Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, August 25, 2009 20:27 - 2 քննարկում

Մրից ելանք, մրաջուրը մտա՞նք…

AZAT գրել է:
ՖԵՈԴՈՐ ՏՅՈՒՏՉԵՎԸ ՀԱՅ ԼԻԲԵՐԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ՈՎՔԵՐ ՀՌՉԱԿԵԼ ԵՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻ ՔԱՆԻ ՆՄԱՆ ՆԿԱՏԱՌՈՒՄ

Օգոստոսի 23-ին երկիրը նշեց պատմական հերթական իրադարձությունը` պետական անկախության հռչակագրի հռչակումը: Տեր-Պետրոսյանի ճամբարում լրջորեն էին մոտեցել այս հարցին: Ավելի ճիշտ` գործի արտաքին, ձևական կողմին. հատուկ գտել էին Արամ Մանուկյան անունով պատգամավորի, որ կարդար պատմական տեքստը` սերունդների հաջորդայնությունը ապահովելու համար (1918թ. եղել է մեկ այլ Արամ Մանուկյան` դաշնակցականների առաջնորդը և Առաջին hանրապետության գլխավոր միլիցիոները, որին ընդունված է համարել պետական այդ կազմավորման հիմնադիրը): Հռչակագրում ի հայտ է բերվում հայ ժողովրդի (ավելի ճիշտ` փաստաթղթի հեղինակների) ձգտումը դեպի դեմոկրատիա, լիբերալիզմ, մի խոսքով` դեպի Արևմուտք, եվրոպական արժեքներ: Իսկ դեռևս հեռավոր 1867թ. մեծն Ֆեոդոր Տյուտչևը 1990թ. գումարման Գերագույն խորհրդի անդամներին (ինչպես նաև բոլոր ժամանակների ու ժողովուրդների այլ «կեղծ լիբերալներին» ) է նվիրել հետևյալ հոյակապ տողերը, որոնք փայլուն հայերեն է թարգմանել այդ գումարման պատգամավորներից մեկը և բավական օրինավոր մի մարդ (որքան էլ տարօրինակ է)` Ռաֆայել Պապայանը: Արժե հիշեցնել այդ տողերը.
Ասես-չասես՝ նրանք մնում են խուլ ու կույր,
Որքան ազատական, այնքան, ավաղ, տխմար,
Քաղաքակրթությունն արդեն դարձրել են կուռք,
Չըմբռնելով դրա ո՜չ միտք, ո՜չ գաղափար:
Ինչքան էլ խոնարհվեք, իզուր է, պարոնայք,
Ձեզ չի ճանաչելու Եվրոպան անհաղորդ,
Նրա աչքում պիտի դուք հավիտյան մնաք
Ոչ թե մտքի մշակ, այլ ընդամենը ճորտ:
Կարծում եմ` Տյուտչևի ուղերձը բավական արդիական է: Իսկ մեր կարծիքը Երրորդ հանրապետության հիմնադիր հայրերի մասին լայնորեն հայտնի է, այնպես որ ավելորդ անգամ չենք խոսի այդ մասին: Այսօր կխոսենք իբր 1990թ. երկրի ձեռք բերած անկախության մասին:
Անկախությունը հարաբերական հասկացություն է: Իմ կարծիքով` Հայաստանում 1990թ. անկախությունն ավելի նվազեց: Օրինակ, 1989թ. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունում էր փաստաթղթեր, որոնք ընդունելու համար այսօրվա խորհրդարանը քաջություն ու սուվերենություն չի ունենա: Խոսքը, մասնավորապես, հայտնի որոշման մասին է, որով Հայկական ԽՍՀ-ն համաձայնում էր ԼՂԻՄ-ի միավորմանը Հայաստանի տարածքին: Այսօր ՀՀ Ազգային ժողովը վախենում է անգամ Ղարաբաղի անկախությունը ճանաչել, էլ չենք խոսում` միավորման մասին ծպտուն հանել: Այնուհետև` մինչև 1990թ. Հայաստանը գրեթե 100%-անոց սուվերենություն ուներ ներքին գործերում (լեզուն, ազգային մշակույթը, պատմական հուշարձանները և այլն չէին ոտնահարվում և սրբորեն պահպանվում էին: Մոսկվայից անկախանալուց հետո արդեն այստեղ սկսեցին ոչնչացնել պատմամշակութային հուշարձաններն ու արգելոցները, լինի դա Կումայրին, թե` Արտաշատը), կար միայն մոսկովյան ղեկավարությունը` որպես միակ վերադաս ատյան: Այսօր Հայաստանի ներքին գործերում սուվերենությունն ավելի քիչ է, իսկ վերադաս ատյանները փոքր-ինչ շատացել են (Մոսկվա, Վաշինգտոն, Ստրասբուրգ, Բրյուսել): 1990թ. հետո անկախ դարձավ տեղական ղեկավարությունը (օրինակ, մինչև 1990թ. հայ գեներալներին չէր թույլատրվում սեփական բանտեր ունենալ, արգելվում էր ավտոճանապարհներին վազանցի համար ծեծել Հայկական ԽՍՀ քաղաքացիներին և խլել նրանց ունեցվածքը, իսկ բարձրաստիճան պաշտոնյաներին կտրականապես չէր թույլատրվում կծելով պոկել Հայկ. ԽՍՀ քաղաքացիների ականջները, գլխին կրակել, իսկ հետո այդ ամենը որպես ինքնասպանություն ձևակերպել): Իսկ ինչ վերաբերում է երկրի շարքային քաղաքացիների անկախությանը, ապա այն, ընդհակառակը, նվազել է: Նախ` անկախությունը (այդ թվում նաև) տնտեսական հասկացություն է, և տնտեսական վիճակի վատթարացմամբ խիստ տուժեցին նաև մարդկանց տեղաշարժը, նրանց բարեկեցությունը: Երկրորդ` խորացավ փոխկախվածությունը միմյանցից. ԽՍՀՄ դարաշրջանի քաղաքացիների տնտեսական (նշանակում է` նաև քաղաքական) իրավահավասարությունը վերացավ: Մի խոսքով, կարելի է էլի վերլուծել, բայց իմաստ չունի. նորմալ մարդիկ իրականությունը տեսնում են այնպես, ինչպես կա: Իսկ բորբոքված երևակայությամբ քաղաքացիներին բացատրելն անիմաստ է…
Սակայն չարժե իրականությունը մռայլ երանգներով դիտարկել, հույս կա, որ շատ բան կփոխվի: Հուսանք, որ կանգնելով անկախ պետության կերտման երկար ճանապարհին հայերին, այնուամենայնիվ, կհաջողվի մինչև վերջ անցնել այդ ճանապարհը, քանի որ հետդարձ, ինչպես հայտնի է, չկա: Որպեսզի Հայաստանում ապրելը հարմարավետ ու հաճելի դառնա, անհրաժեշտ է պետության առաջին դեմքերի կամքը. այսօր ազգային կարևորության թիվ մեկ խնդիրը անցյալի մեռյալ բեռից ազատվելն է, որը խոչընդոտում է իսկական զարգացմանը, և որն արտահայտվում է ինչպես մեռած կուռքերի ու աստվածների պահպանմամբ, այնպես էլ դրանց երկրպագողների հանդեպ հանդուրժողականությամբ: Ապագան չի կարելի կառուցել` հենվելով կեղծ կամ իրենց սպառած արժեքներ ունեցող անցյալի վրա:



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
Aug 26, 2009 13:34