Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, December 10, 2008 11:24 - չքննարկված

ՎԻՐԱՎՈՐՆԵՐԸ, ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՉՍՏԱՆԱԼՈՎ, ԿԻՍԱՎԵՐ ՊԱՏԵՐԻ ՏԱԿ ՄԱՀԱՆՈՒՄ ԷԻՆ

ՎԻՐԱՎՈՐՆԵՐԸ, ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՉՍՏԱՆԱԼՈՎ, ԿԻՍԱՎԵՐ ՊԱՏԵՐԻ ՏԱԿ ՄԱՀԱՆՈՒՄ ԷԻՆ՚

ՀՐԱՆՏ (ՀՐԱՉ) ԳԱՍՊԱՐՅԱՆԸ` Շուշիի առանձնակի գումարտակի կրակային դասի հրամանատարը, զոհվել է 1994 թվականի մարտի 7-ին` Ֆիզուլու շրջանի Հորադիս գյուղում, իսկ ՀՀ նախագահի 1998 թ. մայիսի 26-ի հրամանագրով հետմահու պարգեւատրվել է ՀՀ Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով: Հանգչում է Եռաբլուրում: Իսկ մինչ այդ` 1988 թ. ահավոր երկրաշարժից անմիջապես հետո, մեկնել է Սպիտակ եւ մասնակցել փրկարարական աշխատանքների: Այսինքն` նա եղել է ժողովրդի հետ, ժողովրդի կողքին` հայրենիքի ամենածանր օրերին… Ներկայացնում ենք Հրաչ Գասպարյանի հուշերից մի հատված, որը տպագրվել է 1988թ. դեկտեմբերի 14-ին` ՙԱնկախություն՚ թերթում:
-Դեկտեմբերի 7-ին Օրջոնիկիձեի շրջկոմի շենքի մոտ հավաքված բազմությունը ըմբոստացած ալեկոծվում էր: Պահանջում էր պարետային դրությունը չեղյալ հայտարարել: Թույլտվություն եւ հնարավորություն տալ աղետի ենթարկված շրջանները հասնելու համար: Ժամերը անցնում էին, անզեն ժողովրդի բախումը զինվորականության հետ անխուսափելի էր դառնում: Վերջապես ժամը 22:00-ին պահանջեցին անձնագրերը հավաքել, որպեսզի անցաթուղթ տան: 22:45-ին մեկնեցինք: Ճանապարհին հանգանակությամբ ուղեւորներից դրամ հավաքեցինք, որպեսզի հանրակառքը վառելանյութով լիցքավորենք:
Կեսգիշերից հետո հասանք Սպիտակ քաղաքի մոտակայքին…
Քաղաքը կործանված էր:
Օգնության հասածները անկազմակերպ ճիգեր էին գործադրում փլատակների տակից մարդկանց ազատելու համար… Տեղաբնակ մի ծերունի մոտեցավ մեզ եւ ասաց. ՙՔաղաքի մյուս կողմում բացառապես երիտասարդ ընտանիքներով բնակեցված Աջափնյակն է, այնտեղ ոչ մի շենք չի մնացել, հավասարվել են հողին, եւ ոչ մի օգնություն չկա՚: Մեր խմբի մի մասը շտապ մեկնեց Աջափնյակ: Այդ պահին Սպիտակ հասած մի կռունկավարի խնդրեցինք գալ մեզ հետ:
Աջափնյակ հասնելուն պես լուսավորության համար մի քանի տեղ օջախներ վառեցինք: Ամբողջ գիշեր խումբը, շունչ ու ուժ չխնայելով, աշխատում էր: Բետոնե սալերը բարձրացնելու համար կռունկը պիտանի չէր. կռունկավարը անզորությունից լաց էր լինում: Նոր կռունկ գտնելու հույսով երկու հոգով դուրս եկանք կենտրոնական ճանապարհ: Կանգնեցրինք մարդատար մի ինքնաշարժ եւ նոր էինք շարժվել, մեզ կանգնեցրին երկու ավտոմատավոր զինվոր: Մեր փաստաթղթերը, անցաթղթերը ցույց տալուց հետո կես ժամից ավելի խնդրում, համոզում էինք, որպեսզի ճանապարհը շարունակեինք: Անցանք, բայց հաջորդ խաչմերուկում զինվորները այլեւս մեզ թույլ չտվեցին առաջ շարժվել: Կամակատար մի քանի հայ ոստիկաններ այդ ողբերգության պահին հնազանդորեն կատարում էին նրանց հրամաններն ու կամքը: Աղետի ենթարկվածներին օգնել ցանկացողներին ուղղություն ցույց տալու փոխարեն ստորաքարշորեն արհեստական արգելքներով ավելացնում էին փլատակների տակ մահացող իրենց հայրենակիցների թիվը: Բայց այդ էլ քիչ էր: Ճանապարհի երկայնքով կանգնեցրել եւ անգործության էին մատնել տարբեր շրջաններից Սպիտակ հասած տասնյակ կռունկները, որոնցից ոչ մեկին չթույլատրեցին մեզ հետ գալ ավերված թաղամաս:
Մթությունից օգտվելով` գողի պես փախանք:
Տեսարանը ահավոր էր. մի քանի տեղ փլատակների տակից դուրս սողացող վիրավորները, օգնություն չստանալով, կիսավեր պատերի տակ մահացել էին:
Մի քիչ գնալուց հետո հանդիպեցինք ծածկոցով փաթաթված մի կնոջ` ձեռքը կոտրված, կիսախելագար վիճակում կանգնած մի քանի սառած մարդկանց մոտ: Կնոջը պատահական մի ինքնաշարժով ճանապարհեցինք Կիրովական:
Վերադարձանք Աջափնյակ ու շարունակեցինք որոնումները: Մեծ դժվարությամբ մի քանի բետոնե սալեր հեռացնելուց հետո լսեցինք. ՙՓրկեք՚:
Այնուհետեւ սկսեցինք փորել ձեռքերով: Մի փոքրիկ խոռոչ բացելուց հետո պարզ լսվում էին մի կնոջ եւ երկու երեխաների ձայները: Երեխաներին դուրս բերեցինք: Երեխաների մայրը` այդ խեղճ, նիհարիկ կինը, մետաղյա ճաղերի արանքից դուրս գալ չէր կարողանում: Բախտ էր, հրաշք, Աստծու կամքը. կռունկավարի մոտ մետաղահատ սղոց կար, ճաղերը կտրեցինք, կնոջը հանեցինք: Կինը ողբալով ասաց. ՙԱմուսինս խոհանոցում էր, նրա ձայնը քիչ առաջ է լռել՚: Եվ մի կերպ կարողացավ ցույց տալ խոհանոցի մոտավոր տեղը: 5-6 սալեր էլ հեռացնելուց հետո երեւաց փոքրիկ մի անցք, ձայն տվեցինք, շատ խորքից լսվեց. ՙՄեռա, հասեք՚: Եթե հույս դնեինք կռունկի վրա, այդ դժբախտին փրկել չէինք կարողանա: Ստիպված անցքով խորացա ներս: Սողալով անցա երկու միջանցքներով: Տարածության ու չափի զգացողությունը կորցրել էի: Նրան գտա բետոնե երկու սալերի արանքում` կիսով չափ թաղված հող ու քարակույտի մեջ: Մոտենալն անհնար էր: Երրորդ փշրված սալի մետաղյա ճաղերը կալանախցի պատուհանի նման մեր արանքում էին: Ճաղերը սղոցելուց հետո մոտեցա, ձեռքերով սկսեցի փորել նրա շուրջը: Ծնկից ներքեւ փշրված ձախ ոտքը մի կերպ բացեցի, իսկ աջ ոտքը ոչ մի կերպ ազատել չէի կարողանում:
15-30 րոպեն մեկ երկրաշարժը կրկնվում էր: Վիրավորը ամեն ցնցումից հետո աղերսում էր` ոտքը կտրեմ, կամ իրեն թողնեմ, դուրս գամ: Այդ մասին մտածելը հեշտ չէր: Ամեն ինչ անում էի առողջ ոտքը ազատելու համար: Անընդհատ կրկնում էի. ՙԿնոջդ ու երեխաներիդ փրկել ենք, ուրեմն ուժ հավաքիր, ասա` ոտքդ որ կողմից է հնարավոր ազատել՚: Այդպես համոզելով, ստիպելով, ուժ գործադրելով` ոտքը թակարդից ազատեցի: Վրայի հագուստները թեթեւացնելով` մի կերպ դուրս հանեցինք:
… Դեկտեմբերի 8-ն էր, ժամը 14:00-ն, ուրեմն աղետի պահից անցել էր 26 ժամ: Քիչ անց միայն զգացի հոգնածությունս: Նայում էի ու աչքերիս չէի հավատում: Անտերությունը, անօգնական մարդիկ թեւաթափ, շվարած կանգնել էին, չգիտեին` ինչ անեն: Հողին հավասարված 1000-ավոր տներից մի քանի տասնյակի մոտ էր կռունկ երեւում: Մոտենում են, խնդրում, աղաչում, սպառնում, իրենց մեռելին փլատակի տակից հանելու, դժոխքի այս կաթսայից ժամ առաջ հեռանալու համար պահանջում են, որ ավտոկռունկը գնա իրենց փլատակի մոտ, եւ վայրկենաբար ուշքի են գալիս, քարերի վրա քրքրված, վիրավոր ձեռքերով քանդում են հողը, այդտեղ` փլատակի տակ, ողջ մնացածին հանելու համար…
… Աստվա¯ծ, Անիի կործանում տեսած ազգը ինչու է այդպիսի շենքեր կառուցել, ինչն է պատճառը: Ինչպես է պատահել, որ 1000-ավոր տներից թեկուզ մի տասնյակը, բայց կանգուն են, Աստվա°ծ իմ, դժբախտ ազգը երբ է կարողանալու ինքը տնօրինել իր կյանքը: Երբ է կառուցելու իր ձեւով, ապրելու իր խելքով…
Աստվա¯ծ, Աստվա¯ծ…



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ