ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ Admin. Monday, November 17, 2008 3:59 - չքննարկված
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
Նոյեմբերի 15-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզայի /ԱՄՆ/, Յուրի Մերզլյակովի /ՌԴ/, Բեռնար Ֆասիեի /Ֆրանսիա/ եւ նրանց ուղեկցող անձանց հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Առանձնակի ուշադրության կենտրոնում էր վերջերս Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների կողմից ստորագրված Մոսկովյան հռչակագիրը:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ Արցախում գնահատում են ցանկացած փաստաթուղթ, որը դրական ազդեցություն կարող է ունենալ ադրբեջանա- ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում քաղաքակիրթ երկխոսության հաստատմանը: Միեւնույն ժամանակ երկրի ղեկավարը նշել է, որ կարգավորման գործընթացը անհնար կլինի համապարփակ դարձնել առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիարժեք մասնակցության, հատկապես հաշվի առնելով այն, որ Արցախն ունի իր տեսակետը հակամարտության կարգավորման վերաբերյալ: Համանախագահները իրենց հերթին վերահաստատել են այն, որ առանց Լեռնային Ղարաբաղի եւ նրա ժողովրդի համաձայնության եւ մասնակցության անհնար կլինի հասնել հակամարտության կարգավորմանը:
Հանդիպմանը ներկա էր ԼՂՀ արտաքին գործերի նախարար գեորգի Պետրոսյանը, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: