Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Friday, November 21, 2008 19:58 - չքննարկված

Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում

Arakel, Toronto.

1990 թ. օգոստոսի 28-ին Հայաստանում անկախ պետականության հաստատման գործընթացի հռչակման սկզբից ևեթ արդեն  անցել է 18 տարի, այսինքն` 90-ականների սկզբին ծնվածները արդեն կողմնորոշվելու և ընտրելու իրավունք են ստացել: Նրանք մեծացան մի ժամանակաշրջանում, երբ սնկի պես աճեցին բազմաթիվ նոր կուսակցություններ ու կազմակերպություններ, որոնց ծրագրերին ծանոթանալուց հետո թվում էր թե մենք շատ կարճ ժամանակում կլուծենք բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներ և վերջնականապես կիրականանան մեր բաղձանքների ու իղձերի մի կարևոր մասը: Սակայն, սույն թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ իրավաբանորեն անկախացած հայ ազգը ծայրահեղ դժգոհ է անարդարությամբ պայմանավորված իր կենսական կախյալ պայմաններից: Նախընտրական ժամանակաշրջանում ամենատարբեր կուսակցությունների և կազմակերպությունների առաջնորդների կողմից հնչեցին խիստ քննադատություններ պետական համակարգի և նրա իշխանավորների անօրինական գործունեության մասին: Բացահայտվեցին մեր երկրում առկա բազմաթիվ չլուծված ու տագնապ հարուցող խնդիրներ: Ակնհայտ դարձավ, որ բարոյական և տնտեսական անկումը գնալով մեզանում նոր թափ է ստանում: Արդյունքում բոլորի համար պարզ դարձավ,  որ եթե այդպես շարունակվի  մենք ինքներս մեր գերեզմանափորն ենք դառնալու: Նախագահական ընտրություններից հետո քաղաքական վիճակը հանրապետությունում սրվեց: Տեղի ունեցան մարտի 1-ի դեպքերը, մտցվեց արտակարգ դրություն, կատարվեցին ձերբակալություններ անկարգությունների, սպանությունների և պետական հեղաշրջման մեղադրանքով: Իսկ հիմա գործը հասել է ՙդիվանբաշուն՚` եվրոպական ատյաններ: Այո՜, հին պատմություններում հիշատակված երբեմնի  սուրբ օրինաց  երկրի հրաշքով փրկված մի փոքրիկ մասը` Հայաստանի Հանրապետությունը, այժմ հայտնվել է օրինազանց երկրի կարգավիճակում: Այժմ եվրոպական ատյանները նրա իշխանավորներին ՙպարտադրում՚ են հաշվի նստել սահմանադրությամբ ամրագրված հայ մարդու իրավունքների հետ: Չնայած ավելի քան 1500 տարի է անցել Մ.Խորենացու ժամանակներից, այնուամենայնիվ նրա հետ միասին այսօր էլ կարող ենք ի խորոց սրտի ողբալ. ՙ  Ողբում եմ քեզ, Հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ և ուսուցանողդ. վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությանբ չարափառությունը՚: Այս ողբը, չհաշված Գ.Նարեկացու և Խ.Աբովյանի հետագա ողբերը,  հայագիտությունում  դեռ ակադեմիական մակարդակով լուրջ ուսումնասիրության չի ենթարկվել ու հետևություններ արվել: Ցավոք սրտի այն առանց քննության էլ վկայությունն է մեր բարոյական երկարաժամկետ անկման: Կարելի  է եզրակացնել, որ անցյալում մենք անպայման մի վեհ ու  հզոր բարոյական ներուժ ենք ունեցել, որն նույնիսկ 1500-ամյա անկմամբ հանդերձ վերջնականապես դեռ իրեն չի սպառել: Ցավով պետք է նշել, որ պատմահոր կողմից ախտաբանված մեր հիվանդությունը` տգիտությունը (բոլոր չարիքների, դժբախտությունների և ցավերի մայրը), առ այսօր շարունակում է իշխել և բնակվել իրենց հայ համարող շատերի  գլխում, որտեղ վաղուց հիշողությունից իսպառ ջնջվել է Ծիրանի Խորհուրդը` մեր ծիրանածին ծագումի խորհուրդը։ Տգիտությամբ  հիմնավորված չարափառության պայմաններում մեզանում անհնար է որևէ հոգենպաստ և հայրենաշեն գործունեություն ծավալել, եթե իրապես չգիտենք, թե ով ենք մենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գնում, եթե չենք հասկանում մեր ինքնանվանման պարտավորեցնող խորհուրդը: Պարտավորեցնո՜ղ, քանզի ինքնաճանաչ հայ բանաստեղծը իզուր չի գրել. ՙ Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում, Բայց մեզ էլ գիտենք – Մեզ հայ են ասում՚ : Պարտավորեցնո՜ղ, քանզի  Պատմահայրն հայոց իզուր չի նշել. ՙ…Հայոց աշխարհ, …բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ…՚: Պարտավորեցնո՜ղ, քանզի հայոց փորձառու վիշապաքաղը` Գարեգին Նժդեհն իզուր չի ասել. ՙԱյո՜, ժողովուրդների անզորության և դժբախտության ամենաներգործուն պատճառը՝ իր սեփական էության մասին ունեցած տգիտանքն են, անինքնաճանաչությունը – իմա՝ անցեղաճանաչությունը: …Դեռ իր խորքին անծանոթ է հայությունը, և դրա համար էլ պարտվողական է՚: Այսպիսով չպետք է զարմանալ, որ մեր այս օրերում ժողովրդացած հայ ազգը ՙժողովրդավարություն՚ է սովորում և դեմոկրատիա խաղում: Գենետիկ հիշողության մթագնում ապրած հայությունը  ներկայումս դեռ ստիպված է ենթարկվել այս խաղի կանոններին, քանզի մեզանում արդեն երկու հազարամյակից ավելի է որ չի գործում ազգային պետական գաղափարախոսությունը: Փոխարենը հայությանը իրենց նպատակներին ծառայեցնելու համար այդ երկար ու ձիգ տարիների ընթացքում Հայոց աշխարհում պարբերաբար փորձարկվել են բազում օտար գաղափարախոսություններ, որոնցից ոմանք հանգամանքների բերումով ժամանակի ընթացքում համեմվել են հայ ազգային մտածողության  և հավատքի որոշ տարրերով ու դարձել ներկայումս ՙհոգեհարազատ՚ իրողություն: Այժմ, երբ հայկական լեռնաշխարհը մարդկությանը հայտնի է դառնում որպես արարչագործության և քաղաքակրթության բնօրրան, երբ հեռուստատեսությամբ, ռադիոյով և մամուլով ի լուր աշխարհի հայտնվում է մարդկության հնագույն քարե աստղադիտարանի՝ Քարահունջի մասին, որն ավելի հին է Անգլիայի հանրահայտ Սթոունհենջից, ակամայից շատերի մոտ հարց կառաջանա, թե ովքեր են եղել այդ հնագույն աստղադիտարանի իմաստուն հեղինակները: Անփառունակ ներկա ունեցող հայ ժողովրդի համար, որի փառավոր անցյալը մթության քողով էր ծածկված, իրոք, դժվար կլինի այդ և դրա նման այլ հարցերում հեղինակային իրավունք ձեռք բերել, եթե որպես ազգ տեր չկանգնենք մեզ ավանդված ժառանգությանը: Ներկա խառնակ ժամանակներում, երբ մենք ականատեսներն ենք Ձկան դարաշրջանից Ջրհոսի դարաշրջան Երկիր մոլորակի աստեղային մուտքի, որն ուղեկցվում է ոչ միայն պատերազմներով և բնակլիմայական աղետներով, այլ նաև ազգային մշակույթների գորշ համահարթեցմամբ ու մարդկության համատարած համարակալմամբ և վերահսկողությամբ, խիստ անհրաժեշտություն կա մեր ազգային ինքնության պաշտպանական ակտիվացման: Ժամանակն է, որ այգաբեր հայ-արմենները տիեզերական գարնանամուտին` ձմեռային ինքնամոռաց քնից հետո, նորից վերագտնեն իրենց, հասու լինեն իրենց ոսկեղենիկ արմատին ու ծիրանածնունդ ծագումին: Եկել է հայկյան աստեղային ժամը, որ ազգովին ու ՙնորովի՚ ականջ դնենք անհիշելի ժամանակներից մեզ ավանդված առասպելական երգ-պատումներին, որոնք ունեն պահած մեզ հուզող շատ հարցերի պատասխանները, որոնցից մեկն էլ մեր ով լինելն է: Ժամանակն է, որ մեր ազնվականության վկայականը ամբողջությամբ և հիմնովին ներկայացնենք աշխարհին: Հայոց մեծ բանաստեղծը հո իզուր չի ասել, որ  ՙմենք միշտ ունեցել ենք էդ բարձր վկայականը: Բայց էդ վկայականը էն վկայականներից չի, որոնց վրա դրված է մարդկային իշխանության կնիքը, էդ էն վկայականներից է, որոնց վրա բնությունն ու աստված են դրել իրենց կնիքը, և, դրա համար էլ, ինչքան դժվար է դրա ունենալը, էնքան էլ դժվար է կարդալը՚: Հարկ է իմանալ, որ դարաշրջանների այս անցման շրջանում խաբեությունը առվել սրությամբ է գլուխ բարձրացնում    և առվել սրությամբ են հակադրվում հոգևորն ու մարմնականը, բարեպաշտությունն ու նյութապաշտությունը: Պատկերավոր ասած՝ մեր հավատքի Կենաց Արևը սին-մահիկով փոխարինելու վտանգը մեծացել է: Մասնավորապես այդ է վկայում  ՙԵհովայի վկաներ՚ աղանդի առկայությունը և տարածումը մեզանում: Հետևաբար, եթե մի ժամանակ մեր ազգային ճշմարիտ հավատքով կարողացել ենք արգելել  արևապաշտական հզոր աղանդների` զրադաշտականության և մանիքեականության տարածումը Հայոց աշխարհում,  ներկայումս առավել ևս պարտավոր ենք մեր ճշմարիտ արևային հավատքով հաղթահարել բոլոր տեսակի սնապաշտությունները: Քրիստոնեության պարագայում հարկ է հիշել, որ օրինաչափ երևույթ է Երկրի վրա դիտվող Արեգակի խավարումները, երբ սին-մահիկը պարբերաբար հայտնվում է Արեգակի և Երկրի միջև: Երբ սնապաշտ Հուդան  համբուրեց Արև Քրիստոսին, մարդկանց Արևը մատնվեց ու խաչվեց, մթնեց ու խավարեց: Ահա թե ինչու Արև Աստծու պաշտամունքը Ձկան դարաշրջանում արիական ազգերի համար պարտադրված հուդայական հագուստ հագավ: Այդ դարաշրջանը հայոց համար ողբերգական դարձավ նաև այն առումով, որ իր բնօրրանում` Հայաստանում, Արևի զարմ հանդիսացող հայությունը կրոնափոխության և արտագաղթի պատճառով մեծամասամբ հայտնվեց  սնապաշտության ազդեցության տակ: Արիական ազգերի հրածին նախնուն` Հայամարդուն (իմա` վկայված է Ավեստայում) և Արև Աստծուն` Հայկ-Արային  փոխարինելու եկան  սեմական ազգերի հողածին նախնին` Ադամը և Սին Աստվածը` Եհովան: Հարկ է, որ հայ քրիստոնյաները հատկապես ուշադրությամբ կարդան  Ս.Գրքի հետևյալ խոսքը. ՙԱնիծեալ Քանան, մանուկ, եւ եղիցի ծառայ եղբարց իւրոց: Եւ ասէ, Օրհնեալ Տէր Աստուած (իմա` հայերեն որոշ թարգմանություններում Տէր Աստուած-ի փոխարեն գրված է Եհովա), Աստուած Սեմայ, եւ եղիցի Քանան ծառայ նորա. Ընդարձակեսցէ Աստուած Յաբեթի, և բնակեսցէ ի տուն Սեմայ և եղիցի Քանան ծառայ նոցա՚(Ծննդ.9.25-27): Հետաքրքիրն այն է, որ այս նշանակալից մարգարեության եբրայերեն բնագրում Սեմի Աստվածը հանդես է գալիս Եհովա անունով, իսկ Հաբեթի Աստվածը` Էլոհիմ անունով, որոնց պաշտամունքը հնուց ի վեր հայտնի է համապատասխանաբար լուսնապաշտություն և  արևապաշտություն անուններով: Որ եբրայեցիները` հին հրեաները, լուսնապաշտ են եղել, հայտնի է պատմությունից: Այդ է հաստատում նրանց լուսնային ամիսների մասին հետևյալ վկայությունը` ՙԵբրայեցւոց ամիսները լուսնական ամիս էին, այսինքն` մէկ նոր լուսնէն մինչև միւսը: …Որովհետև Հրէից ամիսները լուսնական ամիս էին, իսկ մերիններն ամենևին կախում չունին լուսնէն, չեն կրնար միևնոյն ժամանակ սկսիլ և վերջանալ:՚ (տե՜ս Բառարան Սուրբ Գրոց, Կոստանդնուպոլիս, 1881, էջ 28, Ամիս բառի ծանոթագրությունը): Ի տարբերություն Եհովա անվան, Էլոհիմ անունը  եբրայերենում հոգնակի թիվ է ցույց տալիս, որը, ինչպես վկայում են Ս.Գրքի քրիստոնյա մեկնաբանները, խորհրդանշում է Սուրբ Երրորդությունը: Սակայն հայտնի է, որ ո՜չ Իսլամի հետևորդները, ո՜չ էլ Եհովայի վկաները չէն ընդունում Սուրբ Երրորդության գաղափարը: Նրանց համար Ալլահին կամ Աստծուն բազմադեմություն կամ Սուրբ Երրորդություն վերագրելու ամեն մի փորձ բազմաստվածություն է, որը մահացու մեղք է համարվում: Այսպիսի մոտեցմանը հակադրվելու փոխարեն անհրաժեշտ է հասկանալ, որ Սուրբ Երրորդության գաղափարը անհամատեղելի է Աստծո լուսնապաշտական կերպարի հետ: Իսկ Բարձրյալի արևապաշտական կերպարը, ընդհակառակը, անհնար է լիարժեք պատկերացնել առանց Սուրբ Երրորդության, որը եռամիասնություն է իր կենսատու Ճշմարտությամբ, լուսատու Իմաստությամբ և ջերմատու Սիրով: Այսինքն` Արև  Աստվածը Ճշմարտության, Իմաստության և Սիրո միաբանություն է: Այսինքն` Արևապաշտությունը Սուրբ Երրոդության պաշտամունք է: Այդ է հաստատում նաև ՙԹէ որպէս արեգակն կոչի Աստուած՚ հարցին Գր. Տաթևացւ հետևյալ պատասխանը` ՙԶի` մի արեգակն, սկիզբն է բ(2) լուսոյն. այսինքն դեղնին և սպիտակին: Եւ է հօր պատկեր բոլոր արեգակն: Եւ որդւոյ պատկեր` լոյսն դեղին: Եւ հոգւոյն պատկեր` լոյսն սպիտակ: Եւ յատկություն արեգականն յայտնի է, զի սկիզբն է բ(2) լուսոյն: Նոյնպէս հայր է սկիզբն որդւոյ ծննդեան. և հոգւոյն բղխման:՚ (տե՜ս Գր.Տաթևացի, Գիրք Հարցմանց, Երուսաղեմ, 1993, էջ 124): Ժամանակն է, որ մեր քահանաները դադարեն հուդայական հագուստ հագած Ս.Գրյան այլաբանական պատմությունները  տառացիորեն քարոզելուց, որը մեծ խոչընդոտ է մեր ազգային հավատքը և գաղափարախոսությունը կայանալու գործում: Ֆրենսիս Բեկոնի հետևյալ զգուշացումը հատկապես նրանց է վերաբերում` ՙԱյլաբանական պոեզիան երևելի տեղ է զբաղեցնում պոեզիայի մնացյալ տեսակների կողքին և ներկայանում մարդկանց որպես սրբազան ու վեհասքանչ մի բան, առավել ևս, որ ինքը կրոնը լայնորեն օգտվում է նրա միջոցներից և նրա օգնությամբ իրականացնում  կապը աստվածայինի և մարդկայինի միջև: Սակայն նա ևս ունի թերություններ ի շնորհիվ այն թեթևամտության և անլրջության, որոնցով մարդիկ վերաբերվում են այլաբանություններին: Այն այսպես ասած ՙ երկու ծայրանի ձող է ՚ և կարող է օգտագործվել հակառակ նպատակով…Այլաբանական պոեզիայի երկրորդ գործառույթը, որն  ըստ էության հակառակ է առաջինին, նա է, որ… թաքցնի հատկապես ճշմարիտ իմաստն այն բաների, որոնց արժանիքը պահանջում է ինչ որ ծածկոցով թաքցնել դրանք ոչ նվիրյալների հայացքներից: Հենց այդ պատճառով կրոնական խորհուրդները, քաղաքականության գաղտնիքները, իմաստասիրության խորիմացությունը առակների և այլաբանության հագուստն են հագնում: Կասկած է առաջանում թե հին պոետիկ առասպելները ինչ որ գաղտնի մի բան պարունակում են: Ես ինքս կարող եմ հայտնել, որ հակված եմ հին պոետների շատ-շատ առասպելներում տեսնել խոր թաքնված իմաստ: Եվ այն, որ այդ առասպելները այժմ համարվում են հետաքրքիր փոքր երեխաների և քերականություն ուսումնասիրող աշակերտների համար, մեզ չի ստիպի արհամարանքով վերաբերվել նրանց… Եվ քանի որ այդ առասպելները մեկնաբանելու փորձերը մինչև այժմ պատկանում են շատ մակերեսային կրթությամբ ոչ իրավասու մարդկանց և չեն կարող ոչ մի կերպ մեզ բավարարել, ապա պետք է մտածել, որ հին առասպելների և առակների իմաստասիրական մեկնություններն որպես գիտություն դեռ պետք է ստեղծվի՚ :



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ