ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, February 23, 2009 13:31 - չքննարկված

«ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ Էՙ ՍԵՎԱՆԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՊԵՏՔ Է ԲԱՐՁՐԱՆԱ 6 ՄԵՏՐՈՎ»

ԹԵՐԹ #29, 20-02-2009

Փրկարար

Տեղադրվել է` 2009-02-20 00:48:14 (GMT +04:00)

«ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ Էՙ ՍԵՎԱՆԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՊԵՏՔ Է ԲԱՐՁՐԱՆԱ 6 ՄԵՏՐՈՎ»

Հարցազրույցը` ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

Ընդգծում է Սեւանի հիմնահարցերի ուսումնասիրմամբ զբաղվող հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը

Սեւանա լճի խնդիրների մասին այնքան է խոսվել, որ թվում է, թե այլեւս ոչինչ նոր ավելացնել հնարավոր չէ: Սակայն գոնե անկախության 17 տարիների ընթացքում այդ խնդիրների լուծման ուղղությամբ իշխանությունները համալիր ծրագիր չեն մշակել, իսկ իրականացված միջոցառումներն իրավիճակային բնույթ են կրել: Միայն անցյալ տարեվերջին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ստեղծվեց հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի եւ ներկայացնի համալիր լուծումներՙ դրանք իրականացնելու միջոցառումների կոնկրետ ժամանակացույցով: Վերոնշյալ ծրագրերի մանրամասներին տեղեկանալու նպատակով հարցազրույցի հրավիրեցինք հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանին :

– Պրն Մովսիսյան, նախ համառոտ ներկայացրեք, թե ե՞րբ, ի՞նչ նպատակով ստեղծվեց Սեւանա լճի հիմնախնդիրներով զբաղվող հանձնաժողովը եւ ի՞նչ խնդիրներ են դրված նրա առջեւ:

– Անցյալ տարվա դեկտեմբերի 25-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ստեղծվել է Սեւանի հիմնահարցերի հանձնաժողովը, որի առջեւ դրված են լճի, նրա ջրահավաք ավազանի պահպանման, վերականգնման, վերարտադրության, օգտագործման եւ զարգացման հարցերով առաջարկություններ ներկայացնելը: Այս առումով նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել մեր հանձնաժողովին, որպեսզի այդ հիմնախնդիրների լուծմանն ուղղված առաջարկություններ պատրաստի եւ ծրագրեր մշակի: Սկսվեցին նախապատրաստական աշխատանքները, իսկ փետրվարի 13-ին կայացավ հանձնաժողովի առաջին նիստը, որտեղ հաստատվեց մեր աշխատանքային ծրագիրը: Այդ ծրագրում ընդգրկված են 16 կոնկրետ միջոցառումներ, որոնք ուղղված են հիմնականում 4 խումբ հիմնախնդիրների լուծմանըՙ Սեւանա լճի մակարդակի բարձրացում, ջրի մաքրության ապահովում, կենդանական եւ բուսական աշխարհի, ինչպես նաեւ ձկան պաշարների պահպանում եւ վերարտադրություն, ափամաքրում եւ այդ գոտու քաղաքաշինական նոր միջոցառումների իրականացում: Ծրագրի 16 կետերում նշված են կոնկրետ միջոցառումներ եւ կոնկրետ ժամանակացույց` ելնելով դրանց հրատապությունից եւ ուսումնասիրությունների տեւողությունից: Նիստում ստեղծվեցին նաեւ յուրաքանչյուր միջոցառումը մշակող աշխատանքային խմբեր, որոնցում հիմնականում ընդգրկված են հանձնաժողովի անդամներըՙ ԱԺ պատգամավորներ, նախագահի աշխատակազմի աշխատակիցներ, շահագրգիռ նախարարությունների փոխնախարարներ, գիտնականներ, հասարակական կազմակերպությունների, Գեղարքունիքի մարզպետարանի, «Սեւան» ազգային պարկի ներկայացուցիչներ: Որոշվեց նաեւ, որ աշխատանքային խմբերում կարող են ներգրավվել տարբեր բնագավառների փորձառու մասնագետներ, որոնք ծանոթ են Սեւանի խնդիրներին եւ կարող են իրենց նպաստը բերել այդ միջոցառումներին:

– Որո՞նք են Սեւանի ամենահրատապ լուծում պահանջող խնդիրները եւ ի՞նչ լուծումներ եք առաջարկում:

– Ամենահրատապներից է Սեւանա լճի մակարդակի բարձրացման խնդիրը եւ առաջին հերթին Արփա-Սեւան թունելի տեխնիկական վիճակի կարգավորումը: Ուրախալի է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախագահի հանձնարարությամբ արդեն կոնկրետ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ: Նախնական հաշվարկներով` թունելի վերականգնման ֆինանսական միջոցների պահանջը կազմում է շուրջ 12 մլրդ դրամ (որից 3,5 մլրդ դրամը Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբիի զարգացման հիմնադրամի վարկն է լինելու): Առաջին հերթին անհրաժեշտ է, որ վերականգնվեն թունելի առավել վթարային հատվածները: Արփա-Սեւան թունելն անցնում է չափազանց բարդ ինժեներաերկրաբանական պայմաններում: Նրա 8-րդ եւ 7-րդ թունելախորշերի միջեւ ընկած տարածքըՙ մոտ 9 կմ, դժվարագույնն է: Այն գտնվում է բարձր ճնշումների տակ եւ ձեւախեղված է: 1981-ին թունելը շահագործման հանձնելուց հետո, 1987-1988-ին այդ հատվածի 2,4 կմ-ն վերականգնվել էր: Հիմա նորից նույն հատվածի շուրջ 3 կմ-ն վթարային է: Դրա պատճառով ջրի ծավալների տեղափոխումը Սեւան նվազեցվել է: Նախագծային հզորությունը կազմում էր 25 խմ/վրկ, բայց քանի որ հատակն ու երեսարկը ձեւախեղվել են եւ թունելախորշը նեղացել, ապա ջրաթողունակությունը իջել է 13 խմ/վրկ-ի: Արդյունքում, անցյալ տարի 280 մլն խմ կազմող թունելի հզորությունների դիմաց Կեչուտի ջրամբարից Արփա-Սեւան թունելով Սեւան է տեղափոխվել 180 մլն խմ ջուր: Մեր ուսումնասիրություններով, այդ հատվածից շուրջ 400 մետրը խիստ վթարային է եւ կարող է օր առաջ փլուզվել: Այդ դեպքում ջուր տեղափոխելն անհնար կլինի, իսկ վերականգնելը կպահանջի ավելի երկար ժամանակ եւ անհամեմատ մեծ ծավալի միջոցներ: Այս տարվա բյուջեով նախատեսված է 1,5 մլրդ դրամ վթարային հատվածի վերականգնման համար, որից 900 մլն դրամը ՀՀ պետական բյուջեից է, իսկ 600 մլն դրամը` Արաբական Միացյալ Էմիրությունների զարգացման հիմնադրամից: Այդ գումարից 399 մլն դրամը վերոհիշյալ 400 մետրի վերականգնման արժեքն է: Եթե տվյալ հատվածի վերականգնման աշխատանքները կատարվեն դասական սխեմայով, որը սահմանված կարգ է ՙ պետական գնումների գործակալություն, մրցույթի հայտարարում եւ այլն, ապա դրանք պետք է սկսեինք այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին: Այդ դեպքումՙ մի կողմից փլուզումը կդառնար անխուսափելի, մյուս կողմից` հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին հնարավոր չէր լինի 1,5 մլրդ դրամը իրացնել: Ուստի, ֆինանսների նախարարությունը, ընդառաջ գնալով, լուծեց 400 մետր հատվածի առաջանցիկ ֆինանսավորման խնդիրը, եւ վերականգնման աշխատանքներն արդեն մի քանի օր առաջ սկսվել են: Դրանք «Արփա-Սեւան» ԲԲԸ-ն կավարտի ապրիլի 10-ին: Այդ 400 մետրը նորոգելուց հետո կորոշենք 3 կմ-ի վերականգնման աշխատանքների հերթականությունը: Կանխատեսում ենք, որ այդ աշխատանքները կավարտվեն 5 տարվա ընթացքում:

– Այդքան երկա՞ր:

– Մենք պետք է աշխատենք համատեղվող ժամանակացույցով` շինարարությունը եւ ջրի տեղափոխումը համատեղելով: Այսինքն, հիմա կաշխատեն մինչեւ ապրիլի 10, հետո ջուրը պետք է Կեչուտի ջրամբարից փոխադրվի Սեւան, իսկ շինարարները կդադարեցնեն շինարարությունը մինչեւ ջրի տեղափոխումը, այնուհետեւ շինարարական աշխատանքները կվերսկսվեն ջրի կուտակված ծավալի փոխադրումից հետո, եւ այսպես շարունակ: Փաստորեն, տարեկան աշխատելու ենք 6 ամիս: Եթե այդպես չլիներ, ապա թունելի այդ հատվածը հնարավոր կլիներ վերականգնել ոչ թե 5, այլ 2,5 տարվա ընթացքում: Սակայն այդ տարբերակի դեպքում, երբ 2,5 տարի Սեւան ջուր չտեղափոխենք, ի՞նչ կլինի լճի վիճակը այս կլիմայական կատակլիզմների պարագայում: Այդ 5 տարում եթե կարողանանք առավելագույնը տարեկան 180-190 մլն խմ ջուր տեղափոխել Սեւան, դա կլինի հսկայական աշխատանք: Ուրեմն ջրի տեղափոխման նախագծային հզորություններին կկարողանանք հասնել միայն 5 տարի հետո:

– Հրատապությամբ հաջորդը ո՞ր խնդիրն է:

– Մաքրման կայանների խնդիրը: Բազմիցս եմ ասել, եթե Սեւանի մակարդակը չենք բարձրացնում մաքուր ջրով, ապա այդ բարձրանալն անհասկանալի է դառնում: Այդ դեպքում Սեւանում կունենանք ընդամենը ոռոգման ջուր, որի արդյունքում լիճը չի ունենա այն նշանակությունը, որ ունի հիմա: Սեւանը տարածաշրջանային առումով այն խոշոր քաղցրահամ ջրամբարներից մեկն է, որն իր աշխարհագրական դիրքով իշխում է հարեւան պետությունների տարածքների վրա: Ապագայում այն ինքնահոս եղանակով կարող է խմելու ջուր մատակարարել տարածաշրջանի սպառողներին:

Այս տարի մաքրման նպատակներով շուրջ 15 մլն եվրոյի ծրագիր է սկսելու գործել: Այդ գումարը տրամադրել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), Հայաստանի կառավարության 1,7 մլն եվրո համաֆինանսավորմամբ: Այդ գումարից 7 մլն եվրոն դրամաշնորհ է: Այս տարի կվերականգնվեն 5 քաղաքներիՙ Սեւանի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի եւ Ջերմուկի կոյուղու գծերը եւ կկառուցվեն 3 մաքրման կայաններ Գավառում, Մարտունիում եւ Վարդենիսում: Հանձնաժողովում քննարկվել են համապատասխան նախագծերը, դրանք պետք է ներկայացվեն ու համաձայնեցվեն ՎԶԵԲ-ի հետ ու մրցույթ հայտարարվի: Բոլոր հաշվարկները ենթադրում են, որ այս տարվա հունիս-հուլիսին կսկսվեն եւ կավարտվեն կոյուղագծերի վերականգնման աշխատանքները: Հուլիսից մինչեւ տարեվերջ կկառուցվեն 3 մաքրման կայանները: Սակայն նշեմ, որ 30-ից ավելի բնակավայրեր Սեւանի ավազանում չունեն ջրամատակարարում եւ կոյուղի: Այդ ուղղությամբ բանակցություններ են վարվելու Եվրոբանկի հետ, որպեսզի ֆինանսավորվի նաեւ այդ բնակավայրերի ջրատարների եւ կոյուղատարների կառուցումը: Այս աշխատանքներն ամբողջությամբ ավարտելու համար կպահանջվի 10-15 տարի: Չի բացառվում դա արագացնել շարժական կայանքների, մաքրման նախալճակների, կոմպակտ կայանների միջոցով եւ ֆինանսավորման խնդիրները աստիճանաբար լուծելով:

– Սեւանում ձկան պաշարների կտրուկ նվազման ահազանգեր են անընդհատ հնչում:

– Հաջորդ խումբ խնդիրները վերաբերում են հենց ձկան պաշարներին: Եթե մեղմ ասենք, ձկան պաշարների առումով վիճակն աղետալի է: Օրինակ, փոքր Սեւանում արդեն ընդհանրապես սիգ չկա, իսկ մեծ Սեւանում մնացել է շատ փոքր քանակությամբ: Սիգի արդյունագործական պաշարները պակասել են … 50 անգամ: Հանուն Սեւանա լճում ձկան պաշարների վերականգնման եւ այդ տարածքի ժողովրդի ապագա շահերի, ուզենք թե չուզենք, պետք է ժամանակավորապես դադարեցվի ձկան որսը: Տեղի բնակչությունը պետք է հաշվի առնի, որ առնվազն 2-3 տարի պետք է դադարեցվի որսը, որպեսզի ձկան պաշարները վերականգնվեն, եւ սկսվի ձկան բնական վերարտադրությունը: Դրանից հետո թող որսան մի քանի անգամ ավելի, քան այսօր եւ ավելի շատ պարեն ու եկամուտ ունենան: Եթե ձկան պաշարները չվերականգնենք, ապա ջրի մաքրումը նույնպես կդժվարանա: Ձկներն ունեն լճի օրգանական նյութերը վերամշակելու, յուրացնելու հատկություն:

– Լճի բարձրացման հետեւանքով անտառածածկ տարածքները ջրի մեջ հայտնվելու խնդիրն է առաջանում: Ի՞նչ է արվելու այս հարցի լուծման համար:

– Պետական բյուջեից 10 մլն դրամ է հատկացված, որ ափամերձ անտառածածկ տարածքները գույքագրվեն եւ քարտեզագրվեն: Այս տարի 257 մլն դրամ է հատկացված դրանց մի մասի մաքրման համար: Նման տարածքներն ընդհանուր առմամբ զբաղեցնում են 3600 հա: Հանձնաժողովում այդ հարցի քննարկման ժամանակ հարց բարձրացվեց, որ տեղի բնակիչները ներգրավվեն այդ աշխատանքներում եւ վարձատրվեն: Նախատեսվում է այդ աշխատանքների արդյունքում առաջացած փայտանյութը հատկացնել տեղի համայնքների սոցիալապես անապահով խավերին:

– Վերադառնանք լճի մակարդակի բարձրացման հարցին: Ի վերջո, 6 մետրով բարձրացնելու նախկին որոշումը ուժի մե՞ջ է մնում:

– Միանշանակ: Լճի մակարդակը պետք է բարձրանա մինչեւ 6 մետր, այսինքն` մինչեւ 1903,5 նիշը եւ գումարած 1,5 մետր էլ ալիքի ծածկման համար: Այսինքն, կառավարության 2008-ի դեկտեմբերի 18-ին ընդունված 1563-Ն որոշման մեջ ամրագրված է 1905 մետր նիշը: Վեց մետր բարձրացնելն ինքնանպատակ չէ: Այդ դեպքում մենք կունենանք մաքուր ջուր, էկոլոգիական հավասարակշռություն, ինչպես նաեւ հավելյալ 8 մլրդ խմ ջուր: Սա ռազմավարական լուրջ պաշար է: Մենք ունենք եղանակային առումով չապահովագրված գյուղատնտեսություն: Բացի այդ, ջրի վերոնշյալ պաշարը պետք կգա նաեւ որպես էներգետիկ ռեսուրս: Մի համեմատություն: Հայաստանի բոլոր ջրամբարներում տարեկան կուտակվում է մոտ 1 մլրդ խմ ջուր, իսկ միայն Սեւանում հնարավորություն ենք ստեղծում ունենալու հավելյալ 8 մլրդ խմ ջրի ռազմավարական պաշար:

– Ի՞նչ է լինելու Սեւանի ավազանի տարածքում գտնվող կառույցներիՙ հյուրանոցների, հանգստյան տների եւ այլ օբյեկտների հետ, քանի՞սն են նրանք եւ ի՞նչ քաղաքականություն է տարվելու հետագայում այս տարածքում:

– Կառավարության դեկտեմբերի 18-ին ընդունած որոշմամբ փոխվում են նաեւ քաղաքաշինական քաղաքականությունն ու իրադրությունը Սեւանի ավազանում: Միջոցառումներ պետք է մշակենք ազգային պարկում հողի վարձակալության, հողօգտագործման, գոտեւորման նախագծերի, բնակավայրերի գլխավոր հատակագծերը կազմելու եւ ճշգրտելու ուղղությամբ: Այսօրվա դրությամբ հանձնաժողովին տրամադրված նյութերի հիման վրա կարող եմ ասել, որ այդ տարածքում հաշվառվել են մոտ 1690 միավոր ինքնակամ կառուցված կամ տեղադրված շենքեր եւ շինություններ: Դրանցից 650-ը տեղադրված են ինքնակամ զբաղեցրած հողերի վրա, իսկ 1034 ինքնակամ շինություններ կառուցված կամ տեղադրված են իրավունքների պետական գրանցում ունեցող հողամասերի վրա: Հանձնաժողովն անհրաժեշտ է համարում ճշգրիտ հաշվառել Սեւանա լճի 1905 մ նիշից ներքեւ կառուցված կամ տեղադրված առկա անշարժ գույքը, տարանջատել օրինական եւ ինքնակամ զավթած հողամասերը, դրանց վրա առկա շենքերը եւ շինությունները, միջոցառումներ մշակել առաջացած հիմնախնդրի լուծման համար: Այդ աշխատանքները մեր հանձնաժողովում իրականացնելու է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանի ղեկավարած խումբը:

Ամփոփելով ասեմ, որ մեր այս մեկ ամսվա կատարած ուսումնասիրություններն ու աշխատանքը ցույց տվեցին, որ հիմնավորված է երկրի նախագահի մտահոգությունը Սեւանի ավազանում լուծում պահանջող բազմաթիվ հիմնահարցերի ուղղությամբ: Ակնհայտ է այդ հիմնախնդիրների համակարգման ու լուծման հրատապությունը եւ կարեւորությունը, որին եւ ուղղված պետք է լինի Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի գործունեությունը: Առկա հիմնախնդիրները եւ մեր անելիքները մենք լավ պատկերացնում ենք, գործընթացն արդեն սկսված է: Այնուհանդերձ մեզ սպասում են լուրջ, բազմակողմանի եւ բազմաբնույթ աշխատանք, համալիր միջոցառումների մշակում եւ իրականացում: Մենք դեռեւս այդ երկար ու բարդ ճանապարհի սկզբնամասում ենք:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ