ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ Admin. Wednesday, December 17, 2008 1:59 - 3 քննարկում
ԱՐԴՅՈՔ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՀԱՅԵՐԸ ՄԵԿ ԵՎ ԿԵՍ ՄԻԼԻՈ՞Ն ԷԻՆ (*)
Մենք այսօր ցանկանում ենք անդրադառնալ այս հարցին, որը ոմանց թվում է վաղուց հայտնի ճշմարտություն եւ այն քննարկման ենթակա չէ: Խոսքը 1915-1923 թթ. թուրքերի ոչնչացրած հայերի թվի մասին է, որը հայ մասնագետները Մեծ եղեռն են անվանում, ի տարբերություն ավելի վաղ կատարված մյուս կոտորածների:Երբ խոսք է լինում 1915-1923 թթ. Թուրքիայում բնաջնջված հայերի թվի մասին, ապա ե՛ւ հայ, ե՛ւ օտար հեղինակները ընդգծում են՝ մեկ միլիոնից ավելի կամ մոտ մեկ ու կես միլիոն կամ մեկ եւ կես միլիոնից ավելի հայերի ոչնչացման մասին միայն:Բայց հազվադեպ են այն մասնագետները, որոնք կասկածի տակ են առնում շրջանառության մեջ մտած այս թվերը եւ փորձում են ուղղել նվազագույնի իջեցված վերոհիշյալ թվերը, սրբագրել եւ դարձնել մոտ երկու միլիոն:
- Հավանաբար թուրքերը քմծիծաղ են տալիս նվազնագույն մեկ եւ կես միլիոն բնաջնջված հայերի «հեքիաթը» լսելիս, որը ոչ մի կապ չունի մեր մարդկային կորուստների իրական թվի հետ:Իհարկե, նրանք համաձայն չեն նաեւ նվազագույն «մեկ ու կես միլիոն» հայերի ոչնչացման հետ, առարկելով, որ մինչեւ եղեռնը Թուրքիայում հազիվ մեկ միլիոն հայ էր բնակվում, ուստի ինչպե՞ս կարող էին ոչնչացվածները մեկ ու կես միլիոն լինել:
Մինչդեռ իրականությունն այլ է: Մինչեւ Եղեռնը Թուրքիայում բնակվող հայերի եւ մյուս ոչ մուսուլման ազգերի՝ փոքրամասնությունների վիճակագրական փաստերը միշտ էլ ներկայացվել են նվազագույն թվերով:
Ճշմարտությանն ավելի մոտիկ են Հայոց պատրիարքարանի տվյալները, սակայն դրանք եւս հեռու են ճշմարտություն լինելուց:
Իմիջիայլոց ասենք, որ հայ բնակչության թիվը նվազեցվել է հայերի եւ թուրքերի կողմից երկուստեք:
Անտանելի բարձր հարկերից խուսափելու նպատակով հայերը, ընտանիքի անդամներին քիչ ցույց տալու նպատակով, ամուսնացած տղաների ընտանիքները ներկայացնում էին հայրական տան հետ միասնաբար, որով նրանք համարվում էին մեկ ծուխ:
Իսկ թուրքերը, քանի որ իրենց նվաճած Անատոլիայում դարեր շարունակ փոքրամասնություն էին հայերի, հույների, ասորիների նկատմամբ՝ մարդահամարի տվյալներում նվազեցնում էին տեղաբնիկ քրիստոնյաների եւ հատկապես հայերի տվյալները: Իսլամ բնակչության վերաբնակեցումներ էին կատարում՝ Եվրոպայից բերելով ալբանացիների եւ թուրքական այլ ցեղերի, իսկ Կովկասից՝ չեչենների, չերքեզների եւ այլն, կամ փոփոխում էին վիլայեթների սահմանները, որպեսզի հարեւան վիլայեթի մուսուլմանների հաշվին բարձրանար նվազ մուսուլմաններով նվազ բնակեցված շրջանների մուսուլմանների թիվը՝ ցույց տալու համար Եվրոպային, որ Թուրքիան բնակեցված է թուրքերով :
Բացի դրանից՝ մարդահամարի տվյալները հրապարակում էին կրոնական սկզբունքով, շեշտելով մուսուլմանների գերազանցությունը տվյալ կազայում կամ վիլայեթում:
Այնուամենայնիվ, ինչպես նշեցինք, ճշմարտությանն ավելի մոտիկ են Պոլսի պատրիարքարանի տվյալները, ըստ որոնց մինչեւ եղեռնը Թուրքիայում երեք միլիոնից ավելի հայ էր բնակվում:
Մորիս Լըվեյրն իր «Սասունի կոտորածը» գրքում Թուրքիայի հայ բնակչության թիվը 4 միլիոն է համարում, լորդ Քերզոնը՝ 3 միլիոն, «Պարի մատչը»՝ 2,4 միլիոն, Մորգենթաուն՝ 2 միլիոնից ավելի, Մագ դը Մորգանը՝ 2 միլիոն 380 հազար, Մորիս Պեռնը՝ 2,5 միլիոն, բելգիացի Հոլեն Ժեկմենը՝ 2 մլն 400 հազար:
Եթե չխոսենք 16, 17, 18-րդ դարերի հոծ հայկական բնակչություն ունեցող վեց վիլայեթների մասին, որ «Էրմենիստան էյլայեթի» էր անվանվում թուրքապետության մեջ, այստեղ 86-98 տոկոս էին կազմում հայերը: Անգամ պարբերական ջարդերից հետո էլ պատրիարքարանի տվյալներով հայերի թիվն անցնում էր 40 տոկոսից:
Այժմ, երբ հրապարակի վրա են գրեթե բոլոր հայաբնակ բնակավայրերի մանրամասն տվյալները, կարող ենք պնդել, որ իսկապես մինչեւ եղեռնը Թուրքիայում մոտ 4 միլիոն հայ է բնակվել:
Այսպես, միայն Կիլիկիայում բնակվող հայերի թիվը, ըստ պատրիարքարանի 1912 թ. վիճակագրության տվյալների, եղել է 407 հազար՝ Ադանայի վիլայեթի, Մարաշի, Սանջաքի եւ Այնթապի կազայի հետ միասին: Բնական աճով մինչեւ Եղեռնը այս թիվն արդեն հասնելու էր 500 հազարի:
Կես միլիոնից ավելի հայ բնակչություն կար Պոլսում, Իզմիրում, Բութանիայում, Մարմարա ծովի եզերքի գաղթօջախներում՝ Ռոդոսթոյում, Ադրիանապոլսում, Ռումելիում, Նիկոմեդիայում եւ այլն: Մոտ 1 միլիոն Կաստեմոնիի, Տրապիզոնի, Գյումուշհանեի սանջակներում, մեկ եւ կես միլիոն՝ 6 վիլայեթներում, Մշո, Սասունի, Տարոնի, Գամիրքի, Դերսիմի եւ հարակից շրջաններում կես միլիոնից ավելի, Տիգրանակերտում, Վերին եւ Ներքին Բասեններում, Խարբերդում եւ այլն: Կոպիտ հաշվումներով՝ լրանում է 4 միլիոնը:
Թեեւ շատերն են կասկածի ենթարկել Եղեռնի ընթացքում բնաջնջված հայ բնակչության նվազեցված թիվը, սակայն ոչ ոք չի փորձել ի մի բերել վերապրողների կողմից հրապարակված մատյանների տվյալները, որոնցում ամենայն մանրամասնությամբ տրված են բոլոր գյուղերի բնակիչների թիվը՝ տուն առ տուն:
Այնուամենայնիվ՝ հյուպատոսների, դեսպանների, միսիոներների եւ այլ գործիչների տեղեկությունների միջոցով Եվրոպան էլ գիտեր, թե որքան հայ բնակչություն կար Թուրքիայում: 1922 թ. Անտանտի պետությունները հոկտեմբերին Լոզան հրավիրեցին Թուրքիայի պատվիրակներին՝ հաշտության պայմանագիր կնքելու համար: Երբ այնտեղ ազգային փոքրամասնություններին մի անկյուն հատկացնելու հարցն էր քննարկվում, Թուրքիայի պատվիրակության ղեկավար Իսմեթ Ինենյուն հայտարարեց, որ Թուրքիայի ամեն մի պատառ հողը բնակեցված է միայն թուրքերով, լռության մատնելով թեկուզ չնչին բանակով Կիլիկիայում գտնվող 130 հազար հայերի փաստը:
Անգլիայի պատվիրակության ղեկավար լորդ Քերզոնը Իսմեթ Ինենյու փաշային այսպիսի մի հարց ուղղեց. «Ինչպե՞ս պատահեց, որ Թուրքիայում ապրող 3 միլիոն հայերից ընդամենը 130 հազարն է մնացել»: Իհարկե, այդ պահին արդեն դատարկվել էր հայերից նաեւ Կիլիկիան՝ վերջին ապաստանը հայոց, ուր հիմնական բնակչությունը միայն հայեր են եղել:
Այսպիսով, Կիլիկիայի պարպումով հայաթափ եղավ ամբողջ Թուրքիան: ՄԱԿ-ի՝ ցեղասպանության կոնվեցիայի ձեւակերպման մեջ ասված է. «Ցեղասպանություն է համարվում նաեւ որեւէ ժողովրդի արտաքսումը իր պապենական հողերից»: Մասնագետները երբեմն մոռանում են թուրքերի՝ նաեւ Արեւելյան Հայաստանում կատարած մաքրագործումների ժամանակ ոչնչացված ավելի քան 300 հազար զոհերի մասին, որը նույնպես պիտի գումարվի Թուրքիայում բնաջնջվածների թվին:
Ռուսական զորքերի հետ շուրջ 350 հազար հայություն դուրս եկավ Թուրքիայից՝ սփռվելով Անդրկովկասում: Նրանք Մուշից, Սասունից, Կարսից, Վանից, Բասեններից մազապուրծ հայերն էին, որոնց մի մասը ճանապարհին զոհ գնաց քուրդերի, չեչենների, չեթեների, վայրենաբարո թուրք բնակչության հարձակումներին, կամ սովից, ծարավից, հիվանդություններից, անօթեւան դեգերումներից եւ վերջապես տիֆից ու խոլերայից սպառվեցին: Ականատեսները պատմում են, որ Էջմիածնի եւ Երեւանի փողոցներից ամեն առավոտ սայլերով հարյուրավոր դիակներ էին փոխադրում: Մորգենթաուի, Լեփսիուսի, Բրայսի, մյուս միսիոներների եւ ականատեսների վկայությունները լեցուն են զարհուրելի դեպքերի մանրամասներով: Ահա թե ինչպիսի բնութագրություն է տալիս Մորգենթաուն թուրք ազգի սադիստական էության մասին. «Զարհուրելի դեպքերի մանրամասները թողնելով՝ անգլիախոս հասարակությունը կարող չէ ճշգրտորեն հասկանալ, թե ինչ է այն ազգը, որ թուրք ենք անվանում: Անցյալի մեծագույն ջարդերը, հալածանքները գրեթե աննշան կ,թվին՝ բաղդատելով 1915 թ. հայ ցեղին կրած տառապանքներուն հետ» (266-267):
Նա դեռ ականատես եղավ այդ սոսկալի տառապանքների սկզբին միայն: Նրա ծառայություններն ավարտվեցին 1915 թվականի վերջերին: Հասնելով ԱՄՆ, 1918 թ. հրատարակեց իր հուշերը, որը Հայոց եղեռնի մասին եղած գրքերի մեջ ամենամանրամասն եւ ամենասարսռազդեցիկն է: Նրա գիրքը լեցուն է Գերմանիայի՝ հայոց ջարդերի վերաբերյալ բացասական դերի մերկացման բազմաթիվ գնահատականներով: Մեկ ու կես միլիոն հայերի ոչնչացման լուրերը միայն 1915 թվականի դեպքերին էին վերաբերում: Իսկ Եղեռնը շարունակվեց եւս 8 տարի՝ տարածվելով մինչեւ Արեւելյան Հայաստան ու Անդրկովկաս: Հայկական հարցը ջարդերով լուծելու Սուլթան Համիդի գործելակերպի էստաֆետն ընդունեցին իթթիհատականները եւ ապա՝ Քեմալը, որն ավելի պակաս հայակեր չեղավ, քան իր արյունակից նախորդները: Գալով իշխանության, Էրզրումի համաժողովում Մ. Քեմալը հայտարարեց. «Մեր երկիրը գտնվում է երկու վտանգի առջեւ՝ հունական վտանգը եւ հայկական վտանգը»:
Նա կոչ էր անում պայքարել այդ երկու վտանգների դեմ՝ 6 վիլայեթներում՝ հայկական եւ Տրապիզոնի ու հարակից շրջաններում՝ հունական պետություն ստեղծելու դեմ: Իսկ պայքարել՝ նշանակում էր շարունակել հայերի բնաջնջումը եւ արտաքսումը պապենական հողերից: Էրզրումի համաժողովի հռչակագրի 2-րդ եւ 4-րդ կետերում կոչ էր արվում «պաշտպանել հայրենիքը հունական եւ հայկական պետություններ ստեղծելու վտանգից»: Եվ ահա, եթե իթթիհատականների սրից հրաշքով մազապուրծ ինչ-որ տեղ հայեր էին մնացել, նա ձեռնամուխ եղավ այդ խլյակների ոչնչացման գործին, եւ ինչպես հետագայում առիթ եղավ, նաեւ Անդրկովկասում եղող հայերի ոչնչացման գործին:
Լենինի դավաճանական գործունեության պատճառով համաշխարհային պատերազմը բազմաթիվ զոհերի գնով շահած Ռուսաստանը դարձավ պարտված երկիր: Լենինն ի չիք դարձրցեց նաեւ Կովկասյան ռազմաճակատում Ռուսական կայսրության նվաճումները, որի պատճառով ռուս զինվորների եւ հայ կամավորների կյանքի գնով պատմական Հայաստանի ազատագրված տարածքները, առանց որեւէ կրակոցի, վերադարձվեցին Թուրքիային: Դա տեղի ունեցավ Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագրով, որն աղետալի հետեւանքներ ունեցավ հայ ժողովրդի համար: Ռուսական զորքը սկսեց դուրս գալ գրավյալ տարածքներից, առանց կրակոցի թուրքերին հանձնվեց Կարսի անառիկ ամրոցը՝ այնտեղ ամբարված ողջ զինամթերքով, հանդերձանքով ու պարենամթերքով: Կարսի բերդի հանձնումը ճանապարհ բացեց թուրքերի համար դեպի Անդրկովկաս ու Արեւելյան Հայաստան: Սկսվեց թուրքական արշավանքը (ինտերվենցիան) Հայաստանում: Թուրքերը հետապնդում էին երկու նպատակ՝ նախ լիակատար ոչնչացնել հայ ժողովրդին եւ երկրորդ՝ ուղի հարթել պանթուրքիզմի գաղափարների համար դեպի Միջին Ասիա: 1918-1922 թթ. ինտերվենցիան Հայաստանում լկտիորեն պատճառաբանում էին՝ որպես թե Անդրկովկասի մասին ոչինչ չի ասված Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագրում: Նույն ձեւով էլ նրանք հետագայում չհարգեցին Բաթումի պայմանագիրը: Գյումրիի երկաթգծով շարժվեցին դեպի Գյանջա, Բաքու եւ Երեւանից դեպի Նախիջեւան-Բաքու գծով նույնպես սկսեցին երկրի բնակչության կոտորածն ու բարիքների թալանը: Ռուսական զորքերի հետ Թուրքիայից Անդրկովկաս-Հայաստան եկած գաղթականների մեծ մասը նորից սրատվեց թուրք ասկյարների կողմից տեղացի հայերի հետ միասին: Թուրքերի ձեռագիրը մնում էր նույնը. չէին խնայում ո՛չ ծերերին, ո՛չ կանանց, ո՛չ մանուկներին: Նրանք, հավաքելով 600 մանուկների եւ 18 տարեկան երիտասարդների, Սադախլոյում ոչնչացրին բոլորին: Կոտորածներ սարքելով իրենց ճանապարհին, նրանք անցան Գյանջա, Շամխոր, Շամախի, Զաքաթալա, Արեշ, Բաքու, Խանքենդ եւ Բաքվում տուն առ տուն ման էին գալիս ու սրի քաշում հայերին, ուր 30 հազարից ավելի զոհեր եղան:
Սրի քաշվեց Ղարաքիլիսան՝ իր 7 գյուղերի հետ միասին : Չխնայեցին անգամ տուն վերադարձող խաղաղ ռուս զինվորներին. Շամխորում նրանց սառնասրտորեն կոտորեցին մինչեւ վերջին զինվորը: Հետագայում թուրքական բանակի զորահրամանատար Քյազիմ բեյը՝ խաղաղ բնակիչներ կոտորելու մեջ հմտացած, գիրք գրեց. «Ինչպե՞ս ոչնչացրի Հայաստանը» վերնագրով: Շուրջ երկու տարի արյան մեջ էր գտնվում Արեւելյան Հայաստանը՝ մինչեւ Սարդարապատի ճակատամարտը: Թուրքերը ոչնչացնում էին ոչ միայն մարդկանց, այլեւ քայքայում ու թալանում էին հայ ժողովրդի ստեղծած բարիքները, հարյուրավոր հակերով արտահանության համար պատրաստ բամբակը, ձիերը, անասունները, երկաթուղային վագոններն ու շոգեքարշերը, անգամ դռներն ու լուսամուտները եւ այլն: Որպեսզի սովի մատնվի բնակչությունը, նրանք թույլ չտվեցին հնձել Սարդարապատ-Դարվազ-Իգդիր տարածքի ցորենի բերքը: «Ստիպված եպիսկոպոս Մեսրոպը, վտանգի ենթարկելով իր կյանքը, գնաց Թբիլիսի՝ գերմանական ռազմական միսիայի նախագահ ֆոն Կրեսսի մոտ՝ հունձ կատարելու թույլտվություն ստանալու նպատակով, այլապես գաղթականների հետ միասին մոտ 650 հազար բնակչություն կանգնած էին սովի մատնվելու վտանգի առջեւ»,- գրում է Լեփսիուսը:
Այնուամենայնիվ, հայերին ոչնչացնելու սադիստական գործողություններն այնքան սահմռկեցուցիչ են եղել, որ իրենք՝ թուրքերն էլ բառեր չեն գտել դրանք որակելու համար: Չանկըրիի թուրք բնակչության մեծամեծներն ու ավագանիները, մուֆթին դիմում են քաղաքագլխին՝ Ռեշիդ փաշային. «Շրջակա վիլայեթներից հայերին, իրենց երեխաների հետ, մորթոտվող անասունների նման քշում են մոտակա լեռները եւ այնտեղ կոտորում. մենք չենք ուզում, որ մեր վիլայեթներում այդպիսի բան կատարվի. մենք վախենում ենք աստծո ցասումից: Պետությունը ոչ թե դաժանությամբ է կառավարվում, այլ բանականությամբ: Խնդրում ենք, որպեսզի մեր վիլայեթում այդպիսի կոտորածներ տեղի չունենան»:
Սա բացառիկ մի դեպք է, քանի որ սպանություններին եւ թալանին ամբողջ թուրք բնակչությունն էր իր մասնակցություն բերում:
Առանձնահատուկ դաժան ղեկավարներից է եղել Բեհաեդդին Շաքիրը, որ հավաքագրելով մահապատժի դատապարտված հանցագործների, մարդասպանների խմբերը, ընդգրկել է նաեւ ժանդարմերիան՝ օրինականացնելով հայոց հարստության թալանն ու յուրացումը: Անձնապես հսկայական հարստությունների տիրացան պարագլուխները: Նաեւ օգտագործելով հարմար պահը, սկսեցին խաբել ու թալանել սեփական թուրք ժողովրդին՝ մուծումներ կատարել տալով:
Թուրքիայի ռազմական արտակարգ Ատյանի մեղադրական եզրակացության մեջ արձանագրված է. «Հատուկ օրենքի համաձայն այլ վայրեր տարագրվողների քարավանները ենթարկվել են հատուկ նպատակով կազմակերպված հրոսակախմբերի հարձակումներին եւ ոչնչացվել, իսկ նրանց ունեցվածքն ու կահկարասին ենթարկվել կողոպուտի:
Առանձին մի համայնք կազմող ամբողջ ժողովրդին այդ ձեւով կոտորելը, բնաջնջվելը եւ ունեցվածքի հափշտակությունը մտահղացվել եւ իրագործվել է կուսակցության այդ գաղտնի խմբավորման արնախում մարդկանց կողմից»: Եվ այդ խմբավորման պարագլուխներն են եղել կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամներ Բեահետդին Շաքիրը, դոկտոր Նազըմը, Ռիզա եւ Աթիկ բեյերը: Վերծանված հեռագրերից եւ ծածկագրերից պարզվում է, որ այս չարագործ հանձնախումբը իշխող դիրք է ունեցել պետության վրա, իսկ կառավարությունն էլ պարզ խաղալիք է դարձել նրանց մտահղացումները իրագործելու հարցում:
Անգամ Գերմանիայի հետ Անտանտի երկրներին պատերազմ հայտարարելը կատարվել է նրանց կողմից առանց Մեջլիսի հավանության: Այս եւ շատ այլ չարագործություններ բացահայտվեցին եւ հրապարակվեցին 1919 թ. հունվարի 8-ին Կ. Պոլսում սուլթան Մեհմեդ 6-րդ Վահետդինի (1918-1922) հատուկ հրամանագրով Ռազմական արտակարգ ատյանի ստեղծման շնորհիվ, որը կոչված էր քննելու եւ բացահայտելու երիտթուրքերի կատարած չարագործությունները, նախարարների ապօրինի գործողությունները:
Դատական նիստերը տեղի ունեցան 1919 թ. ապրիլի 28-ից մինչեւ հունիսի 26-ը ընդամենը կայացավ 6 նիստ: 7-րդ նիստը ընդհատվեց մի քանի ամսով, անգլիացիների անպատասխանատու քմահաճ վերաբերմունքի պատճառով, որոնք ձերբակալված գլխավոր 71 հանցագործներին տեղափոխեցին Մալթա կղզի, հազարավոր հանցագործներից ընդամենը դատապարտվեցին 18 հոգի: Հանցագործ իթթիհատականների մեծ մասը դիմեց փախուստի, հետագայում Քեմալի օրոք արժանանալով պաշտոնների եւ անգամ մեծարվեցին որպես ազգային հերոսներ:
Անգլիացիների քմահաճ վերաբերմունքի հետեւանքով այս հանցագործ պարագլուխները ամբողջ օրը տարված էին կերուխումով եւ շատերը փախան՝ խույս տալով արդարադատությունից: Անգլիացիները հավանաբար մեծ կաշառքների գնով ազատ արձակեցին բոլորին՝ իբրեւ թե փոխանակելով նրանց իրենց 25 գերի ընկած զինվորների հետ: Այսպիսի ծաղր ու ծանակով ավարտվեց հանցագործ երիտթուրքական պարագլուխների դատավարությունը: Ոմանք դատվեցին հեռակա կարգով՝ Թալեաթը, Էնվերը, Նազմին, Բեահետդինը, Ջեւդեթը եւ այլք:
Եթե արտակարգ ռազմական այս ատյանի եզրակացությունները հայերի նկատմամբ կատարված ցեղասպանություն խոստովանություն չէին, ուրիշ ի՞նչ էին դրանք, որ այժմ՝ 90 տարի անց, թուրքերը որպես իրավահաջորդներ, ուրանալով 4 միլիոն հայերի բնաջնջումն ու արտաքսումը իրենց դարավոր հայրենիքից, ցանկանում են պատմաբանների հանձնաժողովի միջոցով որոշել ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ չէ: Իբրեւ թե նրանք բացել են բոլոր արխիվները՝ քաջ գիտակցելով, որ երիտթուրքերի արխիվներն այլեւս գոյություն չունեն. այդ խառը օրերին, «Իթթիհատ վե թերաքքը» կուսակցության արխիվը, որ հանձնաված էր պահպանության կուսակցության քարտուղար Միթհատ Շուքրի Բեյին, որի թողտվությամբ պարագլուխ Նազիմ բեյը սնդուկներով հանդերձ փախուստ տվեց անհայտ ուղղությամբ՝ ճողոպրելով ե՛ւ հատուցումից (կախաղանից), ե՛ւ ոչնչացնելով կուսակցության չարագործ հրամաններն ու հեռագրերը: Որպես երիտթուրքերի չարագործությունների ապացույցներ մնում են Արտակարգ ռազմական ատյանի նիստերի մասին Ստամբուլի արաբատառ թուրքերեն թերթերում այնժամ ամեն օր շարունակաբար տպվող, նաեւ ֆրանսերեն լեզվով հրապարակվող դատավորների՝ հանցագործներին տրվող հարցերի պատասխանները, այսինքն՝ դատական պրոցեսի ողջ ընթացքը, որը շատ քչերին է մատչելի:
Այս հարցով զբաղվող մասնագետներն այս լրագրերի անհետացման մասին են խոսում՝ տարբեր երկրների գրադարաններից:
Շուտով կբոլորի հայոց մեծ ողբերգության հարյուրամյակը: Նվազագույն հաշվումներով բնաջնջված 4 միլիոն հայերն այսօր բնականոն աճով դառնալու էին 35-40 միլիոն: Ամենասարսափելի դաժավնությամբ եւ սադիզմով կատարված հայ ժողովրդի ոչնչացումը ոչ մի տեսակ հատուցմամբ չի կարելի փակել, երբ նույն անամոթությամբ թուրքերը հերքում են կատարած սարսափելի հանցանքները: Վկաներից գրի առնված սարսափազդու դրվագների հետ, Մորգենթաուն բերում է նաեւ Պոլսի ոստիկանապես Պետրիի վկայությունները, թե ինչպես իրենց նիստերում իթթիհատականները ողջունում էին չարչարանքների այն նոր գյուտերը (ձեւերը), որ հորինողները ներկայացնում էին ժողովականներին: Նա պատմում է, որ հատուկ ուսումնասիրվեցին իսպանական միջնադարյան հավատաքննության մեթոդներն էլ, ուսումնասիրվեցին եւ որդեգրվեցին: Չարչարանքներ հնարելու նողկալի մրցանակը շահեց Վանի ապստամբությունը ճնշել փորձող Ջեւդետ բեյ Վալին, որը ստացավ «Բաշկալեի պայտառի» կոչումը՝ մարդկանց պայտելու հնարամտության համար (Մորգենթաու, էջ 255):
Այժմ խոսենք Եղեռնից հետո հրատարակված հուշամատյանների, գրքերի, ուսումնասիրությունների ընձեռած տվյալներով, որոնք ամենահավաստին են եւ անժխտելին:
Այսպես Ռ. Բաղրամյանի հրատարակած «Դերսիմի բարբառային քարտեզը» գրքում բնակչության թիվը բերված է ըստ ընտանիքների եւ ըստ ընտանիքի անդամների թվի: Ընտանիքների անդամների թիվը եղել է 4-5-ից մինչեւ 10-12. մենք միջին նվազագույնն ենք ընտրում՝ 6 հոգի, այսինքն՝ տատ ու պապ, հայր ու մայր եւ 2 երեխա: Այսպես, Չմշկածագը՝ գյուղերով 500 տուն «նվազագույն 6-ով ստացվում 9-10 հազար շունչ, Բերրին՝ իր 35 գյուղերով 1440 տուն, գումարած 650՝ տուն Բերրի կենտրոնը, 2444 տուն՝ մոտ 14 հազար 664 շունչ, Բերդակի գյուղերը՝ 983 տուն՝ մոտ 6 հազար շունչ, Քղին՝ 200 գյուղ, 2676 տուն, 18 հազար 700 շունչ, Դերջան՝ 32 գյուղ, 1307 տուն, 9842 շունչ եւ այլն, սակայն սրանք եղեռնից երեք տարի առաջ եղած վիճակագրության տվյալներն են (80 հազարից ավելի): Իհարկե, մենք ընտանիքների կազմը շատ պակաս թվով հաշվեցինք, ընտանիքներ կային մինչեւ 10-12 երեխաներով, արհեստական վիժումը մեղք էր համարվում:
Սասունի բնակչությունը եղել է մոտ 40 հազար՝ իր 539 գյուղերով (Պետոյան), Խարբերդի բնակչությունը՝ իր 62 գյուղերով, 32 հազար 400 էր: (Ճիզմեջյան), Յոզգաթի (Գամիրքի) բնակչությունը որոշ տվյալներով (ըստ Պատերազմական ատյանի) եղել է 35 հազար, այլ տվյալներով՝ 38 հազար, որը ոչնչացվել է տեղում (գյուղերի հետ):
Վանի վիլայեթում, ուր առաջին անկախ հայոց պետությունը հռչակվեց (տեւեց 72 օր՝ ) Արամ Մանուկյանի գլխավորությամբ, ըստ Մորգենթաուի, 55 հազար հայ կոտորվեց (Մորգենթաու, 244, 249), որոնց դիակները թաղեցին ռուսական զորքերը: Ուրֆայի (Եդեսիայի) զոհերը 28 հազար են, Այնթապի զոհերը՝ 20 հազար, Անկարայի վիլայեթի զոհերը 61 հազար, Կեսարիայի կորուստներ՝ 11 հազար, Դիարբեքիրի կորուստները՝ 15 հազար, Տրապիզոնինը 18 հազար, Սեբաստիայինը՝ (Սըվազ)՝ 30 հազար, Ադանայում՝ 30 հազար, Մալաթիայում՝ 6 հազար, Էսկիշեհիր եւ Յայլա-Մուրադջայում 8 հազար, Ճանիկում, Մալայում, Գյումուշհանեում՝ 12 հազար, Տիվրիկում եւ Տարենտեում՝ 7 հազար: Անհաշիվ զոհերով Տեր Զոր հասած 200 հազար թշվառներին հրամայվեց ոչնչացնել տեղում, Տիգրանակերտում՝ 120 հազար, Ռաս ուլ Այնում՝ 70 հազար, Ազազում տիֆից ոչնչացան 6 հազարից ավելի, Նորկերտում (Մծբին) անհաշիվ զոհեր եղան, Ծովքում խեղդեցին հազարավոր երեխաների եւ տասնյակ հազար մեծահասակների, Դուդենում (Անդունդ) քրդական «Փիա» հանդեսի վկայությամբ, 100 հազար հայեր կենդանի-կենդանի նետվեցին անդունդը, Բասեններից ավելի քան 20 հազար զոհեր եղան, իսկ որքան հնձեց տիֆը (բծավոր), խոլերան, որքան կոտորեցին նահանջի ընթացքում չեչենները, չերքեզները, քուրդերը, չեթենները եւ այլն, չկա որոշակի թիվ: (*) Սույն հոդվածը, որի թեման խիստ կարեւոր է եւ, տարօրինակորեն, քիչ ուսումնասիրված, հրատարակվում է առանց հեղինակի անվան: Բանն այն է, որ հեղինակը մի քանի ամիս առաջ հոդվածը հանձնել է մեր խմբագրությանը՝ առանց իր անունը կամ որեւէ այլ տվյալ նշելու, ինչը պատճառ դարձավ նաեւ, որ հոդվածի որոշ տվյալներ չկարենանք ճշտել: Թերեւս այս հրապարակումը առիթ տա հեղինակին ի հայտ գալու:- Խմբ.:
3 քննարկումներ
Sargis A.