ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ Admin. Monday, August 17, 2009 23:21 - 4 քննարկում
Ովքե՞ր եվ ինչպե՞ս են ճզմում Հայաստանը, հային փախցնում երկրից
Անհավասար պայքար. քաղաքացին փորձում է պաշտպանել իր սեփականությունը
[ 2009/08/17 | 17:40 ] Հիմնական թողարկում, դատարան
Արարատ Դավթյան
«Գնացի Գլխավոր դատախազություն` Գագիկ Մարկոսյանի մոտ, ու իր պահանջով ներկայացրի տարածքի սեփականության փաստաթղթերը: Ասացի` սրանք բնօրինակներն են, չե՞ք վերադարձնում, գոնե ստացական տվեք: Բա` դու Թարախ Գագո չես լսե՞լ, էդ ես եմ: Ոչ մի բան էլ չես ստանալու. էդ տարածքը գլխավորը ձեռքիցդ խլում ա»,- պատմում է Կարեն Պողոսյանը և մանրամասնում, որ «գլխավորը» Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն է:
«Դատախազ Գագիկ Մարկոսյանը Հանրապետությունում չէ. մեկնել է արձակուրդ: Բայց ես պաշտոնապես հայտարարում եմ` բացառված է, որ նա և, առհասարակ, դատախազության որևէ աշխատակից նման բան ասած լինի»,- հակադարձում է Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը:
Տարածքը, որին վերաբերող փաստաթղթերը Կարեն Պողոսյանն այս տարվա մարտի 6-ին հանձնել է դատախազ Մարկոսյանին, գտնվում է Բագրատունյաց փողոցի վրա` Երևանյան լճի հարևանությամբ:
2001 թ. հունիսին Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանը, Ալեքսանդր Մերանգուլյանի նախագահությամբ, հիմնավորված է համարել, որ «Կարեն Պողոսյանը 1991 թ.-ից բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ, որպես սեփական գույք, տիրապետել է հիշյալ հասցեում գտնվող 1000 քմ հողատարածքը», որից 500 քմ-ի վրա կառուցել է շենք-շինություններ: Ուստի, դատարանը նշված շինությունները և դրանցով ծանրաբեռնված 1000 քմ հողատարածքը «ճանաչել է տիրազուրկ և այն, որպես տիրապետող անձի, սեփականության իրավունքով հանձնել է Կարեն Պողոսյանին»:
Այս վճռի հիման վրա 2002 թ. ապրիլին Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն գրանցել է տվյալ գույքի նկատմամբ Կ. Պողոսյանի իրավունքը` հանձնելով վարձակալության 99 տարով: Իսկ մեկ տարի անց` 2003 թ. մայիսին, Պողոսյանը, վճարելով հողի կադաստրային արժեքը (մոտ 1 մլն 465 հազար դրամ), իբրև սեփականություն պետությունից այն գնել է ուղղակի վաճառքով:
«91 թվականից ես այդ տարածքն օգտագործել եմ որպես հողամաս: Հետո կամաց-կամաց հողը մաքրել եմ, կրպակից սկսել, քարե խանութ եմ կառուցել և արդեն 10 տարի է` զբաղվում եմ շինանյութերի առևտրով,- ասում է Կ. Պողոսյանը:- Հարկերն ու տուրքերը, բոլոր մուծումները կանոնավոր կատարել եմ, ընդհուպ վճարել եմ 2009 թ. 12-րդ ամսվա գույքահարկը. կտրոնները կան: Թաղապետարանի կամ քաղաքապետարանի հետ ոչ մի պրոբլեմ չեմ ունեցել. ինձ երբևէ չեն անհանգստացրել»:
Կարենի խոսքերով` անցյալ տարվա սեպտեմբերին այն ժամանակ քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Գրիշա Խուրշուդյանն իրեն առաջարկել է փողոցի հարևանությամբ` ճակատային մասում գտնվող իր հողատարածքից 200 քմ տալ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` փոխարենն առաջարկելով գրեթե նույնքան մակերես, բայց իր տարածքի ետնամասում:
«Բնականաբար, չհամաձայնվեցի: Գլխավոր դատախազի հայրը` Գառնիկ Հովսեփյանը, Սովետի փլուզումից հետո 2000 քմ հող ուներ: Բայց վերջին 4-5 տարում, կողքինների հողերը վերցնելով, 2000-ը դարձրել են 18 000 քմ: Հիմա էլ ուզում են իմ ունեցածը խլել,- ասում է Կարեն Պողոսյանը: – Չէի մտածում, որ Գլխավոր դատախազությունը կարող է ուղղակի խլել սեփականության իրավունքի վկայականս ու դատավճիռը: Որովհետև ժամանակին քաղաքային դատախազությունից նույն փաստաթղթերը պահանջել են, բայց օրինականությունը ստուգել ու ետ են տվել»:
«Այս պատմության մեջ Հանրապետության գլխավոր դատախազի անունը շոշափելն առնվազն կոռեկտ չէ: Մարդիկ պարզապես շահարկելով այն` փորձում են էժանագին տարբերակով լուծել իրենց խնդիրները,- ասում է Շահեն Տոնոյանը:- Ինչ վերաբերում է փաստաթղթերին, ապա նյութերի նախապատրաստման ընթացքում քաղաքացուց պահանջվել են դրանք, և ուսումնասիրության արդյունքում հայց է հարուցվել վերաքննիչ դատարանում: Այստեղ չեղյալ է համարվել առաջին ատյանի դատարանի որոշումը, այսինքն` դրանով ամրագրված սեփականության իրավունքը: Բնականաբար, տվյալ պարագայում սեփականության իրավունքի վկայականն արդեն համարվում է անվավեր և այլևս ենթակա չէ վերադարձման»:
Շ. Տոնոյանը մանրամասնում է, որ Աղվան Հովսեփյանի հայրը Խորհրդային Միության օրոք աշխատել է Երևանյան լճի հարևանությամբ գործող գյուղատնտեսական միավորումում` սովխոզում: Երկրի անկախացումից հետո, գործող օրենսդրության համաձայն, շատերի պես նա էլ սկզբում վարձակալության, այնուհետև սեփականության իրավունքով ձեռք է բերել տնտեսության հողերի որոշակի մասը: Տոնոյանը հատուկ շեշտում է, որ այդ ժամանակ Ա. Հովսեփյանը գլխավոր դատախազ չէր:
«Գառնիկ Հովսեփյանն այդ հողամասը սեփականաշնորհել է իր տղաներից մեկի անունով` 16 կամ 18 հազար քմ մակերեսով: Սակայն դրա մի մասը` մոտ 2000 քմ, քաղաքապետարանի որոշմամբ, գծագրերի թյուրիմացության արդյունքում, սխալմամբ համընկել է մեկ այլ սեփականատիրոջ հողատարածքի հետ: Քաղաքապետարանն էլ, հարցը շտկելու համար, որոշել է այդ 2000 քմ-ը սեփականատերերից որևէ մեկին փոխհատուցել տարածքում ապօրինաբար զբաղեցված մակերեսների հաշվին: Պարզվել է, որ Կարեն Պողոսյանի կողմից 1000 քմ տարածքի տնօրինումն անօրինական է: Հետևաբար, քաղաքապետարանը բողոք է ներկայացրել Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչություն, և խնդրին ընթացք է տրվել»,- ասում է Շահեն Տոնոյանը:
«Հետքը» փորձել է պարզաբանումներ ստանալ նաև քաղաքապետարանից: Այստեղ, թեև խոստացել են, որ հարցի շուրջ անպայման մեկնաբանություններ կտան, սակայն դրանք այդպես էլ մինչ օրս չենք ստացել:
«Հիմա ստացվել է այնպես, որ Հովսեփյանների տարածքի մի մասը թյուրիմացաբար սեփականաշնորհվել է մեկ այլ մարդու անունով: Իսկ Հովսեփյանները, ինչպես ՀՀ ցանկացած քաղաքացի, իրավունք ունեն ունենալ սեփականություն և պաշտպանել այդ իրավունքը: Եվ այս դեպքում կարևոր է, որպեսզի վնասը փոխհատուցվի: Եվ բոլորովին էական չէ, թե քաղաքապետարանը համընկնող տարածքը` 2000 քմ-ը, ում կթողնի` Հովսեփյանների՞ն, թե՞ նոր սեփականատիրոջը, և նրանցից ո՞ր մեկին կփոխհատուցի նոր տարածքով, որն օրինականորեն որևէ մեկի կողմից չի տիրապետվում: Հովսեփյանները ոչ մեկից ոչ մի պահանջ չունեն»,- վստահեցնում է Շահեն Տոնոյանը:
Գլխավոր դատախազության և քաղաքապետարանի պահանջով` Պողոսյանի սեփականության իրավունքը բեկանվել է
Կարեն Պողոսյանի հողատարածքի փաստաթղթերը Գլխավոր դատախազությունում վերցնելուց հետո այս գերատեսչությունը և Երևանի քաղաքապետարանն առանձին-առանձին վերաքննիչ բողոք են ներկայացրել առաջին ատյանի վճռի դեմ, որով դատարանը ճանաչել էր Բագրատունյաց փողոցի վրա` Երևանյան լճի հարևանությամբ գտնվող տարածքի նկատմամբ Կ. Պողոսյանի սեփականության իրավունքը:
«Առաջին ատյանի վճռով ոտնահարվել էր պետության շահը: Դրա համար էլ գլխավոր դատախազությունը դիմել է Վերաքննիչ դատարան»,- ասում է Շ. Տոնոյանը: Գլխավոր դատախազության բողոքն անձամբ ստորագրել է Աղվան Հովսեփյանի տեղակալը` Արամ Թամազյանը:
Եթե ընդհանրացնենք երկու գերատեսչությունների պահանջները, թե՛ քաղաքապետարանի, թե՛ գլխավոր դատախազության բողոքում բերված հիմնավորումները նույնն են:
2001 թ. Շենգավիթի առաջին ատյանի դատարանը Կ. Պողոսյանի սեփականության իրավունքը ճանաչել է վերջինիս դիմումի համաձայն. գործում պատասխանող կողմ չի ներգրավվել, քանի որ վեճը չի առնչվել այլ անձանց իրավունքներին:
Հայցվորները գտնում են, որ եթե հողամասը տվյալ պահին որևէ մեկի սեփականությունը չէ, այն օրենքով հանդիսանում է ՀՀ սեփականությունը, ուստի դատարանը 2001 թ. պետք է գործին մասնակից դարձներ ՀՀ-ին` ի դեմս երկրի գույքային շահերը պաշտպանող դատախազության կամ քաղաքապետարանի, ինչն առաջին ատյանի դատարանը չի արել:
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն (207-րդ հոդվածի 5-րդ կետ)` գործին մասնակից չդարձած կողմը, ում իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ, «իրավունք ունի վերաքննիչ բողոք բերելու այն օրվանից սկսած` 3 ամսվա ընթացքում, երբ իմացել է կամ կարող էր իմանալ նման դատական ակտի կայացման մասին…»:
«Հայցվորներն ասում են, որ այս ընթացքում ՀՀ-ն վճռի մասին չի իմացել: Բայց ՀՀ-ն չէր կարող այս վճռի մասին չիմանալ հենց միայն ելնելով նրանից, որ այն կայացվել է ՀՀ-ի անունից: Երկրորդ` վճիռն անմիջապես ներկայացվել է ՀՀ անունից գործող Անշարժ գույքի կադաստր: ՀՀ-ն, ի դեմս իր մարմինների, Պողոսյանի հետ կնքել է վարձակալության պայմանագիր, այնուհետև այն ուղղակի վաճառքով վաճառել է, ստացել է հարկեր: Վերջապես 2008-ին քաղաքապետարանը կազմել է գլխավոր հատակագիծ, որում նշել է, որ հողամասը պատկանում է Կ. Պողոսյանին: Այսքանից հետո քաղաքապետարանը և դատախազությունը հայտարարում են, թե վճռի մասին 8 տարի շարունակ տեղյակ չեն եղել, ինչը, բնականաբար, այդպես չէ»,- ասում է փաստաբան Հայկ Ալումյանը:
Վերջինիս խոսքերով` միայն այս հանգամանքը բավարար էր, որ վերաքննիչ բողոքը մերժվեր: Սակայն վերաքննիչ դատարանը, Արմեն Թումանյանի նախագահությամբ, բողոքը բավարարել է` որոշման մեջ գրեթե նույնությամբ արտագրելով հայցվորների հիմնավորումները:
«Հարցի երկրորդ կողմն էլ կա: Նման դեպքերում Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը միանշանակ ասում է, որ վճիռը բեկանվում է, և դիմումը թողնվում է առանց քննության, որպեսզի անձը հետագայում հնարավորություն ունենա նորից դիմել առաջին ատյանի դատարան, ներգրավել արդեն նրանց, ում շահերին վերաբերել է խնդիրը, և գործի քննությունը սկսել նորից: Իսկ հիմա վերաքննիչը բեկանել է առաջին ատյանի վճիռը և միանգամից մերժել Կ. Պողոսյանի` հողի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջները»,- պարզաբանում է փաստաբան Ալումյանը:
«Վերաքննիչը նման բացահայտ անօրինականության է դիմել գլխավոր դատախազության ճնշումների պատճառով: Հիմա ես դիմել եմ վճռաբեկ դատարան, բայց նորից շարունակում են դատավորների նկատմամբ ճնշումներ գործադրել»,- ասում է Կարեն Պողոսյանը:
«Դրանք մերկապարանոց հայտարարություններ են. դատախազությունը դատարանների հետ կապ չունի: Դատարաններն անկախ մարմին են և իրենց որոշումները կայացնում են ինքնուրույն, եւ երբ այն չի համընկնում իրենց շահերին, սկսում են հանդես գալ շահարկումներով»,- հակադարձում է գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետը:
Կարեն Պողոսյանը նշում է, թե նախապես գիտի` ինչ վարքագիծ է դրսևորելու Վճռաբեկ դատարանը, ուստի փաստաբան Հ. Ալումյանի հետ քննարկում է Եվրադատարան դիմելու հարցը:
Հայկ Ալումյանը համոզված է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ կկայացնի հօգուտ Կ. Պողոսյանի, քանի որ «վերաքննիչ դատարանն ամենաբիրտ ձևով ոտնահարել է իրավական որոշակիության սկզբունքը»:
«Փաստորեն, նույն փաստերի հիման վրա, առանց որևէ բան ավելացնելու կամ պակասեցնելու, 8 տարի հետո մեր դատարաններն իրենց կողմից կայացրած որոշումները կարող են բեկանել ու կայացնել ճիշտ հակառակ որոշում: Սա Եվրոպական կոնվենցիայի կոպիտ խախտում է»,- ասում է փաստաբանը:
Նրա կարծիքով` Եվրադատարանը Հայաստանին կպարտադրի, որպես արդար փոխհատուցում, Կ. Պողոսյանին վճարել որոշակի գումար, որը կներառի ինչպես այս վճիռների ներգործությունից անմիջականորեն առաջացած նյութական վնասը, այնպես էլ վերջինիս կողմից հետագայում Եվրադատարանում գործը վարելու հետ կապված բոլոր ծախսերը և բարոյական վնասը:
Հայկ Ալումյանը ցավով նշում է, որ այդ ամբողջ գումարը գանձվելու է պետբյուջեից, «վերջին հաշվով, հարկատուներիս` հենց մեր գրպանից: Իսկ խոսքը բավականին խոշոր գումարների մասին է»:
4 քննարկումներ
Samvel Jeshmaridian, PhD