ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Friday, June 5, 2009 13:38 - 2 քննարկում

Երկիր Նաիրի

Կանգուն ես այսօր, չքնաղ Նաիրի, արյամբ քաջերիդ,
Արորդիներիդ ինքնապաշտպանման բնազդին ի պարտ,
Ու ծունկի չես գա դու թրերի տակ բյուր ոսոխներիդ,
Մի նոր սերունդ է քեզ պաշտպանելու խելառ ու հպարտ:
Ով որ կարող է, թող հպարտանա, թե երկնքում իր
Անգղներ չկան պիղծ ու գիշակեր. ունես դրանցից,
Չեն հաղթելու քեզ սակայն անգղերը, արևի երկիր,
Արծիվները քո դեռ սավառնում են լազուրում անբիծ:
Ու դեռ ապրում է հանուն քո կյանքի ոգին վարդանանց,
Ասուպի նման լուսավորելով ուղիդ դեպ հավերժ,
Հայկի նետերը չե՛ն վերջացել դեռ կապարճում հարանց,
Ու վայր կնետեն ոսոխ բելերին նրանք գահավեժ:
Սակայն, բելերին ի համակշիռ, քո ներսում, երկիր
Առնետներ էլ կան, չնայած մանր, սակայն վարակիչ,
Չներես նրանց, դու նախ նրանցի՛ց ինքդ քեզ փրկիր,
Տուր արծիվներիդ հրաման՝ սրբել քեզ այդ վարակից:
Իմ չքնաղ երկիր, քոնն է ապագան, կերտիր այն հմուտ՝
Սեգ սարերիդ պես անկրկընելի, խրոխտ, սլացիկ,
Ցնծություն ու խինդ թող առավոտից մինչև մայրամուտ
Անբաժան լինեն քո մանուկների դեմքից գեղեցիկ:
Կանցնեն տարիներ, հազարամյակներ կանցնեն այս օրից,
Տիեզերքով դեռ անգղեր, առնետներ կանցնեն անհամար
Արծիվ որդիքդ, Երկիր Նաիրի, կծնվեն նորից՝
Մի ազատ, հզոր, ուրախ հայրենիք կերտելու համար
––––
Եկվոր


2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

HRAYR
Jun 6, 2009 21:39