Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, June 30, 2009 12:04 - 1 քննարկում

ԱՌՅՈՒԾԱՁԵՎ ՄՀԵՐԸ ԱԳՌԱՎԱՔԱՐԻՑ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. «ԻՆՁ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ԷՐ, ՈՐ ԹՈՒՐՔԻՆ ՀԱՂԹԵՑԻ»

  • article's photo
  • ՆԿԱՐՈՒՄ. Առյուծ Մահը փորձում է խածնել Արքա Մհերի բազուկը, չգիտակցելով, որ  վերջում ծնկաչոք ներողություն է աղերսելու Արքայից:
  • Ռինգ են դուրս գալիս Գերմանիայի դրոշի տակ մրցակցող երկու օտարերկրացի բռնցքամարտիկ՝ բեռլինաբնակ հայը, որ ռինգի աշխարհում «Արքա» մականունն է կրում, եւ համբուրգաբնակ թուրքը, որ փորձում է իր «Առյուծ» մականվանը համարժեք մրցակից ունենալ, եւ Բեռլինի Մաքս Շմելլինգ սրահում գտնվող 9000 հանդիսականներ միայն մի անուն են վանկարկում՝ «Ա՛ր-թո՛ւր»: Եվ ինչպես ARD-ի ուղիղ եթերում տեսանք ու լսեցինք՝ Գերմանիայի հանրահայտ մարդիկ՝ դերասանները, մարզիկները, նաեւ մեկնաբանները ակնհայտ միակողմանի համակրանքով էին խոսում ու «պահանջում» Աբրահամից մրցամարտը նոկաուտով, բայց շատ շուտ չավարտել՝ ուզում են վայելել սպասված երեկոն:Այնպես, ինչպես նրանք էին պահանջում, եղավ: Արթուր Աբրահամ-Մահիր Օրալ մրցամարտն ավարտվեց 10-րդ ռաունդի 1:23- րդ րոպեին՝ նոկաուտով: Արքան հաղթեց, կեցցե արքան: Հանդիսասրահը ստացավ այն, ինչ ուզում էր: Մահիրն էլ երեւի, թեպետ իսկական առյուծի որս չտեսանք. «Մենք գլադիատորներ ենք. ուզում ենք հանդիսատեսի սիրտը գրավել: Ես դա հաջողեցի, թեկուզ պարտության գնով», ասաց մի քանի անգամ ռինգում տապալված, բայց պարտության հետ հաշտվել չուզեցող Մահիրը՝ մրցելույթի ավարտին:«Ֆրանկֆուրտեր ռունդշաու»-ի մեկնաբանը գրում է, թե հովազի մորթին ուսած արքայի քայլվածքից արդեն հայտնի էր, թե առյուծին ինչպես է մորթահան անելու: Երկուշաբթի մեր հեռախոսազրույցում Արթուր Աբրահամն այնքան էլ չոգեւորվեց, երբ փոխանցեցինք «ՖՌ»-ի գնահատականը: «Չարժեր, որ իր անունը Առյուծ դներ, ավելի շուտ փիսիկի էր նման», ասաց աշխարհի չեմպիոնը: «Իսկ Դու՞ք», հարցրեցինք նրան: «Ես նորմալ մարդ եմ», պատասխանեց ու գնահատեց իր հաղթանակը. «Ինձ համար շատ կարեւոր էր, որ թուրքին հաղթեցի: Մեր սրտերում մեր պատմության հետքը միշտ կա: Միայն դրա մասին էի մտածում՝ պատկերացնու՞մ եք՝ հանկարծ պարտվեի…»:IBF վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը միջին քաշում իր հավանական վերջին մրցամարտը պսակեց 24-րդ նոկաուտով: Նրա համարձակ, շուտ չհանձնվող մրցակցի մարզիչ Հանս Յուրգեն Վիթթեն 10-րդ ռաունդում սրբիչով նշան արեց, որ մրցապայքարը դադարեցնում են: 4-րդ, 6-րդ ռաունդներում գետին տապալվելուց հետո, Օրալի վերջն եկել էր: Աբրահամն իր 24-րդ նոկաուտի դիմաց քսակը հարստացրեց 800.000 եվրոյով, Օրալին տրվեց 100. 000 եվրո փոխհատուցում:Աբրահամը, ինչպես երեւում էր ռինգում եւ ինչպես փաստում էին գերմանացի մեկնաբանները, դասեր քաղելով նախորդ մրցապայքարից, այս անգամ 4 շաբաթ առաջ էր սկսել նիհարել: Միջինքաշայինների առավելագույն սահմանը 72,574 կգ է, ինչպես հայտնի է, Աբրահամը վերջերս այդ սահմանը մեծ տանջանքով է պահպանում: Նրա երկրպագուները սովոր են տեսնել, որ Աբրահամը ռինգ է մտնում պաշտպանվելով, մրցակցին ուսումնասիրելով, փոթորիկն անակնկալ է բարձրանում: Նա 4-րդ ռաունդում միայն հարձակման անցավ: 7 սմ-ով բարձրահասակ լինելը, կամքի ուժը, թուրքական համայնքի պատվախնդրության հորդորները չօգնեցին Օրալին, որ նա Արթուրի հուժկու հարվածներին դիմանա: Օրալն ակտիվ էր, ակնհայտ էր, որ ռինգ էր մտել տիրանալու չեմպիոնական գոտուն: Ընդմիջումներին գերմանացի մարզիչը ուժ էր տալիս իր թուրք սանին. «Միավորներով առաջ ես, մի լարվիր, խորը շնչիր»: 6-րդ ռաունդում՝ երբ արդեն երկու անգամ տապալվել էր գետնին, դատավորը համբուրգաբնակ Օրալին հարցրեց՝ ուզու՞մ ես շարունակել: Մահիրն անվարան էր: «Արթուրը թեպետ տեխնիկայի բնածին օժտվածություն չունի, բայց ռինգի հրաշալի բնազդ ունի», ասաց մեկնաբանը, բայց նրա համար էլ պարզ չէր, թե մրցամարտը երբ էր ավարտ գտնելու: 8-րդ ռաունդում Մահիրի մարզիչն ասաց. «Դու ոչ թե 1 առյուծ ես, այլ 2, 3, 4: Ուրիշն ընկնելուց հետո նորից չէր շարունակի»: «Իմ սիրելի երիտասարդ, դու հիմա պիտի ցույց տաս, թե ով է չեմպիոնը», ասաց Ուլլի Վեգները իր սանին: 9-րդ ռաունդում նորից ծանր հարվածներ. «ինչպիսի՛ մրցամարտ է ցույց տալիս համբուրգցին, ինչպե՛ս չի հանձնվում», ARD-ի մեկնաբանի զարմանքը փարատելու եկավ Օրալին ուղեկցող թուրքերից մեկը՝ «մենք Թուրքիայից ենք, մինչեւ վերջ ենք կռվում»: Թուրքիայից սերվածը նորից գետին ընկավ, նորից ոտքի կանգնեց ու հասկացավ, որ քանի առյուծ էլ լինի, զոհը միեւնույնն է մեկն է՝ ինքն է: «Արթուրը աննկարագրելի ծանր է հարվածում: Աչքերիս աստղեր էին երեւում, իմ մարզիչը ճիշտ որոշեց», ասաց նա մրցամարտի ավարտին:

    Մեկնաբանները հատուկ շեշտեցին, որ մարզիկները երկկողմանի հարգալից են եղել իրար հանդեպ: «Բռնցքամարտն այսպիսին պիտի լինի՝ պայքար ռինգում, ռինգից դուրս՝ ընկերներ», կարծիք հայտնեց գերմանացի հեռուստամեկնաբանն ու արագ բացատրեց օպերատորի հրամցրած հաջորդ տեսարանը, որում Աբրահամը պարանոցին էր ամրացնում Ամենայն հայոց կաթողիկոսի նվեր խաչը, որից միայն ռինգում է բաժանվում, «հավատացյալ քրիստոնյա հայի խաչը», ասաց նա:

    Այնուհետեւ ուղիղ եթերում, որ հեռարձակվում էր նաեւ ԱՄՆ-ում, խոսափող տրամադրեցին Աբրահամին: «Հարգանքս Մահիրին: Այսօր ես հաղթել եմ, բայց կյանքը շարունակվում է», ասաց Աբրահամը՝ հավելելով, թե նախորդների նման այս անգամ էլ բռնցքամարտի ձեռնոցն աճուրդի է դնում հիվանդ երեխաների համար:

    «Արթուրն ինքն իրեն նման էր, կենտրոնացած, կայծակի նման», ասաց «Մաքս Շմելլինգ» ֆիլմում Շմելլինգի դերակատար, ֆիլմում Արթուրի խաղընկեր ու մրցակից, բռնցքամարտիկ ու մեկնաբան Հենրի Մասքեն:

    «Այն, որ Աբրահամին առաջիկայում հաճախ կտեսնենք բռնցքամարտը երկրպագող Ամերիկայում, կասկած չկա: Գերմիջինքաշում նրա համար լավ մրցակիցներ կան», «Վելթ» թերթին ասել է ամերիկյան հեռուստատեսային Շոութայմի մեկնաբան, վերլուծաբան Ալ Բեռշտայնը, ով Աբրահամի մրցամարտը դիտելու համար Բեռլին էր ժամանել: Օրալը լավ մրցակից է, բայց նրան ո՞վ է ճանաչում: Արթուրը պիտի մեծ անունների հետ ռինգ դուրս գա՝ Քելլի Պավլիկի, Կարլ Ֆրոչի, Ջերմեյն Թեյլորի կամ Միքքել Քեսսլերի: Նա պիտի Ամերիկայում մրցի, որովհետեւ մարդիկ ուզում են նրան տեսնել»:

    Ամերիկան Ամերիկա, բայց Արթուրին նախ տեսնելու ենք գերմանական ռինգում: Սա ինքը՝ աշխարհի չեմպիոնը հաստատեց:

    Զաուերլանդը համոզված է, որ Արթուրը նաեւ գերմիջինքաշային կարգում աշխարհում ամենաուժեղ հարվածը կունենա: «Արթուրը կարող է նույնիսկ կիսածանր քաշային կարգ էլ փոխադրվել», ասել էր Զաուերլանդը: «Եթե մենեջերս այդպես է ասել, ուրեմն հնարավոր է», ասաց Աբրահամը մեր հեռախոսազրույցում: «Ես մեծ ցանկություն ունեի բացարձակ չեմպիոն լինելու (նվազագույնը աշխարհի երկու գոտիների միավորում-Ան.Հ.), բայց չստացվեց, ուզում էի WBA-ի չեմպիոն Ֆելիքս Շթուրմի դեմ մրցել, չեղավ: Մյուս քաշային կարգում ավելի հետաքրքրական մրցակիցներ կան: Այդ պատճառով ուզում եմ գերմիջին քաշում 3-4 տարի մի քանի մեծ մրցամարտ անցկացնել ու հրաժեշտ տալ ռինգին: Չարժե բռնցքամարտով ավելի երկար զբաղվել», ասաց Արթուրը ու հաստատեց, թե ցանկությունը մեկն է՝ զբաղվել անշարժ գույքի առուվաճառքով կամ օդանավային բիզնեսով: Աբրահամը հաստատեց Զաուերլանդի անակնկալը, թե ռինգ է դուրս գալու WBA-ի աշխարհի չեմպիոն դանիացի Միքքել Քեսսլերի հետ: Բայց հաջորդ մրցապայքարը 3-4 ամսից կլինի՝ Ջերմեյն Թեյլորի դեմ: Իսկ մինչ այդ ոչ մի դիետ՝ կարող է վայելել աշխարհում ամենասիրած ուտելիքը՝ մայրիկի տապակած կարտոֆիլը:

  • ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Գլուխը հարվածներից չի մթագնում, երբ գլխում ուղեղ չկա և գլխի տերը գետին չի տապալվում, այն ինչ տեսան բազմամիլիոն մարդիկ: Նման գլխում միայն աստղային փայլատակումներ են ի հայտ գալիս, ուղեկցված զարմանքով և հիասթափությամբ, այն ինչ խոստովանից Մահիր Օրալը: Հայոց ցեղասպանության հարցը այդ գլուխներին այս հանգրվանը կհասցնի:   ԼՈԻՅՍ



    1 քննարկում

    You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

    Էդուարդ Հովհաննիսյան
    Jul 2, 2009 3:45