ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, September 7, 2009 4:59 - չքննարկված

ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՝ ՀԱՐԱՏԵՎՄԱՆ ԵԶԱԿԻ ՈՒՂԻՆ

  • article's photo

    Բաց նամակ ‘Առավոտ’ օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին Հարգելի պարոն խմբագիր, Ձեր թերթում ս.թ. սեպտեմբերի 3-ի առաջնորդողը Դուք ավարտում եք մի շատ կարեւոր հարցադրումով. ‘Պետք է վերջապես հստակեցնել՝ արդյո՞ք Ցեղասպանության միջազգային ճանաչումը եւ պահանջատիրությունն այսօր մեր պետության ամենաառաջնակարգ եւ ամենահրատապ խնդիրներն են’: Հաշվի առնելով վեցշաբաթյա քննաշրջանը, որի մեջ ներկայումս գտնվում է հայ ժողովուրդը, միանգամայն ժամանակին արված հարցադրում է: Փորձեմ ինքս պատասխանել այդ հարցադրմանը եւ միեւնույն ժամանակ հույս հայտնել, որ իրենց քաղաքական գործիչ համարող անձինք, իսկ դրանք գրեթե անհաշիվ են Հայաստանում, նույնպես կարձագանքեն Ձեր հարցադրմանը: Անձամբ ինձ համար ցեղասպանության ճանաչումն առաջնային եւ էական չէ եւ չի եղել, թեեւ անձնապես մեծ եւ բարեավարտ ջանքեր եմ գործադրել ճանաչման ուղղությամբ: Ցեղասպանության ճանաչման գործընթացը պետականազուրկ հայ ժողովրդի սփյուռքի հատվածի միակ հնարավոր գործողությունն էր, նպատակամղված մասնակի՝ բարոյական հատուցում ստանալուն: Իհարկե, կար եւ կա ցեղասպանության ճանաչումը նյութական եւ տարածքային հատուցումով պտղավորելու աղոտ ձգտումը, որի իրականացման գործնական ուղին մինչեւ հիմա ինձ համար անըմբռնելի է մնում: Բոլորովին այլ է պահանջատիրության հարցը: Ընդհանրապես, պահանջատիրություն բառն ընկալվում է որոշակի բացասական ստվերով, ուստի ներկա հայ քաղաքական կյանքում, հատկապես պետականամերձ շրջանակներում, դրանից հեռու մնալու ձգտում կա: Պահանջատիրությունը claims under international law (պահանջներ ըստ միջազգային իրավունքի) երկարաշունչ եզրույթի բավականին հաջող թարգմանությունն է: Պահանջները եւ պահանջներին հետամուտ լինելը միջազգային հարաբերությունների մեջ մշտապես գույություն ունեցող երեւույթներ են եւ դրա մեջ ինքնին որեւէ բացասական բան չկա: Պահանջատիրության բնույթը որոշվում է ոչ թե պահանջի ընդգրկմամբ, այլ նրա օրինական կամ անօրինական լինելով, այսինքն՝ որքանով են տվյալ երկրի հավակնությունները խարսխված միջազգային իրավունքի վրա: Այս առումով, Հայաստանի Հանրապետության տարածքային իրավունքները միանգամայն անթերի են, քանի որ խարսխված են անժամանցելի եւ անբեկանելի միջազգային փաստաթղթի՝ այն է իրավարար վճռի (arbitral award) վրա: Ավելին, հայոց պահանջատիրության հարցը, որն ըստ էության հայրենատիրության ջատագովություն է, նաեւ մարդու իրավունքների հարց է, քանի որ այն կոչված է վերականգնելու սեփական հայրենիքից ու ազգային ժառանգությունից զրկված անհատ մարդու եւ միեւնույն հանրությանը պատկանող անհատների հավաքական իրավունքը: Այսուհանդերձ, ես կողմ եմ պահանջատիրության քաղաքականությանը ոչ թե այն պատճառով, որ դրա օրինական իրավունքն ունենք կամ միայն ուզում եմ օգնել իմ հայրենակիցներին վերակագնելու իրենց ոտնահարված իրավունքները, այլեւ այն պատճառով, որ դա է հայոց պետականության հզորացման միակ հնարավորությունը, ըստ այդմ՝ հայ ժողովրդի հարատեւման եզակի ուղին: Ուղին, որով այսօր փորձում են ընթանալ Հայաստանի Հանրապետության իշխանությունները, ամենադյուրին, սակայն անհեռանկարային ճանապարհ է: Դրանով չի լուծվում Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած եւ ոչ մի կենսական խնդիր, այն է. ա/. Պետության ինքնիշխանության եւ այդ պետության քաղաքացիների անվտանգության ապահովում: բ/. Երկրի տնտեսական զարգացման եւ այդ երկրի քաղաքացիների բարեկեցության համար նպաստավոր պայմանների ստեղծում: գ/. Նախորդ երկուսի հենքի վրա՝ այսինքն ապահով եւ բարեկեցիկ երկրի մեջ, ազգային ինքնության եւ մշակույթի զարգացում: Մենք անասելի բարձր գնով Վրաստանից մեր կախվածության փոխարեն ստանում ենք կախվածություն Թուրքիայից, այսինքն՝ դառնում ենք Թուրքիայի բարեհաճության եւ ներքին կայունության պատանդը: Վերջերս հայաստանյան թերթերից մեկը, նկատի ունենալով Հայ-թուրքական չարաբաստիկ արձանագրությունների վերաբերյալ իմ արտահայտած մտքերը, գրել էր, որ ես ամենահոռետեսական կանխատեսումներն եմ արել: Ուզում եմ հիշեցնել, որ հոռետեսները լավ տեղեկացված իրատեսներ են: Ես պարզապես շատ լավ եմ պատկերացնում, թե ինչ է մեզ սպասում, եթե ստորագրենք վերոհիշյալ արձանագրությունները: Մենք այսօր միջազգային հարաբերությունների մեջ անհամամասնորեն մեծ տեղ ենք գրավում, քանի որ համաշխարհային ուժերը Հայաստանի նկատմամբ իրավական եւ բարոյական պարտավորություններ ունեն: Բնական է նրանց ձգտումը՝ ձերբազատվելու դրանցից: Ի վերջո, այսօր Հայաստանն այս ծանր վիճակի մեջ է նաեւ նրանց մեղքով եւ Հայաստանի հանդեպ իրենց դաշնակցային պարտավորություններն ուրանալու պատճառով: Ուրեմն այսպես, հայ-թուրքական հարաբերությունների, այսպես կոչված՝ կարգավորումից հետո, մենք պարզապես կդադարենք աշխարհի քաղաքական հոլովույթի մեջ գոյություն ունենալուց եւ կդառնանք ոչինչ՝ ռուսական ռազմական միջուկով Թուրքիայի տնտեսական կցորդը: Պահանջատիրությունը այն զրոն է, որը տասնապատկում է մեր դերն ու նշանակությունը: Ուզում եմ հավատալ, որ դա հասկանում է նաեւ երկրի քաղաքական ղեկավարությունը, քանի որ նույն այն ուժերը, որ այսօր Հայաստանի Հանրապետության իշխանություններին դրդում են ուրանալու պետության եւ ազգի օրինական իրավունքները, վաղը առաջին հերթին օգնելու են իշխանափոխություն իրականացնել Հայաստանում: Անհեռատեսություն է քաղաքականության մեջ հույս դնել երախտագիտության վրա: Եթե մեկն այսօր նոր էջ է բացում պատմության մեջ, պիտի ընդունի նաեւ, որ նոր էջը լրացնելու են նոր մարդիկ: Առավել եւս, երբ դրանով թուլացնելու է իր դիրքերը: Այսօր, ըստ ամենայնի, մենք կորցրել ենք ազգային ինքնապահպանման բնազդը: Սակայն արդյո՞ք մենք ինքնապահպանման բնազդը կորցրել ենք նաեւ անհատական մակարդակի վրա, ցույց կտան առաջիկա շաբաթները: Այսպիսով, հայոց պահանջատիրությունն է Հայաստանի Հանրապետության կենսաապահովման միակ հնարավորությունը, հայ ժողովրդի արժանապատիվ գոյության միակ հենքը: – ԱՐԱ ՊԱՊՅԱՆ , «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ