Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Saturday, March 14, 2009 16:16 - 1 քննարկում

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԹԻՄԸ,

Հրապարակումներ 05.08.2008 / 17:50 ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԹԻՄԸ, ՄԱՍ IX` Գագիկ Ջհանգիրյան «Ես քաղբանտարկյալ եմ»,- իր հարցազրույցում ասում է գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը: Եվ ասում է առանց ամոթի զգացման, առանց կարմրելու և նույնիսկ հպարտորեն: Պատկերացնում եք, ինչ տեղի կունենար գնդակահարված Ստեփան Զատիկյանի կամ խորհրդային կալանավայրում սպանված Իշխան Մկրտչյանի հետ, տասնյակ այլ հայ քաղկալանավորների հետ, եթե նրանք իմանային, որ մի օր իրեն քաղբանտարկյալ է հռչակելու նորանկախ Հայաստանի պատմության ողջ ընթացքում երկրի պետական կառավարման համակարգում ամենաբարձր պաշտոններ զբաղեցրած և երկրի ու ժողովրդի դեմ բազմաթիվ հանցագործություններ գործած Գագիկ Ջհանգիրյանը: Կենդանի մնացած քաղբանտարկյալները գերադասում են այս խնդրին չանդրադառնալ տարբեր քաղաքական դրդապատճառներից ելնելով, սակայն բոլորի համար էլ պարզ է, որ եթե Գագիկ Ջհանգիրյանը քաղբանտարկյալ է, ապա մենք բոլորս տիեզերագնացներ կամ այլմոլորակայիններ ենք: Անարդարությունից, կեղծիքներից և նման բաներից խոսող Ջհանգիրյանին արժի թերևս հիշեցնել, թե ինչպես 1995 թվականին, լինելով արդարադատության փոխնախարար, զբաղեցնում էր Սահմանադրական հանրաքվեի անցկացման համար ստեղծված հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը: Չնայած հանձնաժողովն ուներ նախագահ, սակայն ընդդիմությունն ու հասարակությունը վստահ էին, որ իշխանությունները հենց Ջհանգիրյանի վրա են դրել Սահմանադրական հանրաքվեն կեղծելու միջոցով անցկացնելու խնդիրը: Ջհանգիրյանը բավական բարձր պրոֆեսիոնալիզմով իրականացրեց իր վրա դրված պատասխանատու աշխատանքը: Հենց այդ շրջանին են պատկանում ընտրական այնպիսի նորարարությունների կիրառումը, ինչպիսին «կարուսելն» է, զինվորականների բազմակի մասնակցությունը մեկ առանձին վերցված քվեարկությանը, քվեաթերթիկների լցոնումը կամ արձանագրությունների կեղծումը: Բոլոր այդ նորարարությունների համար Ջհանգիրյանը կարող է հեղինակային իրավունքի վկայական պահանջել: Ջհանգիրյանը հույս ուներ, որ իշխանությունը հավուր պատշաճի կգնահատի իր ներդրումը, և կկատարվի իր մանկության բյուրեղյա երազանքը՝ իրեն հնարավորություն կտրվի զբաղեցնել հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնը: Սակայն հետագա տարիներն ու իրադարձությունները ցույց տվեցին, որ ինչ-որ չար ուժ համառորեն խոչընդոտում էր երազանքի իրականացմանը: Եվ որքան էլ նա ճամբարից ճամբար փախավ, որքան էլ մեծ ու փոքր ծառայություններ մատուցեց, այդ երազանքը մնաց անկատար: Գոնե առայժմ. այն զոհողությունները, որոնց իրեն ենթարկում է նախկին զինվորական դատախազը, դարձյալ ուղղված են այդ մեկ և թանկ երազանքի իրականացմանը: Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչու ինքը ընդդիմությանը չմիացավ 2003-2004 թվականներին, երբ դարձյալ իշխանությունը ծեծի էր ենթակում խաղաղ ցուցարարներին` Ջհանգիրյանն անկեղծորեն պատասխանում է. «Որովհետև այն ժամանակ լիդերների մեջ, դրանց թվում եղել է նաև Վազգենի եղբայրը, չեմ տեսել այն մարդուն, որն ունակ է համակարգային փոփոխություններ անել, ոչ թե այն մարդուն, որ գա նստի և իր շրջապատը փոխի»: Իհարկե, նրա անկեղծությունը մասնակի է. անկեղծ է այնքանով, որ չի հավատացել, թե Արամ Սարգսյանը կարող է փոխել իշխանական համակարգը: Ով, ով, բայց ինքը հստակ գիտեր, որ Արամ Սարգսյանը եթե իշխանական համակարգ փոխող լիներ, ապա դա կաներ 2000 թվականին, երբ անհամեմատ ավելի ազդեցիկ լծակներ և հնարավորություններ ուներ, քան 2003-ին կամ 2004-ին, երբ իշխանության դիրքերն անհամեմատ ամուր էին, իսկ ընդդիմությունը որևէ բան փոխելու` անընդունակ: Անկեղծ է նաև այն իմաստով, որ ընդունում է, թե իրեն որևէ կերպ չեն հետաքրքրել անօրինական ձերբակալությունները, քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնությունները, իրեն ավելի շատ հետաքրքրում է այն հանգամանքը` կարո՞ղ է արդյոք այն անձը, որի կողքին կանգնելու է ինքը, հասնել իշխանության, թե՞ ոչ: Քանի որ ինքը հաշվել է, որ 2003-2004-ին Արամ Սարգսյանն այդ հնարավորությունը չուներ, չի կանգնել, իսկ 2008-ին համոզված է եղել, որ Տեր-Պետրոսյանն անպայման հաղթելու է, այդ պատճառով էլ կանգնել է նրա կողքին: Եկեք տրամաբանենք միասին. մարդը գիտի, որ, կանգնելով Տեր-Պետրոսյանի կողքին, հայտարարելով նրան պաշտպանելու մասին, կորցնում է հանրապետության դատախազի տեղակալի պաշտոնը: Բայց քանի որ համոզված է, որ Տեր-Պետրոսյանը հաղթելու է, գիտի նաև, որ այդ կորուստը ժամանակավոր է: Հաղթանակի դեպքում ուրիշ էլ ում, եթե ոչ իրեն պետք է երախտապարտ լիներ Տեր-Պետրոսյանը` իրականացնելով այդքան երկար փայփայած երազանքը: Թե չէ անօրինական ձերբակալություն, ծեծ, բռնություններ. զինվորական դատախազ աշխատած ժամանակ նման մանր խուլիգանություններ, որքան ուզեք` իր անմիջական հրահանգով կամ թողտվությամբ: Միայն այն տարբերությամբ, որ եթե ցուցարարը հնարավորություն ունի փախչելու, ապա դժվար է ասել, թե քանի զինվոր է հաշմանդամ դարձել զինվորական դատախազության ճիրաններում: «10 տարի զինվորական դատախազ եմ եղել, և մեկը չի կարող մատնանշել մի դեպք, որ պատժած լինեմ անմեղ մարդու: Իհարկե, սրբեր, հրեշտակներ չենք, բոլորս էլ մեր սխալներն ունենք. կարելի է մեղավորին օգնել, բայց անմեղին պատժել չի կարելի»,-դարձյալ խոստովանում է նախկին զինվորական դատախազը: Իսկ ինչ է նշանակում մեղավորին օգնելը, կամ ինչպես է դա իրականացրել մեր հերոսը մինչև հեղափոխությունը (հեղափոխությանը միանալը): Ասենք, որևէ զորամասում սպան գնդակահարել է հերթական զինվորին, որը հրաժարվել է կատարել նրա ստորացուցիչ քմահաճույքը: Հիմա Գագիկ Ջհանգիրյանն օգնում է այս «մեղավորին»` գործը դասավորելով այնպես, որ զինվորը զոհ է գնացել թշնամու գնդակին կամ լավագույն դեպքում ինքնասպանություն է գործել` էլեկտրահարվելով կամ կախվելու միջոցով: Բայց մինչև ինքնասպանություն գործելը ինքն իրեն մի լավ խոշտանգել է՝ բութ գործիքով հարվածելով գլխին և մարմնի տարբեր մասերին: Երևի միայն Գագիկ Ջհանգիրյանը կարող է ասել, թե այդպիսի մարդասիրական վերաբերմունքի արժանացած քանի սպաեր ու զինվորներ կան, թերևս այնքան, որքան որդեկորույս ծնողներ: Իհարկե, Ջհանգիրյանը դեմ չէր լինի սուրբ կամ հրեշտակ լինել, սակայն նման մարդասիրական օգնությունը ամեն անգամ ինչ-որ բան է արժեցել, և հանուն դրա զինվորական դատախազը հրաժարվել է հրեշտակի թևերից ու սրբի լուսապսակից: Ջհանգիրյանը հայտնի է նաև նրանով, որ որպես զինվորական դատախազ` ինքն է ղեկավարել հոկտեմբերի 27-ի ոճրագործության քննությունը: Եվ այնպիսի մի միֆ է ստեղծել իր շուրջը, թե կարողացել է այնպիսի բացահայտումներ անել, որոնք կարող են ցնցել ամբողջ աշխարհը: Ըստ այդ միֆի` Ջհանգիրյանը տիրապետում է այնպիսի փաստերի, որոնք ապացուցում են իշխանությունների կապը ոճրագործությունն իրականացնողների խմբի հետ, իսկ ավելի արմատականների կարծիքով` այդ փաստերը համոզիչ կերպով ցույց են տալիս, որ ոճրագործության կազմակերպիչները հենց իշխանություններն են: Իբրև թե Ջհանգիրյանը ցանկացել է հրապարակել այդ փաստերը, բայց ստիպված է եղել լռել: Սակայն իր ունեցած տեղեկություններով ապահովել է իր անձնական անվտանգությունը: Բայց ահա թե ինչ է պատասխանում նա լրագրողի այն հարցին, թե «Ձեր կարծիքով, երբևէ 27-ի գործը կբացահատվի՞, մեր հասարակությունը կիմանա՞ իրականությունը»: «Ես շատ կուզեի, որ այդպես լիներ: Ես այն ժամանակ էլ ամեն ինչ արել եմ և եթե Աստված տա, հաջողվի, ես ամեն ինչ կանեմ, որ լիարժեք բացահայտվի»,- ասում է նախկին զինդատախազը` դրանով իսկ ևս մեկ անգամ ապացուցելով, որ ինքն իրականում ոչ մի բացահայտում էլ չի արել, որ ոչ մի գաղտնի զենք էլ չկա, որով կարելի է վախեցնել բոլորին: Ուղղակի ցանկություն կա կրկին զբաղեցնել բաղձալի պաշտոնը` այն անկատար խոստումով, որ ա´յ հիմա ամեն ինչ իր տեղը կընկնի: Չնայած շատ լավ հասկանում է, որ այդ հնարավորությունն իսպառ բացակայում է, և այդ գործում իր միակ հույսն Աստված է: Իշխանությունն, անշուշտ, ավելի հիմնավոր փաստեր և ապացույցներ կարող է ունենալ Ջհանգիրյանի գործած հանցագործությունների մասին, սակայն նա հանդուրժել է նրա գոյությունն ու գործունեությունը, ինչպես դա տեղի է ունենում մնացած բոլոր հանցագործների դեպքում: Եվ աշխատանքից ազատվեց ու կալանավորվեց էլ ոչ իր քաղաքական հայացքների համար: Ավելի շուտ դավաճանության: Ինչպես նշեցինք, իշխանությունը թույլ էր տվել, որ Ջհանգիրյանը 10 տարի անպատիժ արածի հայոց դատախազական համակարգի ալպիական մարգագետիններում, սակայն Ջհանգիրյանին այդ ամենը քիչ թվաց: Նա որոշեց, որ ժամանակն է փոխել արածեցնողին` հույս ունենալով, որ վերջինս իր համար ավելի հյութալի կեր կապահովի: Իսկ հիմա բողոքում է, որ հայտնվել է մի այնպիսի վայրում, որտեղ կեր ընդհանրապես չկա: Դե, ինչ արած, այդպես է լինում. շատի հետևից վազողը, քչից էլ է զրկվում: Արթուր Մկրտչյան անունով մի տղա կա, այժմ ցմահ բանտարկություն է վայելում: Ընդ որում` առանց որևէ հանցանքի, ուղղակի Ջհանգիրյանն էր այդպես որոշել, քանի որ մարդասպանության դեպքն էլ ուրիշի գլխին սարքել չէր կարող և կանգ առավ այդ խեղճ, անտեր տղայի վրա: Զարմանալի է, որ այսօր իշխանությունը հասարակությունից մեկուսացրեց Ջհանգիրյանին, սակայն դեռ ոչինչ չի արել նրա դաժան հանցանքների հետևանքները վերացնելու համար: Հուսանք, որ օրերից մի օր դրանցով կզբաղվեն: Այս ամենի զավեշտը նրանում է, որ ի դեմս Ջհանգիրյանի` մենք գործ ունենք իսկական մի լակոտի հետ, և զարմանալի է, որ լակոտը կարողացավ այսքան երկար մնալ երկրի էլիտայի շարքերում և քայքայել պետությունը: Ջհանգիրյանի ձերբակալության պատմությունը շատ հատկանշական է այս առումով: Ուրեմն, երբ սրա մեքենան կանգնեցնում են և զենք հայտնաբերելուց հետո տեղեկացնում են, որ նա ձերբակալված է, էս լակոտը ոստիկանների հանդեպ անարգանք է ցուցաբերում: Ասում է, թե դուք էդքան կա՞ք, որ ինձ ձերբակալեք, թե բա չե՞ք վախենում, որ Մանվելը գա ականջներդ կտրի: Սրան գցում խցիկ, մի երկու ժամից դուռը բացում, հարցնում են. «Բա էս Մանվելը չեկա՞վ…»: Լակոտը լակոտ է մնում, ասում է, ոչինչ, առավոտ կգա: Առավոտյան են հարցնում, թե բա ո՞ւր է ձեր Մանվելը: Ջհանգիրյանն արդեն զգում է, որ, մեղմ ասած, քաշվել է, խեղճանում է, գիտակցում է իր ողորմելիությունը: Ասում է, թե տղերք ջան, բա իմ նման տղի վրա գո՞րծ եք հարուցելու: Դե իսկ հետո էլ լակոտությունն իր գործն արեց. Գագիկը տեսավ, որ հիմա Հայաստանում շատ եկամտաբեր և օգտակար է քաղբանտարկյալ լինելը, և իրեն հռչակեց դիսիդենտ, քաղաքական հայացքների համար հետապնդվող: Շատերը հավատում են, և նրանց, ով ցանկանում է մեզ ողբերգություն, այսինքն, Տեր-Պետրոսյանի վերադարձը իշխանություն և Գագիկ Ջհանգիրյանի աշխատելը որպես գլխավոր դատախազ, մենք կցանկանանք արժանանալ Արթուր Մկրտչյանի ճակատագրին: Հայկազ Սիմոնյան



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

SVETLANA
Mar 14, 2009 23:51