ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ neyronix. Wednesday, April 29, 2009 11:00 - 4 քննարկում
Բաթումի պայմանագիր, 4 հունիսի, 1918թ.
ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
Բաթում, 4 հունիսի,1918թ. Օսմանյան կայսերական կառավարությունը՝ մի կողմից և իրեն անկախ հռչակած Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ մյուս կողմից, փոխադարձաբար համաձայնվելով երկու կողմերի միջև հաստատել բարեկամական, բարիդրացիական հարաբերություններ՝ քաղաքական, իրավաբանական, տնտեսական և մտավոր բնագավառներում, իրենց լիազորներ նշանակեցին հետևյալ անձնավորություններին.
Օսմանյան կայսրությունը
Դեպուտատ արդարադատության մինիստր և պետական խորհրդի նախագահ, Նորին գերազանցության Խալիլ բեյին՝ առաջին պատվիրակ, և Կովկասյան ռազմաճակատի օսմանյան զորքերի գլխավոր հրամանատար, Նորին գերազանցություն գեներալ-լեյտենանտ Վեհիբ Մահմեդ փաշային՝ ռազմական պատվիրակ:
Հայկական հանրապետությունը
Պարոն Ալեքսանդր Խատիսովին՝ պատվիրակության նախագահ.
Պարոն Ռուբեն Քաջազնուն՝ պատվիրակ:
Պարոն Միքայել Պապաջանովին՝ պատվիրակ:
Սույն անձինք, ծանոթանալով երկու կողմերի լիազորություններին և գտնելով դրանք ըստ պատշաճի, համաձայնվեցին հետևյալ դրույթների վերաբերյալ:
Հոդված I
Օսմանյան կայսերական կառավարության և հայկական հանրապետության կառավարության միջև հաստատվում են հաշտություն ու մշտական բարեկամություն:
Հոդված II
Ներքոհիշյալ ուղղությունն ունեցող սահմանագիծը բաժանում է Օսմանյան կայսրությունը Վրաստանի Հանրապետությունից, Հայաստանի Հանրապետությունից և Ադրբեջանի Հանրապետությունից:
Հոդված III
Հայկական Հանրապետության կառավարության և Ադրբեջանի Հանրապետության կառավարության միջև կնքված, նրանց փոխադարձ սահմանների որոշմանը վերաբերող համաձայնագիրը կհաջողվի Օսմանյան կայսերական կառավարությանը:
Հոդված IV
Օսմանյան կայսերական կառավարությունը պարտավորվում է զենքի ուժով օգնություն ցույց տալ Հայկական Հանրապետության կառավարությանը այն դեպքում, եթե վերջինս այդ օգնությունը կխնդրի նրանից՝ երկրում կարգն ու հանգստությունն ապահովելու համար:
Հոդված V
Հայկական Հանրապետության կառավարությունը պարտավորվում է գործուն կերպով հակազդել, որպեսզի ոչ մի բանդա չկազմավորվի և չզինվի իր տերիտորիայի սահմաններում, ինչպես և զինաթափել ու ցրել բոլոր բանդաները, որոնք կփորձեն թաքնվել այնտեղ:
Հոդված VII
Պայմանավորվող կողմերը պարտավորվում են փոխադարձաբար թույլ տալ ամեն հնարավոր թեթևացում երկաթուղային տրանսպորտի նկատմամբ, սահմանելով ու կիրառելով իջեցված տարիֆներ:
Մասնավորապես, երկաթուղիների կառուցման, շահագործման ու պահպանման, կամ այլ ամեն տեսակի հասարակական աշխատանքների համար անհրաժեշտ նյութերի տեղափոխման նկատմամբ կկիրառվեն հատուկ իջեցված տարիֆներ:
Հոդված XI
Հայկական Հանրապետության կառավարությունը պարտավորվում է գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի սույն պայմանագրի ստորագրումից հետո Բաքու քաղաքից անհապաղ էվակուացվեն այնտեղ գտնվող բոլոր հայկական զինվորական ուժերը, ինչպես և ապահովել, որ այդ էվակուացումը առիթ չտա որևէ ընդհարման:
Հոդված XII
Բրեստ-Լիտովսկում Օսմանայան կայսրության ու նրա դաշնակիցների և Ռուսաստանի միջև կնքված հաշտության ընդհանուր և լրացուցիչ պայմանագրերի դրույթները, որքանով որ դրանք չեն հակասում ներկա պայմանագրին, ուժի մեջ են պայմանավորվող կողմերի համար:
Հոդված XIII
Սույն պայմանագրով որոշվող տերիտորիաների սահմաններից դուրս գտնվող զորքերը կէվակուացվեն պայմանագրի կնքումից հետո:
Հոդված XIV
Սույն պայմանագիրը կվավերացվի և վավերացված օրինակների փոխանակումը կկատարվի Կ.Պոլսում, մեկ ամսվա ընթացքում կամ ավելի վաղ, եթե դա հնարավոր կլինի: Այն ուժի մեջ կմտնի փոխանակման օրից:
Ի հաստատումն սրա՝ լիազորված անձինք ստորագրեցին հաշտության ու բարեկամության սույն պայմանագիրը և դրեցին իրենց կնիքները:
Ստորագրեցին՝ Խալիլ Ա. Խատիսով
Վահիբ Ռ. Քաջազնունի
Մ. Պապաջանով