Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Thursday, April 9, 2009 12:07 - չքննարկված

ՊԱԽԱՆԱԹԻ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ

ՊԱԽԱՆԱԹԻ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ

  • article's photo

    Մենք հաճախ եւ իրավամբ զայրանում ենք լկտի ու հաբռգած թափթփուկի պահվածքից, որն արդեն օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ սպանում է, կրակում, ծեծում, մեքենաներ հրկիզում։ Սակայն այսօրվա թափթփուկն ընդամենը ածանցյալ է, անխուսափելի ուղեկցող արդյունք հետխորհրդային ողջ տարածքում ձեւավորված պետական մոդելի, որը պայմանականորեն կարելի է անվանել «Պախանաթ»։ Ընդգծում ենք, մոդելն այդ բնավ հայաստանյան հայտնագործություն չէ, այլ պատմականորեն բնորոշ է հետխորհրդային բոլոր երկրներին։Ամեն ինչ սկսվեց դեռեւս 30-ական թվականներին՝ խորհրդային ճամբարներում։ Ստալինի օրոք երկրի գրեթե կեսն անցավ ճամբարային Պախանաթի համակարգի միջով, սեփական մաշկի վրա ծանոթացավ նրա օրենքներին եւ ներծծվեց դրա ոգով։ Խրուշչովի օրոք նախկին կալանավորները այդ ոգին, այդ գիտությունը բերեցին սովորական կյանք։

    Համաձայն այդ գիտության, այդ բարոյականության, կաշառքը չէր համարվում կաշառք, ծեծուջարդը՝ ծեծուջարդ, ավելի ճիշտ՝ ե՛ւ կաշառքը, ե՛ւ ծեծուջարդը համարվում էին միանգամայն բնական երեւույթ, քանզի Պախանաթի էթիկան հիմնված է հենց կաշառքի եւ ծեծուջարդի վրա։

    Ճամբարային բարքերը, ինչպես պարզվեց, գլխավոր հարցում այնքան էլ չէին տարբերվում ազատության մեջ տիրող բարքերից, ուստի Պախանաթը զարմանալիորեն արագ ու ճարպկորեն հարմարվեց խորհրդային իշխանությանը։ Համակեցության մեջ մտավ նրա հետ։

    Դարձավ երկրորդ, պաշտոնականին զուգահեռ իշխանական ու տնտեսական համակարգը։ Ընկնելով բարենպաստ միջավայր, Պախանաթը ծավալվում էր, ուժ հավաքում, հավաքագրում նոր կադրեր։

    Պետական իշխանության կառուցվածքում առաջացան մեխանիզմներ, որոնք սատարում էին քրեական Պախանաթին, զարգացնում այն ու աճեցնում։ Այն թվում էր բնավ ոչ վտանգավոր, կառավարելի, հարմար, ասենք, ըստ էության, հենց այդպես էր որ կար, քանզի մեծ Պախանաթը կառավարում էր նույն օրենքներով ապրող փոքրին։ Կուսակցական եւ քրեական համակարգերը, չնայած արտաքին ահռելի տարբերություններին, համընկնում էին գլխավորի՝ անձի, մարդկային արժանապատվության հանդեպ բացարձակ քամահրանքի, սեփականության նկատմամբ հարգանքի իսպառ բացակայության մեջ։

    Կային քաղաքային մասշտաբի պախաններ, շրջանային, խանութային եւ միլիցիոներական պախաններ, շինարարական, երկաթուղային, մինիստրությունների, ակադեմիական, թատերական եւ այլն։

    Իսկ այժմ անցում կատարենք մեր ժամանակներ՝ հհշական դարաշրջանի վրայով։ Թեեւ մի քանի խոսք այդ երանելի տարիների մասին ասել կարելի է։

    Հենց այն ժամանակ, երբ մենք հույս ունեինք, որ Հայաստանում ի հայտ կգա ժողովրդավարական պետություն եւ թեկուզեւ դաժան, բայց բոլորի համար պարտադիր օրենքի վրա հիմնված իսկապես շուկայական տնտեսություն, բեմահարթակ դուրս եկավ Պախանաթը՝ իր սեփական օրենքներով։ Այն հասունացավ՝ իշխանությունը վերցնելու (եւ ոչ միայն տնտեսական) եւ կուսակցական պետությանը պատկանող սեփականությունը զավթելու համար։

    Պախանաթի օրենքներով անցկացվեց վաուչերային սեփականաշնորհումը, կազմակերպվեցին աճուրդները։ «Փոքր պախանները» դարձան մեծ ու ամենազոր, նախկին «մեծ պախանը»՝ կուսակցությունը, հեռացավ պատմական ասպարեզից։ Կրտսեր եղբայրը կուլ տվեց ավագին։

    ՀՀՇ-ն պախանային միջավայրում գործող տիպիկ պախանային կազմակերպություն էր։ Ամեն ինչ այնպես էր կառուցված, որ Պախանաթի իշխանությանը ոչինչ չսպառնա։ Պախանաթը ղեկավարում էր երկրի ողջ կյանքը, ըստ որում՝ խելամտորեն մնալով ստվերում։ Նա այնուամենայնիվ բուն պետությունը չէր։ Դա պետություն էր՝ պետության ներսում։

    Պախանաթը ողջ է առ այսօր եւ նրան ոչինչ չի եղել։ Պախաններից շատերի անունները մշտապես լսում ենք, բայց նրանք բնավ ամենակարեւոր կերպարները չեն։ Ամենակարեւոր անձանց անունները մենք չգիտենք։ Իսկական պարագլուխները ջանադրաբար խուսափում են հրապարակայնությունից։ Նրանք ապակենտրոնացած են երկրով մեկ։ Ընդհանրապես Պախանաթը ապակենտրոն համակարգ է։ Դրա շնորհիվ ներկա է ամենուր եւ ամենուր կարող է գործել պետական մարմինների միջոցով։

    Պախանաթի համար են աշխատում խելացի, կրթված մարդիկ, որոնք բանտերում չեն նստել, դատվածություն չունեն եւ հաճախ իրենք էլ չեն պատկերացնում, թե հատկապես ում համար են աշխատում։

    Այժմ մենք լիակատար իրավունքով կարող ենք ասել, որ Պախանաթը, առանց չնչին իսկ չափազանցության, մերօրյա մեծագույն ինովացիոն համակարգն է։ Դա չափազանց արդյունավետ ցանցային կառույց է։ Այն ոչնչացնելն անասելի դժվար է, գրեթե անհնար։ Դրա համար էլ հարցը, թե ինչպես պայքարել հանցավորության դեմ, մեզանում առայժմ մնում է անպատասխան։

    Եւ ոչ վերջին հերթին այն պատճառով, որ երկիրն այլասերված է Պախանաթի կողմից, որ կոռուպցիան ժողովրդի գիտակցության մեջ դարձել է սովորական երեւույթ, որ մենք չենք պատկերացնում կյանքն առանց կամայականությունների, ծեծուջարդի, կաշառքի, երկակի հաշվապահության։ Վաստակը թաքցնելով ու հարկ չվճարելով պետությանը խաբելը սովորական բան է։ Կաշառք տալիս են գրեթե բոլոր քաղաքացիները, իսկ գրեթե բոլոր պաշտոնատար անձինք ընդունում են «ընծաները», եւ այդ արատավոր շրջանը գրեթե անհնար է պատռել։

    Ուրեմն՝ մեր վիճակը բացարձակապես անհուսալի՞ է։ Այո, այնքան ժամանակ, քանի դեռ տեղի չի ունեցել իրավիճակի զանգվածային գիտակցում։ Եթե ամբողջ ազգը գիտակցի, որ սխալ է ապրում, ապա այդ գիտակցումը կդառնա հզոր ուժ։ Երբ երկիրը որոշի դուրս պրծնել Պախանաթի տիրապետությունից, ապա կգտնի, թե ինչպես դա անել։

    Իսկ լկտի ու հաբռգած թափթփուկ կա ամենուր։ Խնդիրը լոկ այն է, թե ինչպես է պետությունը վերաբերվում հասարակության այդ հատվածին։ Ինչ է նրան թույլ տալիս։ Ինչպես է օգտագործում։ Տեղն է դնում արդյոք պետությունը թափթփուկին. եւ հատկապես որ տեղն է դնում։

  • ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ


Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ