ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Friday, September 25, 2009 12:50 - չքննարկված

Շատ կարևոր հետադարձ հայացք

ՎԻԼՍՈՆԻ ԻՐԱՎԱՐԱՐ ՎՃՌԻ ՇՈՒՐՋ

Օրերս զարմանքով կարդացի հետևյալ լրատվությունը. “Խոսելով Վուդրո Վիլսոնի որոշման մասին` Անդրանիկ Միհրանյանը նկատել է, որ այդ որոշումն իրավական ուժ չունի, և ԱՄՆ Կոնգրեսը չի ճանաչել Վիլսոնի կողմից նշագրված Հայաստանի սահմանները” (1): Եթե լրատվական գործակալությունները ճիշտ են փոխանցել հարգարժան պրոֆեսորի խոսքերը, ուրեմն նա մոլորության մեջ է: Պարոն Միհրանյանը ակնհայտորեն   շփոթել է ժամանակագրական առումով իրար շատ մոտ, սակայն երկու տարբեր` Հայաստանի մանդատի և Հայաստանի սահմանների հարցերը, հետևաբար,  հանգել է սխալ եզրակացության:

Հաշվի առնելով հարցի այժմեականությունը նպատակահարմար եմ գտնում համառոտակի անդրադառնալ վերոհիշյալ հարցերին:

Հայաստանի մանդատի և Հայաստանի սահմանների հարցը

Փարիզի խաղաղության վեհաժողովն ի վերջո անդրադարձավ Օսմանյան կայսրության հիմնահարցերին Սան Ռեմոյի նիստի ժամանակ`  24-27 ապրիլի 1920թ.: Այս հարցի շրջանակում վեհաժողովը ձեռնամուխ եղավ Հայաստանի հետագա ճակատագրի  հստակեցմանը: Ըստ այդմ, Դաշնակից ուժերի Գերագույն խորհուրդը (Supreme Council of the Allied Powers) 1920թ. ապրիլի 26-ին պաշտոնապես դիմում  հղեց  ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին երկու իրարից անկախ խնդրանքով, որ  ա/. Միացյալ Նահանգները ստանձնեն Հայաստանի մանդատը (the United States to assume a mandate for Armenia); բ/. Միացյալ Նահանգների նախագահը իրավարարությամբ վճռի Հայաստանի սահմանները (to artitrate the frontiers of Armenia) (2). Նշյալ հարցերն էապես տարբեր հարցեր էին, հետևաբար ունեին տարբեր հասցեատերեր և գտնվում էին տարբեր իրավասությունների շրջանակներում:

Առաջին` մանդատի հարցով,  Փարիզի վեհաժողովը դիմում էր Միացյալ Նահանգներին` որպես պետության: Նման խնդրանքի իրավական հիմքը Ազգերի լիգայի Կանոնադրության (Covenant) 22-րդ հոդվածն էր, համաձայն որի Ազգերի լիգայի անդամ-պետությունները կարող էին Ազգերի լիգայի անունից  իրականացնել խնամակալություն (tutelage). Քանի որ այս հարցը վերաբերում էր միջազգային պայմանագրով ստնաձնելիք պարտավորությանը, ուստի Միացյալ Նահանգների նախագահը,  ըստ ԱՄՆ սահմանադրության,  պիտի ստանար ԱՄՆ սենատի “խորհուրդն ու համաձայնությունը”:  Այսու, ԱՄՆ Սենատը, և ոչ թե Կոնգրեսը, 1920թ. մայիսի 24 – հունիսի 1-ը քննության առնելով Հայաստանի մանդատը ստանձնելու  հարցը,  քվեարկությամբ մերժեց այն: Բուն պատճառն այն էր, որ ԱՄՆ չէր հանդիսանում Ազգերի լիգայի անդամ, հետևաբար բացակայում էր այդ կազմակերպության անունից որևէ գործողություն կատարելու համար իրավական հիմքը:

Երկրորդ` Թուրքիայի հետ Հայաստանի սահմանն իրավարարությամբ որոշելու հարցը,  չէր գտնվում Սենատի լիազորությունների շրջանակում, ուստի ԱՄՆ օրենսդիր մարմինը չէր կարող և երբևէ չի անդրադարձել այդ հարցին: Միջպետական իրավարարությունը (international arbitration) միջազգային իրավունքի հարց է և կառավարվում է բացառապես միջազգային հանրային իրավունքով: Հետևաբար, հայցադիմումի երկորդ կետին, դեռևս Սենատի կողմից Հայաստանի մանդատի հարցի քննարկումներն սկսելուց մեկ շաբաթ առաջ` 1920թ. մայիսի 17-ին,  նախագահ Վիլսոնը տվել է դրական պատասխան և ստանձնել Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը որոշող իրավարարի պարտականություններն ու լիազորությունը:

Հարցի  հետագա ընթացքն համեմատաբար ավելի հայտնի է: Սան Ռեմոյի (26 ապրիլի 1920թ.),  ինչպես նաև  Սևրի (10 օգոստոսի 1920թ.) հայցադիմումների  (compromis) հիման վրա, ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը 1920թ. նոյեմբերի 22-ին կայացնում է Հայաստանի և Թուրքիայի սահմանների վերաբերյալ իր իրավարար վճիռը (Arbitral Award), որն  ըստ պայմանավորվածության ուժի մեջ է մտնում  անմիջապես  և առանց նախապայմանների:  Երկու օր հետո` նոյեմբերի 24-ին, վճիռը պաշտոնական հեռագրով փոխանցվում է  Փարիզ` Խաղաղության վեհաժողովի և Ազգերի լիգայի տնօրինմանը: Վճիռն ընդունվում է ի գիտություն, սակայն մնում է առկախ, քանի որ  վճռի շահառուն` Հայաստանի Հանրապետությունը, 1920թ. դեկտեմբերի 2-ին դադարում է գոյություն ունենալուց:

Վիլսոնի իրավարար վճռի կարգավիճակի հարցը

Նախ անհրաժեշտ է նշել, որ ցանկացած իրավարար վճիռ, եթե իրականացվել է առանց ընթացակարգային խախտումների,  ոչ միայն վերացականորեն “իրավական ուժ” ունի, այլև անվեհապահորեն պարտադիր է կատարման համար (binding document). Ավելին, իրավարար վճիռները “վերջնական են և անբեկանելի”  (final and without appeal) (3). “Իրավարար վճիռն իրավարարի վերջնական և կատարման համար պարտադիր որոշում է” (The arbitral award is the final and binding decision by an arbitrator) (4):

Իրավարար վճիռների վերջնական և անբեկանելի լինելը ամրագրված է (codified) միջազգային իրավունքի մեջ:  Ի մասնավորի` Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման Հաագայի կոնվենցիայի (The Hague Convention for the Pacific Settlement of International Disputes),  1899թ.  խմբագրման # 54 և  1907թ. խմբագրման # 81 հոդվածներում:

Վերոշարադրյալից ակնհայտ է, որ Իրավարար վճիռը. ա/. ինքնին պարտադիր և անբեկանելի վճիռ է; բ/. կարիք չունի ներպետական որևէ վավերացման կամ հավանության:

Ըստ այդմ, Միացյալ Նահագների նախագահ Վուդրո Վիլսոնը իր Իրավարար վճռով մեկընդմիշտ որոշել է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը, այն ուժի մեջ է առ այսօր և ենթակա չէ բեկանման:

Անդրադառնանք մի կարևոր հարցի ևս. Իսկ ԱՄՆ իշխանական և հանրային կառույցները երբևէ՞  որևէ՞ դիրքորոշում արտահայտել են նախագահ Վիլսոնի Հայաստանի և Թուրքիայի սահմանը որոշող իրավարար վճռի նկատմամբ:

Գործադիր իշխանության դիրքորոշումը

ԱՄՆ-ի բարձրագույն գործադիր իշխանությունը ոչ միայն ճանաչել է Վիլսոնի իրավարար վճիռը, այլև վավերացրել է այն և, ըստ այդմ, այն դարձրել ԱՄՆ ներքին օրենսդրության մաս (the law of the land). Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնը և պետքարտուղար Բեյնբրիջ Քոլբին (Bainbridge Colby) իրենց ստորագրություններով և Ամերիկայի Միացյալ Նահանգներ պետության Մեծ կնիքով (The Great Seal of the United States) վավերացրել են իրավարար (Arbitrator) Վուդրո Վիլսոնի վճիռը: Ըստ միջազգային իրավունքի, իրավարարի անձնական ստորագրությունը և կնիքը, եթե կա այդպիսին, միանգամայն բավարար է Իրավարար վճիռի վավերականության համար: Վուդրո Վիլսոնը կարող էր բավարարվել միայն իր ստորագրությամբ կամ նաև իր` նախագահական, կնիքով: Այդ դեպքում վճիռը կլիներ անհատական, թեկուզ և նախագահական, պարտավորություն: Սակայն Իրավարար վճիռը վավերացված է պետության մեծ կնիքով  և ամրագրված է այդ կնիքի պահապան (keeper) պետքարտուղարի կողմից: Ըստ այդմ, Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը Միացյալ Նահանգներ պետության անվերապահ պարտավորությունն է:

Օրենսդիր իշխանության դիրքորոշումը.

Ինչպես նշել էի վերը, Իրավարար վճիռները ենթակա չեն որևէ օրենսդրական հավանության կամ վավերացման: Հետևաբար, ԱՄՆ Սենատը, որին  ըստ  ԱՄՆ սահմանադրության  վերապահված է արտաքին քաղաքականության հարցերին անդրադառնալու իրավունքը, երբևէ ուղղակիորեն քննության չի առել հայ-թուրքական սահմանը որոշող իրավարար վճիռը: Այսուհանդերձ, այլ հարցերի քննարկման ժամանակ ԱՄՆ Սենատը միանշանակորեն, առնվազն մեկ անգամ, արտահայտել է իր վերաբերմունքը նշյալ վճռի նկատմամբ:

Երբ 1927թ. հունվարի 18-ին ԱՄՆ Սենատը մերժեց 1923թ. օգոստոսի 6-ի թուրք-ամերիկյան պայմանագրին հավանություն տալը, դա արեց երեք պատճառով: Պատճառներից մեկն այն էր, որ “Թուրքիան ձախողել է Վիլսոնի  վճռի  իրականացումը Հայաստանի հանդեպ” (failed to provide for the fulfillment of the Wilson award to Armenia) (5).  Այդ առիթով սենատոր Քինգը պաշտոնական հայտարարության մեջ շատ ավելի հստակ է արտահայտվել. “Ակնհայտորեն Միացյալ Նահանգների կողմից ոչ ճիշտ և անհիմն կլիներ հավատ  և հարգանք ընծայել  Քեմալի պնդումներին  ու հավաստիացումներին,  քանի դեռ նա շարունակում է իր վերահսկողության ու ինքնիշխանության տակ պահել  Վիլսոնյան Հայաստանը” (Obviously it would be unfair and unreasonable for the United States to recognize and respect the claims and professions of Kemal so long as he persist in holding control and sovereignty over Wilson Armenia) (6). 1927թ.Սենատի  քվեարկությունը միանշանակորեն վկայում է, որ Վիլսոնի իրավարար վճիռը 1927թ.-ին վավերական և իրավական ուժ ունեցող վճիռ էր: Դրանից հետո իրավական տեսանկյունից ոչինչ չի փոխվել, հետևաբար, այն շարունակում է ուժի մեջ մնալ առ այսօր: Առանձնակի շեշտեմ, որ  վերոհիշյալ քննարկումն ու քվեարկությունը տխրահռչակ զույգ արձանագրությունների մեջ վկայակոչված “սահմանը որոշող համապատասխան պայմանագրերից” տարիներ հետո էին:

Ի դեպ ասեմ, որ  առ այսօր թուրք-ամերիկյան հարաբերությունների վերահաստատումը չունի պայմանագրային հիմք և այդտեղ առկա են բազմաթիվ բաց մնացած և խնդրահարույց իրավական հարցեր:

Հանրային կառույցների դիրքորոշումը.

Միացյալ Նահանգներում ամենակարևոր հանրային կառույցները կուսակցություններն են: Կուսակցությունների ծրագրային հիմնադրույթները ամփոփվում են Կուսակցությունների հիմնածրագրի (Party Platform) մեջ, որոնք հաստատվում են կուսակցությունների համագումարների կողմից:

Միացյալ Նահանգների Դեմոկրատական կուսակցությունը (ներկա նախագահ Օբամայի կուսակցությունը) երկու անգամ` 1924թ. և 1928թ., պաշտոնական դիրքորոշում է արտահայտել Վիլսոնի իրավարար վճռի նկատմամբ:

Դեմոկրատական կուսակցությունը 1924թ. իր ծրագրի մեջ առանձին տողով , որպես հիմնադրույթ-նպատակ, ամրագրել է “Հայաստանի նկատմամբ նախագահ Վիլսոնի իրավարար վճռի իրականացումը” (Fulfillment of President Wilson’s arbitral award respecting Armenia) (7). Դեմոկրատական կուսակցության 1928թ. ծրագիրը գնում է մի քայլ առաջ և խոսում է  ԱՄՆ որպես պետության և Դաշնակից պետությունների “խոստումների և պարտավորությունների” մասին. “Մենք զորակցություն ենք հայտնում Միացյալ Նահանգների անկեղծ ջանքերին, որոնք նպատակամղված են Առաջին համաշխարհային պատերազմի և նրան հաջորդող տարիներին  Միացյալ Նահանգների և դաշնակից ուժերի կողմից Հայաստանին և հայ ժողովրդին տված խոստումների և պարտավորությունների իրականացումն ապահովելուն”:  (We favor the most earnest efforts on the part of the United States to secure the fulfillment of the promises and engagements made during and following the World War by the United States and the allied powers to Armenia and her people) (8). Հայաստանի Հանրապետությանը տված Միացյալ Նահանգների միակ անկատար “խոստումն ու պարտավորությունը” եղել և մնում է նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը Հայաստանի և Թուրքիայի սահմանի վերաբերյալ:

Անդրանիկ Միհրանյան երևույթը դնենք մի կողմ: Նա պարզապես առիթ էր այս ամենն ասելու համար: Հիմա անդրադառնանք ամենակարևոր հարցին, որն ինձ համար անպատասխան է. արդյո՞ք աշխարհի վրա կա մի այլ ժողովուրդ, հայերից բացի, որ վերոհիշյալ և տասնապատիկ ավելի իրավական հիմքեր ունենալուց հետո, հոժարակամ, մինչևիսկ խանդավառությամբ ու ծնծղաներով, գնա ուրանալու սեփական Հայրենիքը և դրսից էլ շախ տվողներ բերի:

ԱՐԱ ՊԱՊՅԱՆ
Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար
22 սեպտեմբերի 2009թ.

1. www.panarmenian.net  18.09.2009.

2. Full Report of the Committee upon the Arbitration of the Boundary between Turkey and Armenia, Appendix I, Number 10. (The National Archives, Washington, 760J.6715-760J.90C/7)

3. Hans-Jurgen Schlochauer,  Arbitration, Encyclopedia of Public International Law, v. I, 1992, Amsterdam, p. 226.

4. A Dictionary of Arbitration and its Terms (ed. by Katherine Seide),  New York, 1970,  p. 32.

5. Lausanne Treaty is Defeated, The Davenport Democrat, 19 January 1927, 1.

6. The New York Times, January 19, 1927, 1.

7. National Party Platforms, 1840-1968, (compl. By Kirk and Donald Johnson), Urbana-Chicago-London, 1972, p, 277.

8. Նույն տեղում:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ