ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Friday, April 17, 2009 4:56 - 8 քննարկում

ՀԱՅ ԱՌԱՋԱԴԵՄ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԿԵՂԾԱՐԱՐՆԵՐԻՆ

  • Բոլորին հայտնի է, որ Միացյալ Նահանգներում ամերիկահայ ուսանողները պահանջում են շրջանառությունից հանել՝ The Armenian People from Ancient to Modern Times հակագիտական եւ հակահայկական դասագիրքը, որը լի է անգրագիտություններով եւ զեղծարարություններով: Համացանցում տեղադրված բողոք-պահանջը, շատ կարճ ժամանակում, արդեն ստորագրել են մոտ երկու հազար մարդ, որոնք արձանագրել են իրենց անուն ազգանունը, կայքէջի հասցեն, շատերը նույնիսկ մի քանի տողով հայտնել են իրենց վերաբերմունքը վերոնշյալ դասագրքի եւ ԱՄՆ-ի կեղծ հայագիտական դպրոցի ներկայացուցիչների վերաբերյալ (տես՝ www.gopetition.com/online/24480.html):

    «Ազգ» օրաթերթում` 2009 թվականի մարտի 31-ի համարում տեղադրված է մի ուշացած հաղորդագրություն, որ «Ամերիկայի համահայկական ուսանողական ասոցիացիան» դատապարտել է՝ «ուսանողների անհայտ մի խմբի համաձայնեցված ջանքերը արատավորելու ինչպես հայագիտական ամբիոնների, այնպես էլ նրանցում գործող պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքները»: Որեւէ մեկը Միացյալ Նահանգներում շատ լավ գիտի, որ «Ամերիկայի համահայկական ուսանողական ասոցիացիան» փոքրիկ խմբակներից կազմված ձեւական կազմակերպություն է, որն ունի «համահայկական» անունը միայն: Նա չի ներկայացնում ամերիկահայ բազմահազար ուսանողությանը եւ հիմնականում ուղղորդվում է կեղծ հայագիտական դպրոցի պրոֆեսուրայի կողմից: Միայն մեկ օրինակ: Գլենդեյլի հանրային քոլեջում սովորում են մոտ երեք հազար հայ ուսանողներ, որոնց մեծ մասը նույնիսկ տեղյակ չէ, որ նույն քոլեջում կա 10-15 հոգուց բաղկացած «Գլենդեյլ քոլեջի հայ ուսանողական միություն»: Ավելին, «Ամերիկայի համահայկական ուսանողական ասոցիացիան» հայտարարություն է արել փետրվարի 22-ին (տես՝ «Ասպարեզ» օրաթերթ, մարտի 4, 2009 թ.), որի տակ կա «Գլենդեյլի հանրային քոլեջի հայ ուսանողական միության» անունը, որն այդ նույն դիմումը քննարկել է միայն չորս օր հետո՝ ամսի 26-ին: Մեր անդամներից երկուսը նույնպես այս քոլեջի հայ ուսանողների միության անդամներ են, եւ այս տեղեկությունը փաստված է: Ահա եւ ձեզ զեղծարարության մի նոր փորձ, որը մեզանում ծիծաղի առարկա է դարձել:

    Մեզ համար նորություն չէ, որ ԱՄՆ-ի կեղծ հայագիտական դպրոցի ներկայացուցիչները ջանքեր չեն խնայում իրենց խայտառակ գոյությունը հիմնավորելու համար: Սակայն ծիծաղելի են նրանց մեթոդները: Նրանք կարծես օգտագործելով աճպարար Դեյվիդ Կոպերֆիլդի հնարքները, որը հանդիսատեսի աչքի առաջ տարբեր իրեր է չքացնում, փորձում են մեզ ներկայացնել որպես «անհայտ մի խումբ»: Նրանք նույնիսկ Լոս Անջելեսի հասարակական մշակութային վեց կազմակերպությունների կողմից Գլենդեյլի հանրային գրադարանի դահլիճում կազմակերպված «Լոս Անջելեսի հայ մտավորականության պաշտպանությունը ուսանողների ստորագրահավաքին» խորագրով համաժողովն են փորձում «չքացնել»: Մի բան, որ նույնիսկ Կոպերֆիլդը չէր համարձակվի անել, քանի որ դրա մասին տեղեկատվությունը Հ1 հեռուստատեսությունը սփռեց աշխարհով մեկ, ողջ հայության համար:

    Մեր՝ «Հայ առաջադեմ ուսանողական միության» կայքէջը գործում է փետրվար ամսից (տես՝ apsu11.wordpress.com): Մեր միությունն ունի 74 ակտիվ անդամ, 353 սատարող անդամ, իսկ գլխավոր խորհուրդը բաղկացած է 11 հոգուց: Ավելացնեմ նաեւ, որ մեր միություն ընդունվելու դիմումների քանակն այսօրվա դրությամբ անցնում է 160-ից: Վերջին մեկուկես ամսվա ընթացքում մեզ հետ նամակագրական կապի մեջ է ՀՀ սփյուռքի նախարարությունը, մարտի 18-ին մեր պատվիրակությանն ընդունել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը, իսկ մարտի 26-ին Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն է ցանկություն հայտնել ու այցելել մեր գրասենյակ: Փաստե՞ր. խնդրեմ, կա մեր կայքէջը, կան նկարները: Եվ բոլորը համամիտ են մեզ հետ, այնպես որ թող չփորձեն մեզ հետ Դեյվիդ Կոպերֆիլդ խաղալ՝ չի՛ ստացվի:

    Հայոց պատմության եւ մշակույթի կեղծարարներն ու նրանց խամաճիկները նույն «կոպերֆիլդյան չքացման մեթոդը» օգտագործում են տարբեր առումներով: Գրում են թե՝ «Պատմությունը պետք է քննարկեն հեղինակավոր պատմաբանները ակադեմիական շրջանակներում»: Այսինքն, փորձում են «չքացնել» իրենց հասցեին ուղղված հայաստանյան հեղինակավոր պատմաբանների 12 տարվա քննադատությունները, հոդվածները (ակադեմիկոս Ա. Զուլալյան, պրոֆեսորներ՝ Ա. Պետրոսյան, Ա. Այվազյան, Հ. Սիմոնյան եւ այլք): Մոռանում են, որ Երեւանի պետական համալսարանի պատմության ամբիոնը 2001 թվականի դեկտեմբերի 19-ին ունի որոշում կեղծ հայագիտության դեմ, որը տպվել է հե՛նց «Ազգ» օրաթերթում (08.01.2002): Եվ ամենակարեւորը. մեզ շատ է հետաքրքրում, թե այս զեղծարարները The Armenian People from Ancient to Modern Times դասագրքից ինչպիսի՞ «ֆոկուսով» են «չքացնելու» հարյուրից ավելի իրենց արտառոց անգրագիտությունները, որ մյուսները չտեսնեն: Մեզ համոզելո՞ւ են, որ հայ առաջին տպագիր գիրքը հրատարակվել է ոչ թե 1512 թվին Վենետիկում, այլ 1660 թվականին Հոլանդիայո՞ւմ (հատոր II, էջ 432), համոզելո՞ւ են, որ Էրեբունու հիմնադիրը Արգիշտի առաջինի փոխարեն Արգիշտի Երկրո՞րդն է (հատոր I, Ջ. Ռասսել, էջ 27), թե՞ փորձելու են ապացուցել, որ հայերը եկվորներ են իրենց իսկ հայրենիքում (հատոր I, Ջ. Ռասսել, էջ 23-24), իսկ միջնադարյան հայ պոեզիան սելջուկ-թուրքական ազդեցությունների կրկնություն է (հատոր I, Պիթր Քաուի, էջ 295):

  • ՀԱՅ ԱՌԱՋԱԴԵՄ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ, Անի Ղազարյան, քարտուղար


8 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Sargis A.
Apr 17, 2009 16:05