ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, December 9, 2008 2:00 - չքննարկված

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆՅՈՒՐՆԲԵՐԳԸ ԱՆԱՎԱՐՏ Է ՄՆԱՑԵԼ

  • article's photo

    Կոնվենցիայի 60-ամյակի առիթով

    1948թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված եւ 1951թ. հունվարի 12-ին ուժի մեջ մտած «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ դրա համար պատժի մասին» կոնվենցիան միջազգային-իրավական այն հիմնարար փաստաթղթերից է, որի դրույթները այսօր էլ պահպանում են իրենց արդիականությունը։

    Փաստաթղթի արդիական հնչեղությունը էլ ավելի է մեծանում վերջին տասնամյակում աշխարհի մի շարք երկրներում կրկնված «ցեղասպանություն» հանցագործության համար պատժի կիրառման աշխատակարգերի շարունակվող փնտրտուքի պատճառով։

    Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո՝ 1919-1920թթ. Կ.Պոլսում (Ստամբուլ) տեղի ունեցած երիտթուրքական «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության պարագլուխների դատավարությունը (այն կազմակերպել էր սուլթանական կառավարությունը՝ Անտանտի երկրների անմիջական ճնշման տակ), հանդիսացել է պատերազմի ժամանակ խաղաղ բնակչության նկատմամբ կիրառված հանցագործությունները պատժելու ազգային պրակտիկայի առաջին խոշոր դրսեւորումներից մեկը նախքան «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ նրա համար պատժի մասին» կոնվենցիայի ընդունումը։

    Այդ դատավարությունը մահվան դատապարտեց ինչպես երիտթուրքերի կուսակցության, այնպես էլ կառավարության կենտրոնական ու տեղական մարմինների ղեկավարներին՝ հիմնվելով հենց թուրքական պետության փաստաթղթերի վրա, որոնք ապացուցում էին կատարված հանցագործությունների կանխամտածվածությունն ու ծրագրված բնույթը։ Այսինքն՝ նախքան գերմանական Նյուրնբերգը, եղել է թուրքական Նյուրնբերգ, որը, սակայն, կիսատ է մնացել՝ անգլիացիների կողմից հանցագործների մի մասին Մալթա աքսորելու եւ ապա քեմալական շարժման ծավալման հետեւանքով։

    Այս երկու դատավարությունների միջազգային-իրավական նույն հիմքերի վրա իրականացվելու փաստի ապացույցներն այնքան շատ են, որ լիովին հերքում են «Ցեղասպանություն հանցագործության կանխարգելման եւ դրա համար պատժի մասին» կոնվենցիայի ընդունումը սոսկ Նյուրնբերգյան դատավարության անմիջական հետեւանք դիտարկելու փորձերը։ Անժխտելի է, որ 1945-1946թթ. Նյուրնբերգի դատավարությունում Միացյալ Նահանգների մեղադրողի խորհրդականի դերում հանդես եկած հրեական ծագումով լեհ իրավագետ Ռաֆայել Լեմկինը մինչ այդ իրադարձությունը «ցեղասպանություն» հանցագործությանը տված իր գիտական գնահատականները հիմնել է հայոց Մեծ եղեռնի ուսումնասիրության հիմքի վրա։

    Այսինքն՝ որպեսզի ապացուցի, որ տվյալ պահին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանում, տեղի է ունենում հրեաների եւ այլ ժողովուրդների ցեղասպանություն, հայտնի իրավաբանը առարկայորեն ցույց է տվել, որ իր ժամանակ տեղի ունեցող գործողությունները ճշգրտորեն կրկնում են Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի հանդեպ իրականացված հանցագործությունները։

    Սակայն դա 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության հանդեպ «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ դրա համար պատժի մասին» կոնվենցիայի կիրառումը իբր հետադարձ ուժ չունենալու մասին հայտնի պնդումը հերքող գիտական, բայց ոչ իրավական հիմնավորում է։ Ի տարբերություն գիտական հիմնավորման, որը կառուցվում է այս երկու իրադարձությունների նույնականությունն ապացուցող պատմական փաստերի վրա, իրավական հիմնավորումը կարող է եւ պետք է կառուցվի Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ որոշակի գործողություններ իրականացրած կոնկրետ հանցագործների դատավարությունների իրավական բովանդակության նույնականության վրա։

    Եւ այդ համեմատությունը թույլ է տալիս եզրակացնել, որ բովանդակային առումով Կ.Պոլսի (Ստամբուլ) 1919-1920թթ. եւ Նյուրնբերգի 1945-1946թթ. զույգ դատավարությունները նպատակ են ունեցել լուծել նույն խնդիրները, սակայն դրանցից առաջինը կիսատ է մնացել սոսկ քաղաքական, բայց ոչ իրավական պատճառներով։ Այսինքն՝ առաջին պարագայում դատավարությունը ապահովել է անհատ հանցագործների, մասամբ նաեւ վարչակարգի, բայց ոչ պետության պատասխանատվության խնդրի լուծումը։

    Իրավական առումով «Ցեղասպանություն հանցագործության կանխարգելման եւ դրա համար պատժի մասին» ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1948թ. դեկտեմբերի 9-ի կոնվենցիան ճիշտ այնքան հետադարձ ուժ ունի Հոլոքոստի հանդեպ, որքան Հայոց ցեղասպանության հանդեպ, քանի որ հավասարապես հաջորդել եւ ոչ թե նախորդել է դրանց։ Եւ ողջ խնդիրը ոչ թե 1948 թվականի համեմատ այս երկու ողբերգությունների ունեցած տարբեր «ժամանակային պատուհանների» մեջ է, այլ Հայոց ցեղասպանության համար պատժի իրավա-քաղաքական գործընթացի անավարտության։ Այսինքն՝ սուլթանական Թուրքիան 1919-1920թթ. սկսել, բայց կիսատ է թողել թուրքական Նյուրնբերգը, ինչը հետագայում՝ 1939 թվականին, հիմք է տվել Ադոլֆ Հիտլերին, առաջադրելու նույն հանցագործությունը շարունակելու հայտնի ծրագիրը։

    Սա դարձել է նաեւ անպատժելիության նախադեպ աշխարհում տեղի ունեցած հաջորդ ցեղասպանությունների ծրագրավորման ու գործադրման փորձերի համար։

    Հետեւաբար մեր առջեւ կանգնած բուն խնդիրը, այսինքն՝ տեղի ունեցածին իրավական գնահատական տալու առաջադրանքը, պահանջում է, որ թուրքական ներկա պետությունը, որպես Օսմանյան կայսրության իրավաժառանգորդ, շարունակի սուլթանական կառավարության նախաձեռնած 1919-1920թթ. Կ.Պոլսի (Ստամբուլի) դատավարությունը, իսկ Առաջին համաշխարհային պատերազմից հետո նրան այդ քայլին դրդած տերություններն իրենք պահանջեն նման պարտավորության կատարումը։

  • ԳԵՎՈՐԳ ԽՈՒԴԻՆՅԱՆ Պատմական գիտ. դոկտոր


Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ