Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ Admin. Saturday, February 28, 2009 22:25 - չքննարկված
ԼԵՎՈՆ ՉԱՐԱԳՈՐԾԻ ԴԻՄԱԿԸ
ԼԵՎՈՆ ՉԱՐԱԳՈՐԾԻ ԴԻՄԱԿԸ
Ազգային միասնութեան ուխտը, տեսնելով, որ Ղարաբաղ կոմիտէն (ՀՀՇ վարչախումբը) շրջանցում է Արցախի դատը, 1990թ. յունիսի 26-ի եւ 30-ի Յորդորակներով Արցախը յայտարարեց այդ օրերի Սարդարապատ, ժողովրդին կոչ արեց «արցախեան պահանջատիրութիւն» բանաձեւը փոխարինել «Արցախի ազատագրութիւն» բանաձեւով:
1990թ. օգոստոսի 3-ին ՀՀ խորհրդարանի նախագահի ընտրութեանը մասնակցելու համար իրենց քաղաքական ուղեգծերով հանդէս եկան այդ պաշտօնի հաւակնորդներ Հայաստանի կոմունիստական կուսակցութեան եւ ՀՀՇ-ի թեկնածուները: ՀՀՇ նախընտրական փաստաթղթում բացակայում կամ անորոշ ձեւակերպումներով էր ներկայացւում Հայ Դատ, Արցախի վերամիաւորում, Հայոց ցեղասպանութիւն եւ մեր ժողովրդի կենսական այլ խնդիրները: Այդ հանգամանքով իրեն ազգային համարող ՀՀՇ-ի թեկնածուի ծրագիրը ոչ թէ Հայաստանում գործող կազմակերպութեան փաստաթուղթ էր, այլ կարծէս Հայաստանից դուրս գտնւող ինչ-որ դեմոկրատական-այլախոհական կառոյցի: Ի հակադրութիւն ՀՀՇ-ի թեկնածուի նախընտրական ծրագրի, Կոմկուսի թեկնածուի ծրագրում վերոնշեալ խնդիրները թէեւ նշուած էին քարոզչական նպատակով արուած հերթապահ ձեւակերպումներով, բայց այդուամենայնիւ ներկայացուած էին:
Նոյն օրը Խորհրդարանում դրուեց նաեւ Հայաստանի Անկախութեան հռչակագիրը քննարկելու եւ ընդունելու հարցը: Անկախութեան հռչակագրի ՀՀՇ-ի թեկնածուի ներկայացրած տարբերակում ընդհանրապէս բացակայում էին Հայ Դատի ու հայրենատիրութեան, Հայոց ցեղասպանութեան, Արցախի մասին յստակ ձեւակերպումներ: Եւ ամենազաւեշտականը` այդ տարբերակում անկախութիւնը նշւում էր իբրեւ նպատակ, որը բացարձակ ծաղր ու ծանակ էր հայ ժողովրդի ազատամարտի հասցէին: Ժողովուրդ, որը մէկ մարդու նման ոտքի ելաւ ու համայնական պայքարով վերականգնեց ոչ միայն իր, այլեւ կոմունիստ ամբողջատիրութեան տակ հեծող բազմաթիւ այլ ժողովուրդների անկախ պետականութիւնը, այդ ժողորդի ղեկավարը նրա անունից յայտարարում է, թէ անկախութիւնը ազատամարտի ելած ու աշխարհասասան կայսրութեանը յաղթած հայութեան համար ոչ թէ կենսական անհրաժեշտութիւն է, այլ նպատակ:
Հռչակագրի ՀՀՇ թեկնածուի տարբերակը լի էր զանազան օրէնսդրական, «դեմոկրատական» ու այլախոհական այլ յօդուածներով, ինչը աներկբայօրէն ցոյց էր տալիս, որ փաստաթուղթը գրել, իրենց դրածոյին են փոխանցել նրա դրսի առաջնորդները: Յատկապէս արտառոց էր իշխանութիւնների դէմ ըմբոստացողների հանդէպ քրէական հետապնդում նախատեսող կէտը, որը իմ յամառ ջանքերով (ընտրուած էի Խորհրդարանի մասնագիտական յանձնախմբերից մէկի անդամ) հնարաւոր եղաւ մի կերպ դուրս նետել փաստաթղթից, փոխարէնը մտցնել Հայաստանի 1918-1920թթ. Հանրապետութեան զինանշանը, դրօշը, հիմնը եւ կարգավիճակը վերականգնելու, այլ ոչ թէ նոր բան հիմնելու կէտը, որը սակայն Լ.Տէր-Պետրոսեանի հետեւողական գործողութիւններով նախագծից դուրս հանուեց: Այսուամենայնիւ, մօտ 20 օրեայ քննարկումներից յետոյ Անկախութեան հռչակագրի ՀՀՇ-ական նախագծի ձեւակերպումներից գրեթէ ոչինչ չմնաց:
1990թ. օգոստոսի 17-ին մեծ դժուարութեամբ թոյլտուութիւն ստացա Խորհրդարանում ելոյթ ունենալ` ի չիք դարձնելով այդ բանը թոյլ չտալու Խորհրդարանի նախագահի թափած բոլոր ջանքերը: Ելոյթում բացայայտեցի ՀՀՇ-ի եւ Լ. Տէր-Պետրոսեանի հակաազգային գործունէութիւնը: Նշեցի, որ Խորհրդարանի նախագահը փոխանակ մեր երկրի նուաճած համաշխարհային հեղինակութիւնը մղելու Արցախը հայրենիքին վերամիաւորելու համաժողովրդական իղձերին, Հայոց մեծ եղեռնի փաստը միջազգայնօրէն արծարծելուն, Հայ Դատին ու մեր համազգային այլ սրբազան նպատակներին, հայ ժողովրդի ձեռք բերած միջազգային աննախադէպ մեծ հեղինակութիւնը ու նաեւ դրա շնորհիւ մեր ազգի կուտակած բովանդակ ներուժը փոշիացնում-պարպում է կայսրութիւնում իշխանութիւնը զաւթելու համար իրար դէմ ելած ուժերից մէկին ծառայեցնելու վրայ: Նա փոխանակ երկրում ընդարձակելու պետականութիւնը ամրակայող եւ ուժաւորող ժողովրդավարութիւնը, բոլշեւիկների գործելակերպով իր ամբողջ ուժերն ու կարողութիւնները ծախսում է երկրում բռնատիրութիւն հաստատելու վրայ:
Իմ ելոյթից յետոյ Լ.Տէր-Պետրոսեանը կազմակերպեց մոլեռանդ ամբոխի (մօտ 50 հոգի) յարձակումը վրաս, որպէսզի ծրագրուած սպանութիւնը իրականացուելու դէպքում ներկայացուէր իբրեւ «ժողովրդի ձեռքով» իրականացրած քայլ: Յաշուեյարդարի առիթով մի խումբ յայտնի պատգամաւորներ (Հրանտ Խաչատրեան, Սուրէն Զօլեան, ՌաֆայէլՂազարեան, Իգոր Մուրադեան եւ ուրիշներ) Խորհրդարանին ուղղած բողոքի նամակով պահանջեցին քննել ահաբեկչութեան հիմքերը, գտնել պատւիրատուներին ու կազմակերպիչներին եւ խստագոյնս պատժել մեղաւորներին: Այդ մահափորձը ընդդիմութեան դէմ ՀՀՇ իշխանախմբի իրագործած առաջին ահաբեկչութիւնն էր, որից յետոյ քաղաքական հակառակորդների հանդէպ նրանց հաշուեյարդարները դարձան յաճախակի:
1990թ. օգոստոսի 22-ի Խորհրդարանի նիստում Լ.Տէր-Պետրոսեանը մոլեգին ջանքեր թափեց Անկախութեան հռչակագրից դուրս հանելու ազգային ուժերի յամառ ջանքերով փաստաթուղթ մտած Հայ Դատին ու Մեծ եղեռնին վերաբերող կէտերը: Տեսնելով, որ այդ օրը դա չի յաջողւում, նա փորձեց յաջորդ օրը կեղծիքներով անցկացրած հապշտապ քուէարկութեամբ Հռչակագրից դարձեալ դուրս թողնել այդ կէտերը, բայց դահլիճի բուռն հակազդեցութիւնից յետոյ ստիպուած եղաւ տեղի տալ: Սակայն նա այնուամենայնիւ կարողացաւ այդ կէտը խմբագրելով-աղաւաղելով ու քուէարկութեան կեղծիքներով Հռչակագրի մէջ թողնել հետեւեալ անհեթեթ ձեւակերպումով, ինչը արտօնելի կարող էր լինել որեւէ օտար պետութեան, բայց ոչ երբէք Եղեռն ապրած եւ իր հայրենիքի մեծ մասը կորցրած ժողովրդի պետութեան համար. «ՀՀ-ն սատար է կանգնում… Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործին»։
1990թ. օգոստոսի վերջին ՀՀՇ վարչախումբը խմբակային որոշումով, առանց Խորհրդարանի հաստատմանը ներկայացնելու, բարձր աշխատավարձով հիմնեց «Ազգային գվարդիա» կեղծանունով մի զինւորական կառոյց, որը ՀՀՇ-ի մէնիշխանութիւնը պահպանելու համար իր քաղաքական հակառակորդներին ահաբեկելու-վախեցնելու, անհրաժեշտութեան դէպքում նրանց հաշուեյարդարի ենթարկելու, բոլշեւիկեան ՉԷԿԱ-ն յիշեցնող պահազօր-պատժախումբ էր: Այսինքն` Լ.Տէր-Պետրոսեանը ոչ միայն խափանեց Ազգային բանակ հիմնելու համայն հայութեան ու ազգային կազմակերպութիւնների համընդհանուր բաղձանքը-պահանջը, այլեւ դարձեա՛լ առանց Խորհրդարանի գօնէ ձեւական համաձայնութեան, այդ խմբակային պահազօրով զինաթափեց մէկ այլ ջոկատ` Հայոց ազգային բանակը (ՀԱԲ)` ձերբակալել տալով նրա բոլոր 8 ղեկավարներին:
Դրանցից յետոյ ՀՀՇ խմբակը, Խորհրդարանին մոլորութեան մէջ դնելով, ընդունել տուեց արդէն ինքնալուծարուած ՀԱԲ-ը զինաթափելու որոշում: Անկողմնակալ պատգամաւորների պահանջով Խորհրդարանի ընդունած այս որոշումը երաշխաւորում էր զէնքը կամաւոր յանձնող ՀԱԲ-ի անդամներին չձերբակալել ու պատասխանատուութեան չենթարկել: Խորհրդարանի այս որոշումը ընդունելու օրը ՀԱԲ-ի ղեկավարները հեռուստատեսութեամբ հրապարակեցին ՀԱԲ-ի ռազմական խորհրդի որոշումը` ՀԱԲ-ը ինքնալուծարելու մասին:
Թէեւ ՀԱԲ-ը ոչ մի կրակոց չարձակեց, բայց Լ.Տէր-Պետրոսեանը սադրիչ տենդագին ջանքեր էր թափում ՀԱԲ-ի գոնէ որեւէ անդամի մղելու կրակոցների: Նրա ղեկավարները իրենց ձեռնասունի ձեռքով Հայաստանում գործող ռազմական խմբաւորումները իրար դէմ հանելով` արիւնայեղութիւն էին ուզում սադրել ռազմական բռնատիրութիւն հաստատելու համար: Այս արիւնայեղութեան համար լրացուցիչ պայման կարող էր ծառայել ՀԱԲ-ին ռազմական գործողութիւնների սադրելը, որպէսզի նրանց ներկայացնէին իբրեւ Կրեմլի ենթակայութեամբ գործող ռազմական կառոյց, բազմաթիւ անմեղների յայտարարէին գործակից եւ Հայաստանում սկսէին քաղաքացիական պատերազմ: Բայց ազգային առանձին գործիչների եւ պատգամաւորներից ոմանց հաշտարար քայլերով (Ռ.Համբարձումեան, Ազատ Արշակեան, Իգոր Մուրադեան եւ ուրիշներ) նշուած ուժերը չկարողացան Լ.Տէր-Պետրոսեանի ձեռքով երկիրը մխրճել քաղաքացիական կռիւների մէջ:
Սակայն Հայաստանում անպայմանօրէն արիւն թափելու համար Լ.Տէր-Պետրոսեանն իր տէրերի հրահանգով ընտրեց երկու ճանապարհ.
ա. ՀԱԲ-ին զինաթափելու ուղարկուած ՀՀՇ-ի պատգամաւորներից մէկի (Վ.Այվազեան) եւ ՀՀՇ զօրախմբերից մէկի (Չաուշ) խորհրդաւոր սպանութիւնը գցելով ՀԱԲ-ի վրայ, էլ աւելի շիկացրեց կրքերը:
բ. Հայաստանի դէմ Կրեմլին զինուած պատժիչ գործողութիւնների հրահրելու համար իր արտասահմանեան ուղեւորութիւնների ընթացքում Ռուսաստանի նէօբոլշեւիկների բառապաշարով ու մտքերով անընդհատ դատափետում էր Կրեմլի կոմունիստ ղեկավարին, գովերգում «ռուս դեմոկրատների» ղեկավարին` կայսրութեան «սուվերէն» հանրապետութիւններին կոչ անելով միասնական ճակատ կազմել Կրեմլի դէմ:
Ռուսաստանում ծագած երկիշխանութեան սկզբնական փուլում, երբ Կոմկուս-Կրեմլը ռուսական նէօբոլշեւիկներից աւելի ուժեղ էր, Հայաստանում Կրեմլից հովանաւորւող վարչապետ Վ. Մանուկեանը Խորհրդարանից ստանալով արտակարգ լիազօրութիւններ, կարճ ժամանակով գործադիր իշխանութիւնը մեծամասամբ ենթարկեց իրեն: Սակայն երբ Ռուսաստանում նէօբոլշեւիկները (Ելցին) Կրեմլից (Գորբաչով) զաւթեցին իշխանութիւնը, ՀՀ խորհրդարանի նախագահ եւ ՀՀՇ ղեկավար դարձաւ Կրեմլից իշխանութիւնը զաւթել ձգտող ուժերի օտարերկրեայ հովանաւորների վաղեմի ձեռնասուն Լեւոն Տէր-Պետրոսեանը, որը կարողացաւ պաշտօնանկ անել Կրեմլի հովանաւորեալին եւ բովանդակ իշխանութիւնը կեդրոնացրեց իր խմբակի ձեռքը: Այսպիսով`
1. Արցախի հայրենատիրութիւնը լիովին մերժելու եւ վարկաբեկելու նպատակով նա իր առաջնորդների յանձնարարութեամբ սկսեց տարփողել «Ադրբէջանի դէմ ոչ թէ առճակատում, այլ բանակցութիւններ»: Այսինքն` Հայաստանի թիւ մէկ ղեկավարը հայ ժողովրդի ազատագրական համահայկական պայքարը ոչ թէ ազատամարտ էր համարում, այլ ԱՌՃԱԿԱՏՈՒՄ եւ կոչ էր անում բանակցութիւնների:
Բայց բանակցութիւններ ինչի՞ շուրջ: Հասկանալի է` «գրաւեալ տարածքները Ադրբէջանին վերադարձնելու շուրջ», քանի որ թէ՛ Ադրբէջանը եւ թէ՛ Մոսկուան Հայաստանի ղեկավարի այդ առաջարկներին պատասխանում էին թէ Արցախի հարցում ոչ մի բանակցութիւն. բանակցելու համար Հայաստանը պէտք է դուրս գա գրաւեալ տարածքներից, այսինքն` հրաժարուի Արցախի դատից: Այս քայլերով Հայաստանի թիւ մէկ ղեկավարը համայն հայութեան կոթողած սրբազան ազատամարտը պղծեց-ուրացաւ-խեղաթիւրեց-չարափոխեց, դարձրեց «առճակատում»:
Ի՞նչ էր ստացւում. Ադրբէջանը արցախահայութեանը ոչնչացնելու սպառնալիքով դանակը դրել էր մեր վզին, ասում էր` կամ թողէք ձեր պատմական հայրենիքը, տունն ու տեղը հեռացէք, կամ ձեզ կոտորում ենք: Եւ երբ բռնի տեղահանւող հայ ժողովուրդը ցեղասպանի ձեռքից ազատեց իր հայրենիքը, Հայաստանի թիւ մէկ ղեկավարը դա համարեց առճակատում: Այսինքն` եթէ հայերս չենք ուզում մահուան սպառնալիքի տակ մեր պատմական հայրենիքն ու ծննդավայրը լքել ու յանձնել մեզ ոչնչացնողներին. եւ երբ մեր կեանքը փրկելու, բնաջնջումից ու տեղահանութիւնից ազատւելու համար հարկադրուած անցնում ենք ինքնապաշտպանութեան, Հայաստանի դրծոյ ղեկավարը կոտորածից եւ բռնագաղթից փրկուելու մեր ինքնապաշտպանութիւնը յայտարարում է առճակատում: Ահա թէ ինչ թշնամական դեր էր կատարում Յիսուս Քրիստոսին խաչողների գործիք Լ.Տէր-Պետրոսեանը:
Բազմաթիւ արիւնայեղութիւններ սադրելու, ժողովրդի ազատագրական ոգին ընկճելու համար մի քանի անձանց հարստացնելու նպատակով ամբողջ երկիրը հոսանքազրկելու-տասնեակ հազարաւոր անձանց հոգեկանը խաթարելու եւ անկողնուն գամելու, գողութիւնն ու կոռուպցիան երկրում արմատաւորելու, ազգային բոլոր կարեւորագոյն գաղափարները վարկաբեկելու (օրինակ` Ցեղասպանութեան մասին թոյլ չէր տալիս խօսել ու գրել, յայտարարում եւ պնդում էր թէ Հայոց ազգային գաղափարախօսութիւնը կեղծ կատեգորիա է), բազմաթիւ նուիրեալ հայրենասէր գործիչներին մէջտեղից վերացնելու եւ այլ ոճրագործութիւնների համար 1998թ. փետրուարի 6-ին Ազատութեան հրապարակում կայացած հանրաժողովում ժողովուրդը նրան անուանեց ԼԵՎՈՆ ՉԱՐԱԳՈՐԾ:
Այսպիսով` Հայաստանի հայրենապիղծ ղեկավարը հայ ժողովրդի աննախադէպ միասնութեամբ կոթողուած մեր անբաղդատելի ազատամարտը ՄԱՐԵԼՆ ու պառակտելը դարձրեց ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ: Իսկ այդ քաղաքականութիւնը անխափան իրագործելու միակ պայմանը երկրում բռնատիրութիւն հաստատելն էր, որի համար եւ յանուն ինչի իրեն գրաստի վերածած ուժերի յանձնարարութեամբ պայքարեց իր պաշտօնավարման ամբողջ ընթացքում:
2. Պաշտօնի անցնելուց անմիջապէս յետոյ նա Հայոց ցեղասպանութեան հետ միասին Հայաստանում արգելք դրեց նաեւ Արցախի հարցի վրայ: Ժողովրդի մտադաշտից Արցախի վերամիաւորումը ջնջելու նպատակով ոչ մի լրատուամիջոցի կամ հեռուստաալիքի թոյլ չէր տրւում արծարծել Արցախի հարցը: Հայաստանում Արցախի մասին խօսել-գրելը փաստօրէն արգելւում էր: Արցախի հարցի վրայ 1990 թուականի ամառուանից դրուած լրատուական շրջափակումը վերացրեց 1990թ. սեպտեմբերի 12-ից Մոսկուայում Վիկտոր Համբարձումեանի, Սոս Սարգսեանի եւ այլոց սկսած բողոքի հացադուլը Կրեմլի դէմ (հացադուլաւորները Կրեմլից պահանջում էին ի կատար ածել Արցախը հայրենիքին միացնելու Արցախի բնակչութեան եւ իշխանութիւնների ընդունած որոշումները):
3. Հայաստանի ղեկավարը ՀՀՇ ոճրախմբի միջոցով հայ երիտասարդներին խստօրէն պատժելու սպառնալիքով 1991թ. սկզբից բռնութեամբ քշում էր սովետական բանակ` խուսափողներին խստագոյնս պատժելու սպառնալիքով:
4. Իշխանութիւնը Ռուսաստանում վերցնելու համար Կրեմլում պայքարում էին կոմունիստները եւ իրենց «Ռուսաստանի դեմոկրատներ» անուանողները, որոնց այդ օրերին անուանեցի նէօբոլշեւիկներ: Նէօբոլշեւիկները Ռուսաստանի տիրապետութեան տակ գտնւող ժողովուրդներին խաբում էին, թէ իբր ցանկանում են կոմունիստների սարքածը քանդել, հիմնել «Նոր ֆեդերացիա»:
Հայաստանի ղեկավարը ծառայում էր նէօբոլշեւիկներին, որոնք կոմունիստներից իշխանութիւնը խլելու համար Ռուսաստանում քաղաքացիական կռիւները սանձազերծել չկարողանալով` ամէն կերպ ձգտում էին դա իրենց դրածոյին ձեռքով իրագործել այդ օրերին համաշխարհային հասարակական կարծիքի կենտրոն Հայաստանում: Եւ ահա նէօբոլշեւիկները Հայաստանի թիւ մէկ պաշտօնեայի ձեռքով բազմապիսի սադրանքներով ամէն կերպ ձգտում էին Կրեմլին Հայասատանի դէմ պատժիչ գործողութիւնների մղել, որպէսզի հայութեան համաշխարհային չափերի ընդվզումը եւ մեր ժողովրդի թափած արիւնը վերածելով միջազգային սկանդալի` կարողանային Հայաստանի նախագահի ձեռքով համաշխարհային վարկ եւ ազդեցութիւն ունեցող հայութեանն օգտագործել Կրեմլից իշխանութիւնը զաւթելու իրենց նկրտումներին, մեր ժողովրդի միամիտ հատուածի առաջ հանդէս գալ հայութեանը Կրեմլի արիւնայեղութիւնից պաշտպանելու դիմակով:
Հայաստանի ձեռնասուն նախագահը, այդ թուերին կատարելով նէօբոլշեւիկների հրահանգը, Հայաստանում ու յատկապէս իր արտասահմանեան ուղեւորութիւնների ժամանակ վարկաբեկում էր Կրեմլի կոմունիստ վարիչներին` մեր ժողովրդի միամիտ խաւի մէջ վաստակելով Կրեմլի դէմ անվախօրէն կռւող «հերոսի» միաւորներ: Նպատակը մէկն էր. Կրեմլին պատժիչ գործողութիւնների մղել հայութեան դէմ, որպէսզի դա նէօբոլշեւիկների համար զէնք դառնար Կրեմլին մեղադրելու ազատաբաղձ ազգերին ճնշելու եւ կոմունիստական բռնատիրութիւնը վերականգնելու մէջ:
Ահա թէ ինչ եղեռնական դեր էր կատարում Յիսուսին խաչողների հետեւորդների գործիք Լեւոն չարագործը` նրանցից ստացած իր իշխանութիւնը պահպանելու, իր մասին նրանց ձեռքի տակ եղած դիմակազրկող տեղեկութիւնները հայութեան սեփականութիւնը չդարձնելու խօստումների համար:
5. Այսպիսով` դրսի ուժերը հայոց համազգային ազատամարտը մարեցին իրենց դրածոյի ձեռքով ու միջոցով, որը մէջտեղից վերացնելով մեր պատմական հայրենիքի միւս հատուածները եւս ազատագրելու` հայոց ազատագրական բանակի ազգասէր ու ազգանուէր հրամանատարներին, ամէն կերպ խանգարեց ու արգիլեց ետ գրաւել հայոց բռնազաւթուած այլ տարածքներ եւս (Նախիջեւան, Գանձակ, Շահումեանի եւ Մարտակերտի բռնազաւթուած տարածքները եւ այլն):
Արցախը Հայաստանին վերամիաւորելու փոխարէն, որի համար հանուր հայութիւնը ոտքի էր ելել եւ մեծ յաջողութիւններ արձանագրել, քանի որ համաշխարհային հասարակական կարծիքը այդ օրերին մեր օգտին էր, Հայաստանի ղեկավարը հայութեանը պարտադրեց Արցախի Հանրապետութիւն պիտակը` դրանով իսկ ի չիք դարձնելով մեր ռազմական եւ քաղաքական աննախադէպ յաջողութիւնները, սկզբնաւորելով մեր ժողովրդի դիւանագիտական պարտութիւնը: Մինչդեռ արիւնայեղ պատերազմից անմիջապէս յետոյ Արցախի վերամիաւորումը մայր հայրենիքին միջազգային հանրութիւնը շատ աւելի լաւ կընկալէր, քան տարածքը առանձին հանրապետութիւն հռչակելը, որը համարւում էր անջատողականութիւն…
«Առճակատման փոխարէն երկխօսութիւն» կեղծիքով Արցախականը նենգափոխելով անջատողականութեան, Լեւոն չարագործը սկզբնաւորեց համաշխարհային հասարակական հայանպաստ կարծիքի չէզոքացումը եւ հազարաւոր զոհերի գնով մեր ժողովրդի ձեռք բերած ռազմական եւ դիւանագիտական աննախադէպ նուաճումները:
ՌԱՖԱՅԷԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ