Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ Admin. Sunday, November 30, 2008 0:51 - չքննարկված
Էգ կովի բիճ զավակը՝ Ռամբուլիկ
«ԱԶԳԱՅԻՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԻ» ՀՅՈՒՐՆ Է ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ
ՎՐԵԺ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Ռամբուլիկ: Պատանի Բագրատյանի փաղաքշական մականունն էր մանկապարտեզում, բակում, դպրոցում, բուհում և… կառավարությունում: Բնական է, այլ մականուն նրան պարզապես չէր կպչի, քանզի արտահայտիչ որևէ դրական կամ բացասական որակ չուներ, բացառությամբ՝ գանգուրները:
Եվ հենց սա էր աննշան դասախոսի հաղթաթուղթը` Տեր-Պետրոսյանն ու ընկերախումբը (հասկանալի է` Վանիկ Սմբատիչը, Բաբիկը, Աշոտիկը և այլք), ինչպես ամենուր, վարչապետի ընտրության պարագայում էլ անվրեպ էին: Նորանկախ հանրապետության տնտեսությունը, ասել է թե` ապագան, հոշոտման հանձնվեց երիտասարդ տնտեսագետին, որը ոչնչով աչքի չէր ընկել գորբաչովյան հալոցքի ընթացքում, բայց աչքի ընկավ երկրի անկախացմամբ: Հայ գիտական ողջ ներուժը և տնտեսագիտական միտքը Ռամբուլիկի ոխերիմ հակառակորդներն էին, շուկայական տերմինաբանությունը` նրա հավատամքը: Պատմում են, որ վարչապետության առաջին օրերին նա խորհրդականներին շարք էր կանգնեցնում, որոնք շեփորում էին շուկայական գունազարդ տերմինները` մարքեթինգ, հայրինգ, լիզինգ, քվոտա…
Սա երջանկացնում էր հայկական ցնցակաթվածի երիտասարդ կնքահորը, բացում նրա առջև անծայրածիր հորիզոններ (գանգուրները մերթ հարթվում էին, մերթ` գալարվում):
Սիրո ողջ պաշարն ու եռանդը նա ծառայեցնում էր արևմտյան ազատականությանը: Սովետական մանկապարտեզում, դպրոցում և համալսարանում անվճար սնված և կրթված Ռամբուլիկը փլուզեց հանրապետության արդյունաբերությունը, մասնատեց տնտեսական համակարգը, անասնապահության ոլորտից խնայեց միայն… կենդանաբանական այգին: Այս ամենը սովետական էր: Հետևաբար` թշնամի:
Արևմտյան տեսաբանները կաթվածահար էին: Նման ցնցող արդյունք չէր արձանագրվել ո՜չ Մոզամբիկի հարավում, ո՜չ էլ` Գվատեմալայի հյուսիսում: Որևէ վարչապետ չէր շփոթել… անասունի սեռը: Բագրատյանը շփոթեց. էգ կովեր: Ըստ նրա տեսական հանճարի, անկախ հանրապետությունում կովերն էգ էին, ցուլերը` որձ: Միևնույնը` հավի և աքլորի պարագայում: (Գանգուրները գալարվում էին շարունակ):
Ազատականացում: Տնտեսության մեջ, իշխանական օթյակներում և բարքերում: Ռամբուլիկը չափազանց ուշիմ գտնվեց ուսմունքը յուրացնելիս` քանդել հիմնահատակ և… թողնել ինքնահոսի: Մարքեթինգ, հայրինգ, լիզինգ, քվոտա…
Եվ հսկայական վարկեր, բյուջեի ահռելի դեֆիցիտ, կենսաթոշակների եռամսյա շրջապտույտ (աննախադեպ բարձր տոկոսադրույքներով), մարդասիրական բեռների կլանում… Հավերը որձ են, ցլիկները` էգ:
Տեսաբան-խառնակչին ճիշտ չհասկացանք: Ռամբուլիկը երկրի զարգացման նոր հայեցակարգ է մշակում. իշխանությունները շփոթված են, ընդդիմությունը` կատաղած, հասարակությունը` երկուսի միջև:
Իսկ նա` մեր լավն էր ուզում: Անկեղծությամբ: Եվ ազնվորեն: (Գանգուրները հարթ են ու համերաշխ):
Արարատյան դաշտում հազարամյակներով անուշացող խաղողն ու ծիրանը ռամբուլիկյան տեսությամբ հանրապետության խայտառակությունն են: Տնտեսական նոնսենս: Գավառական այլասերում:
Ուրեմն այսպես, Արարատյան դաշտում ոչնչացնում ենք խաղողն ու ծիրանը, դեղձն ու նուշը: Երկու քայլի վրա Իրանն է, ջրի գնով ներկրում ենք իրանական խաղողը, թուրքական չամիչը: Դիմացը… ազատվում ենք սովետական գործարանների բարոյապես մաշված հաստոցներից, փոխանակում դրանք չրի ու չամիչի հետ: Խելացի՞ է: Անշուշտ: Շահավե՞տ է: Անկասկած:
Իսկ Արարատյան դաշտի գյուղաբնակը թող զբաղվի լոլիկագործությամբ, թող բադրիջան մշակի: Եվ սերտի Ռամբուլիկի դասերը:
«Էգ կովի» ախտանիշը հրաշալի գործեց: Ռամբուլիկը 1995-ի փետրվարին (մայրաքաղաքի վարչական նոր հայեցակարգի համաձայն) քաղաքապետ է նշանակում Աշոտ Միրզոյանին: Սա հայտնի էր որպես «քյառփինջի զավոդի Աշոտ»: Քաղաքը տեղյակ էր` Ա.Մ.-ն նշանակման տուրք է տալիս կես միլիոն դոլար, պետք է աշխատի մինչև նոյեմբեր ու հետ բերի կրկնակին: Այդպես էլ եղավ:
Ա.Մ.-ն վաճառում էր քաղաքում ամեն հնարավոր բան: Հաճախ միևնույն տարածքը մի քանի սուբյեկտի «նվիրվում»: Նրա որոշումների 95%-ը հետագայում ապօրինի ճանաչվեց: (Ռամբուլիկյան գանգուրները ցցուն են):
Հենց այս քյառփինջագետի միջոցով Ռամբուլիկն իրականացրեց իր գլուխգործոցը` տեղահանեց Հանրապետության հրապարակի Տրիբունան և տեղում խոտ ցանեց: Հավանաբար սա էգ կովերի վերացարկային հուշարձանն էր: Ոչ պակաս հնարամիտ էր նա մայրաքաղաքի համայնքները վերաձևելիս: Սահմանադրության համաձայն` Երևանը բաժանվեց համայնքների միջև: Բայց մինչև ընտրություններ` ժամանակ կար: Մոտ կես տարի: Ի՞նչ անել: Ոչինչ: Քանդել և թողնել ինքնահոսի: Օրենքի սահմաններում:
Շրջխորհուրդների գործադիր կոմիտեները լուծարվեցին: Նշանակվեցին բաժնի պետեր: Նոր մարդիկ, նոր տուրքերով: Շատ չէ, 200-250 հազար դոլար՝ յուրաքանչյուրը: Քաղաքից` ընդամենը 1 միլիոն: Վարչապետի համար… գրպանի փող:
1993-ին Բագրատյանի որոշմամբ տասն անգամ ավելացան վարձակալած տարածքների գումարները: Կոոպերատիվ շարժման տարիներին հազարավոր կիսավեր նկուղային տարածքներ նորոգվեցին: Ու հեռու չմնացին Ռամբուլիկի տեսադաշտից: Գները տասնապատկվեցին, կոոպերատորները տարագրվեցին: Տարածքները, հասկանալի է, անտեր չմնացին: Եվ սեփականաշնորհվեցին ջրի գնով:
1993-ին ստեղծված ՀՀ սեփականաշնորհման պետական հանձնաժողովի 10 անդամին նշանակում էր ՀՀ նախագահը, մյուս տասին ընտրում էր խորհրդարանը:
«Սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքը նպաստեց բնակչության մասնակցությանը պետական ձեռնարկությունների և փոքր օբյեկտների սեփականաշնորհմանը:
Հանձնաժողովի նախագահի կարգավիճակը հավասար էր պետական նախարարի կարգավիճակին: Նրա տեղակալը, ըստ սանդղակի, նախարար էր, հանձնաժողովի 18 անդամները` փոխնախարարներ:
Եվ ահա, ողջ հանձնաժողովին սպասարկում էր ծառայողական երկու մեքենա: Բագրատյանի որոշմամբ: Ինչո՞ւ: Հանձնաժողովը դուրս էր կառավարության, այն է` Բագրատյանի հսկողությունից: Ի դեպ, Բագրատյանին սպասարկում էր ծառայողական 5 ավտոմեքենա:
Տարիներ անց նա ֆրանսիացիներին վաճառված Երևանի կոնյակի գործարանում փոխտնօրեն էր` մարդկային ռեսուրսների գծով: Աշխատավարձը` 18 հազար դոլար: Սա, իհարկե, փոխհատուցում էր խաղողը բադրիջանով փոխարինելու հանճարեղ որոշման:
Հայկական կոնյակը համաշխարհային շուկա մտնելով` չափազանց լուրջ մրցակից կդառնար ֆրանսիականի համար:
Եվ վաճառվեց այն` գլխավոր մրցակցին: Այստեղ մեկնաբանություններն ավելորդ են:
Առհասարակ, Արարատյան դաշտը Ռամբուլիկ Բագրատյանի գլխավոր փորձադաշտն էր: Ազատական տնտեսակարգն, ահա, «ստիպում է» գանգրահերին ոռոգման ջուրը դարձնել շուկայական ապրանք: Եվ կարգի բերել «տգետ» գյուղացուն: Պետք է վճարել ջրի դիմաց և բադրիջան ու պղպեղ մշակել: Կամ` վաճառել տունն ու տնամերձը: Ջրի գնով:
Խայտառակ վիճակ էր Հայաստանի գյուղերում: Հատկապես Արարատյան դաշտում: Արմատախիլ արված խաղողի այգիներում բոստաններ էին` այրված կիզիչ արևից ու ջրի պակասից:
Ոռոգման ջրի գինը վճարելով աշխատավորը մնում էր կոտրած տաշտակի առջև:
Իսկ մայրուղով երջանկահիշատակ շինարար Թաթարյանի ներկած ճապոնական տեխնիկան էր արտահանվում Իրան: «Կամացու» տրակտորները սահմանն անցնում էին որպես մետաղի ջարդոն: Փոխանակվում ժամկետանց լոբու և սիսեռի հետ: Ծրագրի ղեկավարը Թելման Տեր-Պետրոսյանն էր:
Մարքեթինգ, հայրինգ, լիզինգ, քվոտա…
Աղետի գոտու մեծագույն աղետն էր Ռամբուլիկը: Նրա ղեկավարած կառավարությունը մեկ տնակ չնորոգեց Գյումրիում և Սպիտակում: Դրա կարիքը չկար:
Վարչապետի մերձավորների ձեռքում էր կենտրոնացած Գյումրիի հաստոցային ողջ պարկի արտահանումը:
Քաղաքում բառացիորեն հոշոտվում էր հնարավորը: Մի գիշերվա մեջ անհետացան տրոլեյբուսի գծերը: Հաջորդ գիշեր շինհրապարակներում սառած տեխնիկան էր ուշադրության կենտրոնում: Երրորդ օրը` անկենդան վերելակները…
Իհարկե, այս նվաստացուցիչ գործարքների մեջ վարչապետը չէր խորանում: Նրա կլանումներն, իսկապես, պետական մակարդակով էին արվում: Եվ` միջազգային համագործակցությամբ:
Հիշենք միայն գերշահութաբեր այս գործարքը: Հանրապետության կենսաթոշակային ողջ հիմնադրամը երկու-երեք ամիս դրվում էր շրջանառության մեջ:
Հենց Բագրատյան-Ռամբուլիկի «օրհնությամբ» կյանքի կոչվեց տնտեսական նոր հայեցակարգը: Քիչ թե շատ ծանրակշիռ պետական օբյեկտի վաճառքից հետո պետգանձարան մուծված գումարի չափով ստվերային տուրք էր վճարվում:
Ասենք, որևէ ձեռնարկության դիմաց բյուջե էր մուտքագրվում 10 մլն դոլար: Բարի եղեք, բարեկամներ, նույնքան էլ կառավարությանը մուծել: Ընդ որում, բագրատյանիզմի օրոք հանրապետության տնտեսության ամենայուղալի պատառները ձեռք էին բերում յոթ սարից այն կողմ մի գիշերում բսնած ֆիրմաները:
Բնականաբար, այսօր էլ Ռամբուլիկը պետք է դժգոհի ու խրատներ կարդա: Միաժամանակ` դատապարտի: Իսկ ինչո՞ւ չէ: Մահապարտների խցում ապաշխարելու փոխարեն` նա ազատության մեջ է: Սա այն դեպքում, երբ անմիջականորեն նրա կառավարության օրոք էին Հյուսիսային Կովկասի կայարաններում անհետանում մազութով բեռնված գնացքները:
Երբ 24 ժամյա էլեկտրաէներգիան հուսալիորեն հողանցվում էր:
Եվ այլն…