ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, January 31, 2011 5:20 - 5 քննարկում

ՀՀ վարչապետին խորհուրդներ տվողը փճացրել է մի քանի տասնյակ հայ պատանիների… Ներել չի կարելի կախել (ստորակետը դրեք ինքներդ):Միակ փրկությունը վարաչապետի անձնական միջամտությամբ տեսագրության անհետացումն է:

Սերոբ Տեր-Պողոսյանը կմեղադրվի՞ մանկապղծության մեջ

[ 2011/01/31 | 13:52 ] Հիմնական թողարկում, հասարակություն, քրեական

Տեսագրությունն արդեն իրավապահների մոտ է

Լարիսա Փարեմուզյան
Լեւոն Հայրապետյան

«Մեթըլ Փրինս» կորպորացիայի  սեփականատեր, ՀՀ վարչապետի խորհրդական, ԱՄՆ քաղաքացի Սերոբ Տեր-Պողոսյանի` մանկապղծությամբ զբաղվելու մասին լուրերը վերջին տարիներին Ախթալայում, Ալավերդիում եւ Երևանում երբեք չեն դադարել: Այդ լուրերին տարիներ շարունակ տեղյակ են եղել ոստիկանության Թումանյանի բաժնում և Ազգային անվտագության ծառայության Ալավերդու բաժանմունքում:

Ախթալացիները լեռնահարստացման կոմբինատի սեփականատիրոջը ցածրաձայն մեղադրել են սոցիալապես անապահով ընտանիքների անչափահաս տղաներին մեծ գումարներով դեպի իրեն գրավելու և նրանց պղծելու գործում: Հունվարի 28-ին ոստիկանության «Հետքի» աղբյուրներից մեկը հայտնեց, որ Ախթալա համայնքի 25-ամյա բնակիչ Վահրամ Փարսադանյանը, ով ունեցել է 30 հազար ԱՄՆ դոլարի պարտք, հունվարի 22-ի գիշերը` ժամը 1-ի սահմաններում, զանգահարել է Սերոբ Տեր-Պողոսյանին և պահանջել 30 հազար ԱՄՆ դոլար, այլապես սպառնացել է, որ Սերոբ Տեր-Պողոսյանի մանկապղծության փաստը հաստատող` իր ձեռքի տակ եղած տեսագրությունը կհանձնի իրավապահներին:

Տեսագրության գոյության մասին լուրերն Ալավերդիում և Ախթալայում համառորեն շրջում են 2010թ. վերջին 6 ամիսներին: Սերոբ Տեր-Պողոսյանը, սակայն, սպառնալիքը համարելով շանտաժ` այդ մասին  հայտնել է ոստիկանությանը:

Հունվարի 22-ի առավոտյան` ժամը 6-ի սահմաններում, ոստիկանները տնից հանել են Վահրամ Փարսադանյանին: Վերջինս էլ մանկապղծությունը պատկերող տեսագրությունը հանձնել է իրավապահներին:

«Դրանից էլ գործը սկսվել է բացվել: Տեսագրության մեջ պատկերված է Ախթալայի 15-ամյա մի տղա, ակտիվ կողմը եղել է Սերոբը»,- ասաց մեր աղբյուրը և հավելեց, որ ախթալացի մեկ տասնյակից ավելի տղաներ` մի մասն անչափահաս, նմանատիպ ցուցմունք են տվել իրավապահներին: Ընդ որում` նրանցից 17-ը ցուցմունքներ տվել են Երևանում, մյուսները` Վանաձորում:

Աղբյուրի հաղորդմամբ` Ազգային անվտանգության ծառայությունը, դատախազությունը և ոստիկանությունն ինտենսիվորեն սկսել են զբաղվել Սերոբ Տեր-Պողոսյանի հիշյալ գործով: Նա ավելի քան մեկ շաբաթ է` Ախթալայում չէ: Տեր-Պողոսյանը ցրել է Ախթալայի` իր կողմից հովանավորվող 15-16 տարեկան անչափահասների ֆուտբոլի թիմը, որի խաղացողների զգալի մասը, ըստ մեր աղբյուրի, դարձյալ Սերոբ Տեր-Պողոսյանի զոհերից են: Թիմի մարզիչ Սուրեն Բարսեղյանին Ս. Տեր-Պողոսյանն աշխատանքից ազատել է:

Այս պահին Ախթալայում երկու հիմնական վարկած է շրջանառվում. կամ Տեր-Պողոսյանից կխլեն Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը և նրան  կվռնդեն հանրապետությունից, կամ ուղղակի կդատեն:

Ոստիկանության «Հետքի» աղբյուրը հայտնում է, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի սեփականատերը տեղյակ էր, որ իր «գործունեությամբ» իրավապահներն արդեն հետաքրքրվում են: Վերջերս ԱՄՆ-ից նրա հետ Հայաստան է ժամանել եղբայրը, և Տեր-Պողոսյանն իր ողջ սեփականությունը, այդ թվում` Ախթալայի լեռնահարստացման կոմբինատն ու Արամյանցի տունը, գրանցել է եղբոր անունով:

Երեկ այցելեցինք Ախթալա` Վահրամ Փարսադանյանին հանդիպելու: Վերջինս քնած էր: Նրա մայրը` Լիդա Փարսադանյանը, իմանալով մեր այցելության նպատակի մասին, վրդովված ասաց. «Մենք չգիտենք ոչ մի բան, ոչ մի բանից տեղյակ չենք: Հա,  իրեն տարել են, տարել են, ասենք, մի հարց են տվել, էլի հետ ա եկել: Ինքն ասելու ոչ մի բան չունի: Ինքն ինչ եկել ա, ոչ մի բան չի խոսել»:

Տեսագրությունն իրավապահներին հանձնելու մասին էլ տիկին Լիդան ասաց .«Դե, հմի: Հանձնել ա, հանձնել ա: Էնտեղ իրեն ոչ մի օր չեն պահել»: Իսկ քնից արթնացած Վահրամը հրաժարվեց մեզ հետ խոսել. «Խոսելու բան չկա էլ»:

Ախթալայում հանդիպեցինք նաև տեսագրության մեջ պատկերված և Սերոբ Տեր-Պողոսյանի անչափահաս «զուգընկերոջ» հետ:

«Հա, պարոն Սերոբին էնենց ծանոթ ենք: Դե, Ծաղկաձոր է տարել ինձ մի քանի անգամ: Մենակ ինձ չի տարել, տարել ա նաև մի քանի երեխեքի»,- ասաց անչափահասը: Նա պատմեց, որ ընտանիքում առաջ 4 հոգի էին, հիմա ինքն ու մայրն են տանը մնացել. քույրերն ամուսնացել են: Հայրը, երբ տղան 1,5 տարեկան է եղել, մեկնել է Ռուսաստան, և նրանից երկար տարիներ տեղեկություն չեն ունեցել: Երեք ամիս առաջ, սակայն, հայրը տեղեկացրել է իր մասին: Որդին հոր տեղը կոնկրետ  չգիտի:

Անչափահասն ասաց նաեւ, որ Սերոբ Տեր-Պողոսյանն իրեն տարբեր չափերի գումար է տվել. «10 հազար է տվել, 20 հազար, 50 հազար էլ է տվել: Չգիտեմ` ուրիշներին փող տվե՞լ ա, թե՞ ոչ, բայց շատ տղաներ կան, որոնք  իր հետ շփվում են: Ֆուտբոլի թիմից էլ կան»:

Սերոբ Տեր-Պողոսյանը տղային փող է տվել տարբեր պատրվակներով. մոր համար դեղ գնելու, խանութում ունեցած պարտքերը մարելու և այլն: «Ինքն ինձ շատ հոգեհարազատ ա, որովհետև ինձ շատ ա օգնել: Ինքն ինձ հարգում է որպես երեխա, ես էլ իրան հարգում եմ որպես ինձ հոգեհարազատ մարդ»,- շարունակում է տղան:

Իսկ Տեր-Պողոսյանի հետ վերջինիս աշխատասենյակում մենակ մնալու կամ նրա հետ Արամյանցի տուն գնալու մասին տղան պատմեց. «Հա, պանսիոնատ անընդհատ գնում եմ, որովհետև ինֆորմատիկայի դասերը, որը պատմողական է, հեշտ եմ սովորում, որը կոմպյուտերի հարց ա, չեմ կարողանում: Ես եմ խնդրել Սերոբին, որ գնամ պանսիոնատ: Սերոբի տուն ընդհանրապես գնում էի: Հա, անձնապես մտերիմ էինք ես ու Սերոբը: Մենակ ես չէի մտերիմ, ինքը շատ հարգում ա երեխեքին: Առաջին անգամ Սերոբի հետ շփվել եմ 2007 թ.` մարտի 8-ն էր: Ասացի` մայրիկիս ու քույրիկներիս համար ուզում եմ նվեր առնեմ, էդ օրը 12 հազար դրամ տվեց: 2007 թ.-ից անընհատ չի օգնում, էնենց եղել ա` ամիսը մեկ, 2 ամիսը մեկ է օգնել: Իմ ու Սերոբի մտերմությունը Ծաղկաձոր տանելիս է սկսվել»:

Տղան պատմում է նաեւ, որ Սերոբ Տեր-Պողոսյանը վերջին անգամ իրեն 200 հազար դրամ է տվել` քրոջ նշանդրեքի համար. «Չէ, էդ փողը և մնացածները, որ ինքը ինձ տալիս էր, ես հետ չէի վերադարձնում: Հա, ինքն անվերադարձ էր օգնում: Պարոն Սերոբը մի 500 հազարին մոտ փող է ինձ տվել: Հա, ես հաճախ իմ պրոբլեմների մասին իրա հետ կիսվել եմ»,- ասում է անչափահաս տղան:

«Հետքն» արդեն մեկ տարուց ավելի է` զբաղվում է այս խնդրով: Մեզ հայտնի էին այն տղաների անունները, որոնց հետ Սերոբ Տեր-Պողոսյանն ուներ մտերմիկ հարաբերություններ: Բայց հոդված չէինք գրում, քանի որ հաստատող փաստերը բավարար չէին: Չնայած` խնդրի շուրջ զրուցել ենք անգամ իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ:

Մեզ հետ զրույցում Ախթալայի Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոցի տնօրեն Լեռնիկ Ճիճիլյանը Սերոբ Տեր-Պողոսյանի` մանկապղծությամբ զբաղվելու մասին խոսակցությունների վերաբերյալ ասաց. «Լսելը մի  բան է, հիմնավորելը` մեկ ուրիշ»:

Հենց այս դպորոցում է սովորում տեսագրության մեջ պատկերված տղան: Տնօրենը տղայի ուսման առաջադիմությունը գնահատում է միջին եւ ասում, որ դպրոցն ունի համակարգչային դասարան, իսկ 5-ից 10-րդ դասարանցիները համակարգչին տիրապետում են: Դպրոցի համակարգիչներից օգտվելու արգելքներ չէր կարող ունենալ նաև նշյալ տղան, ուստի կարելի է ենթադրել, որ համակարգիչ սովորելու համար Ս. Տեր-Պողոսյանի հետ Արամյանցի տուն գնալու պատճառաբանությունն ուղղակի անհիմն է:

Առայժմ դժվար է կանխատեսել, թե ինչ ընթացք կստանա այս գործը, քանի գլխավոր դերակատարը ԱՄՆ քաղաքացի, գործարար, վարչապետի խորհրդական, մեծ կարողությունների տեր Սերոբ Տեր-Պողոսյանն է: Միայն հիշեցնենք, որ հատուկ դպրոցներից մեկում երկու տարի առաջ գրանցված մանկապղծության դեպքը մինչ օրս շարունակում է մնալ հասարակության եւ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

Հ.Գ. Քիչ առաջ ՀՀ վարչապետի օգնական Արամ Անանյանը «Հետքին» տեղեկացրեց, որ «Մեթըլ Փրինս» կորպորացիայի սեփականատեր, ԱՄՆ քաղաքացի Սերոբ Տեր-Պողոսյանն անցյալ տարվա դեկտեմբերի 31-ից այլեւս Տիգրան Սարգսյանի խորհրդականը չէ: Անանյանը միաժամանակ նշեց, թե հրահանգել են կառավարության կայքէջից հանել տեղեկատվությունը, ըստ որի` Ս. Տեր-Պողոսյանը վարչապետի խորհրդականն է, ինչի հետևանքով վերևում` կառավարության կայքէջին հղումն այժմ դատարկ է բացվում:



5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

arhar
Jan 31, 2011 8:05