ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ Admin. Sunday, August 2, 2009 10:09 - 1 քննարկում
«Հոգիների Աճուրդ» Կամ «Ճշմարտութեան Յուշարձան»
1918թ. Նիւ Եորքում անգլերէն լեզուով լոյս տեսաւ Հայոց Ցեղասպանութեան ականատեսի առաջին փաստավաւերագրական յուշագրութիւններից մէկը՝ «Յօշոտուած Հայաստան» խորագրով, ուր հեղինակը՝ Ցեղասպանութիւնը վերապրած չմշկածագցի Արշալոյս (Աւրորա) Մարտիկանեանը, պատմում է աքսորի ճանապարհի իր սարսափները: Կորցնելով ծնողներին, քոյրերին ու երեք եղբայրներին, որոնք գազանաբար սպանուեցին իր աչքերի առջեւ, 14ամեայ Արշալոյսը տարագրութեան ընթացքում խոշտանգուել ու պատուազրկուել է թուրք եւ քուրտ պաշտօնեաների ու ցեղապետերի յարեմներում. նա պատմում է իր տեսած արեան խրախճանքների ու մարդկային պատկերացումից դուրս դաժանութիւնների մասին: Արշալոյս Մարտիկանեանը՝ հայկական Ժաննա Տարկը, ինչպէս նրան անուանեցին ԱՄՆում, կրելով երկու տարուան մղձաւանջային սարսափները՝ հաւատափոխ չեղաւ, եւ փախչելով թուրք Քեմալ էֆենտիի յարեմից՝ երկար թափառումներից յետոյ, 1917թ. գարնան սկզբներին հասաւ Էրզրում, որն արդէն գրաւուել էր ռուսական բանակի կողմից, ապաստանեց ամերիկեան միսիոնարների մօտ, այնուհետեւ Հայ ազգային միութեան եւ Հայ-սիրիական ամերիկեան նպաստամատոյց կոմիտէի միջոցներով, անցաւ Փեթերսպուրկ, ապա եւ՝ ԱՄՆ, Նիւ Եորք, ուր եւ բնակութիւն հաստատեց: Այս ամէնը, սակայն, չընկճեց Արշալոյս Մարտիկանեանին. նա առաքելութիւն ունէր՝ աշխարհին հաղորդակից դարձնել Թուրքիայում՝ հայերի դէմ իրագործուած ոճրագործութիւններին:
«Յօշոտուած Հայաստան» գիրքն արդէն պատրաստ էր, երբ Հայ-սիրիական ամերիկեան նպաստամատոյց կոմիտէի կողմից առաջարկուեց գրքի սիւժէի հիման վրայ ստեղծել կինոնկար (տեսաժապաւէն-Խմբ.), որի ամբողջ հասոյթը (30 միլիոն ամերիկեան տոլար) պէտք է տրամադրուէր Մերձաւոր արեւելքում հաւաքուած 60 հազար հայ որբերի կենսական ապահովմանը: Այսպէս, 1918թ. Քալիֆորնիայում, ամերիկեան «Մեթրօ Կոլտուին Մայըր» կինոընկերութիւնում ռեժիսոր (բեմադրիչ-Խմբ.) Օսքար Ափֆել նկարահանեց «Յոգիների աճուրդ» համր ֆիլմը (շուրջ 10 հազար անձանց, այդ թւում եւ հայ բռնագաղթուածների 200 երեխաների մասնակցութեամբ), որը Մեծ Եղեռնի մասին պատմող առաջին գեղարուեստական կինոնկարն էր: Կինոնկարի սցենարն ունեցել է 3 տարբերակ, որոնցից առաջինն ունեցել է 675 տեսարան (քատր), իսկ վերջին վերամշակուած տարբերակը՝ 531, որոնցից իւրաքանչիւրը ենթարկուել է մանրակրկիտ ստուգման լորտ Ճէյմս Պրայսի (Հայ-սիրիական ամերիկեան նպաստամատոյց կոմիտէի նախագահ, նախկինում Մեծն Բրիտանիայի դեսպանն ԱՄՆում, ով բրիտանական կառավարութեան կողմից յանձնարարութիւն էր ստացել հետաքննելու հայկական ջարդերը) եւ Հենրի Մորկընթաուի (1913-1916թթ. Թուրքիայում ԱՄՆ դեսպան) կողմից՝ արժանանալով վերջիններիս բարձր գնահատականին:
Ֆիլմն առանձնայատուկ է նրանով, որ սցենարի հեղինակն ու գլխաւոր դերակատարը հէնց ինքը՝ Արշալոյս Մարտիկանեանն է, ով նաեւ մեծապէս աջակցել է ինչպէս դերասանների հագուստների եւ կերպարների ստեղծման, այնպէս էլ տեսարանների ճշգրիտ վերարտադրման աշխատանքներին: Նկարահանումների տնօրէն, ռեժիսոր Օսքար Ափֆելը, նկատի ունենալով կինոնկարի քաղաքական մեծ նշանակութիւնը, նաեւ խորին յարգանքով վերաբերուելով Մարտիկանեանի առաքելութեանը՝ որոշում է գլխաւոր դերակատար ընտրել վերջինիս, որի մասնակցութիւնն, ըստ Ափֆելի, կը դառնար մի ահեղ կոչ ոչ միայն կինոդիտողների, այլեւ՝ նրանց համար, ովքեր հնարաւորութիւն չեն ունենայ դիտելու ֆիլմը, կը դառնայ մի վիթխարի ահազանգ ոչ միայն մի ազգի ողբերգութեան, այլեւ՝ ամբողջ մարդկութեան համար:
ԱՐՇԱԼՈՅՍ ՄԱՐՏԻԿԱՆԵԱՆԻ
ՈՒՂԵՐՁԸ
Նիւ Եորք, Դեկտեմբեր 1918թ. նախքան Ֆիլմի առաջին ցուցադրութիւնն, այն յանձնուել է շարժանկարների արտօնագրման ամերիկեան ազգային խորհրդին, որի 1919թ. Յունուարի 25ի յատուկ զեկոյցում՝ ուղղուած Հայ-սիրիական ամերիկեան նպաստամատոյց կոմիտէին, մասնաւորապէս ասւում էր, որ ֆիլմը բացի իր մէջ պարունակող գեղարուեստական, պատմական, ճանաչողական, դաստիարակչական եւ մի շարք այլ արժէքներից, «նաեւ անկեղծ ներկայացումն է հայերի տանջանքների, ինչը մեծ ազդեցութիւն կը թողնի ամերիկեան հասարակութեան իւրաքանչիւր անձի վրայ»:
«Հոգիների աճուրդ» ֆիլմն առաջին անգամ ցուցադրուել է 1919թ. Փետրուարի 16ին, Նիւ Եորքի «Փլազա» հիւրանոցում, Հայ-սիրիական ամերիկեան նպաստամատոյց կոմիտէի անդամներ Օլիւեր Հարիմանի եւ Ճորտ Վանտըրպիլթի հովանաւորութեամբ:
Ցուցադրութեանը ներկայ են գտնուել Նիւ Եորքի շուրջ 7000 ականաւոր անձինք (տոմսի արժէքը եղել է 10 ամերիկեան տոլար): Ֆիլմի ցուցադրութիւնը տեւել է մէկ շաբաթ, որից ստացուած հասոյթն ուղարկուել է Մերձաւոր Արեւելքի նպաստամատոյց կոմիտէին: Մեծ քաղաքներում՝ Նիւ Եորքում, Սան Ֆրանսիսքոյում, Լոս Անճելըսում, կինոնկարի իւրաքանչիւր փրեմիերային ցուցադրումից յետոյ, հանդիպումներ են կազմակերպուել տեղի վերնախաւի եւ Մարտիկանեանի հետ, որոնցում վերջինս ամերիկեան հասարակութեանն է ներկայացրել թուրք ոճրագործների վայրագութիւնները: Կինոնկարի ռեժիսոր Օսքար Ափֆել կինոդիտողների հետ հանդիպումներից մէկում ասել է, որ «Հոգիների աճուրդ»ը Հայաստանի ճակատագրական պատգամն է ամերիկեան ժողովրդին, եւ որ ինքը իւրաքանչիւր իրադարձութեան մօտեցել է ծայրայեղ շրջահայեացութեամբ ու բացարձակ ճշմարտացիութեան դիրքերից: Ափֆելը նաեւ խոստովանել է, որ ֆիլմից կրճատուել են մի շարք տեսարաններ, որոնք չափից աւելի անմարդկային էին, ինչպէս օրինակ՝ ծեր հայ հոգեւորականի մը եղունգների պոկոտումն աքցանով, եւ ինքն ստիպուած է եղել խնայել կինոդիտողի նեարդները. ապա աւելացնում է. «Անկեղծօրէն կարծում եմ, որ ոչինչ պէտք չէր կրճատել, քանի որ այս կինոնկարը վեր է խոյեանում որպէս ճշմարտութեան յուշարձան, նրա արձագանգները շատ հեռուն գնացող ահազանգ են, եւ ճշմարտութեան կեղծումը շատ աւելի սարսափելի է»:
«ՀՈԳԻՆԵՐԻ ԱՃՈՒՐԴ»
ՖԻԼՄԻՑ
Ընդհանուր առմամբ ֆիլմը ցուցադրուել է ԱՄՆ 23 նահանգների մեծ քաղաքներում, Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում, այդ թւում՝ Մեքսիքայում, Քուպայում եւ ամէնուր բացառիկ յաջողութիւններ է ունեցել՝ արժանանալով «Դարակազմիկ կինոնկար» գնահատականին: 1919-1920թթ. Լոնտոնում հրատարակուող կինոարուեստին նուիրուած «Պայոսքոփ» շաբաթաթերթը գրում է. «Հոգիների աճուրդ» կինոնկարը նոր մրցանիշ է սահմանել Միացեալ նահանգներում», իսկ մի շարք հեղինակաւոր թերթերի գովազդագրերում՝ «The Illustrated London news», «The Morning Telegraph», նշւում էր, որ իւրաքանչիւր մարդ պէտք է դիտի այս ֆիլմը:
«Հոգիների աճուրդ» ֆիլմը Մեծն Բրիտանիա է բերուել 1919թ. Դեկտեմբերին եւ ենթարկուել է պետական գրաքննութեան: Երկար բանակցութիւններից յետոյ Սքոթլանտ Եարտի համաձայնութեամբ, ֆիլմը ցուցադրուել է 1920թ. Յունուարի 20ին թագաւորական «Ալպերթ Հոլլ»ում եւ շարունակուել է մօտ երեք շաբաթ, որից յետոյ դադարեցուել է, երկրորդ անգամ գրաքննուել (փոխուել են որոշ վերնագրեր, կրճատուել են 4 տեսարաններ), ապա նորից ցուցադրուել: Որոշ ժամանակ անց ֆիլմի ցուցադրումը մէկընդմիշտ դադարեցւում է եւ հանւում շրջանառութիւնից: 1920ական թթ. սկզբին ինչպէս ամերիկեան, այնպէս էլ բրիտանական գրադարաններից գրաքննութեան ենթարկուեց եւ հանուեց նաեւ «Յօշոտուած Հայաստան» գիրքը, վերաշարադրուեցին գերմանացի սպաների հակամարդկային գործողութիւններին վերաբերող էջերը:
Աւելի քան ութսուն տարի կինոյի պատմաբանները փնտռել են «Հոգիների աճուրդ» ֆիլմի 9 ժապաւէնները (մասերը), սակայն որեւէ հետք չեն գտել: Կայ վարկած, որ նիտրատի հիմքի վրայ պատրաստուած այդ հազուագիւտ ժապաւէնները ջրի տակ են անցել դէպի Պաթումի նաւահանգիստ շարժուող խորտակուած նաւի հետ միասին, կամ որ դրանք գողացուել ու ոչնչացուել են Պաթում քաղաքում: Ֆիլմի ամբողջական տարբերակը՝ 85 րոպէ տեւողութեամբ, ցաւօք, այսօր չի պահպանուել, եւ միայն 1994թ. արժանթինահայ Էտուարտ Կոզանլեանի ջանքերով յայտնաբերուել է ժապաւէնից մի հատուածը, որի մի օրինակը պահւում է Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի (հիմնարկի) ֆոնտերում: Ֆիլմն ունեցել է նաեւ անգլերէն, իսկ հետագայում՝ ֆրանսերէն ու հայերէն ենթագրեր, բոլոր տեսարանների համար, որոնց ցանկը բնագրով պահպանւում է Կինոնկարների արուեստի եւ գիտութեան ակադեմիայի Մարկրէթ Հերիքի գրադարանի «Սելիճ»ի հաւաքածոյում եւ լոյս է տեսել 1997թ. «Scarecrow Press»ի կողմից հրատարակուած Էնթընի Սլայտի «Յօշոտուած Հայաստանը եւ Աւրորա Մարտիկանեանի պատմութիւնը» գրքում:
1 քննարկում
stepan