսկ հետևյալը. ՙԲարձր պայմանավորվող կողմերը երաշխավորում են նախկին ԽՍՀ Միության պայմանագրերից և համաձայնագրերից բխող միջազգային պարտավորությունների կատարումը՚:8 Այսինքն, նորաստեղծ պետություններրը ստանձնել են որոշակի վարքականոնային պարտավորություններ, սակայն սա չի նշանակում, որ սկսել մաս կազմել (became party to) ՍՍՀՄ կնքած պայմանագրերին: Հակառակ պարագային, Հայաստանի Հանրապետությունը կարիք չէր ունենա հատ առ հատ ստորագրելու կամ միանալու բազմաթիվ միջազգային կոնվենցիաների, պայմանագրերի, արձանագրությունների, որոնց վաղուց ի վեր մաս էր հանդիսանում ՍՍՀՄ-ը: Օրինակ, Հայաստանի Հանրապետությունը, այս օրերին հաճախ հիշատակվող, Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային (1961) միացել է 1993թ. հուլիսի 23-ին, այն դեպքում, երբ ՍՍՀՄ-ը (ներկայումս` Ռուսաստանի Դաշնությունը) նշյալ կոնվենցիային մաս է 1964թ. փետրվարի 11-ից:

ՍՍՀՄ պարագային գործել է tabula rasa-յի (մաքուր տախտակի) սկզբունքը: Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ միջազգային իրավունքի տեսանկյունից Հարավային Կովկասի երկները եղել են բռնատիրված երկրներ, որովհետև երբ 1920/21թ. բոլշևիկյան Ռուսաստանը վերանվաճեց Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը, սրանք արդեն ճանաչված երկրներ էին: Ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը ՍՍՀՄ պայմանագրերի իրավահաջորդը չէ, (ՙերկրի համար ընդհանրապես իրավական հիմք չի կարող առաջացնել որևէ պայմանագիր կամ պարտավորություն, եթե տվյալ երկրի պաշտոնյաները բացահայտորեն գործել են օտար ուժի հրահանգով՚ 9) այլև Սովետական Ռուսաստանի (1920-1922թթ.), ապաև ՍՍՀՄ բռնատիրության (1922-1991թթ.) տարիներին Հայաստանի Հանրապետության տարածքի որևէ փոփոխություն օրինական չէ. ՙբռնատիրման ժամանակ երկրի տարածքի որևէ մասի զիջում հետևանքազուրկ է՚ (a cession of territory during occupation is not effective):10

Ընդունեցեք, պարոն նախարար, հարգանացս խորին հավաստիքը:

Արա Պապյան

ՙՄոդուս վիվենդի՚ կենտրոնի ղեկավար

2 հոկտեմբերի, 2009թ.

P.S. Պարոն նախարար, եթե համաձայն չեք իմ փաստարկներին, խնդրում եմ ինձ հրավիրել ուղիղ եթերում բանավեճի: Լռությունը, այսինքն հրավերի բացակայությունը, կդիտարկվի որպես իմ փաստարկների հետ համաձայնության նշան:”



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Noubar Aslanyan
Oct 4, 2009 0:56