ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ Admin. Sunday, August 2, 2009 11:34 - 1 քննարկում
Պատմությունը սովորեցնում է նրանց, ովքեր պատմությունից դասեր քաղելու հակում ունեն
I. Ճիշտ է, որ պատմության փորձը չի կարելի դիտել որպես գործողության ինքնաբերական ուղեցույց, սակայն ճիշտ է նաև, որ «պատմությունը սովորեցնում է անալոգիաներով` լույս սփռելով համադրելի իրադրությունների իրար նման /համանման/ հետևանքների վրա» (Հ. Քիսինջեր):
Այս իմաստով, հարուստ է Հայաստանի քաղաքական պատմությունը. հայ-թուրքական վիրտուալ «մերձեցման» ներկա ընկալման վիճակը մերօրյա Հայաստանում և հայ ժողովրդի որոշակի /շահագրգիռ/ շրջանակներում հիշեցնում է, կամա-ակամա, անալոգիայով.
· հայ-թուրքական հարաբերությունների «եղբայրության» սահմանադրական (1908-1911/1913թթ) շրջանը. ավարտվեց հայոց համար աննախադեպ «արդյունքներով»`1909-ի ապրիլին կիլիկիահայության նախճիրով, 1915-ին` արևմտահայոց սպանդով և Հայաստանի ողջակեզով
· 1920 թվականի աշունը. հայ-թուրքական պատերազմի արդյունքում, համաշխարհային կոմունիզմի (այսօր` դեմոկրատիայի) սպասումով հոկտեմբերի 30-ին Կարսը հանձնվեց ցնցոտիավոր ու սովալլուկ, սակայն ռուսական կոմունարկա հագած ասկյարին, իսկ Արևելյան Հայաստանը տրվեց անդամահատման` արդեն «բոլշևիկ» թուրք-քեմալականներին:
II. Մերօրյա Թուրքիան, որը կառուցված է Հայաստանի մոխիրների վրա` «արևմտականացած» և բոլշևիզմը թոթափած, շարունակում է անշեղորեն իրականացնել քեմալիզմի ռազմա-քաղաքական դոկտրինան. կլլել ու մարսել երիտթուրքերի ու թուրք ժողովրդի գլխավոր ձեռքբերումը` XX դարի առաջին ցեղասպանության արդյունքը`գործնականապես ու վերջնականորեն: Այս իմաստով տվյալ երկիրը`իր առօրյա և հեռագնա նպատակադրումներով, խիստ կանխատեսելի է, մնալով անկայունության ու անորոշության աղբյուր տարածաշրջանային նկրտումներում և համաշխարհային քաղաքականության մեջ:
Ժամանակակից Թուրքիան.
ա) մշակութապես և քաղաքակրթորեն «բզկտված» երկիր է (“torn country”)
բ) խորքային կամ, ավելի դիպուկ, «ուրվային» պետություն է
գ) էթնոնացիոնալ ինքնության և քեմալիզմի քաղաքական գաղափարախոսության խորքային կոնֆլիկտի գոտի է:
Թուրքիայի հետ մերձեցման գովազդվող տարբերակը`
· «լղոզում է» մերօրյա Հայաստանի` «սեպի», ռազմավարական արժեքը,
· Հարավային Կովկասում նրան վերածում է արդրբեջանա-վրացական «սրտակից եղբայրության» վասալի:
Լևոն Շիրինյան
Քաղաքական գիտությունների դոկտոր
15.04.09.
1 քննարկում
Papken Hartunian