ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, January 20, 2009 2:48 - չքննարկված

ԳԱԶԱՅՈՒՄ ԻՍՐԱՅԵԼԸ ԿՐԵՑ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

ԳԱԶԱՅՈՒՄ ԻՍՐԱՅԵԼԸ ՌԱԶՄԱԿԱՆԻ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆԻ ԿՈՂՔԻՆ ԿՐԵՑ ՆԱԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

«Գազայի բնակչության հետ արյունաքամ է լինում «Համասը», սակայն հանկարծակի հարձակումներով տեղում է գամում իսրայելական զորքերին» վերնագրով «Ազգը» հունվարի 17-ի համարում նշել էր, որ սա Իսրայելի համար արդեն պարտություն է, շարունակելով. «Ինչ վերաբերում է իսրայելական բանակին, ապա նրա պարտությունն էլ պայմանավորում է Գազա քաղաքի երեքշաբաթյա անառիկությունն ու «Համասի» անձնուրաց դիմադրությունը»:

Նույն օրը երեկոյան վարչապետ Եհուդ Օլմերտի նախագահությամբ գումարվեց Իսրայելի անվտանգության կաբինետի նիստը, որտեղ Գազայում ծավալվող ռազմական գործողությունները դադարեցնելու եւ միակողմանի զինադադար հայտարարելու որոշում ընդունվեց: Մինչդեռ նույն Իսրայելը մեկ շաբաթ առաջ կտրականապես մերժել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համանման որոշումը:

Մինչ Իսրայելը դեկտեմբերի 18-ի լույս գիշերն ուժի մեջ էր դնում միակողմանի զինադադարի վերոհիշյալ որոշումը, Իսլամական դիմադրության շարժման՝ «Համասի» տարագիր առաջնորդ Խալեդ Մաշալը Դամասկոսից մարտահրավեր նետեց, հայտարարելով. «Քանի դեռ իսրայելական զորքերը չեն հեռացել Գազայից, կշարունակենք դիմադրությունը»: Նրան լրացրեց «Համասի» քաղբյուրոն, զինադադարի հաստատման համար առաջադրելով նաեւ Գազայի հատվածի շրջափակումը վերացնելու եւ սահմանային անցակետերը բացելու նախապայմանը:

Դրան հետեւեց Գազայից զորքերը դուրս բերելու Իսրայելի պատրաստակամության մասին Օլմերտի հայտարարությունը, ինչպես նաեւ իսրայելական զորքերի դուրսբերման Ֆրանսիայի, Եգիպտոսի, Հորդանանի, Պաղեստինի ինքնավարության, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Գերմանիայի, Չեխիայի պետության եւ կառավարության ղեկավարների կոչը, որոնք Շարմ էլ-Շեյխի գագաթաժողովում Գազայի հարցն էին քննարկում:

Օլմերտի հայտարարությանն ու կոչին ի պատասխան, «Համասը» վերանայեց դիմադրությունը շարունակելու որոշումը եւ մեկ շաբաթով միացավ Իսրայելի հայտարարած միակողմանի զինադադարին, պայմանով, որ 7 օրում իսրայելական զորքերը դուրս բերվեն Գազայի հատվածից, իսկ շրջափակումը վերացվի: Նույն օրը իսրայելական զորքերը սկսեցին լքել Գազան:

Ե՞րբ կավարտվի իսրայելական զորքերի լիարժեք դուրսբերումը Գազայի հատվածից կամ որքա՞ն կտեւի հեղհեղուկ այս զինադադարը, ցույց կտա ժամանակը: Պարզապես միակողմանի զինադադարն ու իսրայելական զորքերի դուրսբերումը «Համասի» մեկ այլ առաջնորդ Իսմայիլ Հանիեն վերագրել է Գազայում պաղեստինցիների մեծ հաղթանակին, իսկ վարչապետ Օլմերտը դա պայմանավորել է ռազմական եւ քաղաքական առաջադրանքի կատարմամբ եւ երաշխիքներ է պահանջել, որ մնայուն լինի «Համասի» հետ հաստատված զինադադարը:

«Համասի» հետ զինադադարի հաստատման հանգամանքը խիստ կարեւոր է Գազայի վրա կատարված հարձակման արդյունքների առումով, որովհետեւ հարձակումը պատճառաբանվում էր Գազայի հատվածից Իսրայելի վրա հրթիռների արձակմամբ, իսկ ցամաքային գործողությունները՝ հրթիռների արձակումը դադարեցնելու եւ «ահաբեկչական «Համասի» կազմակերպությանը» զինաթափելու անհրաժեշտությամբ:

Գազայի հատվածում ծավալվող ավելի քան 3 շաբաթյա ռազմական գործողությունների ընթացքում Իսրայելը չկարողացավ դադարեցնել հրթիռների արձակումը, ոչ էլ զինաթափեց «Համասին»: Ավելին, իսրայելական զորքերը նույնիսկ չհանդգնեցին հայտնվել Գազա քաղաքի Իզեդդին ալ Քասամի բրիգադների մարտիկներով բնակեցված թաղամասերում, փոխարենը ենթարկվելով վերջիններիս հանկարծակի հարձակումներին, փաստորեն գամվեցին նախնական դիրքերում:

Իսրայելն ընդամենը հիմնահատակ ավերեց Գազան, ոչնչացրեց այնտեղ ենթակառուցվածքները, սպանեց 1355 մարդ, 5400-ին վիրավորեց: Ընդ որում սպանվածներից 410-ը երեխաներ են, իսկ 70 տոկոսը՝ խաղաղ բնակիչ: Ի դեպ, 2-ի ամռանը Լիբանանում նույնպես Իսրայելն ավերվածություններ էր կատարել եւ սպանել ավելի քան 1100 մարդ՝ մեծապես կանանց եւ երեխաների: Այդ սպանությունները, սակայն, նրան չէին փրկել ռազմական եւ քաղաքական պարտությունից:

Որքան էլ ԱՄՆ-ն ու Եվրոմիությունը չդատապարտեն, Արաբական լիգան խուսափի հակաքայլերից կամ գլխավոր քարտուղար Բան Կի Մունի Երուսաղեմ կատարած այցի պահին իսրայելական զորքերը Գազայում հրթիռակոծեն ՄԱԿ-ի գրասենյակն ու դպրոցը, այնուամենայնիվ, Իսրայելի սանձազերծած պատերազմը խաղաղ բնակչության դեմ աշխարհի տարբեր երկրներում՝ նույնիսկ Իսրայելին աջակցող, ինչու չէ՞, նաեւ բուն Իսրայելում, առաջացրել է բուռն հակազդեցություն: Դա հաճախ գնահատվել է որպես «պատժիչ» կամ «ահաբեկչական» գործողություն, Իսրայելը համարվել է «պատերազմի հանցագործ», ապա եւ մեղադրվել է «մարդկության դեմ հանցագործություն» կատարելու մեջ:

Գագաթնակետին է հասել Իսրայելի նկատմամբ ժողովուրդների ատելությունը հարեւան երկրներում, տարածաշրջանում, իսլամական աշխարհում: Նրա հետ հեղինակազրկվել են ԱՄՆ-ը, ԵՄ-ը: Ինչ վերաբերում է դաշնակից արաբական երկրներին, ապա այդ երկրներում էլ խորացել է իսրայելամետ իշխանությունների եւ ժողովուրդների միջեւ անջրպետը:

Այլ կերպ, Իսրայելը Գազայի հատվածում ռազմականի եւ քաղաքականի կողքին կրել է նաեւ բարոյական պարտություն: Թերեւս միակ առաջադրանքը, որ Իսրայելը հարձակվելով Գազայի վրա կատարել է, ապա դա ԱՄՆ նորընտիր նախագահի երդմնակալության նախօրյակին տարածաշրջանի ռազմաքաղաքական լարվածությունը շեշտակի սրելու միջոցով, Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերման, Իրանի հետ խնդիրները բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամություն հայտնող Բարաք Օբամային փաստի առջեւ կանգնեցնելն է: Ըստ երեւույթին, հենց դա էր Գազայի վրա հարձակման Իսրայելի գլխավոր նպատակը:
* ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ