ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ Admin. Tuesday, April 7, 2009 0:52 - 2 քննարկում
ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ
ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Բարաք Օբամայի այցելության նախօրեին պաշտոնական Անկարան «հանկարծ» հիշեց հայ-թուրքական սահմանի բացումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին շաղկապելու «անհրաժեշտությունը», իսկ Միացյալ Նահանգների նախագահի Թուրքիայում գտնվելու օրերին ողջ աշխարհը դարձավ հայ-թուրքական սահմանը չբացելու պահանջով այդ երկրում սկիզբ առած բողոքի զանգվածային ցույցերի ականատեսը։
Թուրքիայի պետական մեքենայի բեմադրած այս ողջ ներկայացմանը «սինխրոն» մասնակցում էր նաեւ Ադրբեջանը։ Վերջին օրերին պաշտոնական Բաքուն նույնպես սկսեց ներկայացնել թուրք-ադրբեջանական թատրոնի սեփական «խաղացանկը» եւ հայ-թուրքական սահմանը բացելու պարագայում Անկարային «սպառնալ» գազամատակարարումների դադարեցման հեռանկարով։
Այս ողջ ներկայացման գագաթնակետը Թուրքիայի վարչապետ Ռ.Էրդողանի հայտարարությունն էր. նախքան Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հայ-թուրքական սահմանի բացման անհնարինության մասին։
Հանկարծակիի եկած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերջին օրերին առանձին-առանձին իրականացրին իրենց տարածաշրջանային այցերը։ Ակնհայտ է, որ հայ-թուրքական սահմանի բացումը ազատագրված տարածքների գոնե մի մասի վերադարձով պայմանավորելու գաղափարը նրանց էր «ներշնչել» Թուրքիան։
Հարց է առաջանում՝ նո՞ր ենք ճանաչում ճակատագրով մեզ բաժին ընկած հարեւաններին, որ չհասկանանք այս ողջ թատրոնի իմաստը։ Թուրքիան ու Ադրբեջանը ինչպես տասնամյակներ առաջ, այնպես էլ այսօր վարում են միասնական ու փոխհամաձայնեցված քաղաքականություն՝ նպատակ ունենալով հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործով շահագրգիռ միջազգային ուժերի ճնշումը ուղղորդել հայկական կողմի վրա։ Կամ էլ գոնե «փաստարկներ» գտնել հայ-թուրքական սահմանի բացումից հրաժարվելու, միաժամանակ կասեցնելու ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։
Բարաք Օբամայի այցը Թուրքիա հենց այն պատեհ պահն էր, որ մեր հայրենիքի մի մասը՝ Կարսը, Արդահանը, Այնթապը, Իգդիրը, Ամասիան օկուպացրած քոչվորների ժառանգները վերստին բացահայտեին իրենց էությունը՝ միջազգային հանրությունից պահանջելով նախ լուծել Ղարաբաղի հարցը, հետո նոր միայն բացել հայ-թուրքական սահմանը։ Այսօր արդեն նախատեսվում են ցուցեր Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում եւ այլ խոշոր քաղաքներում։ Պարզ է, որ կրկին հաստատվում է դեռեւս 100 տարի առաջ հայ քաղաքական գործիչներից մեկի արտահայտած միտքը՝ «թուրքը պետության շունն է»։
Իսկ ահա այս ամենը բեմականացրած պաշտոնական Անկարան, իհարկե, փորձելու է «արդարանալ» Միացյալ Նահանգների նախագահի առաջ, թե իբր առանց Ղարաբաղի հարցում Հայաստանից սպասվող զիջումների, թուրք ժողովուրդը թույլ չի տալիս բացել սահմանները, առավել եւս, որ այդ պարագայում Թուրքիան «գազային բլոկադայի» կենթարկվի նաեւ Ադրբեջանի կողմից։
Ավելին՝ թատրոնին «հավաստիություն» հաղորդելու նպատակով հենց Բ.Օբամայի այցելության օրը՝ ապրիլի 6-ին, թուրքական անանուն դիվանագիտական աղբյուրը հայտնել է ադրբեջանական ԶԼՄ-ներին, թե իբր մոտ ժամանակներս Ռ.Էրդողանը այցելելու է Մոսկվա՝ Ռուսաստանի հետ համաձայնեցնելու հայ-թուրքական սահմանի բացման հարցը։
Թուրք դիվանագետը «պարզաբանել» է նաեւ, որ Թուրքիայի «պահանջով» սահմանների բացման մասին հայ-թուրքական համաձայնագիր է ներառվել Ղարաբաղին հարող ազատագրված 5 շրջանները Ադրբեջանին վերադարձնելու հարցը։ Եւ իբր դրա դիմաց Հայաստանն էլ իր հերթին պահանջել է, որ մայիսին տեղի ունենալիք «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի շրջանակներում Ադրբեջանը ազատագրված տարածքներում զորքեր չտեղակայելու եւ Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծումից հրաժարվելու մասին պարտավորություն վերցնի։
Թուրքական դիվանագիտական աղբյուրներին հաջողվել է անգամ «ճշտել», որ «Կրեմլը դեմ չի լինելու այդ տարբերակին», եւ որ հայ-թուրքական սահմանի բացումը տեղի է ունենալու ոչ թե ապրիլին, այլ մայիսին, այսինքն՝ ապրիլ 24-ից հետո, որին իբր իր համաձայնությունն է տվել նաեւ Վաշինգտոնը։
Ի՞նչ պետք է ձեռնարկի Հայաստանը դիմակայելու այս ողջ թատրոնին։ Կարծում ենք, որ մեր արտգործնախարարի վերջին՝ ավելի քան հստակ հավաստիացումն առ այն, որ Ղարաբաղի հարցը քննարկման թեմա չէ հայ-թուրքական բանակցություններում, դեռեւս բավարար չէ։ Ադրբեջանի հետ համաթուրքական համերաշխության մասին վկայող այն ցույցերը, որ ներկայումս ընդգրկել են ողջ Թուրքիայի տարածքը, վկայում են, որ Հայաստանն առաջիկայում որեւէ ակնկալիք չպետք է ունենա հայ-թուրքական երկխոսությունից։
Թուրքիան պատրաստ չէ իր կողմից ցեղասպանության ենթարկված հարեւանի հետ հարաբերությունների կարգավորմանը. սա պետք է լինի հայկական կողմի հստակ եւ հրապարակային եզրակացությունը, որից էլ կարող է բխել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջը։
Դա հայ-թուրքական ապագա երկխոսության հիմքերը ստեղծելու միակ ճանապարհն է, որը կարող է բացել աշխարհի թիվ մեկ պետության ղեկավարը՝ ապրիլի 24-ին արտասանելով «ցեղասպանություն» բառը։
* ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ