ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, April 8, 2009 3:04 - 2 քննարկում

ՆԱԽԱԳԱՀ ՕԲԱՄԱՅԻ ԵԼՈՒՅԹԸ ՀԱՇՎԵՆԿԱՏ ԷՐ, ՀԱՄՈԶԻՉ, ՏՊԱՎՈՐԻՉ, ՆԱԵՎ՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՌՈՒՄՈՎ

ՆԱԽԱԳԱՀ ՕԲԱՄԱՅԻ ԵԼՈՒՅԹԸ ՀԱՇՎԵՆԿԱՏ ԷՐ, ՀԱՄՈԶԻՉ, ՏՊԱՎՈՐԻՉ, ՆԱԵՎ՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՌՈՒՄՈՎ

  • article's photo

    Շնորհիվ նախագահ Բարաք Օբամայի Թուրքիա կատարած պատմական այցի, վերջին ամիսներին թուրքական մամուլում անընդմեջ վերարծարծվող Հայոց ցեղասպանության հարցը վերստին հայտնվեց պաշտոնական Անկարայի օրակարգում: Թերեւս այդ առումով պատահական չէ, որ թուրքական թերթերն այցը լուսաբանելիս առաջնահերթ նշանակությամբ անդրադառնում են ցեղասպանության հարցին: Այսպիսով դա առանցքային է դառնում եւ դրա ստվերի տակ են մնում ԱՄՆ նախագահի այցի մյուս մանրամասները:Այս ամենն անմիջականորեն պայմանավորված է ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահների համատեղ ասուլիսով, ինչպես նաեւ Թուրքիայի ազգային մեծ ժողովում՝ Մեջլիսում նախագահ Օբամայի ելույթով: Նախապես 35 րոպե ծրագրված Օբամա-Գյուլ հանդիպումը տեւել է ավելի քան 80 րոպե, իսկ մամուլի համատեղ ասուլիսում բացի Հայոց ցեղասպանության հարցից, ընդամենն արծարծվել է PKK-ի խնդիրը, որին թուրքական թերթերը նույնիսկ հարկ չհամարեցին անդրադառնալ:

    Ինչ վերաբերում է Մեջլիսում նախագահ Օբամայի ելույթին, ապա դա տեւել է 26 րոպե, որի ընթացքում նա, «Միլլիեթի» հեղինակ Հասան Ջեմալի դիպուկ արտահայտությամբ. «Ե՛վ նալին է խփել, ե՛ւ մեխին»: Այս հանգամանքը, սակայն, չի խանգարել, որ նախագահ Օբամայի ելույթը հարցերի բազմազանությամբ լինի ընդգրկուն, նաեւ՝ տպավորիչ: Բարաք Օբաման ելույթում Թուրքիան համարել է ԱՄՆ-ի կարեւոր դաշնակիցը, իսկ թուրք-ամերիկյան հարաբերությունները՝ օրինակելի այլ երկրների համար, անդրադարձել է միջինարեւելյան խաղաղ կարգավորման գործընթացին, հանգեցնելով գործընթացը Պաղեստինի անկախ պետականության ստեղծմանը, ինչպես նաեւ Իրանի միջուկային ծրագրին, ջերմ ազդանշաններ է հաղորդել իսլամական աշխարհին, թե ԱՄՆ-ն երբեւէ պատերազմի մեջ չի եղել ու չի լինի իսլամի հետ, PKK-ն նույնացրել է «Ալ Ղաիդային», բարձրացրել է Հյուսիսային Իրաքի Քուրդիստան շրջանի ղեկավարների հետ Թուրքիայի համագործակցության անհրաժեշտությունը, արծարծել է քրդական հարցը, ինչպես նաեւ Թուրքիայում մամուլի ազատության եւ ազգային փոքրամասնությունների խնդիրները, ընդգծել է Կիպրոսի հիմնահարցի կարգավորման եւ Ստամբուլի հույն հոգեւոր ճեմարանի վերաբացման անհրաժեշտությունը, եւ վերջապես Հայոց ցեղասպանության հարցի շրջանակներում անհրաժեշտ է համարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու Թուրքիայի հայկական սահմանի բացումը:

    Մեզ առաջին հերթին հետաքրքրում է Մեջլիսում նախագահ Օբամայի ելույթի Հայոց ցեղասպանության վերաբերող հատվածը: Սակայն մինչ դրան անդրադառնալը, պետք է վերհիշել նախագահ Գյուլի հետ մամուլի ասուլիսում նրա ասածները, որովհետեւ դրանք լրացնում են ելույթը: Ապրիլի 6-ի համատեղ ասուլիսում «Չիկագո տրիբուն» թերթի թղթակիցը Բարաք Օբամային հարցրել է. «Որպես սենատոր Դուք ամերիկահայերի կողքին էիք, կողմ եք եղել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունմանը, ասում էիք, որ նախագահ ընտրվելու դեպքում կճանաչեք ցեղասպանությունը: Արդյոք փոխե՞լ եք Ձեր տեսակետը»:

    Օբաման միանշանակ պատասխանել է. «Հարցի վերաբերյալ տեսակետներս արձանագրված են: Ես չեմ փոխել իմ տեսակետը»: Իսկ Մեջլիսում թուրք պատգամավորների առջեւ ելույթում նախագահ Օբաման ասել էր. «Պետք է իմանալ անցյալի բեռը հաղթահարելու ուղիները: Առ այսօր ԱՄՆ-ն զբաղվում է մութ ժամանակների խնդիրներով: Մեր երկիրն ունի ստրկատիրության եւ խտրականության անցյալ: Գիտենք նաեւ ամերիկացի բնիկներին ցուցաբերված վերաբերմունքի մասին: Պատմությունը միշտ էլ լի է ողբերգական իրողություններով: Սակայն, եթե չհաղթահարվի անցյալը, ապա կվերածվի ծանր բեռի: Երկու երկրներն էլ այդ առումով պետք է հաշտվեն անցյալի հետ եւ ուղղություն վերցնեն դեպի ավելի լավ ապագա: Ինձ հայտնի են այն կոշտ հայացքները, որոնք առկա են այս խորհրդարանում՝ կապված 1915-ի սարսափելի իրադարձությունների հետ: Սակայն այս Մեջլիսում ելույթ ունենալու դեպքում պարտադիր պետք է անդրադառնալ 1915-ի չարագույժ իրադարձություններին: Սրանք այն խնդիրներն են, որոնց լուծումը ոչ թե ես, այլ հայերն ու թուրքերն են համատեղ գտնելու: Անհրաժեշտ է, որ թուրք եւ հայ ժողովուրդներն այդ առումով կատարեն ազնիվ, թափանցիկ եւ կառուցողական աշխատանք: Մենք դարձանք հայ եւ թուրք առաջնորդների պատմական քայլերի ականատեսը: Սահմանի բացումը հայ եւ թուրք ժողովուրդներին կվերադարձնի բարեկեցիկ եւ խաղաղ գոյակցության: Ուզում եմ, որ իմանաք՝ Մ. Նահանգները միանշանակ սատարում է Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների լիակատար կարգավորմանը»:

    Թեեւ մամուլի համատեղ ասուլիսում եւ Մեջլիսի ելույթում Բարաք Օբաման «ցեղասպանություն» բառն անձամբ չարտասանեց, սակայն «Չիկագո տրիբունի» թղթակցի հարցով «Չանքայա» պալատում առաջին անգամ հրապարակավ հնչեց «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը, իսկ ինքը վճռականորեն վերահաստատելով իր դիրքորոշումը Թուրքիայի նախագահի ներկայությամբ, կանխավ ձախողման դատապարտեց ԱՄՆ-ում ցեղասպանության ճանաչումը կասեցնելու թուրքական հակաքայլերը: Քանի որ նախագահ Օբաման միաժամանակ ընդգծել էր, որ ցեղասպանության հարցում իր տեսակետներն արձանագրված են, այսինքն՝ ինքն այդ տեսակետներից չի հրաժարվելու, ուստի նա դրանով ընդգծեց նաեւ թուրքական ժխտողականության սնանկությունը:

    Անկախ «ցեղասպանություն» բառն արտասանելու հանգամանքից, նախագահ Օբամայի տեսակետներն ավելի քան հայտնի են Աբդուլլահ Գյուլին, թուրք պատգամավորներին՝ նմանապես: Եթե այս պայմաններում Օբաման ԱՄՆ-ի օրինակով զգուշացնում է թուրք պատգամավորներին, որ անցյալի բեռը չթոթափելու դեպքում դա ծանրանում է, եւ իբրեւ բեռ մատնացույց է անում 1915-ի իրադարձությունները՝ պայմանավորելով դրանց լուծումը հայերի եւ թուրքերի համատեղ ջանքերով, ապա այս ամենը Թուրքիայի համար ստանում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու երանգ, իսկ նրա տեսակետների վերահաստատումը ճանաչմանն այլընտրանք չի թողնում:

    Եթե Օբաման մամուլի ասուլիսում կամ ելույթում արտասաներ ցեղասպանություն բառը՝ դատապարտելով միաժամանակ թուրքական ժխտողականությունը, հազիվ թե նախագահ Գյուլը կհակաճառեր նրան, ոչ էլ Մեջլիսի պատգամավորները կհանդգնեին աղաղակել: Սակայն այդ դեպքում Հայոց ցեղասպանության հարցի բարձրացումը «Չանքայա» պալատում եւ Մեջլիսում այսքան սահուն չէր անցնի, ոչ էլ աղմկելու փոխարեն պատգամավորները հոտնկայս կծափահարեին Բարաք Օբամային:

    Այլ կերպ, ԱՄՆ նորընտիր նախագահն առանց «ցեղասպանություն» բառն արտասանելու, ցեղասպանության հարցը Գյուլի ներկայությամբ «Չանքայա» պալատում եւ Մեջլիսում արծարծելիս Թուրքիայի նախագահին եւ թուրք պատգամավորներին զրկել է հակազդելու բոլոր հնարավորություններից, ավելին՝ արժանացել է ծափողջույնների: Սա նշանակում է, որ Բարաք Օբամայի ելույթը չափազանց հաշվենկատ է եղել, համոզիչ ու տպավորիչ՝ Հայոց ցեղասպանության հարցի արծարծման առումով: Չպետք է մոռանալ, որ ցեղասպանության հարցի ճանաչումը շոու բիզնես չէ, պետք է զերծ լինի հնչյունային էֆեկտներից:

  • ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

YesSissMasiss
Apr 8, 2009 17:33