ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Saturday, February 14, 2009 1:06 - 7 քննարկում

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ

  • article's photo

    Կա հայ-թուրքական հակամարտություն

    Դավոսում վերջերս տեղի ունեցած Ս.Սարգսյան-Թ.Էրդողան հանդիպումից եւ Մյունխենում շարունակված հայ-թուրքական դիվանագիտական շփումներից հետո տարբեր կողմերից՝ թե՛ Հայաստանից, թե՛ Թուրքիայից, թե՛ Արեւմուտքից, լավատեսական կանխատեսումներ եղան առ այն,

    որ 2009 թվականը կարող է «բեկումնային» լինել, եւ արդեն տարվա երկրորդ կեսին հնարավոր է որոշակի տեղաշարժ արձանագրվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճակատում։

    Այս սպասելիքները որքանո՞վ են համապատասխանում իրականությանը, Թուրքիան պատրա՞ստ է վերանայել իր հակահայ քաղաքականությունը եւ թուլացնել շրջափակման օղակը Հայաստանի շուրջ։ Մեր հարցերին պատասխանում է «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն

    ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ։

    -Իրերը կոչենք իրենց անուններով՝ հայ-թուրքական հարաբերություններ չկան։ Կա հայ-թուրքական հակամարտություն, որ 19-րդ դարի 2-րդ կեսից ի վեր պատմական տարբեր փուլեր է անցել, բայց հիմքում մնացել է անփոփոխ։ Այդ հակամարտության առանցքում ընկած է մի կողմից՝ Հայաստանը ոչնչացնելու Թուրքիայի նպատակը, մյուս կողմից՝ սեփական պետականությունը կայացնելու միջոցով անվտանգության երկարաժամկետ երաշխիքներ ձեռքբերելու հայ ժողովրդի պայքարը։

    Ինչ վերաբերում է հնարավոր «տեղաշարժերին», մեզանում տեղաշարժ ասելով, չգիտես ինչու, հասկանում են երկու բան՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատում եւ հայ-թուրքական սահմանի բացում։ Այս դեպքում էլ իրերը պետք է իրենց անուններով կոչել՝ ոչ թե սահմանի բացում, այլ Թուրքիայի կողմից շրջափակման վերացում։ Իրականում խնդիրը շատ ավելի խորն է. եթե նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն եւ սահմանը ապաշրջափակվի, հայ-թուրքական հակամարտությունը լուծում չի ստանա։

    Որովհետեւ հակամարտությունն այդ ունի բազմաթիվ մակարդակներ՝ հասկացական-տերմինաբանական, քաղաքական, պատմաքաղաքական, իրավաքաղաքական, տեղեկատվական-հոգեբանական, տնտեսական, մշակութային, ռազմական։ Ընդ որում՝ այս մակարդակներից յուրաքանչյուրն ունի իր ենթամակարդակները, որոնք թվարկելը միայն մի քանի էջ է խլում։

    Այժմ հիշատակեմ ընդամենը մի քանի խնդիր, որոնք դուրս են մնացել ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգից՝ Թուրքիայում ապրող հայ փոքրամասնության մարդկային իրավունքների ոտնահարումները, մեսխեթցի թուրքերի անվան տակ թյուրք տարրին հայաբնակ Ջավախքում բնակեցնելու Անկարայի հետեւողական ջանքերը, Թուրքիայում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումն ու յուրացման փորձերը, միջազգային ասպարեզում հայոց պատմության եւ մշակույթի պետականորեն իրականացվող կեղծումը, սփյուռքահայերի բնակության երկրների կառավարություններին եւ ժողովուրդներին հայության դեմ տրամադրելը, Հայաստանից եւ Մերձավոր Արեւելքի երկրներից հայերի արտագաղթը խրախուսելու եւ այն դեպի հեռավոր մայրցամաքներ ուղղելու Թուրքիայի գաղտնի գործողությունները, արտասահմանում թուրքական քոլեջների միջոցով հակահայկական տրամադրությունների սերմանումը, հայության տարբեր հատվածների միջեւ, ներառյալ Հայաստանի ներքաղաքական դաշտում հայ-թուրքական «հարաբերությունների» հողի վրա առաջացող պառակտումը եւ այլն։

    Ցավոք, հայոց պետությունը մինչ օրս գնահատական չի տվել այն փաստին, որ Թուրքիան, 17 տարի շարունակ տարբեր պատրվակներով հրաժարվելով Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց եւ շարունակելով Հայաստանի շրջափակումը, արմատից մերժում է հայ ժողովրդի պետականություն ունենալու իրավունքը։

    Ավելին՝ արտաքին գերատեսչության պատասխանատուները խոսում են չեղած հարաբերությունների «ջերմացումից», իբր արձանագրված «ձնհալից», ինչը առնվազն անհասկանալի է։ Սա նշանակում է, որ մենք չենք էլ փորձում մասնակից լինել մեզ պարտադրված հակամարտությանը՝ անկախության հռչակումից մինչ օրս։ Սա այն դեպքում, երբ Թուրքիան բոլոր մակարդակներով շատ հստակ եւ հետեւողական քաղաքականություն է իրականացնում Հայաստանի դեմ։

    -«Հասկացական-տերմինաբանական» հակամարտություն ասելով՝ ի՞նչ նկատի ունեք։

    -Նկատի ունեմ առաջին հերթին հայրենիքի գաղափարի ընկալման խնդիրը։ Եթե մեզ թվում է, թե դիվանագիտական հարաբերություններ հաստատելով, առեւտուր անելով Թուրքիայի հետ, այլեւս որեւէ խնդիր չենք ունենալու, չարաչար սխալվում ենք։ Ավելին՝ մեր հայրենիքի բռնազավթված արեւմտյան մասն ինքնակամ մոռացության մատնելով, այդպիսով դավաճանելու ենք ինքներս մեզ, մեր ինքնությանը։ Իր ոչնչացումը ծրագրող թշնամու հետ վտանգավոր սիրախաղերի պայմաններում հայ ժողովուրդն այլեւս զրկվելու է ինքն իրեն մոբիլիզացնելու, իր առջեւ ինչ-որ նպատակներ դնելու, իր իրավունքների պաշտպանությամբ եւ առհասարակ ինքնապաշտպանությամբ զբաղվելու բնական մղումից։

    Եւ, գիտեք, այսօր կան հայ «քաղաքագետներ» եւ «պատմաբաններ», որ մեր հայրենիքի բռնազավթված արեւմտյան մասն անվանում են թուրքերի ներդրած հնարովի տերմինով՝ Արեւելյան Անատոլիա։ Ցայսօր դրանք արտերկրում բնակվող արեւմտյան կեղծ-հայագիտական դպրոցի գրչակներն էին։ Բայց վերջերս դրանց շարքերը համալրեց նաեւ Իգոր Մուրադյանը, որն Արեւմտյան Հայաստանի փոխարեն խոսում է Արեւելյան Անատոլիայի մասին (տե՛ս «Իրավունք. Դե ֆակտո», 27.01.2009)։

    Հայությունն իր բնօրրանում բնաջնջելուց հետո թշնամու՝ մեր հայրենիքին տրված զազրելի անունն անկախ Հայաստանում են արդեն փորձում շրջանառության մեջ դնել, մեզ մանկուրտ դարձնել… Սա այլ բան չէ, քան հայոց ինքնության արմատական շերտի՝ հայրենիքի գաղափարի դեմ մղվող պատերազմ։

    Ի՞նչ ենք անում մենք՝ ի հակակշիռ տարածք զավթողին եւ հայրենիք կորցնողին գլխիվայր շրջելու թուրք-ադրբեջանական նկրտումների։ Թուրքիան մեզ ասում է՝ բռնազավթել եք Արցախը, Ադրբեջանը մեղադրում է, թե՝ Երեւանն ու Սյունիքն եք զավթել, իսկ մենք չենք համարձակվում բարձրաձայն ասել, որ Թուրքիան բնաջնջել է հայությանն իր հայրենիքում եւ բռնազավթել մեր երկիրը, իսկ Ադրբեջանը՝ զավթել ու հայաթափել է Նախիջեւանը, Ուտիքը, Արցախի զգալի մասը։

    Այդ գնահատականները երբեք չեն տրվում։ Ընդամենն ասում ենք, որ Ցեղասպանություն է տեղի ունեցել։ Պաշտոնապես, պետական մակարդակով չի ասվում՝ Ցեղասպանության նպատակը ո՞րն էր, հո հենց այնպես հայությանը բնաջնջելը չէր։ Ո՛չ, նպատակը հայերին իրենց հայրենիքում բնաջնջելն էր՝ այդ հայրենիքի տարածքները յուրացնելու, թուրքացնելու նպատակով. քանդելու համար այն հիմքը, որի վրա կարող էր առաջանալ հայկական պետությունը։

    Թուրքիան լուրջ քաղաքական, տնտեսական պատերազմ է վարում մեր դեմ՝ շարունակելով շրջափակումը, հետեւողականորեն մեկուսացնելով Հայաստանը տարածաշրջանային էներգետիկ եւ հաղորդակցուղային ծրագրերից, դիվանագիտական լիակատար օժանդակություն ցուցաբերելով Ադրբեջանին, նախապայմաններ առաջ քաշում՝ պահանջելով դուրս գալ «գրավյալ տարածքներից», կասեցնել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը։

    Ռազմական մակարդակում եւս Թուրքիան ամբողջական աջակցություն է ցույց տալիս Ադրբեջանին՝ թե՛ հետախուզական տվյալների փոխանակման, թե՛ զենքի եւ զինամթերքի մատակարարման, թե՛ ռազմական խորհրդատվության, սպաներին եւ հատուկ նշանակության ջոկատներին մարզելու առումով ու նաեւ Նախիջեւանում ռազմական ներկայություն հաստատելով եւ հետզհետե ընդլայնելով։

    Թուրքիան տեղեկատվական-հոգեբանական պատերազմ է իրականացնում մեր դեմ՝ միջազգային բոլոր ատյաններում քարոզելով Ադրբեջանի օգտին, նենգափոխելով Արցախյան հակամարտության էությունը, փորձելով սեպ խրել Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ։ Մենք ի՞նչ ենք անում։ Ոչինչ՝ ջայլամի քաղաքականություն ենք վարում՝ գլուխը մտցնելով ավազի մեջ եւ ձեւացնելով, թե ոչինչ չենք տեսնում, ոչինչ չենք լսում։

    -Եթե Թուրքիան, այնուամենայնիվ, որոշի սահմանը բացել եւ «կարգավորել» հարաբերությունները Հայաստանի հետ, սա ազդանշան չի՞ լինի առ այն, որ թուրքական կողմը պատրաստ է վերջ տալ հայ-թուրքական հակամարտությանը։

    -Թուրքիան սահմանը կբացի մի դեպքում՝ եթե «վերահաշվարկը» ցույց տա, որ սահմանը բացելով՝ մեզ ավելի մեծ վնաս կհասցնի։ Այսինքն՝ խնդիրը Հայաստանի նկատմամբ Թուրքիայի թշնամական քաղաքականությունը դադարեցնելն է, ոչ թե սահմանը բացել-չբացելը կամ դիվանագիտական հարաբերություններ հաստատել-չհաստատելը։

    Եթե Թուրքիան չդադարեցնի իր թշնամական քաղաքականությունը, շրջափակումը վերացնելուց հետո հեշտությամբ կուլ կտա՝ տնտեսապես կկլանի մեզ, որովհետեւ Հայաստանը թուրքական մի նահանգի չափ երկիր է, իսկ Թուրքիայի տնտեսությունն անհամեմատ ավելի մեծ է եւ այդպիսի կլանման կարողություն ունի։ Էլ չեմ ասում, որ ճանապարհները միշտ կարելի է փակել՝ լրացուցիչ ինչ-ինչ պահանջներ, նախապայմաններ դնելով։

    Այսօրվա պայմաններում, երբ մեզանում կան տասնյակ-հազարավոր աղանդավորներ, Թուրքիայի համար խնդիր չի լինի՝ հոգեբանական ագրեսիայի, մահմեդականություն քարոզելու եւ տարածելու միջոցով մեծ ավերածություններ գործել նաեւ մեր հոգեւոր-մշակութային դաշտում։ Տնտեսական ներխուժում, մշակութային ներխուժում, հոգեւոր ներխուժում, ժողովրդագրական էքսպանսիա՝ սրանք լրջագույն սպառնալիք են որեւէ երկրի ազգային անվտանգության համար, առավել եւս դեռեւս չկայացած պետական կառույցներ ու չկազմավորված պետական գաղափարախոսություն ունեցող Հայաստանի համար։ Կարո՞ղ ենք դիմագրավել այս մարտահրավերներին։ Ինչի՞ վրա ենք հույս դնում՝ ի լուր աշխարհի հայտարարելով, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների տնտեսապես, մշակութապես ու մնացած բոլոր ուղղություններով «բացվել» Թուրքիայի առջեւ։ Առանց նախապայմանների Թուրքիան «հարաբերություններ» կհաստատի, հետո կուլ կտա Հայաստանը։

    Ոչ թե Թուրքիան, այլ մենք՝ հայերս, պետք է նախապայմաններ առաջ քաշենք։ Իսկ որո՞նք են այդ նախապայմանները։ Դրանք վստահության այն մեխանիզմներն են, որ կարող են գոնե մասամբ հավատ ներշնչել, որ թուրքերը «առաջվանը չեն» եւ մեզ ոչնչացնելու նպատակ չունեն։

    Այդ մեխանիզմները շատ պարզ են։ Մեկը Ցեղասպանության ճանաչումն է։ Եթե Ցեղասպանությունը չեն ճանաչում, չեն ընդունում պատմական այդ ոճրագործության պատասխանատվությունը, ուրեմն որեւէ երաշխիք չկա, որ նպատակ չունեն, ընդունակ չեն եւ մի գեղեցիկ օր չեն ցանկանա «կրկին փորձել»։ Ի՞նչ մեթոդներով՝ խաղաղ թե ռազմական՝ սա արդեն հարցի մյուս կողմն է։

    Երկրորդ նախապայմանն այն է, որ Թուրքիան որեւէ կերպ չպետք է աջակցի Ադրբեջանին՝ ո՛չ ռազմական, ո՛չ դիվանագիտական, ո՛չ հոգեբանական, ո՛չ քարոզչական հարթության վրա։ Մեզանում թյուր կարծիք կա, թե Թուրքիայի քաղաքականությունը դարձել է պատանդ Ադրբեջանի ձեռքին։ 1993-94-ին ես մասնակցել եմ Մինսկի խմբի բանակցություններին, եւ կարող եմ փաստել, որ թուրքերը նույն Արցախի հարցում ավելի կարծր դիրքորոշում ունեն, քան Ադրբեջանը, որովհետեւ Թուրքիայի նպատակն է ոչնչացնել Հայաստանը որպես պետություն, հայերին էլ՝ որպես ազգ։

    Երրորդ նախապայմանը պետք է լինի այն, որ Թուրքիան պետք է փոխհատուցի Ցեղասպանության համար։ Ինչպե՞ս՝ արդեն բանակցությունների խնդիր է։ Իսկ հայկական կողմը, պարզվում է, փոխհատուցում չի էլ ուզում։

    Մեր դժբախտությունն այն է, որ թուրքերը հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորումը» դիտում են որպես ամբողջություն՝ մեկ ընդհանուր շղթայի մեջ՝ Արցախի հանձնում Ադրբեջանին, Ջավախքի հայաթափում, ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի կասեցում, բռնազավթված հայրենիքից հայերի հավերժական հրաժարում, այն դեպքում, երբ մենք չենք էլ մտածում այդ հարցերին համալիր, համապարփակ մոտեցում ցուցաբերելու մասին։

    Եթե այսպես շարունակվի, «ֆուտբոլային» դիվանագիտությունը բացի վնասից որեւէ օգուտ չի բերի Հայաստանին։

  • ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ


7 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Սիլվա
Feb 14, 2009 7:54