ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, June 17, 2009 7:37 - չքննարկված

Ինչո՞ւ է թուլանում իրանահայ համայնքը: Պատգամավորը այս հարցին չի պատասխանում:

Ինչպէս միւս պատգամաւորները, ես ներկայացնում եմ 70 միլիոն իրանցիների

16 June, 2009 09:14:00 Ալիք Օրաթերթ
Decrease font Enlarge font
image

Գէորգ Վարդանեանի հարցազրոյցը ԱՄՆ-ում լոյս տեսնող «Ասպարէզ» օրաթերթին

ԱՄՆ-ում լոյս տեսնող «Ասպարէզ» օրաթերթի խմբագրատուն այցելած Իսլ. խորհրդարանի հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Գէորգ Վարդանեանը անձնական այցելութեամբ գտնւում էր Լոս Անջելեսում։ Խմբագրութիւնը առիթից օգտւելով՝ ունեցել է հետեւեալ հարցազրոյցը։ Հարցազրոյցի պատրաստութեանը օգնել են՝ Յովիկ Մահսերէճեանը եւ Սարօ Նազարեանը: Նշելի է որ հիւսիսային իրանահայութեան պատգամաւորը Իտալիա կատարած իր այցելութեան ընթացքում հարցազրոյց էր ունեցել նաեւ «Արաբ մոնիտոր» անգլերէնով լոյս տեսնող թերթի հետ:

Հ.- Պրն. Վարդանեան, հաճեցէք ամփոփ գծերով մեր ընթերցողներին ծանօթացնել Ձեր կենսագրութիւնը։
Պ.- 39 տարեկան եմ, բարձրագոյն կրթութիւնս ստացել եմ մետաղագիտութեան բնագաւառում՝ արժանանալով մագիստրոսի աստիճանի. անցեալ տարի, երկրորդ անգամը լինելով, ընտրւեցի Իրանի խորհրդարանի Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր։

Հ.- Քանի՞ տարի մէկ անգամ են տեղի ունենում Իրանի խորհրդարանական ընտրութիւնները եւ ի՞նչ պայմաններ պէտք է ամբողջացնեն թեկնածուները։
Պ.- Իսլ. խորհրդարանի ընտրութիւնները տեղի են ունենում իւրաքանչիւր չորս տարի մէկ՝ փետրւար կամ մարտ ամիսներում, իսկ ընտրւած պատգամաւորներն իրենց երդումը կատարում են մայիսին։ Թեկնածուները պէտք է լինեն առնւազն 30 տարեկան՝ լրացնելով արժանաւորութեան այնպիսի պայմաններ, ինչպիսիք են՝ հարկային, անվտանգութեան, դատական եւ այլ պայմաններ, նաեւ պէտք է ունենան մագիստրոսի (գերլիսանս) վկայական կամ տնօրէնի մակարդակի ղեկավարութեան առնւազն 5 տարւայ փորձառութիւն՝ պսակաւորի (լիսանս) վկայականով:

Հ.- Հայ համայնքը քանի՞ պատգամաւոր ունի խորհրդարանում եւ ինչպէ՞ս է ճշտւում նրանց։
Պ.- Ներկայում Իսլամական խորհրդարանում հայերն ունեն երկու պատգամաւոր՝ Ռոբերտ Բեգլարեանը՝ հարաւային, իսկ ես՝ հիւսիսային շրջանից։ Հայերի ներկայացուցիչների թիւը ճշտորոշւած է հանրապետութեան Սահմանադրութեան 13-րդ յօդւածով՝ որպէս Իրանի փոքրամասնութիւնների մէկ մասնիկը։

Հ.- Որո՞նք են Իրանի փոքրամասնութիւնները, ի՞նչ հիման վրայ են նրանք համարւում փոքրամասնութիւն։
Պ.- Սկսելով երկրորդ կէտից՝ ասեմ, որ Իրանում փոքրամասնութիւնների համար հիմք է նկատւում կրօնը, ընդորում հայերը, ասորիները, հրեաները եւ զրադաշտականները համարւում են կրօնական փոքրամասնութիւններ, իսկ մեծամասնութիւն են կազմում մուսուլմանները։

Հ.- Ի՞նչ է խորհրդարանի պատգամաւորների թիւը եւ քանի՞ ներկայացուցիչ ունեն փոքրամասնութիւնները։
Պ.- Իրանի խորհրդարանը ներկայում ունի 290 պատգամաւոր։ Հայերն ունեն երկու, իսկ միւս փոքրամասնութիւնները՝ մէկական պատգամաւոր։ Պէտք է շեշտեմ, որ պատգամաւորները միայն իրենց սեղմ շրջանակը չեն ներկայացնում, այլ՝ ամբողջ շրջանի ժողովրդին։ Ինչպէս միւս պատգամաւորները, այնպէս էլ ես ներկայացնում եմ 70 միլիոն իրանցիների, այլ ոչ թէ միայն հայ փոքրամասնութեանը։ Նշեմ նաեւ, որ հայութիւնը նոր չէ, որ մասնակցում է Իրանի քաղաքական կեանքին. մենք մասնակցութեան փայլուն անցեալ ու վարկ ունենք, ուստի՝ մեր աշխատանքը այդ ժառանգութիւնը պահելն ու զարգացնելն է։

Հ.- Ի՞նչ պաշտօն էք ստանձնել խորհրդարանական մակարդակում։
Պ.- Մաս եմ կազմում խորհրդարանի հանքերի եւ արդիւնաբերութեան հարցերով 23-հոգիանոց յանձնախմբի. մեր յանձնախումբը չի զբաղւում նաւթարդիւնաբերութեան հարցերով։

Հ.- Միջազգային տնտեսական տագնապը ի՞նչ ազդեցութիւն ունեցաւ Ձեզ վրայ։
Պ.- Նկատի ունենալով, որ Իրանը վերջին տարիներում ինչ-որ կերպ մեկուսացւել էր համաշխարհային հանրութիւնից, հետեւաբար՝ այնքան էլ կախեալ չէր միջազգային շուկայից, ուստի՝ հարւածը այնքան էլ ծանր չէր, բայցեւայնպէս՝ ճգնաժամը ազդեց նաեւ մեր տնտեսութեան վրայ. վերջիվերջոյ, չես կարող բոլորովին մեկուսացւած ապրել։

Հ.- Ի՞նչ ընթացքի մէջ են իրանեան Ձեր յարաբերութիւնները Հայաստանի հետ։
Պ.- Կարող եմ ասել, որ Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան միջեւ գոյութիւն ունեն բարձր մակարդակի եւ լաւ յարաբերութիւններ. լինելով Իրան-Հայաստան բարեկամութեան խմբակցութեան փոխնախագահը՝ անցեալ տարի հիւրընկալեցինք Հայաստանի Ազգային ժողովի պատւիրակութեանը, եւ փոխադարձաբար, մի իրանեան պատւիրակութիւն, խորհրդարանի նախագահի գլխաւորութեամբ, այցելեց Հայաստան եւ ծաղկեպսակ դրեց Ծիծեռնակաբերդում։ Իսլամական խորհրդարանը, իր նախագահ դոկտ. Լարիջանիի գլխաւորութեամբ, բարեկամական լաւ յարաբերութիւն է մշակել Հայաստանի հետ, հետեւաբար՝ այն աշխատում է նոր օրէնքների գծով լուծել հարցերը, որպէսզի յարաբերութիւններն աւելի բարգաւաճ ընթացք ունենան։

Հ.- Մօտիկ անցեալում «Հայաստան» հիմնադրամի նախագահն այցելեց Իրան. ի՞նչ տեղեկութիւն կարող էք տալ այդ մասին, մասնաճիւղ հիմնւե՞ց այնտեղ։
Պ.- Այո՛, «Հայաստան» հիմնադրամի տնօրէն Արա Վարդանեանն այցելեց Իրան, տեսակցութիւններ ունեցաւ պետական անձնաւորութիւնների, ինչպէս նաեւ՝ ազգային կազմակերպութիւնների ու նրանց ներկայացուցիչների հետ եւ նկատի առնելով մեր անցեալի փորձառութիւնը՝ որոշեցինք աշխատանքը շարունակել նոյն թափով։

Հ.- Կարո՞ղ էք որոշ լուսաբանութիւն տալ իրանահայ համայնքի կացութեան եւ աշխատանքի ոլորտների մասին։
Պ.- Անցեալում իրանահայ համայնքը ընդհանրապէս ճանաչւած էր որպէս մասնագէտների խմբաւորում՝ մեքենաների նորոգութեան եւ այլ արհեստների ոլորտներում. մտաւորական մակարդակով եւս կային մասնագէտներ, իսկ այսօր դիմագիծը որոշ չափով փոխւել է. ունենք հայեր, ովքեր աշխատում են աւելի տեխնիկ եւ ճարտարարւեստական ոլորտներում, ինչպիսիք են՝ «Յակոբեան» հագուստի հիմնարկը, որը բաւական հին եւ յայտնի հաստատութիւն է եւ դեռ շարունակում է աշխատել, «Զոհրաբ» հաստատութիւնը, որը հանրայայտ է դարձել կերպընկալի (պլաստիկ) մեքենաներ զարգացնելու մէջ եւ անցեալ տարի առաջնութիւն շահեց Իրանի տարածքով մէկ։ Պրոֆ. Կարապետեանը վաստակաւոր դասախօս է համալսարանում եւ էլեկտրականութեան ճարտարագիտութեան ամբիոնի նախագահը։

Հ.- Ի՞նչ ձեւով են ընթանում պատգամաւոր-համայնք յարաբերութիւնները։ Գրասենեակներ ունէ՞ք, ո՞ւր են գտնւում դրանք։
Պ.- Որպէս պատգամաւոր՝ կապս ուղղակի ժողովրդի հետ է։ Խորհրդարանում ունեմ իմ գրասենեակը, ուր աշխատում եմ առաւօտեան ժամը 8-ից մինչեւ կէսօրից յետոյ ժամը 3-ը։ 5 հայահոծ քաղաքամասերի եկեղեցիների գրասենեակները օգտագործում եմ որպէս թաղային գրասենեակներ, ուր հերթականօրէն այցելում եմ ժամը 3-ից յետոյ, իսկ շրջաններին այցելութիւն եմ տալիս ժամանակ առ ժամանակ։

Հ.- Որո՞նք են հայութեան գլխաւոր կենտոնները։
Պ.- Հիւսիսային Իրանի տարածքը ներառում է՝ Թեհրանը, Թաւրիզը, Ուրմիան, Սալմաստը, Ռաշտը, Սարին, Գորգանը, Մաշհադը։ Մաշհադը թէեւ մեծ մասամբ հայաթափւած է, սակայն այնտեղ ունենք ազգապատկան կալւածներ, հետեւաբար՝ պարբերական այցելութիւններ կատարելով՝ տիրութիւն ենք անում այդ կալւածներին։

Հ.- Մեր զրոյցի սկզբում յիշեցիք, թէ մասնագիտութեամբ մետաղագէտ էք. ինչպէ՞ս կամ ինչո՞ւ մտաք քաղաքական ասպարէզ։
Պ.- Փոքր տարիքից մասնակցել եւ անդամակցել եմ ազգային-հասարակական կազմակերպութիւններին, իսկ աւելի ուշ տասը տարի շարունակ անդամակցել եմ Հայ Դատի յանձնախմբին, որից յետոյ ընտրւել եմ թեմի Պատգամաւորական ժողովի անդամ եւ փոխատենապետ։ Այս բոլորը օգնել են, որ աշխատանքս ուղղեմ քաղաքական ասպարէզ։

Հ.- Մրցակիցներ ունէ՞ք, եւ ի՞նչ տոկոս են ներկայացնում։
Պ.- Ինչպէս ամէն տեղ, այնպէս էլ մեզ մօտ կան անձինք, օրինակի համար՝ նախկին համայնավարներ, ովքեր գործում են ազգային իշխանութեան դէմ, սակայն՝ բարեբախտաբար, նրանք կազմում են համայնքի հազիւ 15 տոկոսը։ Իրանի հայկական երեսուն գլխաւոր կազմակերպութիւններից 27-ը, որոնց թւում՝ «Արարատ», «Սիփան», «Նայիրի» եւ այլ միութիւններ, պաշտպանեցին իմ եւ Ռոբերտ Բեգլարեանի թեկնածութիւնը։

Հ.- Համայնքային եւ իրանեան տեսանկիւնից ի՞նչ դժւարութիւններ էք տեսնում։
Պ.- Այսօր մեր գլխաւոր հարցը գործազրկութիւնն է, իսկ իմ ծրագրերին կարող էք ծանօթանալ՝ այցելելով իմ կայքէջը, որի հասցէն է՝ www.gevorkvartanmp.ir

Հ.- Որպէս փոքրամասնութեան մաս կազմող համայնք՝ դժւարութիւններ կամ խնդիրներ ունէ՞ք, օրինակ՝ դպրոցներ փակելու մտավախութիւն…
Պ.- 50 տարի առաջ մեր համայնքը ներկայացնում էր բոլորովին այլ պատկեր. մենք ունէինք 300 հազարի հասնող համայնք. դժբախտաբար, այսօր պատկերը նոյնը չէ, պետական տւեալներով՝ այսօր մեր համայնքի թիւը հասել է մօտաւորապէս 100 հազարի. որոշ շրջաններ հայաթափւել են գաղթի կամ տեղափոխութեան պատճառներով, հետեւաբար՝ մենք պէտք է քայլ պահենք ժամանակի եւ կարիքների հետ, ուստի՝ որոշ շրջանների դպրոցները փակեցինք, սակայն, միւս կողմից, ինչպէս գիտէք, Արամ Վեհափառի ձեռամբ, կատարւեց մի նոր դպրոցի հիմնօրհնէք։

Հ.- Հայկական դպրոցների տնօրէնները հա՞յ են, իսկ հայերէն ուսուցանելու դժւարութիւն ունէ՞ք։
Պ.- Եթէ ենթական լրացնի տնօրէնութեան պայմանները, կարող է հայ լինել, թէեւ փոխտնօրէնները բոլորն էլ հայ են։ Դպրոցներում, ըստ տարիքի, հայոց լեզւի եւ կրօնի համար յատկացւել է շաբաթական 8-12 ժամ դասաւանդութիւն։

Հ.- ԱՄՆ-ն եւ Իրանը փորձում են նոր փուլի անցնել իրենց փոխյարաբերութեան մէջ. ի՞նչ է Ձեր կարծիքը՝ այդ մասին։
Պ.- Վերջին երեսուն տարիների ընթացքում ԱՄՆ-ն ու Իրանը թէեւ ուղղակի յարաբերութիւններ չեն ունեցել դիւանագիտական հարթակում, սակայն իրենց կապերը պահել են անուղղակի կերպով, մի բան, որը օգտակար չի հանդիսացել երկու երկրների համար։ Օբաման իր պաշտօնը ստանձնելուց յետոյ՝ յայտարարեց, որ կաշխատի վերահաստատել Իրան-Ամերիկա կապերը։ Իրանի նախագահը փոխադարձաբար յայտարարեց, որ Իրանը պատրաստ է ընդառաջել այդ քայլին, մանաւանդ երբ ԱՄՆ-ը բարեփոխում է իր միակողմանի քաղաքականութիւնը՝ Միջին Արեւելքի նկատմամբ:

Հ.- Վերջերս Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը շնորհաւորական եւ շնորհակալական նամակ յղեց Իրանի նախագահին. Իրանը հաւասարակշռւած քաղաքականութիւնը ինչպէ՞ս է պահում:
Պ.- Իրանը մշտապէս հաւասարակշռւած դիրքորոշում է որդեգրել Արցախի հարցի վերաբերեալ։ Ադրբեջանը ցանկութիւններ ունի, որոնք չի բացայայտում, սակայն յաճախ անդրադառնում է դրանց. օրինակ՝ վերջերս Ադրբեջանի նախագահը յայտարարել էր. «Իմ նախագահութեան շրջանում քայլերի կը դիմեմ եւ մօտ ապագայում կը տեսնէք դրանց արդիւնքը»։ Այս արտայայտութիւնը բողոքի ալիք բարձրացրեց Իրանում, քանզի Իրանը համաձայն է, որ Ղարաբաղի հարցը լուծւի խաղաղ միջոցներով եւ Իրանը չի ուզում, որ վտանգւի իր տարածքային ամբողջականութիւնը:

Հ.- Եզրափակելու համար՝ ի՞նչ էք ուզում յայտնել մեր ընթերցողներին։
Պ.- Ուզում եմ յստակացնել, որ արտագաղթի հոսքը այսօր նւազել է Իրանում, բայց չի դադարել, ինչը մտահոգիչ երեւոյթ է համարւում մեզ համար։ Այդ հոսքը գլխաւորաբար տեղի է ունենում անձնական եւ աշխատանքային պատճառներով, իսկ պետութիւնը օժանդակում է մեզ, որպէսզի կարողանանք կանխել այս հարցը։ Իրանահայ համայնքը կենսունակ է եւ աշխոյժ։ Հայաստանի Հանրապետութեան հետ հասարակական եւ մշակութային փոխանակումներ կատարելով՝ փորձում ենք աւելի աշխուժացնել այն։ Իսկ գալով մեր պատմական եւ մշակութային կոթողների պահպանմանը՝ պէտք է ասեմ, որ դրանց ճակատագիրը բոլորովին տարբեր է, պետութիւնը բիւջէ է տրամադրում եւ գումարներ է ծախսում, որպէսզի պահպանւեն եւ վերանորոգւեն այդ պատմական կոթողները։



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ