Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, April 21, 2009 3:41 - 5 քննարկում

Սերունդ փչացնող հայկական հեռուստակայանները՝ քացու տակ

ԵԹԵՐԱ… ՉՏԵՍՈՒԹՅՈՒՆ. «ՀԶՈՐ» ՏՂԵՐՔՆ ՈՒ «ԱԽՃԻԿՆԵՐԸ» ՀՈՇՈՏՈՒՄ ԵՆ ՀԱՅԵՐԵՆԸ

  • article's photo

    Ամենեւին էլ չափազանցություն չէ այն դիտարկումը, որ Հայաստանում եթեր հեռարձակվող հեռուստաընկերություններն ուղղակի տնաքանդիչ գործունեությամբ են զբաղված։ Եւ խոսքը միայն ճապաղ ու անբովանդակ սերիալների մասին չէ։ Ավելի ճիշտ, եթերը զավթած սերիալները ողբերգության մի հատվածն են։Իսկ որպեսզի հեռուստաթշվառության պատկերն ամբողջական դառնա, արժե հպանցիկ դիտարկել նաեւ, այսպես կոչված, ժամանցային, զվարճալի ու երաժշտական բնույթի հաղորդումները եւ, իհարկե, գովազդային հոլովակները։ Դրանք եւս առատորեն հորդում են հեռուստաէկրաններից։

    Կա այդպիսի հեռուստաընկերություն՝ «Դար 21», որը երաժշտական ուղղվածություն ունի, այսինքն՝ այդ ալիքով գրեթե ամբողջ օրը հեռարձակվում են զանազան տեսահոլովակներ, հիմնականում, այսպես կոչված, «ժամանակակից» ու թեթեւ ոճի ստեղծագործություններ։ Միգուցե նաեւ այդ պատճառով «Դար 21»-ի հեռուստալսարանը հիմնականում պատանիներն ու պարմանուհիներն են, երիտասարդ տղաներն ու աղջիկները։ Սա, կարելի է ասել, «երիտասարդական ալիք» է։

    Չէ, ես հասկանում եմ, անշուշտ, որ նման ալիքով փիլիսոփայական խոհեր չես ունկնդրի, բայց մարդիկ, ովքեր հայտնվում են հեռուստաէկրաններին, գոնե պե՞տք է հայերենին տիրապետեն։ Իսկ ի՞նչ են խոսում եւ ինչերե՞ն։

    Ահավասիկ մի թարմ նմուշ։ Օրերս հենց այնպես ալիքներն էի «թերթում» ու, միանգամայն պատահաբար, կանգ առա «Դար 21»-ի վրա։ Չգիտեմ, հաղորդավարուհու «Ես նոր եմ արթնացել» սանրվա՞ծքն էր պատճառը, թե՞ նրա ընտիր հայերենը՝ «ավելՆորդ», «գուՅնավոր»։ Սակայն դա դեռ ամենը չէ։

    Հաղորդավարուհու խոսքն ուղղակի ցնցող էր, եթե, իհարկե, դա կարելի է խոսք համարել։ Անվեջ շաղակրատող հեռուստաաստղը վերլուծում էր տեսահոլովակներն ու դա անում էր ինչ-որ օտար լեզվով։ Այսպես. «Երեք յուրովի գեղեցիկ աղջիկներ, որոնք շատ ճիշտ էին օգտագործված տեսահոլովակում, ճիշտ աշխատած էր իրենց վրա, եւ ամենակարեւորը՝ դրանք (!!!-Ա.Հ.) շատ համահունչ էին երաժշտության հետ, կադրերը ամենակարեւորը։ Եւ տեսահոլովակը դիտելուց դիսկոմֆորտ (նա արտասանեց՝ ձիսկամֆորտ- Ա.Հ.) չի առաջանում քեզ մոտ, որ այ էս պահին դու կուզեիր լրիվ ուրիշ կադրեր տեսնեիր, երբ որ աչքերդ փակես, դու ուրիշ պատկեր կտեսնես, էստեղ հենց այն է, ինչ որ աչքերդ կփակես, դրա հետ էլ կբախվես»։

    Սա ո՞ր լեզվով է։ Ոչ մի։

    Ի լրումն, հաղորդման վերջնամասում տեղեկացանք «Իմ վրա մի փոքր նինջ եկավ։ Ես արդեն բարի եմ, արդեն ոչինչ չեմ կարող ասել»։ Ուր էր, թե նա ի սկզբանե անխռով ննջեր, ու ոչինչ չասեր։

    Լավ, Աստված այդ եւ նրա նման բազմաթիվ այլ հեռուստահաղորդավարների ու վարուհիների հետ։ Ողբերգությունն այն է, որ հեռուստաէկրանների այս կողմում հիմնականում արթուն երիտասարդներն են։ Ու նրանք սովորում են՝ «հայերեն»։ Ու այդպես էլ սկսում են խոսել, չէ՞ որ ընդօրինակման սարքը հենց այդպես ու այդ է մտցնում նրանց գլուխը։

    Իբր «հայկո-մկոիզմները»՝ «տեսնցվցվել», «մեգաՊԻՍկել», «հզոր ա» ու նման բաները քիչ էին, հիմա էլ հոլովակագետներն են վրա տվել։ Մի՞թե զարմանալի է, որ այդքանից հետո, մեկ այլ ալիքով հեռարձակվող «ռեյծինգային» նման հաղորդման ժամանակ պատանի հեռուստադիտողներից մեկը գրել էր, թե՝ «բարեւ սաղ սիրուն աԽՃիկներին»…

    Լեզվի տեսչությունը թերեւս նույնպես ննջած է ու բարի։ Կամ՝ ուղղակի հոգնել են, թափ են տվել ձեռքներն ու. ինչ ուզում է, թող լինի։ Եւ լինում է։ Հնարավոր է, որ լեզվի տեսչությունը հարցը թողել է հեռուստաընկերությունների ղեկավարների խղճին։ Բայց դա էլ է անհույս տարբերակ, քանզի այդ մարդիկ ունեն միայն գրպան, իսկ խիղճ, ո՞նց ասեմ, չունեն։

    Ապացո՞ւյց։ Խնդրեմ։ Ազդեցության, հատկապես՝ երեխաների գիտակցության վրա ազդելու առումով թերեւս առաջին տեղում գովազդային հոլովակներն են։ Իսկ ի՞նչ են ցույց տալիս հայրենական գովազդով։ Հոլովակներից շատերի սյուժեն գրեթե նույնական է, իսկ ամենից հաճախ կրկնվող գովազդային «պատմությունը»… գողությունն է։ Այսինքն՝ գովազդվող ապրանքը, իրը պետք է գողանալ, թռցնել, փախցնել։ «Կեցցե գողությունը։ Գողությունը լավ բան է»։ Ըստ էության, այդ է քարոզվում։

    Մեկ այլ օրինակ, ի դեպ, էլի «Դար 21»-ի երեկվա հեռուստաեթերից։ Ինչ-որ հաղորդում էր, որի ժամանակ կարող էին հեռուստադիտողները զանգահարել եւ ողջունել որեւէ մեկին։ Հետաքրքիր է, որ շատերը ողջունում էին իրենց դասընկերներին (դե իհարկե, չէ՞ որ այնքան հազվադեպ են հանդիպում)։

    Ինչեւէ։ Զանգահարեց մի 9-րդ դասարանցի աղջիկ։ Հեռուստահաղորդավարուհին պարզեց, որ այդ աղջիկը կցանկանար նկարահանվել իր պաշտելի երգչի տեսահոլովակում։ Ու այդ հաղորդավարուհին հարցնում է.

    -Կցուցադրեի՞ր աչքերդ ու ոտքերդ։

    -Ոչ, միայն աչքերս…

    -Իսկ ինչո՞ւ, ինչո՞ւ ես այդքան ժլատ։

    Հասկացա՞ք, եթե 14-15 տարեկան աղջնակը չի ցանկանում «ոտքերը ցուցադրել», նա ժլատ է։ Ափսոս միայն, որ հաղորդավարուհին ինքն էլ ժլատ դուրս եկավ. չցուցադրեց իր ոտքերն ու, ընդհանրապես։

    Սիրելի ծնողներ, մի՛ վստահեք հեռուստաընկերություններին։ Հատկապես՝ հայկական։ Ավելի ճիշտ՝ ՀԱԿԱ-հայկական։ Այսինքն՝ երբ ձեր երեխաները խաղաղ նստած են հեռուստացույցի առջեւ, իմացեք՝ նրանց ուղղակի հիմարացնում են, ու ոչ միայն։

    Այդ չարիքից առայժմ մեկ ելք կա՝ ուղղակի անջատեք հեռուստացույցը, քանի դեռ չի «միացել» հեռուստաընկերությունների տերերի գիտակցությունը։

  • ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ


5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Арам
Apr 22, 2009 11:22