ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ Admin. Monday, March 2, 2009 12:41 - 1 քննարկում
ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԵՎ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ
Այդպես է բնութագրում ԱՄՆ Պետդեպարտամենտի տարեկան զեկույցը ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը |
Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի մարդու իրավունքների վերաբերյալ 2008 թվականի տարեկան զեկույցի՝ Հայաստանում անցած մեկ տարվա ընթացքում իրավիճակն էապես վատթարացել է, իշխանությունները եւ նրանց ներկայացուցիչները բազմիցս ոտնահարել են մարդու իրավունքները: Ամերիկացիների գնահատմամբ, դատական եւ իրավապահ համակարգերում լուրջ խնդիր է մնում կոռուպցիան, գրանցվել են մարդու իրավունքների ոտնահարման դեպքեր, բանտերում պայմանները վատն են, կասկածյալներին ահաբեկում են, դատապարտյալների նկատմամբ բռնությունները շարունակվում են: Իշխանության ներկայացուցիչները չեն ընդունում Պետդեպարտամենտի զեկույցի այս խիստ գնահատականները: Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ուղղակիորեն հայտարարեց, որ Պետդեպարտամենտի գնահատականները սուբյեկտիվ են եւ իրականությանը չեն համապատասխանում: Պատգամավորը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Համաձայնելով, որ Հայաստանում կան խնդիրներ տարբեր ոլորտներում, այդ թվում նաեւ մարդու իրավունքների եւ այլ բնագավառներում, այդուհանդերձ, Պետդեպարտամենտի վերջին տարեկան զեկույցը ես գնահատում եմ ոչ օբյեկտիվ եւ միակողմանի»: Հարցին՝ իսկ ի՞նչ հիմնավորումներ ունի հակառակն ապացուցելու համար, պարոն Շարմազանովը այսպես պատասխանեց. «Զեկույցում նշվում է, որ «իշխանությունները քաղաքացիներին թույլ չտվեցին ազատորեն օգտվել կառավարությունը փոխելու իրենց իրավունքից»: Հարկ եմ համարում տեղեկացնել մեր ամերիկացի գործընկերներին, եթե իրենք այդքան շուտ մոռացան, որ մեզանում ժողովուրդը, հասարակությունը իշխանությունը փոխում է ընտրությունների միջոցով եւ ընտրությունների արդյունքում: Իսկ մեր ընտրությունները համապատասխանել են միջազգային բոլոր ընդունված չափանիշներին, ընտրությունների արդյունքում ժողովրդի մեծամասնության քվեով նախագահ է ընտրվել այն ժամանակ գործող վարչապետ Սերժ Սարգսյանը, ուրեմն դրանից այն կողմ ուրիշ ինչպե՞ս պետք է իրացնեին իրենց իրավունքները մեր քաղաքացիները: Հիշեցնեմ նաեւ, որ ընտրություններից հետո ընդդիմության ներկայացուցիչների պահանջով եւ իրենց ներկայությամբ բացվել են բազմաթիվ քվեատուփեր, եւ արդյունքում Տեր-Պետրոսյանի ձայները չեն ավելացել: Զեկույցում նշվում է նաեւ, որ ոստիկանները ծեծի են ենթարկել քաղաքացիներին, սակայն չկա որեւէ խոսք, որ ծեծի են ենթարկվել նաեւ ոստիկանները: Խոսվում է, որ իշխանությունների կողմից եղել է վրեժխնդրություն, սակայն, չգիտես ինչ տրամաբանությամբ, Պետդեպարտամենտը աչք է փակում ժողովրդավարության հիմնարար սկզբունքը՝ բազմակարծությունը մերժելու Տեր-Պետրոսյանի քայլերի հանդեպ: Հիշեցնեմ, որ նա ամիսներ շարունակ մերժում էր իշխանությունների կողմից հնչող հանդուրժողականության կոչերը՝ շարունակելով ձգտել ռեւանշի»: Մեր զրուցակցին հիշեցրինք, որ Պետդեպարտամենտի տարեկան զեկույցում բավական տեղ է հատկացված նաեւ ԶԼՄ-ների անազատ վիճակին, նշված է, որ մամուլի էջերում եւ հեռուստատեսությամբ չէր ապահովվում կողմերի հավասարությունը, արտակարգ դրության ժամանակ լռեցվեցին ոչ իշխանական լրատվամիջոցները եւ այլն: Էդուարդ Շարմազանովը հակադարձելով այս մոտեցմանը՝ ասաց. «Ես իրենց խորհուրդ կտամ մեկ անգամ օբյեկտիվ դիտարկման ենթարկել այդ ժամանակվա հայկական մամուլը եւ հեռուստատեսությունը եւ տեսնել, որ դրանից այն կողմ էլ քննադատելու տեղ չկա, ուրիշ ինչպե՞ս եւ ինչքա՞ն պետք է քննադատեին, որ չեն արվել, ո՞ր գործիչները հնարավորություն չունեցան խոսելու: Ցանկանում եմ նշել նաեւ, որ զեկույցը կազմած մեր գործընկերները հակասության մեջ են մտել իրենց իսկ կողմից մինչ այդ հնչեցրած գնահատականների հետ: Մասնավորապես, նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը նշել էր, որ Հայաստանը գտնվում է քաղաքական բարեփոխումների առաջընթացի ճանապարհին, երեւի թե հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագահ Սարգսյանի պաշտոնավարման հենց առաջին օրվանից հստակ երեւաց թե՛ խոսքի ազատության, թե՛ հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտում օրենսդրական բարեփոխումների իրականացման, թե՛ «Մարտի 1»-ի լիարժեք բացահայտման եւ բազմաթիվ այլ հարցերի լուծմանն ուղղված քաղաքական կամքը»: |
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ |
1 քննարկում
Ռոբերտ