ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ Admin. Thursday, January 8, 2009 18:54 - չքննարկված
Ամենուր կա եւ’ Բարին, եւ’ Չարը…
Գրել է Լուսանցք
16-01-2008
Մեր թերթի էջերում, մանավանդ այն օրից, երբ Երեւան ժամանեցին «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի անդամները, բազմիցս անդրադարձել ենք մասոնականությանը, դրա նպատակներին ու բացասական ազդեցությանը հայ ազգի պատմության ընթացքին: Անդրադարձերի անհրաժեշտությունը կարեւորում ենք հատկապես այն գործոնով պայմանավորված, որ դրան այսօր էլ կուլ են գնում մեր հայրենակցները՝ հաճախ չհասկանալով ու, ավելին, երբեմն նաեւ հպարտանալով այդ օթյակներին իրենց անդամակցությամբ: Մինչդեռ…
Մասոնական կազմակերպություններին անդամակից եւ հարող մարդկանց մեծամասնությունը հիմնականում տեղյակ չէ, թե իրականում ինչ է ուսուցանում ու իրականացնում մասոնականությունը: Մասոնական եւ նմանատիպ գաղտնի կազմակերպություններին անդամագրվելը հաճախ կատարվում է հասարակական ու բարեգործական նպատակներով, որոշ դեպքերում էլ անդամագրվում են անձնական շահերից ելնելով: Թափանցելով մասոնական օթյակ՝ մարդիկ հանդիպում են բազմաթիվ նշանների, խորհուրդների, որոնք ունեն տարատեսակ գաղտնի նշանակություններ: Նույնիսկ մասոնական առաջնորդները շատ լավ գիտակցում են, որ իրենց կազմակերպություններին անդամագրվող մարդկանց մեծամասնությունը իրականում չի գիտակցում մասոնականության ուսմունքի բուն էությունը: Պարզապես շատերն են ուզում «վերեւներին» մոտ լինել ու, իրենց կարծիքով, ըստ այդմ՝ նաեւ ապահով:
Փաստորեն մասոնականությունը գիտակցաբար մոլորեցնում է մասոնական օթյակներ նոր անդամագրված անձանց՝ նրանցից թաքցնելով մասոնականության իրական ուսմունքը, նպատակները, իսկական դեմքը…
Մասոնական օթյակ ընդունված բոլոր նորեկները ծնկի իջած հավատարմության երդում են տալիս որեւէ սուրբ գրքի վրա, անկախ այն բանից, դա Բիբլիա-Ավետարան է, Ղուրա՞ն, թե՞ Վեդա կամ որեւէ աղանդավորական գիրք: Այսպես, սկսնակ-աշակերտների համար ամերիկյան մասոնական օթյակներում որպես «դասագիրք» առաջարկվում է Ավետարանը: Այլ բառերով՝ նույնիսկ Ավետարանը մասոնական ուսմունքում որոշակի գաղտնի խորհրդանիշ է ներկայացնում:
Բայց կա մի խնդիր: Գոյություն ունի որոշակի բախում քրիստոնեության եւ մասոնական գաղափարապոսությունների միջեւ: Ուսումնասիրելով մասոնական գրականությունը՝ միանգամայն ակնհայտ է դառնում քրիստոնեության եւ հատկապես ֆրանկոմասոնականության միջեւ առկա խոր հակասությունը:
Մասոնականություն ընդունած անձն ի սկզբանե միանում է «Կապույտ Օթյակ»-ին, որը սկսնակների հավաքատեղի է: «Կապույտ Օթյակ»-ի ներկայացուցիչները կարող են ձեռք բերել առաջին մասոնական աստիճանակարգերը՝ 1. սկսնակ-աշակերտ, 2. վարպետ-խորհրդի անդամ, 3. վարպետ մասոն: Ի դեպ այս երեք աստիճանները ենթականերին տրվում են որպես պարգեւ: Այս սկզբնական աստիճաններով պարգեւատրվելուց հետո կարելի է հասնել մյուս աստիճաններին՝ Յորք Ռայթում կամ Սքոթիշ Ռայթում: Յորք Ռայթում մասոնը պարգեւատրվում է եւս 10 աստիճաններով: Սքոթիշ Ռայթում պարգեւատրության աստիճանավորումը հասնում է մինչեւ 33-րդ աստիճանի:
Իսկ ո՞վ է մասոնականության աստվածը:
Մասոնական արարողություններին եւ միջոցառումներին մասնակցելու համար պետք է հավատալ եւ երկրպագել «Բարձրյալին»: Արդյո՞ք այդ բարձրյալը նա է, ում երկրպագում են քրիստոնյաները, մահմեդականները կամ այլք, թե՞ մասոնները երկրպագում են մեկ այլ ուժի:
Պարզվում է այդ ուժը միակը չէ, որին երկրպագում են մասոնները. գոյություն ունեն բազմաթիվ աստվածություններ, որոնց մասոնները երկրպագում են: Դրանցից են` Օսիրիսը, Բաքոսը, Դիոնիսոսը, Ադոնիսը եւ այլն: Օսիրիսը հին Եգիպտոսում մեռյալների ատվածն էր, որ նաեւ արեւի աստվածն էր, ինչպես նաեւ հայտնի էր շատ այլ անուններով: Դիոնիսոսը հին Հունաստանում հաճույքների, գինու եւ գինարբուքների աստվածն էր: Այն Հռոմում անվանվում էր նաեւ Բաքոս, հին Պարսկաստանում` Միթրաս, Ասորիքում` Ադոնիս: Այսպիսով` տարբեր աստվածներով եւ խորհրդանիշերով դիմակավորված արեւ աստծու երկրպագությունը ցուցադրաբար մեծ տեղ եւ դեր ունի մասոնականության հավատամքում: Կարծեցյալ բազմաստվածությունը, այնուամենայնիվ, մեկ ուժի է ծառայեցվում…
Մասոնականության եւ Ավետարանի միջեւ առկա հաջորդ բախումը աստղագիտությունն է. մասոնական օթյակները կազմված են ըստ կենդանակերպի 12 նշանների, այնինչ ավետարանը չի ընդունում ախթարկ-զոդիակի վերոհիշյալ նշանները: Մասոնականության հասարակական խորհրդանիշերից է օձը, որին երկրպագում են որպես փրկության խորհրդանիշ. այնինչ Ավետարանում օձը համարվում է նեռի խորհրդանիշը:
Մասոնականության մեջ հիմնաքարային նշանակություն ունի՝ «առավոտյան վառ լույս» արտահայտությունը: Նոր կտակարանում ասվում է (22:16) «Ես Հիսուսն եմ` Դավիթի սերնդից եւ Առավոտյան Վառ Աստղը»: Արդյո՞ք մասոնականության պաշտամունքի առարկան`«առավոտյան վառ լույսը» նույն Քրիստոսն է: Գոյություն ունեն մի քանի փաստարկներ, որոնք հերքում են այս միտքը: Սակայն գլխավոր փաստարկը հետեւյալն է:
Իր գրքերից մեկում տպված պատկերը բացատրելիս, հայտնի մասոնական Արթուր Եդուարդ Ուայթը մասնավորապես ասում է՝ «…հանճարեղ ոգու աջ ձեռքում երկրագունդն է: Այն հավասարակշռվում է ձախ ձեռքում բռնած ջահով, որը խորհրդանշում է Առավոտյան Աստղը կամ Լուցիֆերին»: Մասոնական տեսանկյունից այս ամբողջական իմաստը հաղթանակող լույսի մասին, նրանք նկատի ունեն Լուցիֆերին, իսկ Լուցիֆեր ինքնին նշանակում է «լույս բերող»: Նույն Ավետարանում նախազգուշացվում է Չարի գալուստը՝ լույսի, հրեշտակի տեսքով:
Մեկ այլ մասոն գրող՝ Ֆոսթեր Բեիլին ասում է՝ «…փուլ առ փուլ նրանք` Իմաստության Տիրակալները, աջակցելու են հարմար թեկնածուի մասին գիտակցության ձեւավորմանը, մինչեւ կգա ժամանակը, երբ նա կմտնի լույսի մեջ եւ կգա որպես լուսակիր, որը, որպես լուսավորիչ, կաջակցի լուսավորել մարդկությանը»: Իմաստության Տիրակալները (իրականում նեռերը) հոգեւոր առաջնորդներ են, որոնք ենթադրաբար առաջնորդում են մարդկությանը դեպի Միասնական Աշխարհակարգը, իսկ Լուսավորիչների կազմակերպությունը հիմնադրվել է 1776թ. մայիսի 1-ին, ճիզվիտ քահանա Ադամ Ուեիշկապտի կողմից: Լուսավորիչ բառը ծագել է Լուցիֆերի անվանումից: Լուսավորչության շարժումը կոչված է հաստատելու «Համաշխարհային նոր Կարգ»-ը կամ «Մեկ Համաշխարհային կառավարություն»: Լուսավորչության ծննդյան օրը՝ 1776թ. մայիսի մեկը, նշված է ցանկացած ամերիկյան դոլարի վրա: Դոլարի թղթադրամի հետեւի ձախ մասում նկարված է բուրգ, որի վրա աչք է, որը փոխարինել է բուրգի գագաթնային քարին: Նշված է նաեւ հետեւյալ տառախումբը՝ “MDCCLXXVI”, որ նշանակում է 1776 եւ ներքեւի ժապավենի վրա գրված է հետեւյալ նախադասությունը` “NOVUS ORDO SECLORUM”, որի անգլերեն թարգմանությունն է՝ “New World Order”, իսկ հայերենը՝ «Նոր Աշխարհակարգ»: Վերոհիշյալ բուրգի վրայի «Կանխատեսության աչք»-ը կամ «Ամենատես աչք»-ը մասոնականության ամենակարեւոր նշաններից է: Այն խորհրդանշում է մասոնականության գլխավոր աստվածությունը՝ «Տիեզերքի մեծ Ճարտարապետին»: Ըստ Ավետարանի, Քրիստոսը համարվում է որպես գլխավոր անկյունաքար՝ «գլուխ անկյան» (ըստ Մաթեոսի 21:42, Պետրոս 2:6-7, Մարկոսի 12:10, Ղուկասի 20:17 եւ այլն): Այնինչ դիտելով Բուրգը՝ միանգամայն ակնհայտ է դառնում, որ գլխավոր անկյունաքարը հեռացված է եւ նրա փոխարեն տեղադրված է «Կանխատեսության աչք»-ը՝ Սատանայի խորհրդանիշը, որը փոխարինված է բուրգի գլխավոր անկյունաքարով: Ավետարանը սույն երեւույթի մասին նախազգուշացնում է՝ ասելով. «Սէրը դեպի դրամը ամենայն չարեաց աղբիւրն է»:
Անգլիացի մի քահանա՝ Վինդեքս գրական մականունով, գրում է. «…որպես մասոններ, մենք հավատում ենք խորհրդանշական երրորդության գոյությանը եւ որ Հիսուս Քրիստոսը Նրա որդին է եւ մեր տերը»: Այս արտահայտությունը շատ լավ է հնչում եւ շատ մարդկանց կարող է հավատացնել, որ մասոնականությունն ու քրիստոնեությունը նույնական են: Այնուամենայնիվ, մի փոքր խորությամբ դիտարկելով այս արտահայտությունը, պարզ է դառնում, որ սա զուտ խորհրդանշանային երրորդության պաշտամունք է: Դա հավատք չէ առ Տեր Աստված: Այնինչ Վինդեքսը շարունակում է. «…որպես մուսուլման մասոններ, մենք հավասարապես հավատում ենք, որ Մուհամմեդը Նրա մարգարեն է»: Ապա նա ավելացնում է մի շատ պարզաբանիչ արտահայտություն՝ «այս լրացուցիչ եւ երկրորդական հավատքների հետ մասոնականությունը ոչինչ չունի անելու եւ իր անդամներին տալիս է կատարյալ ազատություն՝ մեկնաբանելու Աստծո էությունն այնպես, ինչպես իրենց հարմար է»:
Ուշադրություն դարձրեք, որ նա քրիստոնեությունն ու մահմեդականությունը համարում է «լրացուցիչ եւ երկրորդական հավատքներ» ու այնուհետեւ պարզորոշ հայտնում է մեզ, որ «…մասոնականությունը ոչինչ չունի անելու այս ստորադաս ուսմունքների հետ»: Այսպիսով, մասոնը գիտակցաբար, թե անգիտակցաբար, երկրորդական դեր է մղում իր քրիստոնեական կամ այլ հավատամքը եւ նրա փոխարեն առաջնային տեղ է հատկացնում մասոնականությանը: Մատթեոսը 6:24 հիշեցնում է մեզ. «Ոչ մի մարդ չի կարող ծառայել երկու տիրոջ, քանզի նա կատի մեկին եւ կսիրի մյուսին կամ կհպատակվի մեկին եւ կարհամարհի մյուսին: Դու չես կարող միաժամանակ ծառայել եւ Աստծուն, եւ մամոնային»:
Մասոններն իրենց անդամներին չեն հիշեցնում Հիսուսի անունը (որպեսզի չվիրավորեն հրեաներին, մուսուլմաններին եւ այլ կրոնների ներկայացուցիչներին): Ալբերթ Մաքեյի հրատարակած գիրքը՝ «Ազատ մասոնականության (որմնադիրների) հանրագիտարանը», բաղկացած է մոտ 1000 էջից: Այս հանրագիտարանը պարունակում է տեղեկություն աշխարհի երեսին գոյություն ունեցած բոլոր աստվածությունների վերաբերյալ, բայց այստեղ մեկ բառ անգամ չկա Հիսուս Քրիստոսի մասին: Սա նպատակային բացթողումներից է:
Շրներների (կազմակերպություն, որը բաց է միայն այն մասոնների համար, որոնք ստացել են իրենց 32-րդ աստիճանը) ծեսերին մասնակցելու համար տրվող երդման տեքստը հետեւյալն է. «Թող Ալլահը՝ արաբների, մուսուլմանների եւ մահմեդականների աստվածը, մեր հայրերի աստվածը, պաշտպանի ինձ»: Այստեղ ոչ միայն նշվում է Ալլահի անունը, այլեւ նրան համարում են «մեր հայրերի աստված»: Այս երդումը կատարվում է Ղուրանի վրա: Նոր կտակարանում ասվում է. «մի երդվիր ոչ երկնքի, ոչ երկրի, ոչ այլ ուրիշ բանի վրա»: Ավետարանը քրիստոնյաներին նաեւ զգուշացնում է. «Մի հիշատակիր օտար աստվածների անունը»: Քրիստոնյաներից շատերը, ովքեր նույնիսկ Եհովա անունը չեն արտաբերում, այլ երդվում են Քրիստոսով, զարմանալիորեն անտեսում են մասոնականության այս «բացթողումը»…
Զարմանալի է նաեւ, որ այս ամենից հետո քրիստոնյա հայերից շատերը քրիստոնեական խաչը «վզներին» անդամակցում են տարբեր գաղտնի օթյակների ու հպարտանում են իրենց մասոնական լինելով: Շատ զարմանալի է, որ Հայ առաքելական եկեղեցին էլ, որը որոշակիորեն, մինչեւ վերջերս պահպանում էր իր անկախությունը, անդամակցելով էկումենիկ եկեղեցական շարժմանը՝ կորցրեց այն, կլանվելով մասոնականության մեկ-կրոնական կազմակերպության ստեղծման հոլովույթում:
Այո’, Տիեզերքի Արարիչը մեկն է ու բոլորի համար է, սակայն, արդյո՞ք արարչապաշտությունն է մասոնականության հիմքը…
Բարու եւ Չարի, Արիի ու Չարիի պայքարում պիտի հստակ գիտակցել Լույսի ու Խավարի առաքելությունը, քանզի երկուսն էլ բնապաշտական են, սակայն, ամեն ոք ինքը պիտի տեսնի իրեն իր առաքելության ծիրում: Ամենուր կա եւ’ Բարին, եւ’ Չարը, լինի դա բաց Տիեզերքում, թե Երկիր մոլորակում, մարդկության ու ազգերի մեջ: Ամեն մեկին իր բեւեռն է ձգում, ուստի՝ ըստ այդմ էլ պիտի հասկանանք ու ճանաչենք մեր միջի Արիին ու Չարիին՝ ճանաչելով նաեւ ինքներս մեզ…
Արամ Ավետյան