Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ Admin. Wednesday, February 4, 2009 12:16 - չքննարկված
ԹԵԿՈՒԶ ՍՊԱՆԵՔ ԻՐԱՐ
ԹԵԿՈՒԶ ՍՊԱՆԵՔ ԻՐԱՐ
Գեներալ Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը, փառահեղ հաղթանակ տարավ Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում: Սա այն միակ պաշտոնն էր, որ հաջողվեց Գրիգորյան ընտանքին ձեռք գցել մեկ տարի առաջ տեղի ունեցած նախագահական ընտրություններում որդեգրած խիստ ընդդիմադիր պահվածքի արդյունքում: Սակայն հնարավոր է, որ Կարեն Գրիգորյանը միայն հիմա է հասկանում հաղթանակի բերկրանքի ողջ դառնությունը: Իսկ պատճառն այն է, որ Մանվել Գրիգորյանը վերջերս դաժանորեն ծեծել էր որդուն, ինչի հետևանքով Կարեն Գրիգորյանը հայտնվել էր հիվանդանոցում: Հայր և որդի Գրիգորյանների հակամարտության պատճառը եղել էր Մանվել Գրիգորյանի կինը՝ տիկին Նազիկը, որը Կարեն Գրիգորյանի հարազատ մայրը չէ: Ինչպես հայտնի է, Նազիկ Գրիգորյանն է վարում գեներալի տնտեսությունը, հենց նրա անունով է այն ամբողջ սեփականությունը, որ տարիների ընթացքում կուտակել է Մանվել Գրիգորյանը: Նազիկին է պատկանում հայտնի «Արա և Այծեմնիկ» ՍՊԸ-ն, որի՝ իբր կատարված աշխատանքների շուրջ էլ տեղի է ունեցել ծեծը:
Եվ այսպես, ՏԻՄ ընտրություններից առաջ տիկին Նազիկին պատկանող սույն ՍՊԸ-ն Էջմիածնի քաղաքապետարան է ներկայացնում 120 միլիոն դրամի չափով կատարողական: Այսինքն փաստաթղթեր, որոնց եթե հավատալու լինենք, Նազիկին պատկանող «Արա և Այծեմնիկ» ՍՊԸ-ն Էջմիածնի քաղաքապետարանի պատվերով իրականացրել է 120 միլիոն դրամի աշխատանքներ: Նազիկը պահանջում է, որ քաղաքապետ Կարեն Գրիգորյանը քաղաքապետարանի բյուջեից վճարի ներկայացված կատարողականի դիմաց: Սակայն քաղաքապետն անընդհատ ձգձգում է գումարի վճարումը` պատճառաբանելով, որ քաղաքապետարանի բյուջեում նման գումար չկա: Տիկին Նազիկը, բնականաբար, վրդովվում է Կարեն Գրիգորյանի պահվածքից: Ի վերջո, նա ևս քիչ ջանք ու եռանդ չի ներդրել ընտրությունների ժամանակ, և այդ գումարը Կարեն Գրիգորյանը ոչ թե նվեր էր տալու մերացուին, այլ ընդամենը կատարված աշխատանքի դիմաց փոխհատուցում էր վճարելու: Նազիկ Գրիգորյանը քաղաքապետ Կարենի տմարդի պահվածքի մասին պատմում է ամուսնուն և խնդրում նրա միջամտությունը: Գեներալը չի հապաղում և որդուց պահանջում է վճարել պարտքը: Կարեն Գրիգորյանը, մտածելով, որ հոր դիրքերը բավական թուլացել են, որ առաջվա նման չի կարող կամքը կամայականորեն փաթաթել իր վզին, որոշում է դիմադրել.փորձում է արդարանալ, ասում է, որ այդքան գումար քաղաքապետարանի բյուջեում չկա, իսկ որ ամենասարսափելին է, ուզում է հասկացնել, որ մերացուի պահանջած գումարի չափը խիստ չափազանցված է և անարդարացի: Նա ուզում է բացատրել, որ «Արա և Այծեմնիկ» ՍՊԸ-ն ընդամենը 20 միլիոնի աշխատանք է կատարել, սակայն պահանջում է 120 միլիոն դրամ: Այստեղ գեներալի նյարդերը տեղի են տալիս, և նա հարվածում է որդուն: Եվ հարվածում է այնպես, որ վերջինը հայտնվում է հիվանդանոցում:Խնդիրն ամենևին էլ այն չէ, որ գեներալը կնոջ և որդու հակամարտության մեջ կանգնում է ոչ թե որդու, այլ` կնոջ կողքին: Եվ ոչ էլ այն, որ խորթ մայրն իրար դեմ է հանում հոր ու որդու` նրանց դարձնելով թշնամիներ: Սա միայն կնոջ և որդու պայքար չէ, այլ պայքար հանուն սկզբունքների: Գեներալին ուղղակի զայրացնում է այն հանգամանքը, որ որդին սկսել է պաշտպանել քաղաքապետարանի շահերը և պաշտպանում է դրանք Նազիկ Գրիգորյանից: Գեներալ Մանվելը իրոք չի հավատում, որ քաղաքապետարանի բյուջեում այդքան գումար չկա, համոզված է լինում, որ որդին այդ գումարը չի ցանկանում տալ մերացուին: Իսկ ինչպես արդեն ասել էինք, տիկին Նազիկի և գեներալի բիզնեսը և ունեցվածքը ընդհանուր են: Չցանկանալով գումարը տալ Նազիկին` նույնն է, թե չցանկանալ գումար տալ սեփական հորը: Գեներալ Մանվելը հաստատ գիտի, որ որդին այդ գումարը չի պահում, որ օգտագործի քաղաքի կարիքների համար, նա այդ հսկայական գումարը ուզում է ինքնուրույն յուրացնել` առանց հոր և մերացուի անմիջական մասնակցության:Մենք, իհարկե, չէինք անդրադառնա այս զուտ ընտանեկան վեճին, եթե չլիներ մի մանր հանգամանք: Այս մարդիկ իրար հետ վիճում են ոչ թե անձնական ունեցվածքը բաժանելու խնդրի շուրջ, այլ ուզում են իրենցով անել համայնքային սեփականությունը: Հայաստանի իշխանությունը պարտավոր է պատշաճ ուշադրություն դարձնել խնդրին և պարզել ծեծի իրական դրդապատճառները, պարզել, թե ինչպես են ազգային ինքնակոչ հերոսները սեփականացնում մեր ընդհանուրի սեփականությունը: Թե չէ նրանք իրար որքան շատ ծեծեն, որքան շատ վնաս տան միմյանց, այսինքն` զբաղվեն ինքնաոչնչացմամբ, դրանից հասարակությունն ավելի մեծ օգուտ կստանա:
AZAT